Թուրքիայում նոր քաղաքական իրավիճակ է… 50-ականներից հետո սա առաջին դեպքն է, երբ թուրքական խորհրդարանում հայ պատգամավորներ են լինելու – Ի՞նչ կարող են անել հայ պատգամավորները Թուրքիայի խորհրդարանում…

Թուրքիայում նոր քաղաքական իրավիճակ է

Թուրքիայում ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները: Ընտրելու իրավունք ունեին 53,7 մլն քաղաքացի: Իշխող «Արդադրություն եւ զարգացում» կուսակցությունը ձգտում էր 330 տեղ ստանալ խորհրդարանում, որպեսզի կարողանա սահմանադրական փոփոխություններ անել ու նախագահական իշխանությունն ուժեղացնել:

Խորհրդարան մտնելուն հավակնում էին 4 կուսակցություններ՝ «Արդարություն եւ զարգացում»-ը՝ Ահմեթ Դավութօղլուի, Ժողովրդահանրապետականը՝ Քեմալ Քըլըչդարօղլուի, Ազգայնական շարժումը՝ Դեւլեթ Բահչելիի եւ Ժողովրդադեմոկրատականը՝ Սալահեթին Դեմիրթաշի գլխավորությամբ:

Երբ ավարտվեցին Մեծ Մեջլիսի ընտրությունները, Թուրքիայում նոր քաղաքական իրավիճակ գրանցվեց: Նախագահ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը՝ AKP-ն հավաքել է քվեների 41,6%-ը կամ Մեջլիսի 262 աթոռ, Հանրապետական ժողովրդական կուսակցությունը՝ CHP-ն՝ 25,2%-ը կամ 130 աթոռ, Ազգային Ժողովրդական կուսակցությունը՝ MHP-ն՝ 16,7%-ը կամ 83 աթոռ, քրդական Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը՝ HDP-ն՝ 11,9%-ը կամ 75 աթոռ:

Իշխող կուսակցությանը Մեծ Մեջլիսում չի բավականացնում 13 աթոռ, որպեսզի կարողանա միանձնյա ձեւավորել կառավարություն:

Անհրաժեշտ կլինի ձեւավորել կոալիցիոն կառավարություն: Իսկ սա չէր մտնում էրդողանյան ծրագրերի մեջ: Չի կարելի բացառել իշխող կուսակցության եւ քրդական կուսակցության կոալիցիան եւս, ինչն առաջին հայացքից թվում է անլուրջ ենթադրություն:

Ամեն դեպքում քրդական կուսակցությունն իր մասնակցությամբ կարողացավ «պարտության» մատնել նախագահ Էրդողանին՝ թույլ չտալով միանձնյա ձեւավորել կառավարություն:

Քրդերը դարձան լուրջ քաղաքական գործոն Թուրքիայի պետականության մեջ:

Թուրքիայի Մեծ Մեջլիսում նաեւ 3 հայ պատգամավոր կլինի: Ազգությամբ հայ պատգամավորները Մեջլիսում կիրականացնեն իրենց կուսակցությունների քաղաքականությունը, սակայն փաստենք, որ Թուրքիայում հայության նկատմամբ, թեկուզ քարոզչական նպատակներով, քաղաքական սառույց շարժվեց:  

Դիարբեքիր քաղաքում երկու պայթյուն է տեղի ունեցել Ժողովրդական-ժողովրդավարական կուսակցության նախընտրական երթի ժամանակ, որոնց հետեւանքով, ըստ Russia Today-ի վերջին տվյալների, կա առնվազն 2 զոհ եւ 153 վիրավոր, եւ այդ թիվն ավելացել է: Ցույցին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել: Պայթյուններից հետո առաջացած խուճապի համապատկերին տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ: Կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը կատարվածը սադրանք է անվանել եւ խնդրել է հանգստություն պահպանել: Ժողովրդական-ժողովրդավարական կուսակցությունը հայտնի է իր քրդամետ եւ հայամետ դիրքորոշումներով: Նախօրեին կուսակցության փոխնախագահը խոստացել էր հաջողության դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Թուրքիայի հայ համայնքը հավասար հեռավորության վրա է ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններից»,- այս մասին ասել է Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը՝ անդրադառնալով կիրակի օրը Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններին: Նշել է, որ Թուրքիայի պատմության ամենակարեւոր ընտրություններն են: Ըստ նրա՝ այս կամ այն կուսակցության վրա հույս դնելու անհրաժեշտություն չունի հայ համայնքը: «Օրինակ՝ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը Թուրքիայի հայ համայնքին ներկայացնում է այնքանով, որքանով մյուս կուսակցություններն են ներկայացնում կամ չեն ներկայացնում նույնիսկ այնքան, որքան մյուս կուսակցությունները: Թուրքիայի հայ համայնքը բոլոր կուսակցությունների նկատմամբ հավասար հեռավորության վրա է: Դուք գիտեք, որ յուրաքանչյուր կուսակցություն իր ցուցակում ունի հայ պատգամավորի թեկնածու, ինչն ապացուցում է, որ հայ համայնքը պահում է այդ հեռավորությունը, իսկ այդ կուսակցությունները ներգրավվել են հայ թեկնածուների հանուն կուսակցությունների ժողովրդավարական իմիջի: Չեմ կարող հստակ ասել, որ այս կամ այն կուսակցությունը հայկական հարցերում կարող է օգտակար լինել»,- ասաց Արա Գոչունյանը:

Սակայն այն փաստը, որ հայերը այլեւս անկաշկանդ մասնակցում են ընտրություններին, նշում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, իսկ շատ ծպտյալ հայեր էլ բացահայտվում են… նշանակում է ինչ-որ բան հաստատ փոխվել է եւ կարող է նոր ծավալումներ ստանալ: Իսկ այդ ծավալումները նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը զուգահեռ սկսված Հայոց պահանջատիրական խնդիրներն են: Իսկ սա մեկ այլ իրավիճակ է ստեղծում Անկարայի, նաեւ Բաքվի համար:

Արամ Ավետյան

Ի՞նչ կարող են անել հայ պատգամավորները Թուրքիայի խորհրդարանում

Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ազգությամբ հայ 3 թեկնածու է ընտրվել: «Մեկը Մարգար Եսայանն է՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ցուցակով, Սելինա Օզուզուն Դողանը՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ցուցակով եւ Կարո Պալյանը՝ Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից»,- հայտնել է թուրքագետ Լեւոն Հովսեփյանը:

Ըստ նրա, 50-ականներից հետո սա առաջին դեպքն է, երբ թուրքական խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավորներ են լինելու: Կարեւորվում է հայ պատգամավորների ներկայությունը թուրքական խորհրդարանում այն պատճառով, որ Թուրքիայում քաղաքական իրավիճակ է փոխվում, շատ հարցերում, այդ թվում եւ հայամետ խնդիրների բարձրացման առումով ակտիվ է լինելու Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: Իհարկե, հայ պատգամավորները մեծ հաշվով ներկայացնելու են իրենց կուսակցությունների քաղաքական ծրագիրը, ուստի դժվար թե մեծ ազդեցություն կունենան հայամետ խնդիրների բարձրաձայնման առումով, չնայած, ըստ թուրքագետի, Կարո Պալյանը ազգային դիմագիծ ունեցող գործիչ է, եւ չի բացառվում նրա աշխույժ գործունեությունը Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շարքերում:

Հիշեցնենք՝ առաջադրված էին հայազգի 5 թեկնածուներ, որոնցից ընտրվել են 3-ը: Ermenihaber.am-ը հարցազրույց է ունեցել Թուրքիայի հայ խորհրդարանական Կարո Պալյանի հետ, ով խոսել է հատուկ հայաստանյան լսարանի համար՝ ներկայացնելով իր նախկին գործունեությունը, ապագա ծրագրերը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման իր բանաձեւը:

«- Ի՞նչ է նշանակում Ձեզ համար լինել հայ պատգամավոր Թուրքիայի խորհրդարանում: Հայկական խնդիրներով զբաղվելու պատասխանատվություն զգու՞մ եք:

– Անկասկած զգում եմ: Մի շարք խնդիրներ ունենք: Անցյալի հետ առերեսվելու, Հրանտի, Սեւակի, ցեղասպանության խնդիրներ ունենք: Մշակութային մեծ կորուստ ունենք, որն առ այսօր փոխհատուցված չէ: Սակայն ես այսպես եմ մտածում. եթե այս բոլոր խնդիրների լուծման համար մենք՝ հայերս, միայնակ պայքարենք, հաջողության չենք հասնի: Մեր կուսակցության սկզբունքներից է, որ այս խնդիրների համար պայքարենք այլ ազգերի հետ միասնաբար: Բայց, բնականաբար, ես անձնապես իմ պայքարը կտանեմ: Ժխտողական քաղաքականության դեմ պայքարողներից մեկը կլինեմ, մեր համայնքին վերաբերող խնդիրների լուծման համար կպայքարեմ, անկախ այն բանից՝ դրանք կլինեն պարտիարքարանի, դպրոցների թե հիմնադրամների խնդիրները:

- Թվարկած խնդիրները վերաբերում են հայ համայնքին, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում պատրաստվու՞մ եք ինչ-որ քայլեր անել:

– Իհարկե: Բայց այս հարցում ինձ համար կարեւոր մի բան կա: Հայոց ցեղասպանությունը այստեղ է եղել, բայց հաճախ դիտվում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում: Ցեղասպանությունը այստեղ է տեղի ունեցել ու առերեսումն էլ այստեղ պետք է լինի: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կազմում են այս հարցի ընդամենը մի մաս, բայց ոչ՝ հիմքը: Ես կարծում եմ, որ քանի դեռ հանրության մեջ առերեսումը չի հասունացել, արձանագրություններն իմաստ ունենալ չեն կարող»:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 21 (367), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։