Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության նախագահ Եվգենի Բիբինը փակ հանդիպում է անցկացրել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամների հետ, ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին ներկայացրած հայտի ու սակագնի բարձրացման հիմնավորումները:
Ի՞նչ կարծիքի է այդ հանդիպումից հետո ՀՀԿ-ն, ավելի ստույգ՝ ՀՀԿ-ական պատգամավորը:
«Անկեղծ ասած, ինքս էլ զարմացած եմ, որովհետեւ որեւէ ապացույց, որեւէ գրագետ հիմնավորում, որ իրենք նորմալ աշխատել են, չկար նրա խոսքում: ՀԷՑ-ը շատ լուրջ խնդրի առաջ է հայտնվել եւ դա վատ մենեջմենթի արդյունք է: Որեւէ հիմնավորում, որը մեզ կբավարարեր, չեղավ»,- սրանք ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի խոսքերն են:
Այսպիսով, այդ Բիբինի հիմնավորումները, Կարինե Աճեմյանի խոսքերով, «հավաստի չէին, այդքան էլ տպավորիչ չէին, այդքան էլ հույս ներշնչող չէին»: Իսկ փակ քննարկմանը հնչած սուր հարցերին ի պատասխան Բիբինը… արդարացել էր:
«Ճիշտ է, նա ասում էր, որ չի արդարանում, պարզապես փաստեր է բերում, բայց այդ փաստերը համոզիչ չէին»,- սրանք էլ են պատգամավորի խոսքերը:
Վստահաբար առաջիկայում միայն այդ Բիբինը չէ, որ արդարանալու է: Որովհետեւ, այսպես ասենք, շարքային միջին վիճակագրական հայաստանցուն չեն կարող համոզիչ փաստարկ ներկայացնել այն մասին, որ էլէներգիայի թանկացումն անխուսափելի է: Եվ ոչ այն պատճառով, որ շարքային քաղաքացին չի կարող հասկանալ մասնագիտական նրբությունները, այլ այն պարզ պատճառով, որ արդեն հաճախակի դարձած թանկացումը չեն կարողանում հասկանալ նաեւ մեր մասնագետները ու նրանք դա բացատրում են քաղաքացիներին (տե՛ս էջ 6): Այլ կերպ՝ երբ մի բանում չկա տրամաբանություն, մասնագիտական կամ այլ բացատրությունները հաջողություն չեն ունենա:
Շարքային հայաստանցուն չեն կարող բացատրել, թե ինչու է մեր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, իմա՝ Ռոբերտ Նազարյանը, ամեն անգամ բավարարում թանկացման հայտերը:
Շարքային քաղաքացուն չես կարող համոզել, որ վերջին 3 տարվա ընթացքում էլէներգիայի սակագինը ավելի քան 67%-ով թանկացնելը ճիշտ է։ Հայաստանում ոչ մի ապրանք կամ ծառայություն այս ընթացքում չի թանկացել այդպես վայրագ։
Շարքային քաղաքացին վստահ է, որ իրեն ծաղրում են, որովհետեւ ճիշտ այն պահին, երբ իրեն համոզում են, որ թանկացումն անխուսափելի է, նա լսում է, որ ՀԷՑ-ը ամսական 2 միլիոնից ավելի աշխատավարձով աշխատող է հրավիրում Վոլգոգրադից:
Ավելին՝ այդ աշխատողի հետ 1 տարվա պայմանագիր է կնքվում՝ ամսական 2 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձով: Փորձեցինք զանգել ՀԷՑ-ի մամլո խոսնակ Նատալյա Սարջանյանին: Երբ բարեհաճեց լսել մեզ, պատասխանը «հանճարեղ էր», այն է՝ իր համար տարօրինակ է, որ լրագրողներին հետաքրքրում են ՀԷՑ-ի կադրային հարցերը (զանգողն, ի դեպ, որպես քաղաքացի էր ներկայացել):
«Լուսանցք»-ի տեղեկություններով, հիշյալ փակ քննարկմանը Եվգենի Բիբինը ասել է, թե ինքը խնդիր չունի եւ պատրաստ է լրագրողների առաջ ներկայացնել թանկացման հիմնավորումները, ինչը, ասում են, շատերի դուրը չի եկել:
Ինչու՞:նա բանե՞ր ունի բացահայտելու, որ գուցե ձեռք չտա՞ հայկական կողմին: Ինչու՞ հայկական կողմը մասնագիտական քննարկում չի նախաձեռնում եւ ապացուցում ՀԷՑ-ի ապօրինությունները: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնագետները, ճիշտ է, անխոս լավն են, բայց՝ հակառակ ուղղությամբ, միշտ էլ լավ ապացուցում են, որ թանկացումը ապացուցված է, հիմնավորված է, այ՝ տվել են 17 դրամի հայտ, իրենք կթանկացնեն 10 դրամով: Երբ էլէներգիան 4 դրամով թանկացավ, Նազարյանն ասաց՝ հե՛չ, 8000 դրամի բեռ է, 10 դրամն էլ կարող է 8100 դրամի բեռ լինել: Ու չկասկածեք, որ հանձնաժողովի մասնագետները դա կապացուցեն:
Եվգենի Բիբինին մի խորհուրդ կտամ, Ռոբերտ Նազարյանին տարեք ՀԷՑ, ինքը ձեզնից լավ կապացուցի, որ թանկացումն այլընտրանք չունի…
Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 20 (366), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



