Եթե ուրախությունը կարողանայինք թվի վերածել
Եթե ուրախությունը կարողանանք թվի վերածել, ապա այսօր՝ հունիսի 5-ին Արցախում՝ Ստեփանակերտում, Մարտակերտում եւ Հադրութում, 650, իսկ Կապանում եւ Մեղրիում 55 ուրախություն կծնվի: Վաղը՝ հունիսի 6-ին Սիսիանում, Գորիսում, Սանասարում, Իջեւանում, Նոյեմբերյանում, Բերդում, Մեհրաբում, Քարվաճառում՝ 205 ուրախություն կծնվի: Թվերի հետեւում երեւանաբնակ այն զինծառայողներն են, ովքեր կհանդիպեն իրենց ծնողներին: Բայց ուրախությունը թվաբանական գործողություն չէ, այլապես նշված թվերը պիտի բազմապատկեինք ծնողների, ընտանիքի անդամների, հեռու ու մոտիկ ազգականների, ընկերների, հարեւանների թվով, որ ստանայինք հանրագումարն ուրախության: Բայց սա էլ բավարար չէ, քանզի ամեն հայ զինվորի մասին ամեն հայ մարդ մտածում է: Ուրեմն…
Ուրեմն, զինվորներն էլ թող հանգիստ լինեն, քանզի իրենց տեսակցելու մեկնող ծնողներն էլ ապահով ձեռքերում են. նրանք մայրաքաղաքից անվճար ավտոբուսներով են մեկնում եւ նրանց ուղեկցում են Երեւանի քաղաքապետարանի, Երեւանի վարչական շրջանների աշխատակիցներ, սոցիալական ծառայության տարածքային բաժինների աշխատակիցներ, բժիշկներ, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ:
Իմ եղբայրն էլ զինծառայող է, ես նախորդ տարի էլ եմ օգտվել այս հնարավորությունից եւ տեսակցել նրան: Գիտեք, Երեւանից Արցախ հասնելը, մանավանդ մեր օրերում, այնքան էլ հեշտ բան չէ: Ի դեպ, մանավանդ մեր օրերում եմ ասում ոչ միայն ֆինանսական խնդրից ելնելով: Մանավանդ մե՛ր օրերում, երբ իրական պատերազմը դեռ չի ավարտվել հերիք չէ, մի բան էլ անընդհատ բացասական լիցքեր ես ստանում բանակային պայմանների ու հարաբերությունների մասին: Նախորդ տարի եղբայրս նոր էր զորակոչվել, դեռ ոչնչից տեղյակ չէինք. ինչ պայմաններում է ծառայում, ինչ է ուտում: Այս տարի նման հարց էլ չեմ տա: Քանզի արդեն տեղում, ինչպես ասում են, սեփական աչքերով եմ տեսել ամեն ինչ: Եղբայրս բանակում կուշտ է, ծառայության համար նորմալ պայմաններ են ապահովված, մենք էլ գնում ենք կարոտներս առնելու: Ինչպես ասում են՝ միայն թե խաղաղություն լինի:
Նախորդ տարի, երբ մեզ ճանապարհելու էր եկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ասաց, թե հենց մեզնից՝ զինծառայողների ծնողներից ստացած շնորհակալական խոսքերն ու, ընդհանրապես, այս նախաձեռնության դրական արձագանքը պարտավորեցնում է, որ այսպիսի միջոցառումները լինեն շարունակական, ավելի հաճախակի ու բազմամարդ: «Մտահղացումն առաջացել է հենց զինծառայողների ծնողների հետ իմ ունեցած տարբեր հանդիպումների ժամանակ,-ասաց քաղաքապետը,- նրանք առաջարկում էին նման հնարավորություն ընձեռել, եւ մենք մշակեցինք հստակ ծրագիր, համաձայն որի, ցանկացողները հնարավորություն ստացան տարին, առնվազն, երկու անգամ տեսակցելու իրենց որդիներին: Մենք ամեն անգամ աշխատում ենք ավելի մեծ թվով ծնողների համար ստեղծել այդ հնարավորությունը»:
Մեր հարեւանի տղան, որ եղբորս ընկերներից է եւ կրկին Արցախում է ծառայում, նախորդ տարի խրախուսվել էր արտահերթ՝ 5-օրյա արձակուրդով եւ Երեւան եկել:
Ինչեւէ, չեմ խոսի բանակ-հասարակություն կապի եւ այդ կապն ամրապնդելու անհրաժեշտության մասին: Այդ մասին ինձնից լավ ու սիրուն բառապաշարով շատերն են ասում: Կարեւորը սա է՝ զինվորը իրեն պիտի սիրված զգա:
Զինվորը պիտի վստա՛հ լինի, որ իր ծնողն անտեսված չէ: Այս պարագայում նա բանակն էլ իր տունը կհամարի: Մե՛ծ տունը, որի դուռը բացել ու ներս է մտել փոքր տնից՝ հայրական տնից դուրս գալով: Հայրենիքը այս մեծ ու փոքր տներն են, որոնց պաշտպանության մասին պիտի հոգալ հավասարաչափ:
Ամեն հայ զինվորի մասին ամեն հայ մարդ մտածում է: Ու այս ուրախությունը աշխարհի ոչ մի հանճարեղ մաթեմատիկոս թվաբանական գործողության վերածել չի կարող…
Աստղինե Քարամյան
Պապերի երազանքը պարտավոր ենք պահպանել
«Բոլորիս համար է հպարտություն ունենալ անկախ Հայաստան, հայկական հզոր բանակ, ինչը եղել է մեր պապերի երազանքը, ու այսօր այն իրողություն է, որը պարտավոր ենք պահպանել բոլորս միասին: Որպես հայ մարդ, նաեւ որպես Երեւանի քաղաքապետ՝ ես եղել ու մշտապես շարունակելու եմ լինել մեր բանակի, մեր զինվորների ու նրանց ընտանիքների կողքին: Արդեն երկու տարի է, ինչ երեւանաբնակ հազարավոր ծնողներ հնարավորություն ունեն տարեկան առնվազն երկու անգամ կազմակերպվող այցերի շրջանակում տեսակցել իրենց զավակներին եւ անձամբ ծանոթանալ այն պայմաններին, որոնցում ծառայում են իրենց զավակները:
Ծրագրի գաղափարը, որը ծնվեց մեր բնակիչների հետ հանդիպումների ընթացքում ու կյանքի կոչվեց ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, կազմակերպված առաջին իսկ այցելությունից հետո մեծ ոգեւորություն առաջացրեց մեր համաքաղաքացիների շրջանում՝ այդպիսով նաեւ նպաստելով, որ ծրագիրը լինի շարունակական: Ըստ էության, սա նաեւ յուրովի խթան հանդիսացավ, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարության հետ մեր հանդիպումների ու քննարկումների արդյունքում ծնունդ առնի եւս մեկ նախաձեռնություն: Խոսքը հենց այս՝ ծառայության մեջ աչքի ընկած երեւանաբնակ զինվորներին տուն ուղեկցելու եւ նրանց արտահերթ արձակուրդով խրախուսելու մասին է, ինչն, անկասկած, ողջունելի է:
Երկու ծրագրերի շնորհիվ ավելի առարկայական է դառնում բանակ-հասարակություն կապը, ինչի արդյունքում էլ ավելի է մեծանում վստահությունն ու հավատը մեր բանակի, զինված ուժերի հանդեպ: Ու ես վստահեցնում եմ բոլորիդ, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ կապն ավելի ամրապնդվի: Խոնարհվում եմ մեր զինվորների ծնողների առաջ: Շնորհակալ եմ, որ այսպիսի քաջ որդիներ եք դաստիարակել, ովքեր այսօր պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները:
Շնորհակալ եմ նաեւ ձեզ, սիրելի զինվորներ, որ դուք կաք ու հենց ձեր շնորհիվ մեր սահմաններն անառիկ են:
Բարի ծառայություն մաղթելով ձեզ՝ նաեւ վստահեցնում եմ, որ մենք շարունակելու ենք լինել ձեր եւ ձեր ընտանիքների կողքին»:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան
«Լուսանցք» թիվ 20 (366), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



