Թուրքիայի համար սպառնալի՞ք ենք – Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի անվտանգության հայեցակարգերում նշված է որպես թշնամի երկիր… Քրդերը խորհուրդ են տալիս չհավատալ թուրքերին…

Թուրքիայի համար սպառնալի՞ք ենք

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումները նորովի վերհանեցին հայկական հարցը միջազգային ասպարեզում: Եվ բացի ցեղասպանության ճանաչումից ու դատապարտումից, կարեւոր գործոն դարձավ նաեւ հայկական պահանջատիրությունը: Անկարան այլեւս ապահով չի զգում իրեն եւ լրջորեն մտահոգված է հայերի պահանջատիրական խնդիրների արծարծմամբ ու որոշակիորեն առաջադրմամբ՝ ինչպես Սիսի կաթողիկոսարանի նստավայրի պահանջի հարցն է Կիլիկիո թեմի կողմից:

Չնայած Անկարան միշտ էլ վերապահումներով է մոտեցել հայերին, նաեւ հույներին ու հրեաներին եւ ցայսօր 1,2 եւ 3 կոդերն են գործում այս ազգերի նկատմամբ Թուրքիայում: Հայերի, հույների եւ հրեաների մասին հավաքվում են բոլոր տեսակի տեղեկությունները՝ համապատասխան կոդի տակ:

Թուրքիայում «Քադիր-Հաս» համալսարանի կողմից հրապարակվել է թուրքական պետության արտաքին քաղաքականության նկատմամբ հանրային ընկալումներն ու մոտեցումները պարզելու նպատակով իրականացված 2015թ. հետազոտական զեկույցը, որում ներկայացված են նաեւ Հայաստանի նկատմամբ թուրքական հանրային ընկալումները: Արդյունքներով, 2013թ. զեկույցի համաձայն, էականորեն աճել է Հայաստանը որպես Թուրքիային սպառնալիք դիտարկողների թիվը թուրքական հասարակական շրջանակներում:

Ըստ նշյալ հետազոտության՝ Հայաստանը զբաղեցրել է Թուրքիային սպառնալիք ներկայացնող երկրների շարքում 4-րդ տեղը՝ 20,3% ցուցանիշով: 2013թ. հետազոտության արդյունքներով այդ ցուցանիշը կազմել էր 7,2%: Նման ցուցանիշի աճը թերեւս պայմանավորված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ու թուրքական հասարակության շրջանում «տագնապների ու անհանգստությունների» սրման հանգամանքներով:

Նախկինում հայտնի էր, որ Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի անվտանգության հայեցակարգերում նշված է որպես թշնամի երկիր: Որքանով տեղյակ ենք, Թուրքիայի համար Հայաստանը 2-րդ թշնամի երկիրն էր Հունաստանից հետո (եթե չի փոխվել), իսկ Ադրբեջանի համար ցայսօր 1-ինն է:  

Հետազոտության արդյունքներով՝ Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկը շարունակում են գլխավորել Իսրայելը (42,6%) եւ ԱՄՆ-ն (35.3%): 2013թ. զեկույցում նույնպես հիմնական սպառնալիք ներկայացնող երկրներն ԱՄՆ-ն ու Իսրայելն էին՝ համապատասխանաբար (41,7%) եւ (37,1%) ցուցանիշներով: Սիրիան սպառնալիք է դիտարկում հարցվածների 22,1%-ը, իսկ Իրանը՝ 14,8%-ը: Ավելացել է նաեւ Հունաստանի՝ որպես սպառնալիք երկրի ցուցանիշը 2013թ. 6,5%-ից ներկայում հասնելով 10,6%-ի: Որպես սպառնալիք ներկայացնող երկիր՝ Ռուսաստանը նախորդ հետազտության համեմատ էականորեն չի փոխել իր դիրքը (10,2%):

Հարցվածների մեծ մասը (32,4 %) նշել է, որ Հայաստանի հետ փակ սահմանը ոչ մի դեպքում չպիտի բացվի, իսկ 29%-ի կարծիքով էլ՝ սահմանը պետք է բացվի Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվելու դեպքում: Առանց նախապայմանների սահմանի բացման օգտին է խոսել հարցվածների միայն 11,9%-ը (սա էլ Արեւմուտքի ու Ռուսաստանի պատասխանն է՝ հայ-թուրքական կոչված արձանագրությունների ձախողմանն ուղղված):

Ադրբեջանը կրկին գլխավորել է Թուրքիային ամենամոտ բարեկամ երկրների ցանկը՝ 37,2% ցուցանիշով: 2013թ. այն կազմել էր 28%: Ադրբեջանին հաջորդում են ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թյուրքական Հանրապետությունը (8,9 %) եւ Բոսնիա-Հերցեգովինան (6%, այս իսլամական եվրաերկրում նաեւ բավականին թուրքեր են բնակվում), որին հաջորդում են ԱՄՆ-ն՝ (5,9%), Պակիստանը (2,9%):

Ուշագրավ է հատկապես այն, որ էականորեն աճել է Սաուդյան Արաբիային որպես բարեկամ երկիր ընկալողների թիվը՝ 2013թ. 0,9%-ից հասնելով 2,8%-ի: Սա հաստատ պայմանավորված է իրանա-սաուդյան (շիա-սունի) հակամարտությամբ: Ռուսաստանը բարեկամ երկիր է համարել հարցվածների 1,4%-ը, ինչն էականորեն չի տարբերվում 2013թ. արդյունքներից: Հետաքրքիր է, որ Վրաստանը որպես Թուրքիային բարեկամ երկիր է համարել հարցվածների միայն 0,3%-ը, չնայած պարբերաբար խոսվում է թուրք-ադրբեջանա-վրացական եղբայրության մասին:

Հարցման ենթարկվածների մեծ մասը (38,9%) նշել են, որ Թուրքիայի համար բարեկամ երկիր չկա եւ Թուրքիան պետք է իր արտաքին քաղաքականությունն իրականացնի միայնակ ու ինքնուրույն: Արտաքին քաղաքականության իրականացման ոլորտում Թուրքիան պիտի համատեղ գործի մուսուլմանական երկրների (19,5%), Ադրբեջանի (18,7%), թյուրքալեզու երկրների (16,2%), ԱՄՆ-ի (12,6%) եւ Ռուսաստանի հետ (9,4%):

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում, կարելի է ասել, պահպանվում են վերջին տարիների միտումները՝ այս տարի անդամակցությանը կողմ է հանդես եկել 42,4%-ը, իսկ դեմ՝ 36,9%-ը: Բավական մեծ է հանրային բացասական վերաբերմունքը ԵՄ-ի նկատմամբ: Ըստ հարցվածների 68%-ի՝ ԵՄ-ը Թուրքիայի նկատմամբ անկեղծ չի վարվում:  47,6%-ը նշել է, որ Թուրքիան երբեւէ չի անդամակցի ԵՄ-ին ու միայն 3,7%-ի կարծիքով կանդամակցի առաջիկա 5 տարիների ընթացքում: 72%-ի կարծիքով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում ստեղծվում են հատուկ խոչընդոտներ, իսկ անդամակցության ձախողման հարցում հիմնական պատճառը 46,2%-ը համարել են կրոնի եւ ինքնության տարբերությունը:

Հարցվածների զգալի մասը (27,7%) ԵՄ-ին որպես այլընտրանք է համարել «Թյուրքական միության» ստեղծումը, 14,2%-ը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության մեջ Թուրքիայի դերակատարության բարձրացումը, 13,1%-ը ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությունը, 11,2 %-ը՝ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը եւ 4,9%-ը՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցումը:

ԱՄՆ-Թուրքիա համագործակցության կարեւոր ոլորտներն են համարվել երկկողմ ռազմական ու տնտեսական համագործակցությունը, «Քրդստանի բանվորական կուսակցության» դեմ պայքարը եւ այլն: ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերություններում առկա հիմնախնդիրները գլխավորել են ահաբեկչության դեմ պայքարը (25,3%), իսրայելապաղեստինյան հիմնախնդիրը (17%), եւ Հայոց ցեղասպանության խնդիրը (15,7%): Հարցվածների 51,9%-ը ԱՄՆ-ն որակել է որպես անվստահելի, իմպերիալիստական ու թշնամի երկիր, իսկ միայն 38,9%-ն է դիտարկել որպես բարեկամ, ռազմավարական դաշնակից երկիր: Էականորեն բարձր է ՆԱՏՕ-ին անդամակցությունը շարունակել պնդողների թիվը՝ 67,1%: 2013թ. հետազոտության արդյունքներով այն կազմել է 32,9%:

Արման Դավթյան

Քրդերը խորհուրդ են տալիս չհավատալ թուրքերին

«Մարդու իրավունքի եւ ազատությունների միությունը» զեկույց է հրապարկել Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) անդամների կողմից իշխանությունների հետ համագործակցող իսլամիստական Huda par կուսակցության անդամներին սպանելու հետ կապված:

Aktifmedya թուրքական կայքը փոխանցել է, որ «Մարդու իրավունքի եւ ազատությունների միությունը» ներկայացրել է ապրիլի 29-ին Huda par-ի 2 անդամի սպանության հետ կապված զեկույցը, որում նշվել է, որ դեպքից մեկ շաբաթ առաջ HDP-ի 60 հոգանոց նախընտրական քարոզչություն իրականացնող խումբը մեքենաներով մտել է Շրնաքի Քոզլուջա (Խենիքե) գյուղ եւ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) քարոզչությունն արել։

HDP-ի անդամները մոտեցել են այն քրդերի տներին, որոնք 1990-ականներին թուրքական իշխանությունների հետ համագործակցել եւ PKK-ի հետ բախումներում սպանվել են: Այդ տների մոտ HDP-ի անդամները բղավել են. «Կեցցե՛ Ապոն, կեցցե PKK-ն, բոլորս հայ ենք»։

HDP-ի անդամները գյուղացիներին կոչ են արել միանալ իրենց եւ չհամագործակցել թուրքական իշխանությունների հետ։

Այս դեպքից մեկ շաբաթ հետո HDP-ի անդամները կրկին գյուղ են մտել, որի ժամանակ նրանց դեմ են դուրս եկել  թուրքական իշխանությունների կողմից ստեղծված Huda par իսլամիստական կուսակցության անդամ քրդերը (իսկը թյուրքական ձեռագիր)։ Բախման ժամանակ HDP-ի քրդերը սպանել են Huda par կուսակցության անդամ 2 քրդերի։ Հետո HDP-ի քրդերը շրջել են մի քանի գյուղերով ու քրդերին խորհուրդ տվել երբեք չհամագործակցել թուրքական իշխանությունների հետ:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 20 (366), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։