Արեւելք. հավատների ու կրոնների առաջացումը… Հավատը Միջագետքում եւ Եգիպտոսում… Կրոնը Հին Արեւելքում… Նախաիսլամական շրջանի հավատալիքներ… Նախաիսլամական ցեղեր… Արաբիա… շիա եւ սունի մահմեդականներ…

Արեւելք. հավատների ու կրոնների առաջացումը

Հաճախ ոչ միայն Աստվածների անուններն են փոփոխվել միտումնավոր, այլեւ հավատի դիցարանն է ձեւախեղվել ըստ նպատակահարմարության… Եգիպտական դիցարանում ասվում է, որ ինչպես պետությունն ունի իր գլխավորին՝ արքային, այդպես էլ Աստվածների մեջ պետք է լիներ գլխավորը: Թագավորության զորացմանը զուգահեռ ի հայտ եկավ դիցարանը, որը ստեղծվել է առաջին արքաներից մեկի հրամանով, որպեսզի ամրապնդվի իշխող ցեղի կամ քաղաքի գերիշխանությունը: Երբ պետության մայրաքաղաքը փոխվում էր, երբեմն փոխվում էր նաեւ գլխավոր աստվածը: Եգիպտոսի Հին թագավորության շրջանում գլխավոր աստվածն էր Ռան (արեւի աստվածը), ում երկրպագում էին Մեմֆիս քաղաքում: Բայց երբ մայրաքաղաք դարձավ Թեբեն, գլխավոր աստված հռչակվեց տեղի Աստված Ամոնը: Ք.ա. XIV դարում փարավոն Էխնաթոնը Գերագույն Աստված հռչակեց նախկինում գրեթե անհայտ Աթոնին, դրանով նա փորձեց Ամոնի տաճարի քրմերին զրկել իրենց մեծ իշխանությունից:

Ըստ Աստվածների պաշտամունքի, ոգին էր մարդկանց պահպանում դժբախտությունից եւ տալիս բարօրություն: Երբ համայնքներն ու ցեղերը միավորվեցին եւ առաջացավ պետությունը, մարդիկ նախկին համայնքային աստվածություններին օժտեցին որեւէ բնագավառի հովանավորի դերով: Միաստվածությունը դարձավ ամպրոպի աստված, մյուսը՝ բերրիության, երրորդը՝ արեւի, եւ այսպես շարունակ: Այսպես առաջացավ բազմաստվածությունը: Օրինակ՝ Եգիպտոսում կար ժամանակ, երբ երկրպագում էին շուրջ հազար աստվածների: Նույն վիճակն էր խեթերի ու այլ ժողովուրդների մոտ…

Արեւելքի ժողովուրդներն ունեին աշխարհաստեղծման առասպել, բնության, մարդկանց, կենդանական եւ բուսական աշխարհների ծագման մասին պատկերացումներ, որոնք եւս պահպանվել են դիցարաններում: Եգիպտականում նշված է, որ «Սկզբում համատարած ջուր էր: Այնուհետեւ ջրի մեջ Պտահ Աստվածը ստեղծեց մի կղզի, որը սկսեց մեծանալ: Հետո Աստված երկիրը բաժանեց երկնքից, ստեղծեց օդը: Միայն վերջում նա ստեղծեց մարդկանց»: Շումերականում այսպես է. «Երկիրը ստեղծեց Էլլիլ Աստվածը: Նա բաժանեց երկիրը երկնքից, որոնք սկզբում մեկ միասնություն էին կազմում: Դրանից հետո նա կավից ծեփեց մարդկանց՝ իր իսկ նմանությամբ»: Հնդկական դիցարանից եւս հղումներ կան Արեւելքում. «Սկզբում ոչինչ չկար՝ ո՛չ արեւ, ո՛չ լուսին, ո՛չ աստղեր: Ջրից ծնվեց կրակը: Տաքությունից ծնվեց Ոսկե ձուն: Ոսկե ձվից ծնվեց արարիչ Բրահման: Նա ջարդեց ձուն, եւ այն ճեղքվեց երկու մասի: Վերին կեսը դարձավ երկինք, ստորին կեսը՝ երկիր: Իսկ դրանց միջեւ Բրահման դրեց օդը: Նա հողը դրեց ջրերի մեջ եւ ստեղծեց աշխարհամասերը, սկիզբ դրեց ժամանակին»: Բաբելոնյանում էլ այսպես է ասված. «Սկզբում համատարած ջրային տարերք էր՝ օվկիանոս: Այստեղ իշխում էր հրեշ Թիամաթը: Բաբելոնի գլխավոր Աստված Մարդուկը հաղթեց Թիամաթին: Վերջինիս մարմնի մի կեսից նա ստեղծեց երկինքը, մյուսից՝ երկիրը»…

Այսպես քաղաքականացվում էին դիցարանները իշխող կարգերի հետ միասին եւ շուտով ավելի հեռացան Տիեզերական Սկզբնաղբյուրից՝ նախանշելով Տիեզերահաս հավատների մատը…

Այս մասին խոսել ենք սրանից առաջ՝ Հայ Աստվածների հետ կապված հոդվածաշարում: Եվ ազգային հավատների տկարացումից օգտվեցին միջազգային նշանակություն ձեռք բերող կրոնները:

Հավատը Հին Միջագետքում եւ Եգիպտոսում

Ինչպես հայտնի է Հին Միջագետքում եւ Հին Եգիպտոսում ձեւավորվեց ինքնատիպ քաղաքակրթություն, եւ այստեղ էլ ստեղծվեցին կրոնական համակարգեր: Նրանց դիցարանի հիմնական Աստվածներն էին Էնլին՝ հողի, Շմաշան՝ արեւի, Նեգրալը՝ ռազմի, Իշտարը՝ պտղաբերության: Հին Եգիպտոսում Գերագույն Աստվածը արեւի աստվածն է եղել՝ Ամո-Ռամը: Եգիպտոսում տիրակալը՝ Փարավոնը, համարվում էր նրա որդին: Եվ Միջագետքում, եւ Եգիպտոսում մենք հանդիպում ենք մեռնող եւ հետագայում հարություն առնող Աստվածների մասին առասպելների: Այդ առասպելների միջոցով մարդը փորձում էր արտահայտել բնության շրջանաձեւ զարգացումն իր պատկերացմամբ: Բաբելոնի շրջանում Գերագույն Աստված դարձավ Բել կամ Մարդուկ Աստվածը: Ըստ առասպելի, դա տիեզերական, սկզբնական քաոսից ստեղծում է կարգավորված եւ համակցված այս տիեզերքը: Ըստ Հին Եգիպտոսի, մարդկային հոգին կազմված է 2 մասից՝ 1. մարմնի մահից հետո հոգին մնում է մարմնում, եւ նրա գոյությունը պայմանավորված է նրանով, թե ինչպես կպահպանվի այդ մարմինը եւ ինչպես այն կլինի շրջապատված: Այդ պատճառով եգիպտացիները սկսեցին մահացած մարմիններից մումիաներ պատրաստել եւ տեղադրել դրանք վիթխարի դամբարաններում, բուրգերում: 2. Հոգու երկրորդ մասը դուրս է գալիս մարմնից եւ գնում է մահացածների դատարան, որտեղ եւ որոշվում է նրա ապագան: Եթե նա մեղավոր է, ապա նա ոչնչանում է, իսկ եթե ոչ՝ գնում է դրախտ: Դրախտի մասին եգիպտացիների պատկերացումները պարզունակ են: Նրանք ենթադրում էին, որ դրախտը երկրի վրա է, Եգիպտոսից արեւելք:

Հնդկական հավատները եւս  յուրահատուկ են, որոնք ինչպես ազդել, այդպես էլ ազդվել են այլ ազգերի հին հավատներից, այդ թվում՝ հայերի: Հնդկաստանը երբեմն անվանում են կրոնի երկիր: Հնդկական հավատի հնագույն շրջանը Վեդայականն է: Դա հնագույն Սուրբ Գրքերն են, որտեղ պարունակված են սրբազան օրհներգները, աղոթքները, սրբազան բանաձեւերը եւ այլն: Վեդաները որոշ առումով հիմք եղան հետագա բոլոր՝ հնդկական եւ ոչ միայն, կրոների համար:  

Հին Եգիպտոսում հավատի պատմության մեջ առաջին անգամ միաստվածության փորձ կատարվեց: Առմեն-Հոպել փարավոնը, զգուշանալով քրմերի աճող իշխանությունից, արգելեց բոլոր Աստվածների պաշտամունքը, փակեց բոլոր տաճարները, թողնելով միայն մեկ Աստծո՝ Աթոնին՝ արեւի աստծո պաշտամունքը: Բայց միաստվածության ժամանակը դեռ չէր եկել, եւ փարավոնի մահից հետո բոլոր պաշտամունքերը նորից վերականգնվեցին, իսկ փարավոնն ու նրա Հրա տոհմը նզովվեցին:

Սակայն, միաստվածության այս փորձը անհետք չանցավ, ենթադրվում է, որ հրեաները, որոնք այդ ժամանակ ապրել են Եգիպտոսում, վերցրեցին այդ գաղափարը եւ հետագայում ստեղծեցին առաջին միաստված կրոնը:

Կրոնը Հին Արեւելքում

Կրոնական հավատալիքների ձեւավորման շրջանում տոհմն ուներ իր հովանավոր աստվածությունը կամ ոգին: Մարդիկ նրա միջոցով էին հաղորդակցվում գերբնական ուժերի հետ: Նախաիսլամական շրջանի հավատալիքներում եղած պաշտամունքային բոլոր ձեւերը կռապաշտական համարվեցին, երբ հրեաները ստեղծեցին առաջին միաստված կրոնը:

Արաբերեն լեզուն ցեղերին միավորում էր միայն ժամանակավորապես՝ պատերազմելու կամ պաշտպանվելու, առեւտրական կամ դիվանագիտական կապեր հաստատելու համար։ Պատճառը կրոնական մասնատվածությունն էր։ Արաբական թերակղզում տարածված էին եւ՛ հեթանոսական, եւ՛ միաստվածական կրոններ։ Միաստվածական կրոններից քրիստոնեությունը (իրականում՝ հուդա-քրիստոնեությունը) հյուսիսային շրջաններ է մուտք գործել Բյուզանդիայի նվաճողական քաղաքականության հետեւանքով։ Քրիստոնեություն էին ընդունել Ղասանիները, իսկ Լախմիները մնացել էին հեթանոս։ Այս 2 հյուսիսարաբական պետությունները հաճախ էին պատերազմում միմյանց դեմ՝ համապատասխանաբար Բյուզանդիայի եւ Սասանյան Պարսկաստանի կողմից։ Ավելի վաղ քրիստոնեություն էր ընդունել Եմենի Հիմյար թագավորությունը։ Հուդայականությունը ավելի խոր արմատներ էր ձգել՝ կրոնական համայնքներ ստեղծելով Նաջդի ու Հիջազի օազիսներում։ Հուդայական էին Մադինայի 5 ցեղերից 2-ը, որոնք պայքարում էին հեթանոս մյուս 3-ի դեմ՝ Հիջազի այդ ամենահարուստ օազիսի հողերի համար։ Հետագայում այս պայքարը հմտորեն օգտագործեց Մուհամմադ մարգարեն՝ Մադինայում իր դիրքերն ամրապնդելու համար։ Տարածված էր հանաֆիական միաստվածական կրոնը։ Արաբական թերակղզու հյուսիսային շրջաններում թափանցել էր բաբելոնյան եւ ասորական Աստվածների պաշտամունքը։ Տարածված էր հատկապես սեմական Բաալ Աստծու եւ Իշթար (Էսթեր) Աստվածուհու պաշտամունքը։

Սակայն գերիշխող կրոնը հեթանոսությունն էր։ Արաբական պանթեոնի գլխավոր Աստվածն էր Հուբալը, ում արձան-կուռքը գտնվում էր Մեքքայի Քաաբա տաճարում։ Հուբալն ուներ 3 դուստր՝ հանդերձյալ կյանքի աստվածուհի ալ-Լաթը, հաղթանակի եւ զորության աստվածուհի ալ-Ուզզան եւ ճակատագրի աստվածուհի Մանաթը։ Նրանց արձաններն ու տաճարները տարածված էին թերակղզու տարածքով մեկ։ Հայտնի են նաեւ սիրո աստված Ուադդը, լուսնի աստված Ամմը եւ ուրիշներ, ովքեր բոլորը ավանդաբար համարվում էի Հուբալի զավակները։ Աստվածների գլխավոր տաճարը Մեքքայի Քաաբան էր՝ հայտնի իր կենդանակերպ արձաններով։ Արաբական թերակղզում լայն տարածում ուներ նաեւ բեյթիլների պաշտամունքը։ Յուրաքանչյուր ցեղ ուներ սեփական պաշտամունք-կուռքը։ Կուռքը դրվում էր պատգարակի վրա։ Երբ ցեղը տեղափոխվում էր օազիսից օազիս, պատգարակը՝ կուռքի տնակը, տեղափոխվում էր ցեղի հետ միասին։ Պատգարակը համարվում էր այդ աստծո տունը՝ բառացի բեյթ-իլ։

Հավատալիքները աստվածներից բացի ներառում էին ջիներ, հրեշներ եւ շեյթաններ։ Դրանք չար կամ բարի հոգեւոր արարածներ էին, որոնք կանգնած էին աստվածների ու մարդկանց միջեւ։ Զարմանալի է, բայց փաստ, որ նրանց պես շաիրները նույնպես հայտարարված էին միջանկյալ մարդիկ։ Պաշտամունքի առարկա կարող էին լինել նաեւ կենդանիները, ժայռերը, ծառերը, հոգիները։ Տաճարների ու սրբավայրերի շուրջ ընկած տարածքը սուրբ էր հայտարարված, որտեղ բոլոր կենդանի էակներն անձեռնմխելի էին։

Այս ամենին վերջ դրվեց, երբ հուդա-քրիստոնեությանը հակադիր ստեղծվեց հուդա-մահմեդականությունը, եւ այս կրոնները ցայսօր շարունակում են հակամարտել Արեւմուտքի ու Արեւելքի աշխարհներում, ինչը կառավարելի է դարձնում համաշխարհային քաղաքականությունը աշխարհի գաղտնի ուժերի համար…

Նախաիսլամական շրջանի հավատալիքներ

Ինչպես նշել եմ, հուդայականությունն ավելի խոր արմատներ էր ձգել՝ կրոնական համայնքներ ստեղծելով Նաջդի ու Հիջազի օազիսներում, չնայած գերիշխող կրոնը հեթանոսությունն էր։ Արաբական պանթեոնի գլխավոր աստվածը Հուբալն էր, ում արձան-կուռքը գտնվում էր Մեքքայի Քաաբա տաճարում։

Եգիպտոսում հաստատվեցին նաեւ արաբները, որոնք եգիպտացիներ չեն բնավ, քանզի վերջիններս գրեթե անհետացել են: Քրիստոնյա ղպտիները եգիպտական մշակույթին ավելի մոտ են, քան իսլամացած արաբները…

Նախաիսլամական բեդուինական ցեղեր. նախաիսլամական Արաբիա

Նախաիսլամական շրջանի ցեղային համակարգն ունի մոտ 2000-ամյա պատմություն։ Արաբական ցեղերը ունեին հիմնական անդամներ, որոնք իրար հետ կապված էին արյունակցական կապով, եւ երկրորդական անդամներ, որոնք պատերազմում հաղթված ցեղերի ստրկացված անդամներն էին կամ թույլ տոհմերի հնազանդ անդամները։ Ցեղը գլխավորում էին նրա հիմնական անդամներից 5-ը։ Ցեղապետը կամ առաջնորդը՝ սեյյիդը, ընտրվում էր տոհմի հարգանք վայելող, բանիմաց ու տարեց մարդկանցից։ Նա էր որոշում ցեղի տեղաշարժի, հարկերի հավաքման, այս կամ այն ցեղի դեմ պատերազմ սկսելու կամ հաշտվելու խնդիրները։ Ռազմական ղեկավարը՝ կաիդը, ընտրվում էր պատերազմում առավել քաջություն, ճարպկություն եւ ուժ ցույց տված զինվորներից։ Ցեղային զորաջոկատներում նա ցեղապետից հետո 2-րդն էր։ Ցեղում կարեւոր դեր էին խաղում կրոնական առաջնորդը՝ քահին, եւ դատավորը՝ կադին։ Շաիրը գովերգում էր ցեղը, փառաբանում հերոսներին։ Նա մասնակցում էր Մեքքայի Քաաբա տաճարից ոչ հեռու գտնվող Ուկազի ամենամյա ժողով-բանավեճերին։ Կային ցեղեր, որի գլխավոր անդամներից ոմանք զբաղեցնում էին մեկից ավելի պաշտոններ։ Բայց եթե նույնիսկ հանդիպեր ցեղ, որի առաջին 4 պաշտոնները կատարեր ցեղապետը, շաիրի պաշտոնն մնում էր անձեռնմխելի եւ յուրահատուկ։ Արաբների պատմությունից հայտնի միակ մարդը, ով փորձել էր 5 պաշտոնները կատարել միաժամանակ, Մուհամմադ մարգարեն էր։

Բեդուինները զբաղվում էին քոչվոր անասնապահությամբ ու մասամբ հարձակումներով։ Արաբական թերակղզու հիմնական փոխադրամիջոցը, կենդանական սնունդի, հագուստի ապահովողն ու հարստության չափանիշը ուղտն էր:

Շիա եւ սունի մահմեդականներ

Շախսեյ-վախսեյ (պարսկական Շա՛հ Հուսեյն, վա՛խ Հուսեյն ողբից), շիա մահմեդականների մոլեռանդ ողբահանդես՝ նվիրված Հուսեյն իմամի հիշատակին։ Նշվում է հիջրեթի մուհառմա ամսի 10-ին (680-ի այդ օրը Օմայան զորքերի դեմ Քերբելայի մարտում նահատակվել է Հուսեյնը՝ Ալի խալիֆայի որդին)։ Շախսեյ-վախսեյի թատերայնացված արարողությունների ժամանակ (2-3 օր) ներկայացվում են Հուսեյնի կյանքի ու նահատակման պատկերներ, մոլեռանդ հավատացյալներն իրենց խոշտանգում են սրերով, դաշույններով, խարազանում ծանր շղթաներով եւն։ 14-րդ դարից նշվում է պաշտոնապես։ Հետադեմ իշխանություններն ու հոգեւորականները Շախսեյ-վախսեյի վայրենի սովորույթը օգտագործել են հավատացյալների մեջ կրոն, մոլեռանդություն եւ այլադավան ժողովուրդների դեմ թշնամանքներ բորբոքելու համար։ Շախսեյ-վախսեյը պահպանվում է Իրանում եւ այլուր։

Սուրբ Երկիր, տարածք ներկայիս Իսրայելի (մինչեւ 1948թ. – Պաղեստին) տարածքում։ Համարվում է 3 կրոնների՝ հուդայականության, քրիստոնեության եւ իսլամի սրբատեղին։

Ալլահ (ալիլահ) – Աստված իսլամում, արարիչն ամենայն գոյի՝ երկնքի, երկրի ու մարդու, աշխարհը կառավարողը։ Ալլահի նկատմամբ հավատը մահմեդական կրոնի հիմնական դավանանքն է։

Ըստ իսլամի՝ Ալլահը օժտված է այն բոլոր հատկանիշներով, որոնցով սովորաբար օժտված են աստվածները միաստված կրոններում։ Մահմեդականները Ալլահի հատկությունները արտահայտում են 99 մակդիրներով, որոնց թվին են պատկանում ամենազոր, մեծ, իմաստուն, գթավոր եւ այլ մակդիրներ։

Ալլահին հայտարարելով աշխարհի կառավարող՝ մահմեդական հոգեւորականությունը ուսուցանում է, որ նա է ամբողջովին տնօրինում ժողովուրդների ու առանձին մարդկանց ճակատագիրը։ Իսլամում ճակատագրապաշտական հայացքներն առավել ընդգծված են։

Մեսիա (հին եբրայերեն՝ մաշիաք – օծյալ), հուդայականությունում եւ քրիստոնեությունում (մասամբ նաեւ այլ կրոններում) Աստծո ուղարկած «փրկիչ», որն իբր հավերժական երջանկություն պետք է պարգեւի մարդկությանը։ Հին կտակարանի առաջին գրքերում Մեսիան օգտագործված է «թագավոր», «իդեալական միապետ» իմաստներով։ Հուդայի թագավորության կործանումից հետո եւ հատկապես հռոմեական տիրապետության ժամանակաշրջանում Մեսիայի գաղափարը արտահայտել է հրեաների անկախության ձգտումը (Դավիթ թագավորի տոհմից ծնված Մեսիան իբր պետք է վերականգներ Հրեական թագավորությունը)։ Մեսիայի նկատմամբ հավատը հեսսեների աղանդում կապվել է շահագործվողների սոցիալական պայքարի հետ (Մեսիան պետք է երջանկություն բերեր տառապյալներին)։ Քրիստոնեությունը Մեսիա է հայտարարել իր հիմնադրին՝ Հիսուս Քրիստոսին: Քրիստոնեությունը Մեսիայի գաղափարը զրկել է քաղաքական եւ սոցիալական նշանակությունից, այն սահմանափակել միայն կրոնա-բարոյական իմաստով։ Քրիստոնեական Մեսիան, այսինքն՝ Հիսուս Քրիստոսը, մարդկությանը փրկում էր սոսկ «նախնական մեղքից», «սատանայի տիրապետությունից», «ցույց տալիս ուղիղ ճանապարհը»՝ մնացածը թողնելով իր «երկրորդ գալստյանը»։ Մեսիայի գաղափարը այլ մեկնաբանություններով գոյություն ունի նաեւ մահմեդական, բուդդայական, զրադաշտական կրոններում։

Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

«Լուսանցք» թիվ 20 (366), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։