ՀՀԿ-ն էլ չի հասկանու՞մ… Թանկացման հիմնավորում չկա…«Հարուստներս» ավելին ենք վճարում… Աշխատողին մինչեւ վերջ խփեցին… Էլի փոխհատուցում ու էլի մի կերպ ապրողներիս հաշվին…

ՀՀԿ-ն էլ չի հասկանու՞մ

ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը համոզված է, որ ՀԷՑ-ի սեփականատեր ՌԱՕ ԵԷՍ-ը  պետք է որոշակի հարցեր առաջադրի ՀԷՑ-ի ղեկավարությանը։ «ՌԱՕ ԵԷՍ-ը պետք է հաշիվ պահանջի ՀԷՑ-ի ղեկավարությունից, թե ինչո՞ւ են արվել նմանատիպ ծախսեր, թե ինչո՞ւ է ՀԷՑ-ը նման պարտքեր կուտակել եւ ինչո՞ւ նման վարկային պարտավորություններ ունի։ Մենք այս հարցը կբարձրացնենք սպասվող քննարկումների ժամանակ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընդգրկված են լավ մասնագետներ եւ կարծում եմ, որ այս հանգամանքները չեն անտեսվի»:

Թանկացման հիմնավորում չկա

«Հանրապետական» խմբակցությանը պարզաբանումներ ներկայացնելու համար ԱԺ-ում է եղել ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ խմբակցությունը հարցեր է տվել եւ հիմա սպասում է հանձնաժողովի որոշմանը։ Բիբինի դիրքորոշման մասին՝ ոչ մի խոսք. «Ինքը առայժմ հիմնավորումներ չտվեց, ինձ թվում է, որ հետեւություններ կանեն իրենք, ինձ թվում է կգնան, հետեւություններ կանեն»։

«Հարուստներս» ավելին ենք վճարում

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանն ասել է. «Պետք է արձանագրել, որ էլէներգիայի ծախսը կազմել է 2,4 մլրդ կՎտ ժամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 92%, իսկ սա նշանակում է, որ բնակչությունն ու տնտեսությունը սկսել են քիչ օգտագործել էլէներգիա, իսկ հետագա թանկացումը կհանգեցնի էլէներգիայի օգտագործման ծավալների էլ ավելի քիչ օգտագործմանը»:

Վազգեն Սաֆարյանը  համառոտ տեղեկանք ներկայացրեց ԵՏՄ պետություններում էլէներգիայի սակագնի եւ մեկ քաղաքացուն բաժին հասնող ՀՆԱ-ի մասին. «ՌԴ-ում 1 կՎտ.ժ էլէներգիան 6,5 ցենտ է, յուրաքանչյուր բնակչին բաժին է ընկնում 17518 դոլար, եթե ՀՆԱ-ն բաժանենք բնակիչների թվի վրա: Ղազախստանում էլէներգիան 5,5 ցենտ է, իսկ բնակչությանը բաժին ընկնող ՀՆԱ-ն՝ 13526 դոլար, Բելառուսում 4,8 ցենտ է էլէներգիայի գինը, իսկ ՀՆԱ-ն՝ 15479 դոլար: Հայաստանում, մինչեւ թանկացումը, էլէներգիան 8,7 ցենտ է, առաջարկվող փոփոխությամբ կկազմի 12,1 ցենտ, ՀՆԱ-ն մեկ բնակչի հաշվով 3400 դոլար է»:  

Վ. Սաֆարյանը համապատասխան տեղեկություններ ներկայացրեց նաեւ զարգացած եւ մեզ հարեւան երկրների համապատասխան ցուցանիշների վերաբերյալ. «Ֆրանսիայում 16 ցենտ է հոսանքի գինը, ՀՆԱ-ն՝ 35295, հարեւան Թուրքիայում 16 ցենտ է, ՀՆԱ-ն՝ 14 812 դոլար»:

Աշխատողին մինչեւ վերջ խփեցին

Գործադիրը վերջին նիստում որոշեց «Որոտանի ՀԷԿ-երի համալիր»-ի կանոնադրական կապիտալը նվազեցնել, «Երեւանի ՋԷԿ», «ՀԱԷԿ», «Բարձրավոլտ էլցանցեր», «Ընդունելությունների տուն» եւ «Նաիրիտ-2» ընկերությունների կանոնադրական կապիտալներն ավելացնել եւ այս տարվա պետբյուջեում ու ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում փոփոխություններ կատարել:

Ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի, մեր երկրի էներգահամակարգում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլոր պետական մասնակցությամբ ընկերություններում տարիների ընթացքում առաջացել է ֆինանսական միջոցների դիֆիցիտ, բացառությամբ «Որոտանի ՀԷԿՀ»-ի:

Այս իրավիճակում նախարարությունը, լինելով նշված՝ պետական մասնակցությամբ ընկերությունների լիազոր կառավարումն իրականացնող մարմին, հարկադրված է եղել վերաբաշխել ֆինանսական միջոցները՝ ձեւակերպելով որպես անտոկոս փոխառություն՝ «միաժամանակ հասկանալով, որ այդ գումարները «Որոտանի ՀԷԿՀ»-ին վերադարձնելու աղբյուրներ «Երեւանի ՋԷԿ», «ՀԱԷԿ», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Ընդունելությունների տուն» եւ «Նաիրիտ-2» ընկերությունները չունեն եւ, բացի այդ, տրամաբանված չէ դրանց հետ վերադարձը, քանի որ այդ գումարները տնօրինելու անհրաժեշտություն «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ն չունի»:

«Որոտանի ՀԷԿՀ»-ի հանդեպ փոխառությունների պարտավորություններ ունեն «Երեւանի ՋԷԿ»-ը՝  9090,9 մլն դրամ գումարի չափով, «ՀԱԷԿ»-ը՝ 5422,5 մլն դրամ գումարի չափով, «Բարձրավոլտ էլցանցեր»-ը՝ 1546,3 մլն դրամ գումարի չափով, «Ընդունելությունների տուն»-ը՝ 1580,6 մլն դրամ գումարի չափով եւ «Նաիրիտ-2»-ը՝ 328,5 մլն դրամ (ընդամենը՝ 17968,8 մլն դրամ):

«Երեւանի ՋԷԿ»-ին ու ՀԱԷԿ-ին տրամադրված փոխառություններն ուղղվել են վերջինիս սակագներով պակաս նախատեսված շահագործման ծախսերի կատարմանը: «Բարձրավոլտ էլցանցեր»-ին տրված փոխառություններն ուղղվել են վերջինիս հարկային պարտավորությունների մարմանը: Իսկ «Նաիրիտ-2»-ին տրված փոխառություններն ուղղվել են վերջինիս աշխատավարձի գծով պարտքերի մարմանը:

2007-2012թթ. ընթացքում «Որոտանի ՀԷԿՀ»-ի միջոցների հաշվին «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ին է տրամադրվել 1580,6 մլն դրամ գումարի անտոկոս փոխառություն, որն ուղղվել է ընկերության շենք-շինությունների կապիտալ վերանորոգմանը, գույքի ձեռքբերմանը, ինչպես նաեւ ընկերության շահագործման ծախսերի (աշխատավարձ, կոմունալ վճարներ, հարկեր) վճարմանը:

Կառավարության նիստում որոշվեց  «Որոտանի ՀԷԿՀ»-ի տրամադրած փոխառությունների չափով՝ 17 մլրդ 968 մլն 800 հազար դրամով, նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը՝ փոխառությունների պահանջների իրավունքները փոխանցելով ՀՀ սեփականությանը:

Կառավարությունը որոշեց նաեւ, որ 2015թ. պետբյուջեի միջոցներով կվճարվի նշված ընկերությունների կողմից լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց, իսկ ընկերություններն այդ գումարով կմարեն ՀՀ-ի հանդեպ ունեցած իրենց պարտքը:

Էլի փոխհատուցում ու էլի մի կերպ ապրողներիս հաշվին

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հաշվարկում է էլեկտրաէներգիայի առաջիկա թանկացման հետ կապված անապահով ընտանիքներին աջակցելու միջոցները: Աջակցության հաշվարկը, ըստ Ա. Ասատրյանի, «հիմնված կլինի յուրաքանչյուր ընտանիքի համար ամսական միջինը 200 կվտ.ժամ էլէկտրաէներգիայի ծախսի վրա (ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների): Ամռան ամիսներին այդ ցուցանիշը նվազում է մինչեւ 180 կվտ.ժամի, իսկ ձմռանը ավելանում է մինչեւ 328 կվտ.ժամի: «Այս տվյալների հիման վրա էլ  մենք կհաշվարկենք էլէներգիայի թանկացման ազդեցությունն անապահով ընտանիքների վրա եւ համապատասխան առաջարկ կներկայացնենք կառավարությանը»,-նշեց  նախարարը:

Բայց էլէներգիայի թանկացումը միան խոցելի խմբերի վրա չէ, որ անդրադառնալու է: Լրագրողների դիտարկմանը նախարարը համաձայնեց, բայց ընդգծեց, որ «հատկապես խոցելի խմբերի վրա է անմիջական ազդեցություն ունենալու։ Այս պահին 18 հազար ընտանիք ունենք, որ անապահովության նպաստ է ստանում»:

Հարց է ծագում՝ իսկ ինչ անեն նրանք, ովքեր իսկապես անապահով են, բայց նրանց հպարտությունն ու արժանապատվությունը թույլ չի տալիս նպաստառուների համակարգում ընդգրկվելու համար: Կամ՝ ինչ անեն նրանք, ովքեր գոնե հացի հետ պանիր կարողանում են ուտել: Ձեզ տեսնեմ, հաց ու պանիր ուտողների ձեռքից պանիրը այնքան ժամանակ վերցրեք, մինչեւ բացառապես հաց ուտողների թիվը քառապատկվի: Ինչու՞ չեք այնպիսի ձեւ մշակում, որ աջակցոթյան մեխանիզմները միայն վերնախավի միջոցների հաշվին գործադրեք:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 21 (367), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։