Մարզաշխարհ. ինչու՞ են շատերն շտապում այստեղ
– Մեր սպորտային ոլորտը լուրջ հաջողություններ չի արձանագրում, քանզի ավելի շատ սպորտն է քաղաքականացվում, քան՝ հակառակը…
Անփորձ մարզիչներ՝ փորձի պակաս ունեցող ֆուտբոլիստների համար
Արտակ Օսեյանը նշանակվել է Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ: Մարզչական շտաբում նրան կօգնեն Կարեն Սիմոնյանը եւ դարպասապահների մարզիչ Վլադիմիր Վարդանյանը:
Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Տիգրան Պետրոսյանցը: Նրան օգնելու են Տիգրան Առաքելյանը եւ դարպասապահների մարզիչ Գոռ Եդիգարովը:
ՀՖՖ-ն հերթական անգամ փորձի պակաս ունեցող ֆուտբոլիստների պատրաստությունը վստահում է անփորձ մասնագետների: Թե ինչպես է ավարտվում այդ համագործակցությունը, բոլորիս հայտնի է. եվրոառաջնությունում ձախողվելուց հետո մարզիչներն անմիջապես ազատվում են իրենց պաշտոններից, իսկ ամիսներ անց նրանց փոխարինում են մարզչական գործում առաջին քայլեր կատարող այլ երիտասարդ մասնագետներ: Մի՞ թե այս ամենը տեսանելի չէ եւ այլ խորհուրդ տվողներ չկան: Գուցե խորհուրդները լսո՞ղ չկա… Իսկ հայկական ֆուտբոլը, որի ներկան այնքան էլ հուսադրող չէ, ապագայի խնդիրներ է կուտակում նաեւ:
Հեծանվային մարզաձեւի նոր «քաղաքական» նախագահը
Հունիսի 6-ին ընդհանուր ժողով էր գումարել Հայաստանի հեծանվային մարզաձեւի ֆեդերացիան, օրակարգային հարցերից էին ֆեդերացիայի 2013-2014թթ. աշխատանքների հաշվետվությունը, կանոնադրական փոփոխությունների ու լրացումների մասին զեկույցը, ինչպեսեւ ֆեդերացիայի նախագահի ու ղեկավար մարմինների ընտրությունները: Հաշվետվությունը բավարար է գնահատվել, ինչից հետո ընդհանուր ժողովն անցել է ընտրություններին: Նախագահի պաշտոնում առաջարկվել է կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի թեկնածությունը: Նա ներկայացրել է հասարակական կազմակերպության գործունեության, մարզաձեւի զարգացման իր տեսլականը, ըստ որի, ֆեդերացիան պետք է անցնի կառավարման առավել արդյունավետ քաղաքականության, միավորի կարող ուժերին եւ թիմային աշխատանքով ամեն ինչ անի՝ մարզաձեւը մեր երկրում ավելի շատ տարածելու եւ առաջ մղելու համար: Թեկնածուն վստահեցրել է, որ իր ընտրվելու դեպքում ամեն ինչ կանի՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար: Քվեարկության արդյունքում Արման Սահակյանը «Հայաստանի հեծանվային մարզաձեւի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ է ընտրվել միաձայն:
Այսպես էլ շարունակվում է ավանդույթը, երբ Հայաստանի մարզական կյանքում փորձում են դերակատարում ստանձնել իշխանության ներկայացուցիչները, պատգամավորները, քաղաքական գործիչները կամ գործարարները: Իհարկե վատ չէ, եթե ամեն ներդրում սրտանց է կատարվելու եւ հետեւողականորեն: Բայց դեռ մեր մարզական ոլորտը լուրջ հաջողություններ չի արձանագրում, ինչը փաստում է, որ ավելի շատ սպորտն է քաղաքականացվում, քան՝ հակառակը:
Հայաստանի հավաքականը շարունակում է ուսհավաքը
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը «Եվրո-2016»-ի ընտրական փուլի Պորտուգալիայի հետ խաղին նախապատրաստվելու համար ֆուտբոլի ակադեմիայում սկսել է ուսումնամարզումային հավաքը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է 25 ֆուտբոլիստ: Արտյոմ Սիմոնյանը ազգային թիմի կազմում մարզվել է մինչեւ հունիսի 8-ը, այժմ միացել է Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականին:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան–Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 13-ին, ժամը 20:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում:
Հ.Գ. – Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պորտուգալիայի ընտրանու հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ նման խաղը կօգնի` վերադարձնելու լավ արդյունքները: Ցավոք, մերոնք պարտվեցին 2:3 հաշվով, բայց իսկապես կարող էին չպարտվել, ավելին՝ եթե առաջին գոլից հետո ուժեղացներին խաղը, անգամ կհաղթեին: Իսկապես ճիշտ է Հենրիխ Մխիթարյանը՝ այս խաղը տարբերվեց նախորդ անգույն խաղերից… «Շնորհակալ եմ թիմակիցներիս այսպիսի խաղի համար,- Հենրիխ Մխիթարյանի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Առանց բացառության բոլոր ֆուտբոլիստների նվիրվածությունն առավելագույն մակարդակի էր: Լավ խաղացինք, երկու գոլ խփեցինք, սակայն թույլ տված սխալներն իրենց գործն արեցին: Թվային առավելություն ունեինք և գոլ խփեցինք, բայց ավելին անել չկարողացանք: Շատ ափսոս, սակայն այսպիսի խաղով կարող ենք վերադարձնել լավ արդյունքները»:
Հենրիխ Մխիթարյանը կմեկնի Ճապոնիա
Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն, որի կազմում խաղում է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ եւ մեր հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, առաջիկա հուլիսին շրջագայությամբ հանդես կգա ասիական մի քանի երկրներում: Գերմանիայի ութակի չեմպիոնը հուլիսի 7-ին Ճապոնիայում կհանդիպի տեղի «Կավասակի Ֆրոնտալե»-ի հետ: Այնուհետեւ «Բորուսիա»-ն կհյուրընկալվի Մալայզիայի չեմպիոն «Ջոխոր Սաուդերն»-ի կողմից, իսկ վերջում կայցելի Սինգապուր, որտեղ գերմանական ակումբը կբացի նոր մասնաճյուղ:
Ինչպես տեղեկացրել է Դորտմունդի «Բորուսիայի» մարկետինգային մենեջեր Կարստեն Կրամերը, թիմի ֆուտբոլիստները մեծ համբավ ունեն այդ երկրներում, հատկապես ճապոնացի Շինջի Կագավան:
Ավստրալիան ֆուտբոլային խոշոր մրցաշարեր դեռ չի անցկացնի
Ավստրալիայի ֆեդերացիան ֆուտբոլային որեւէ խոշոր մրցաշար անցկացնելու համար հայտ չի ներկայացնի այնքան ժամանակ, քանի դեռ ՖԻՖԱ-ում համակարգային փոփոխություններ չեն կատարվել: Ավստրալիան մասնակցել է աշխարհի 2022թ. առաջնության կազմակերպման վայրի ընտրություններին, որը վերջնարդյունքում պետք է կայանա Քաթարում: Պլանավորվում էր, որ երկիրը հայտ կներկայացներ՝ աշխարհի կանանց 2023թ. առաջնության անցկացման համար: Այս տարի Ավստրալիան կազմակերպել է Ասիայի գավաթի խաղարկությունը:
«Այժմյան անկայուն վիճակում ԱՖՖ-ն չի կարող քննարկել ՖԻՖԱ-ի հովանու տակ որեւէ խոշոր մրցաշար անցկացնելու հնարավորության հարցը,- ասել է ֆեդերացիայի ներկայացուցիչը:- Մենք հասկացանք, որ մասշտաբային բարեփոխումներ են անհրաժեշտ: Քանի դեռ ղեկավարման գործող մոդելը չի վերակառուցվել, դժվար է պատկերացնել որեւէ հանգամանք, որի առկայության դեպքում Ավստրալիան կներկայացնի իր թեկնածությունը»:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Ավստրալիան կարող է կոռուպցիոն սկանդալի մասնակիցը լինել (ՖԻՖԱ-ի պաշտոնաթող նախագահ Յոզոֆ Բլատտերի հետ կապված)՝ աշխարհի 2022թ. առաջնության անցկացման վայրի ընտրությունների հետ:
ԱՄՆ–ի իշխանությունները չեն կարո՞ղ արդար հետաքննություն երաշխավորել
ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեկ Ուորները, ով մեղադրվում է կազմակերպության կոռուպցիոն սկանդալին մասնակցության մեջ, կասկած է հայտնել, որ ՍՄՆ-ն կարող է արդար հետաքննություն երաշխավորել: Նշենք, որ Եգիպտոսի սպորտի եւ երիտասարդական քաղաքականության նախկին նախարար Ալի Էդդին Հելալը հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի փոխնախագահի պաշտոնն զբաղեցրած Ուորները 7 մլն դոլար կաշառք է խնդրել՝ «ԱԱ-2010»-ի կազմակերպիչ երկրի ընտրություններում Եգիպտոսի համար 7 ձայն ապահովելու նպատակով: Հիշեցնենք՝ վերջերս տեղեկատվություն է տարածվել, որ նույն աշխարհի առաջնության անցկացման համար Ուորներին 10 մլն դոլար է վճարվել՝ Հարավաֆրիկյան Հանրապետության հայտին աջակցելու համար: Վերջնարդյունքում հենց ՀԱՀ-ն էլ «հաղթել» էր ընտրություններում, մինչդեռ իրականում, ինչպես նշում են արտասահմանյան ԶԼՄ-ները, հաղթել էր Մարոկկոն: «ԱՄՆ-ն կարո՞ղ է արդարացի լինել միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց հանդեպ, ովքեր, ըստ ամերիկացիների, խախտել են օրենքը»,- նշել է Ուորները:
Անդրանիկ Կարապետյանը՝ աշխարհի չեմպիոն
Հայաստանի երիտասարդ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը հաղթող ճանաչվեց Վրոցլավում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում: 77 կգ քաշային կարգի մրցումներում մեր 19-ամյա մարզիկը երկամարտի 335 կգ (155+180) արդյունքով գրավել է 1-ին տեղը եւ արժանացել ոսկե մեդալի: Նա 3 կիլոգրամով գերազանցել է իրանցի ծանրորդ Ալի Միրիին, 9-ով՝ ռումինացի Իլիե Ստոյանին:
Վիկ Դարչինյանը կրկին պարտվեց
Պրոֆեսիոնալ բռցնքամարտի երկրորդ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը (40-7-1, 29 նոկաուտ) եւ արգենտինացի Խեսուս Կուելյարը (26-1, 20 նոկաուտ) ԱՄՆ-ում վիճարկեցին կիսաթեթեւ քաշային կարգում WBA (Regular) վարկածով չեմպիոնական գոտին:
Հայ բռնցքամարտիկը 8-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտվեց արգենտինացուն: Այս պարտությունը 39-ամյա բռնցքամարտիկի համար 8-րդն էր, ինչը ցավալի է նաեւ այն պատճառով, որ մեր կարծիքով՝ Վիկ Դարչինյանը փորձում է հեռանալ «մեծ ռինգից», բայց՝ հաղթած, ինչն արդեն երկրորդ անգամ է ձախողվում:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 21 (367), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



