Ովքեր եւ ինչու են քաոս սարքում մեր էներգահամակարգում – ՀԷՑ-ի շուրջ կատարվող այս պատմությունները հուշում են, որ դրանք ուղղակի կապ ունեն Որոտանի գործարքի հետ…

Ցավոք, «Լուսանցք»-ի կանխատեսումն իրականացավ թե՛ էլէներգիայի կրկին թանկացման եւ թե՛ սակագնի չափի հետ կապված: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է բնակչության համար էլեկտրաէներգիան թանկացնել 6,93 դրամով: Իհարկե, կարելի է եւ բացատրել, թե ինչու հենց 6.93 դրամով, բայց դրա կարիք չկա, որովհետեւ կա հանձնաժողովին բնորոշ մեկ այլ՝ ավելի պրիմիտիվ տարբերակ: Հայտատուներն արդեն գիտեն, որ հանձնաժողովին պիտի ներկայացնեն երկու անգամ ավելի բարձր սակագին, որպեսզի հանձնաժողովը «հերոսական» ճիգեր գործադրի ու սահմանի ցածր գին: Ճիշտ է, ռուսական կողմին հանձնված ՀԷՑ- չլսեց իմ խորհուրդը եւ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին իր մոտ աշխատանք չառաջարկեց, այլապես կարող էր 6.93 չէ, 6.93 X 3 թանկացել սակագինը: Նազարյանը հաստա՛տ կապացուցեր, որ այլ ելք չկա……

Ինչեւէ, հանձնաժողովն առաջարկում է էլէներգիայի սակագինը դարձնել ցերեկը 48.78 դրամ/կՎտժ, իսկ գիշերը՝ 37.28 դրամ/կՎտժ: Էլէներգիայի թանկացման վերաբերյալ վերջնական որոշումը կայացվելու է հունիսի 17-ին: Եթե որոշումն ընդունվեց, Հայաստանում էլէներգիան կթանկանա օգոստոսի 1-ից՝ բացասական բոլոր հետեւանքներով հանդերձ:

Ներկայումս ՀՀ բնակչության համար մեկ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի սակագինը կազմում է 41,85 դրամ (ցերեկային ժամերին) եւ 31,85 դրամ (գիշերային ժամերին): «ՀԷՑ»-ն առաջարկում  էր սակագները բարձրացնել՝ հասցնելով համապատասխանաբար 58 եւ 48 դրամի:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը («Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների քաղաքականության փորձագետ) համոզված է, որ էլէներգիայի գործող սակագինը՝ 41 դրամը նույնպես գերուռճացված է. «Շահագործման եւ պահպանման ծախսերը հանձնաժողովն առաջարկում է դարձնել 2 մլրդ 600 հազար դրամ, ի դեպ, երկու տարի առաջ 3 մլրդ դրամ էր: Նորոգման ծախսերը 1 մլրդ 500 հազար դրամ պետք է լինի՝ ըստ հանձնաժողովի: «ՀԷՑ»-ն առաջարկում է իր աշխատողի ամսական աշխատավարձը դարձնել 187 հազար, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ասում է՝ չէ, 200 հազար դարձրու: Կան զավեշտալի ծախսեր նույնպես. մարկետինգային ծախս՝ 33 մլն դրամ: Ընկերությանը, որը մենաշնորհ ունի, ինչի՞ն է պետք մարկետինգի բաժինը: Իրավաբանական ծախսերի համար տարիներ շարունակ 86 մլն դրամ ենք վճարել, իսկ հիմա ՀԾԿՀ-ն ասում է՝ այլեւս ոչ մի լումա: Խորհրդատվական ծախսերի նախորդ տարիներին վճարել ենք մինչեւ 150 մլն դրամ, իսկ հիմա ՀԾԿՀ-ն ասում է՝ 39 մլն դրամ: Հարց է առաջանում՝ տարիներ շարունակ ինչո՞ւ ենք այսքան մեծ գումարներ վճարել»:

Բայց հետաքրքիր մարդ է այս տնտեսագետը, տո քե՜զ ինչ, թե Նազարյանը ինչու է օգնում ՀԷՑ-ին, կուզի կասի՝ ո՛չ մի 200 հազար, դարձնում ես 500 հազար ու՝ վերջ: Կամ՝ զավեշտալի ծա՜խսը որն է, մարդիկ ուտում-խմում են: Կարողացիր՝ դու էլ նրանց միացիր, մարդկանց հացն ինչի՞ ես կտրում:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա՝ ՀԷՑ-ն ու «մեր» հանձնաժողովը մեր գլխին վարսավիրություն են սովորում: Հանրային խորհրդի ֆինանսական հանձնաժողովի անդամ Վազգեն Սաֆարյանը մանրակրկիտ հաշվարկներ է ներկայացրել, որոնք փաստում են, որ ՀԷՑ-ը չէր կարող վնասով աշխատել: Ըստ ՀԽ  նախագահ Վազգեն Մանուկյանի, եթե այս ամենն արվում է, այսինքն՝ խոսվում է 17 դրամով թանկացնելու մասին, որ հետո 6-7 դրամ թանկացնեն, ապա դա պրիմիտիվ խաղ է: «Մեր հասարակությունը այն հասարակությունը չէ, որի հետ պետք է նման պրիմիտիվ խաղեր խաղալ»:

Կասեմ ավելին, խաղ չեն խաղում, մեզ ծաղրում են, որովհետեւ, պարզվում է, ՀԷՑ-ը շահույթով է աշխատում: Բանն այն է, որ  «Ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այդ ընկերության հայաստանյան սեգմենտի (այսինքն՝ ՀԷՑ-ի) շահույթն այս տարվա առաջին եռամսյակում աճել է 65,3 տոկոսով եւ 3,4 մլրդ ռուբլուց հասել 5,7 միլիարդի:

ՀԷՑ-ի շուրջ կատարվող այս պատմությունները հուշում են, որ դրանք ուղղակի կապ ունեն Որոտանի գործարքի հետ: Նախ՝ ռուսական ընկերության այսպես ասենք ղեկավար ընկերությունը հրապարակում է այլ փաստեր, ենթական՝ բոլոովին այլ, եւ ղեկավարը բացատրութուններ չի պահանջում: Սա վկայում է, որ ճիշտ է այն տեղեկությունը, թե ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը ցանկանում է վաճառել ՀԷՑ-ը եւ հեռանալ Հայատսանից:

Ինչու՞, չէ՞ որ Ռուսաստանը ժամանակին ամեն բան արեց Հայաստանի էներգահամակարգին տիրանալու համար: Հիմա ինչու՞ է ուզում հեռանալ, արդյո՞ք միայն այն պատճառով, որ ձեռքից բաց է թողել Որոտանի ՀԷԿ-երի համալիրի գործարքը:

Նկատի ունենանք, որ ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերությունը Որոտանի ՀԷԿ-ում 250 միլիոն դոլար է ներդնելու, որն ամենախոշոր տնտեսական եւ ներդրումային գործարքն է ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ: Այս գործարքը երկու անգամ ձգձգվեց, եւ պատճառները կարելի է ենթադրել: Բայց երբ ի վերջո կայացավ, կայացավ մի ժամանակահատվածում, երբ ՀԷՑ-ը, որը պատկանում է «Ինտեր-ՌԱՕ ԵԷՍ»-ին, իբր միլիոնավոր դոլարների պարտք է կուտակում ու ՀՀ-ից հեռանալ է պատրաստվում: Ինչու՞, չէ՞ որ կարող է անընդհատ 65 տոկոս շահույթ ունենալ, բայց վնաս ցույց տալ, էլէներգիա թանկացնել ու ճոխ ապրել: Որոտանի գործարքի՞ց նեղացավ «մեծ եղբայրը»:

Ասեմ՝ կարող է պատահել: Որովհետեւ Որոտանի գործարքը կարեւոր մի բան է նշանակում՝ նախ՝ ՀՀ-ի էներգահամակարգի մենաշնորհն է վերանում եւ ապա՝ արտաքին ներդրողները կհասկանան, որ ՀՀ-ի էներգահամակարգում իրենք էլ կարող են հայտնվել ռուսներից բացի: Չեմ կարծում, թե ՌԴ-ն չի ցանկացել մի վերջին շտրիխով՝ «Որոտանի ՀԷԿ-երի համալիր»-ով տեր դառնալ Հայաստանի էներգահամակարգին, բայց չկարողացավ, որովհետեւ հենց ինքը խախտեց իր իսկ մենաշնորհը՝ ՀԷՑ-ի »«փայլուն» աշխատանքի շնորհիվ:

Մի բան էլ չեմ հասկանում, եթե ՀԷՑ-ը պարտքեր է կուտակել եւ ինչպես ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն է ասում, դրանք օբյեկտիվ պատճառներ ունեն, ինչու՞ չեն լուծարման տանում այդ ընկերոթյունը: Ինչու՞ պետք է ես, որպես սպառող, որ մշտապես 100 տոկոսով վճարել եմ իմ սպառած էլէներգիայի դիմաց, հիմա էլ թանկ վճարեմ այն բանի դիմաց, որ ռուսական պետական ընկերությունը «լավ» չի աշխատել:

Ու՞մ է ձեռնտու այս քաոսը, ինչու՞ են մտածված սոցիալական բախում հրահրում: Ո՞ր կամ ի՞նչ ուժերի է ձեռնտու, որ երկրի տնտեսության հիմքը համարվող էներգետիկ ոլորտի աշխատանքը չկայունանա…

Հ.Գ. - Համապատկերում մի պատմություն հիշեցի: Առիթով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցրի՝ «Պարոն նախագահ, ինչու՞ են մեր էներգետիկ համակարգի ընկերությունները միայն ռուսական կողմին տրվում»:

Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանն էլ ինձ հարց տվեց. «Իսկ դուք գիտե՞ք որեւէ այլ կողմ, որ ցանկացել է եւ Հայաստանը չի քննարկել այդ տարբերակը»:…

Ես չգիտեի, բայց դա դեռ չէր նշանակում, որ այդպիսիք չկային…

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 21 (367), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։