Քարահունջ – Զանգեզուր. Քարահունջի կենտրոնական շրջանի ներսում հայտնաբերել են բացասական դաշտ, որը գտնվում է դրական դաշտի ներսում…

Վարդան Բալյանի «Զորաց քարերի առեղծվածը» հայաշունչ գիրքը, ըստ ծանոթագրության, «երկու օտարերկրացի գիտնականների պատմությունն է ֆաշիստական Գերմանիայի ամենագաղտնի կազմակերպության՝ «Անեներբե»-ի ուսումնասիրությունների հետքերով, որը նրանց բերում է Զանգեզուր (1995թ.)»:

Այս երկու գիտնականների՝ Դարեհ Սիվուշի (Թեհրանից) եւ Վինչենցո Կարբոնեի (Իտալիայից) ուղեկցող-թարգմանիչն է եղել գրքի հեղինակը:

Հյուրերի ունեցած տեղեկությունների համաձայն՝ հնագույն տեքստերը վկայում են, որ Զանգեզուրը մեգալիթյան կառույց է, եւ երկրամասի անունը ծագել է հենց այդ հուշարձանի անունից:

Որոնումների արդյունքում պարզվել է, որ խոսքը աշխարհի ամենահին մեգալիթյան հուշարձանի՝ Զորաց քարերի մասին է, որը, Պարիս Հերունու առաջարկով, անվանվել է Քարահունջ աստղադիտարան (չշփոթել Քարահունջ գյուղի հետ): Իսկ մինչ այդ հուշարձանը ունեցել է տարբեր անվանումներ՝ Զորաց քարեր, Դիք-դիք քարեր, Ցից քարեր, Ղոշուն Դաշ:

Հանրագիտարանում (ՀՍՀ, 3) ասվում է. «Զանգեզուր տեղանունն ավանդաբար ստուգաբանել են՝ կապելով հայկական Ձագիկ նահապետի տիրույթ Զանգեզուրի կամ Ձագկաձորի (Ձագերի ձոր) անվան ձեւափոխումների կամ հինավուրց մի վանքի վիթխարի զանգի ուժեղ ձայնի ստեղծած տպավորության հետ: Զանգեզուրը համարվել է նաեւ մ.թ.ա. VII դ. այստեղ ներխուժած սկյութների (սակերի) անվան փոփոխված ձեւ (սակ-ձագ-Ձագեձոր-Զանգեզուր):

Վերը նշված ստուգաբանություններին հյուրերը տեղյակ են եղել, իսկ Դարեհը ավելացրել է, որ եթե ինքը չի սխալվում, մեկ այլ տարբերակ էլ կար, համաձայն որի՝ Զանգեզուրը թուրքերեն բառաձեւ է եւ կապված է այն բանի հետ, որ Հայաստանում բազմաթիվ լեռնային գետեր կան:  

Չգիտեմ որտեղից է վերցրած այս տեղեկությունը, եւ ով է դրա հեղինակը, բայց կարող եմ վստահ ասել, որ քոչվոր թուրքը եւ հնագույն աստղադիտարանը անհամատեղելի բաներ են. բացառվում է, որ մեր ազգի բնօրրանը երբեւիցե կրած լինի թուրքերեն անվանում: Ցավոք սրտի, մեր օրերում էլ գտնվում են տգետներ, որոնք, լավ  չիմանալով մայրենի լեզուն, նույնիսկ Ղոշուն Դաշն են համարում թուրքերեն անվանում, մինչդեռ այն կազմված է բնիկ հայերեն բառերից (սրա հետ կապված հրապարակում մենք արել ենք «Լուսանցք»-ում):

Պարսկերենում Զանգեզուր նշանակում է «Ուժի քար» («սանգ-ե-զուր»), որտեղ, Դարեհի կարծիքով, պարսկերեն «սանգ-քար» բառի «ս»-ն հնչյունափոխվել է «զ»-ի, իսկ «զուր»-ը, որը նշանակում է ուժ, անցել է պարսկերենին (ինչպես նաեւ հայերենին) հնդեվրոպական լեզվից:

Նախ նշենք, որ հնդեվրոպական լեզու գոյություն չունի եւ չի ունեցել. այն կեղծ լեզվաբանների եւ պատմաբանների կողմից հորինված արհեստական լեզու է: Է. Մեյերը համարում է, որ հնդեվրոպական լեզվի՝ որպես հիմքի հասկացությունը աբստրակցիա է, եւ այդպիսի լեզու երբեւիցե գոյություն չի ունեցել (Mayer E. Die Indogermanen frage, Marburg, 1948):

Հնագույն հնդկերեն լեզուն նույն հին հայերենն է: Հնագույն հայերեն ձեռագրերը Հայաստանում ամբողջովին ոչնչացվել են, իսկ Տիբեթում եւ Հնդկաստանում հրաշքով փրկվել են քրիստոնեական վանդալիզմից եւ այժմ համարվում են այս երկրների սեփականությունն ու պարծանքը:

Դարեհը պետք է, որ տեղյակ լիներ՝ հնում Եփրատից մինչեւ Հնդկաչին ձգվող տարածքները կոչվել են Հնդկաստան (այդ թվում՝ Պարսկաստանը, եւ այս մասին էլ ենք հրապարակում արել «Լուսանցք»-ում):

Հյուրերի կարծիքով, մեգալիթյան կառույցները հաճախ հանդիպում են ուրանով հարուստ տեղանքներում, ու քանի որ Սյունիքում դեռ չեն հայտնաբերվել ուրանի հանքավայրեր, ապա նրանք ենթադրում են, որ այստեղ ռադիոակտիվության հիմնական աղբյուր են լեռնային ապարները՝ գրանիտը եւ բազալտը, որոնք հարուստ են ռադիոակտիվ նյութերով:

Պարիս Հերունին «Հայերը եւ հնագույն Հայաստանը» գրքում գրում է. «Քարահունջը գտնվում է Որոտան գետի Դար (Դառ)» վտակի ձորի ձախ ափին: Հուշարձանից 5 կմ եւ Շաքի գյուղից 4 կմ հեռավորության վրա ստորգետնյա մի գետ է բխում, որը 30 մ բարձրությունից թափվում է ցած (Շաքեի ջրվեժ)՝ դառնալով Որոտան գետի վտակ:

Քանի որ աշխարհի մեգալիթյան կառույցները (այդ թվում՝ նաեւ Քարահունջը) կառուցվել են ընդերքային ջրերի խառնարանների վրա, ապա կարելի է ենթադրել, որ Հերունու նշած ստորգետնյա գետի վրա է կառուցված Քարահունջը (ընդ որում, չի բացառվում, որ այդ գետը խաչվում է մեկ այլ ստորգետնյա ջրային հոսանքի հետ, որի արդյունքում առաջանում է տելլուրական ճառագայթում): Այս մասին է վկայում այն փաստը, որ գեոֆիզիկոսները Քարահունջի կենտրոնական շրջանի ներսում հայտնաբերել են բացասական դաշտ, որը գտնվում է դրական դաշտի ներսում: Ըստ երեւույթին, դրական դաշտը չեզոքացնում է բացասական դաշտի ազդեցությունը, որովհետեւ այստեղ բացակայում են պաթոգեն երեւույթները, իսկ Քարահունջ այցելող մարդիկ ստանում են միայն դրական լիցքեր, որոնք գալիս են աստվածային քարերից, եւ որը նաեւ պայմանավորված է Քարահունջի աշխարհագրական դիրքով (40 հյուսիսային լայնության աստիճանի վրա, որտեղ ռադիացիոն ակտիվության ֆոնը հավասարաչափ է):

Ինչ վերաբերում է Ձագեձոր անվանմանը, ապա այն հնարավոր է, որ առաջացած լինի «ծագ» եւ «ձագ» արմատներից: Առաջին դեպքում «ծագ»-ը նշանակում է արեւի ծագելը, արեւածագ, գլուխ, այսինքն՝ Ծագեձոր նշանակում է Արեւածագի ձոր կամ Գլխաձոր, իսկ երկրորդ դեպքում «ձագ» նշանակում է թռչնի, կենդանու փոքրիկ ճուտ կամ փոքրիկներին տրվող փաղաքշական անուն. այս դեպքում Ձագեձոր կնշանակի Արեւորդու (Գառնուկի) ձոր կամ Խոյի (Արիսի) ձոր: Գլխաձոր անվան ծագումը կարող է կապված լինել Քարահունջի զարմանահրաշ քարի հետ (N-63 քար): Այս քարը նման է երկգագաթ Մասիսին եւ խոյի, որը գլուխ չունի, բայց երբ արեւի ճառագայթները նստում են քարի գագաթին, այն գլուխ է ստանում. սա կարելի է համարել «Աստծո նշան»: Այս երեւույթի ականատեսն է եղել Պարիս Հերունին իր ուսումնասիրությունների ժամանակ՝ աշնանային գիշերահավասարին:

Այս անվան ծագման մասին կա եւս մի տարբերակ. «… Վարարակի գետահովտի հյուսիս-արեւմտյան մասում է գտնվում «Ծակերի ձորը», որն այդպես էր կոչվում իր մեծ թվով քարայրների շնորհիվ, որտեղ անցյալում Զանգեզուրի բնակչության զգալի մասն էր ապրում, եւ որոնք կոչվել են նաեւ «Քագատակեր» (Ա. Ասլանյան, Խ. Ա. Ավետիսյան «Զանգեզուր»):

Այժմ անդրադառնանք Քարահունջ անվանմանը, որտեղ առաջին արմատը «քար»-ն է, իսկ երկրորդը՝ «հունջ»-ը, որը նույն «ունջ»-ն է, քանի որ հ-ն կիսաձայն է. այսպիսով, Քարունջ եւ Քարահունջ անվանումները նույնական են:

Ունջ բառի բազմաթիվ նշանակություններից վերցնենք միայն երեքը՝ «տակ, խորք» «երկաթի ժանգ», «ներքին անկյուն»:

Ժանգ բառը նշանակում է կարմրագորշագույն նյութ, որն առաջանում է երկաթի՝ օդում, ջրում թթվածնի հետ միանալու հետեւանքով: Այդ նյութը մագնիսական երկաթաքարն է (Fe3O4), որը կոչվում է մագնետիտ եւ ունի ուժեղ մագնիսական հատկություններ: Այսպիսով, Քարահունջ նշանակում է Քար-Մագնիս, Քարատակ, Անհատակ, Անկյունաքար:

Կարո Ղաֆարյանի «Ալքիմիան պատմական Հայաստանում» գրքում մագնիսի մասին տրվում է հետեւյալ տեղեկությունը. «Մխնատիս-ադամանդ, խանդումանդ» (ֆր. Aiment, ռուս. Ìàãíèò, բառն ունի 7302-րի, 168 բ, այսպես՝ հյ. Մխնատիս, պս. Սանկահին, ինքն քար է, Բ ազգ է, Ա ի ծովեն ելնե եւ Ա ի հողեն): Տվյալ դեպքում Քարահունջ կնշանակի Քար-Ադամանդ, ինչը նույն Անկյունաքարն է: Իսկ Ստ. Օրբելյանը իր «Սյունիքի պատմություն»-ում գտնում է, որ Քարահունջ նշանակում է Քար-Գանձ, Հիմնաքար:

Քանի որ մագնիսը դեպի իրեն է ձգում մաքուր թթվածինը եւ քաղցրահամ ջրերը, ապա մագնիսական ջուրը դա «ժանգ» ջուրն է: Ժանգ-ե-ջուր=Զանգ-ե-զուր, որտեղ  ժ-ն հնչյունափոխվել է զ-ի, իսկ ջ-ն՝ զ-ի:

Ինչպես տեսնում ենք, երկու դեպքում էլ ոչ մի օտար բառ չկա:

Ավելացնենք, որ «Ժանգեջուր» եւ «Քար-մագնիս» անվանումները պետք է ընկալել ոչ միայն որպես բուժիչ ջուր եւ քար, այլ նաեւ այլաբանորեն:

Ահա թե ինչպես էին միջնադարյան ալքիմիկոսները բնութագրում «չոր ջուրը» ծածկալեզվով. «Գաղտնի կրակը կամ հրե ջուրը կյանքի շողն է՝ Արարչի կողմից մտցրած իներտ մատերիայի մեջ: Այն ոգի է, որը գտնվում է նյութում, անմահ լուսավոր շողն է մութ, անձեւ եւ սառը սուբստանցիայում: Այդ առաջնային ջուրը պետք է հանել նյութից, որի մեջ նա գտնվում է (այն նշանակվում է 7 տառով (Semence-սերմ), եւ նրանից է առաջացել ամբողջ կենդանի բնությունը), եւ այդ անկայունն ու անորոշը տեղավորել Խոյի տանը, որպեսզի ծնվի որդին»:

Դասական ալքիմիայում Քարը (ֆր.Pierre) Քրիստոսի անալոգիան «զուգադրությունն» է նյութական աշխարհում («Փիլիսոփայական Քարը բնության Քրիստոսն է, իսկ Քրիստոսը՝ ոգու Փիլիսոփայական Քարն է»):

Քարահունջի Խոյի նման զարմանահրաշ քարը, որի մեջտեղում փորված կլոր անցքը խորհրդանշում է երկրի «պորտը» եւ որը կոչվում է «հոգու անցք», կարող է անվանվել նաեւ Քրիստոս: Քրիստոս=«Քար»+«իստոս»=«Քար»-«Աստված»=Քար-Ոգի», որտեղ «իստոս»-ը  ձեւափոխված «Astuas»-ն է, որը գալիս է խոր անցյալից: Իսկ Հիսուս Քրիստոս կնշանակի Հյուսիսային Քրիստոս կամ Հյուսիսցի Քրիստոս: Երբ Սուրեն Այվազյանը գրում է, որ Քրիստոսը խոսել է Մուշի բարբառով, կամ Հիսուս հայերեն նշանակում է «հյուսիսացի», շատերի մոտ այս կարծիքը առաջացնում է զարմանք եւ նույնիսկ հեգնանք, իսկ ոմանք էլ «ազգայնական» պիտակ են կպցնում նրան՝ չափից շատ հայրենասեր լինելու համար:

Իրենց «զտարյուն արիացի» համարող ֆաշիստները գտնում էին, որ իրենք հյուսիսային ծագում ունեն:

«Անեներբե»-ի ստեղծման հիմքում դրված է եղել նախապատմական ժամանակներում Արկտիդա կղզու գոյության տեսությունը, որով զբաղվել է Հերման Վիրտը, եւ որի ելակետային կոնցեպցիան մարդկության հյուսիսային ծագման գաղափարն է:

Այսպիսով, զրադաշտական հնագույն տեքստերում եւ ֆաշիստական Գերմանիայի գաղտնի արխիվներում հայտնաբերված քարտեզների վրա նշված Զանգեզուր անունով մեգալիթյան կառույցը իսկապես Քարահունջ հուշարձանն է, որն անմիջական կապ ունի մարդկության հյուսիսային ծագման տեսության հետ:

Գոհար  Պալյան

«Լուսանցք» թիվ 21 (367), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։