Աշխարհի մարզական հեւքից.- Բաքուն Եվրոպական խաղերը խաղում է իր կանոններով՝ իր տված կաշառքի պայմաններով… Լուրեր մարզական կյանքից… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Ադրբեջանը վերածվել է «մաֆիոզ պետության», իսկ եվրակաշառակերները դա «չնկատեցին»…

Ըստ «The Daily Beast» պարբերականի, Կասպյան նավթով հարուստ պետությունը օգտագործում է Եվրոպական խաղերը՝ երկրում մարդու իրավունքների գարշելի խախտումների ալիքը թաքցնելու համար: Անդրադառնալով Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկնարկած Եվրոպական խաղերին՝ նշվել է, որ «Երբ Բաքվում դիտում ենք հույն ոճաբանի կողմից նախագծված Եվրոպական խաղերի բացման գեղեցիկ շոուն, հիշենք, որ համանման ֆանտաստիկ շոուներ են տեղի ունենում նաեւ Ադրբեջանի տարբեր բանտախցերում, որտեղ շուրջ 8 լրագրողներ, 5 իրավապաշտպաններ եւ մի քանի տասնյակ այլ քաղբանտարկյալներ են փակված շինծու մեղադրանքների հիման վրա»: Պարբերականը նկատում է, որ միջազգային մակարդակով անցնող խաղերը կոչված են լավ օրինակ ծառայելու այլ երկրների համար, հետեւաբար, անհասկանալի է, թե Ադրբեջանի դեպքում որն է այդ լավ օրինակը, եթե այդ երկիրը աչքի է ընկնում մարդու իրավունքների զանգվածային խախտումներով: Վկայակոչելով Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղաքական նպատակներով իրականացրած ձերբակալությունները՝ հիշեցվում է եվրոպական տարբեր կառույցների ու մի շարք հայտնի անհատների կողմից Բաքվին ուղղված դատապարտող կոչերը՝ կապված քաղբանտարկյալներին ազատ արձակելու հետ: Այդուհանդերձ, աղբյուրը նկատում է, որ թեեւ կոչերը Ալիեւի վարչակարգի կողմից անպատասխան են մնացել, սակայն ձերբակալվածները հույս ունեն, որ Եվրոպական խաղերը փոքրիկ լույս կսփռեն իրենց անտանելի վիճակի վրա:

Նշվել է, որ ինչպես իրավապաշտպան, այնպես էլ մի շարք սպորտային կազմակերպություններ քննադատություններ են հնչեցրել Եվրոպայի օլիմպիական կոմիտեի իռլանդացի ղեկավար Պատրիկ Հիքիի հասցեին՝ ադրբեջանական վարչակարգին գովաբանելու եւ խաղերի բացման արարողության ժամանակ հանդես գալու համար: Ի պատասխան կոմիտեի ղեկավարի խոսքի՝ պարբերականը նկատում է, որ իսկապես Ադրբեջանի իշխանությունների ուշադրությունը շատ մեծ է, հատկապես եթե խոսք է գնում երկրում այլախոհության ցանկացած դրսեւորման դեմ:

Պարբերականն անդրադառնում է նաեւ Ադրբեջանում կոռուպցիայի ահռելի մակարդակին՝ նշելով, որ կոռուպցիան Ալիեւների ընտանեկան բիզնեսն է: Վկայակոչելով «Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի զեկուցման նախագծի» կողմից հրապարակված զեկույցը՝ զլմ-ն հիշեցնում է արտասահմանում՝ Պանամայում, Չեխիայում եւ այլ երկրներում Ալիեւիների ընտանիքին պատկանող բիզնեսների ու դրանց հետ ասոցացված ընկերությունների մասին, որոնք գործում են արդեն Ադրբեջանում: Այս համատեքստում հիշեցվում է, թե ինչպես էր 2009թ. ամերիկացի դիվանագետը գաղտնի խողովակով Վաշինգտոնին տեղեկացրել, որ Ադրբեջանը վերածվել է «մաֆիոզ պետության»: «Ինչպես եւ բոլոր հանցագործները, այնպես էլ կասպիան Կորլեոնեն ցանկանում է իրեն օրինապահ բիզնեսմեն ներկայացնել: Բայց բոլոր հանցագործների նման այս դեպքում էլ նրա համար այլախոհների հետ հարաբերվելու միակ ճանապարհը ահաբեկությունը եւ հալածանքն է»,- գրում է պարբերականը:  

Լուրջ միջադեպ՝ Բաքվի եվրախաղերում

Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը Բաքվում Եվրոպական խաղերի բացման արարողությունից հետո հայտարարել է, որ տոնական միջոցառման անցկացման համար ծախսվել է մոտ 100 մլն մանաթ (մոտավորապես 100 մլն դոլար): Սակայն այս գումարն անգամ զերծ չպահեց անցանկալի միջադեպից:

«Եվրոպական առաջին խաղերի բացման արարողության համար ծախսվել է ավելի քան 100 մլն մանաթ,- Ռահիմովի խոսքերը մեջբերել է «Ռ-Սպորտը»:- Վճարումների մի մասը, ըստ պայմանագրերի, դեռ չի կատարվել: Վերջնական թվերը մենք կարող ենք հրապարակել միայն Եվրոպական խաղերի ավարտից հետո»:

Բաքվում անցկացվող Եվրոպայի մարզական 1-ին խաղերի մեկնարկից 1 օր առաջ լուրջ միջադեպ տեղի ունեցավ մասնակիցների հետ: Առավոտյան վրաերթի էին ենթարկվել 3 ավստրիացի մարզուհիներ: «Մենք ցնցված ենք տեղի ունեցածից: Մարզական գյուղում ավտոբուսը վրաերթի է ենթարկել սինխրոն լողի մեր հավաքականի 3 անդամներին: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան 8:30-ին»,- նշվել էր Ավստրիայի օլիմպիական կոմիտեի հայտարարությունում: Ծանր վնասվածքներ ստացած 2 լողորդուհիներն անմիջապես ինքնաթիռով տեղափոխվել էին Վիեննա, իսկ թեթեւակի վնասվածք ստացած մյուս մարզուհին բժշկական օգնությունից հետո վերադարձել էր մարզական գյուղ:

«Բաքու-2015»-ի կազմկոմիտեն սոցիալական ցանցերի օգտատերերին կոչ է արել հեռացնել վթարի վերաբերյալ տեսանյութերը: «Մենք ցնցված ենք ու հիասթափված այն բանից, թե այդ սարսափելի վթարի տեսանյութն ինչպես է տարածվում սոցցանցերում: Մենք դա անտեղի ենք համարում եւ կոչ ենք անում մարդկանց, ովքեր կիսվել են հղումով՝ իրենց էջերում, անհապաղ հեռացնեն այն»,- BBC-ի թղթակցին ասել են կազմկոմիտեում: Խաղերի կազմակերպիչները հրաժարվել էին մեկնաբանություններից՝ նշելով, որ միջադեպի հետաքննությունը դեռ շարունակվում է:

Մանրամասնելով հավելենք, որ 15-ամյա սինխրոնիստուհի Վանեսա Սահինովիչը բազմաթիվ կոտրվածքներ ու գլխի վնասվածք է ստացել, իսկ նրա ընկերուհին՝ Լունա Պայերը՝ թեւի վնասվածք: Երրորդ աղջիկը, բարեբախտաբար, լուրջ վնասվածք չէր ստացել:

Այնուամենայնիվ խոչընդոտեցին՝ չնայած հայ մարզիկների համառ ջանքներին

Գերմանական Deutsche Welle պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում անցկացվելիք Եվրոպական առաջին խաղերին եւ իր լրատվական ծրագրի շրջանակներում ներկայացրել է այդ միջոցառումների նկատմամբ եվրոպացիների վերաբերմունքը: «Հունիսի 12-ին Բաքվում մեկնարկելու են առաջին Եվրոպական խաղերը: Մինչ առաջնության մեկնարկը Ադրբեջանին ավելի հաճախակի են սկսել քննադատել այլախոհների եւ ավտորիտարիզմի համար»,- ասված է հրապարակված հոլովակի մեկնաբանությունում: Ռեպորտաժում նշվում է, որ ԵԱՀԿ-ն Եվրոպական խաղերի մեկնարկից առաջ ստիպված է լինելու փակել իր գրասենյակը Բաքվում: «Բացի դրանից՝ իշխանությունների ճնշման տակ Amnesty International կազմակերպությունը ստիպված է եղել հրաժարվել Ադրբեջանի մայրաքաղաքում մարդու իրավունքների եւ զլմ-ների ազատության մասին զեկույցի ներկայացումից»,- ասված է ռեպորտաժում:

«Ներկայումս Ադրբեջանում ավելի քան 100 քաղբանտարկյալներ կան: Երկրում տիրում է վախի մթնոլորտ: Բռնաճնշումներն այնքան խորն են արմատացել մեր հասարակության մեջ, որ եթե մարդիկ ինչ-որ բան այն չեն գրում կամ ասում, ապա պատժում են ոչ միայն իրենց, այլ նաեւ նրանց ընտանիքների անդամներին»,- պարբերականին տված հարցազրույցում ասել է Էմին Միլին:

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները եւս մասնակցել են Բաքվում կայացած Եվրոպական օլիմպիական առաջին խաղերի բացման արարողությանը:

Էրդողանը ընդգծել է, որ Եվրամիության անդամ ոչ մի երկրի ղեկավար չի մասնակցել այդ արարողությանը, իսկ Պուտինն, ի պատասխան էրդողանի դիտարկմանը, նշել է, որ Թուրքիան, որպես Եվրամիության անդամության թեկնածու, ներկայացնում է ԵՄ-ի բոլոր երկրներին Համաեվրոպական օլիմպիական խաղերի ժամանակ:

Թափվեց հայաստանցու արյունը՝ ռուսական մրցավարությամբ

Հունահռոեմական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը Եվրոպական խաղերում բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն էր ստացել: 3-րդ տեղի համար մրցամարտում նա հանդես եկավ վնասված մատով: Նրա մրցակիցը՝ ադրբեջանցի Էլման Մուխթարովը, հենց սկզբից լուրջ վնասվածք հասցրեց մեր մարզիկին՝ պատռելով նրա գլխի մաշկը: Ռուսաստանցի մրցավար Անդրեյ Կրիկովը միտում չտեսավ այդ դրվագում եւ չդադարեցրեց մարտը (հերթական ռուսական «բարեկամական» նենգամտությունը): Արյունաքամ եղող մեր ըմբիշը չհրաժարվեց պայքարից եւ մոտ 5,5 րոպե դիմակայեց անազնիվ պայքար մղող մրցակցին: Կարծիքներ եղան, որ Ռոման Ամոյանը բարոյական հաղթանակ տարավ ադրբեջանցի ըմբիշի ու երկրպագուների նկատմամբ, ուստի կարելի է, որ Հայաստանի ԱՕԿ-ը նրան հատուկ բրոնզե մեդալ շնորհի եւ պարգեւատրի որպես մրցանակակրի:

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը գերազանցեց իր թիմակցի հաջողությունը եւ կամային հաղթանակից բացի նվաճեց արծաթե մեդալ, որը առաջինն է ՀՀ հավաքականի համար՝ Բաքվում տեղի ունեցող Եվրոպայի 1-ին մարզական խաղերում: 66 կգ քաշայինների եզրափակիչ մրցամարտում մեր ըմբիշը լարված պայքարում 0:2 հաշվով պարտվեց Արտյոմ Սուրկովին: Այստեղ էլ նշենք, որ հանդիպման մրցավար, սլովենցի Ստանիսլավ Սերնեկը մի քանի անգամ զգուշացրեց Միհրան Հարությունյանին եւ միավորներ շնորհեց ռուսաստանցի ըմբիշին: Վերջում անգամ չքննարկեց մեր մարզիչների բողոքարկումը… Ինչեւէ, սա հաղթանակ է եւ մեր մարզիկի նախորդ մրցակիցը՝ ադրբեջանցի Հասան Ալիեւը, մրցանակաբաշխության ժամանակ պարզապես ամաչում էր գլուխը բարձր պահել: Մեկ այլ մեր ըմբիշը՝ Մաքսիմ Մանուկյանը, մրցելով փորձառու մարզիկ, ադրբեջանցի Սաման Թամասեբիի հետ, հաղթեց միավորների բացահայտ առավելությամբ 9:0 հաշվով:

Եվրախաղերը դեռ ընթանում են, իսկ քաղաքական գնահատականներ արդեն տրվեցին, իհարկե ԱՄՆ-ն հատկապես շտապեց առաջին տեսակետը հայտնել:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը պատասխանելով հարցին՝ թե ի՞նչ տպավորություն ստացավ Բաքվում ընթացող Եվրոպական 1-ին խաղերի բացման արարողության ժամանակ, երբ հանդիսատեսը սուլոցներով դիմավորեց հայ մարզիկներին, ասել է. «Թեպետ հանդիսատեսի շարքերում կային մարդիկ, ովքեր լավ չընդունեցին հայ մարզիկներին, սակայն Հայաստանի մասնակցությունն այս խաղերին կողմերի համար համագործակցության ու փոխըմբռնման կամուրջ կառուցելու հնարավորություն է սպորտում: Հուսով եմ, խաղերի հետագա ընթացքում ապահովված կլինի օլիմպիական խաղերին հարիր մարզական ոգին, փոխադարձ հարգանքն ու բարեկամությունը: Մենք խրախուսում ենք նման շփումները՝ հիմքեր նախապատրաստելու մի ապագայի համար, որտեղ հայերն ու ադրբեջանցիները կկարողանան կրկին կողք կողքի ապրել»…

Չենք դադարում զարմանալ այս պարզունակ մտածողության վրա: Իհարկե, ասողները պարզունակ անձինք չեն, սակայն այդպիսին են դարձնում խնդիրը, կամ էլ նրանց թվում է՝ իրենք գերժամանակակից մտածողության տեր են, մենք էլ հին ազգ՝ հին մտածողությամբ… Բայց մոռանում են, որ եթե 1000 տարի էլ ապրեն՝ իրենց (ինչպես թյուրքական տարրինն է) անդեմ ու անհայրենիք դարերի քաշը մեր տիեզերագենի գրամներն անգամ չի ունենա…

Հայ մարզիկները՝ Բաքվի խաղերին.-

ԵՕԿ նախագահն ասում է ծեծված խոսքեր՝ թե «սպորտը հաղթեց քաղաքականությանը»

Հունիսի 12-ից 28-ը Բաքվում ընթացող Եվրոպական խաղերին հայկական կողմի մասնակցությունը ցույց է տալիս, թե ինչպես սպորտը կարող է հաղթել քաղաքականությանը։ Այդ կարծիքին է Եվրոպական օլիմպիական կոմիտեի (ԵՕԿ) նախագահ Փաթ Հիքին: AFP-ին հարցազրույցում նա նշել է, որ խաղերին Հայաստանի մասնակցությունն ապահովելու հարցում իրեն օգնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը: Հիքիի բնորոշմամբ՝ Հայաստանի մասնակցությունը նշանակալի դիվանագիտական հաղթանակ է: «Մենք նշանակալի ձեռքբերում ունեցանք` Հայստանին համոզելով մասնակցել խաղերին, իսկ Ադրբեջանին` ողջունել այդ մասնակցությունը: Անցած տարի ես մեկնեցի Երեւան ու Թոմաս Բախի միջնորդությամբ կարողացա համոզել նրանց: Սա ապացուցում է, որ բազմաթիվ բնագավառներում սպորտը կարողանում է առաջ անցնել քաղաքականությունից»,- ասել է այս պաշտոնյան, ում նկատմամբ, ըստ «The Daily Beast» պարբերականի, իրավապաշտպան եւ մի շարք սպորտային կազմակերպություններ քննադատություններ են հնչեցրել՝ ադրբեջանական վարչակարգին գովաբանելու եւ խաղերի բացման արարողության ժամանակ հանդես գալու համար:

Եվրոպական օլիմպիական խաղեր անցկացնելու մասին որոշումը կայացվել էր Հռոմում՝ ԵՕԿ գլխավոր ասամբլեայի ժամանակ: 2015-ին Ադրբեջանում անցկացվող խաղերն առաջինն են: Բաքուն այդ հնարավորությունը ստացել էր որպես հայտ ներկայացրած միակ քաղաք: Բաքուն «նոր Օլիմպիական խաղերի» մայրաքաղաք է ընտրվել փակ քվեարկությամբ: Ասամբլեային ներկա էին նաեւ Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները, որոնք հրաժարվել էին մասնակցել քվեարկությանը…

– Եվրոպական խաղերում Հայաստանն ունի 1 արծաթե մեդալ, որը նվաճել է Միհրան Հարությունյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգում: Ադրբեջանի մայրաքաղաք մեկնած Հայաստանի հավաքականի կազմում 25 մարզիկ է, որոնք մրցում են թեկքվանդո, հրաձգություն, սամբո, ձյուդո, բռնցքամարտ, ազատ ոճի եւ հունահռոմեական ըմբշամարտի մեդալների համար։եարկությանը:

Հրաչիկ Բաբայանը Բաքվում երիտասարդների Եվրոպայի նոր ռեկորդ է սահմանել

Բաքվում ընթացող Եվրոպական մարզական առաջին խաղերում Հայաստանը ներկայացնող Հրաչիկ Բաբայանը հրաձգության մրցաշարում գրավել է 5-րդ տեղը: 10 մետր օդամուղ հրացանով վարժության որակավորման փուլում 18-ամյա մարզիկը, սահմանելով երիտասարդների Եվրոպայի ռեկորդ (629,3 միավոր), 1-ին տեղով դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 8 հրաձիգի հետ պայքարում գրավել է 5-րդ տեղը (143,3 միավոր): Պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (2014) եւ աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն (2014) Հրաչիկ Բաբայանը մեկ այլ կարեւոր նվաճում է գրանցել՝ վաստակելով Ռիո-2016-ի օլիմպիական ուղեգիրը: Բաքվում մարզիկը մասնակցելու է նաեւ հրացանի 50 մ վարժության մրցումներին:

Մարիամ Սեխպոսյանը՝ International Youth Cup-ի ոսկե մեդալակիր

Ռուսաստանցի Մարիամ Սեխպոսյանը ոսկե մեդալ է նվաճել պատանեկան նավասպորտի էլիտայի միջազգային մրցումներում։ Դրանք ընթացել են Բրեստում` Ֆրանսիայի հավաքականի օլիմպիական բազայում, գրում է Newsarmenia-ն` հղում անելով ՌԻԱ Նովոստի գործակալությանը: Մրցումներին մասնակցել են 20-ական ուժեղագույն պատանիներ Ֆրանսիայից, Իտալիայից եւ Ռուսաստանից, մրցումները կայացել են Լազեր ռադիալ, 420-րդ, 29-րդ նախաօլիմպիական պատանեկան կարգերում և վինդսերֆինգ RS:X կարգում։ Ռեգատայի արդյունքով` Ռուսաստանն ունի 1 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ։ Աղջիկների թվում ոսկին նվաճել է Մարիամ Սեխպոսյանը RS:X վինդսերֆինգի կարգում, բրոնզե մեդալ 420 կարգում նվաճել են Սաշա Լեպինան եւ Մաշա Նովոդերժկինան, իսկ Լազեր-ռադիալ կարգում` Ալիսա Ֆրանիկը։ Ռուսական թիմը զբաղեցրել է նաեւ 2-րդ տեղը թիմային մրցումներում։

«Սա իմ առաջին ոսկե մեդալն է RS: X կարգում, եւ ես շատ երջանիկ եմ»,– ասել է Մարիամը։

2014-ին պատանեկան նավասպորտի Միջազգային գավաթը (International Youth Cup) տեղի է ունեցել Իտալիայում եւ Ռուսաստանում, այս տարի` Ֆրանսիայում, եւ սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին սպասվում է ռեգատա Իտալիայում։ Հաջորդ տարի կլինեն փուլեր Ֆրանսիայում եւ Ռուսաստանում։ Պատանեկան գավաթն ընդգրկված է ԻՍԱՖ–ի եւ Եվրո ՍԱՖ–ի օրացույցում։

Անցկացվեց «Դյուցազուն» համաբանակային մրցույթը

«Դյուցազուն» ամենամյա համաբանակային մրցույթը զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ժամկետային եւ պայմանագրային զինծառայողներին ու սպաներին իրենց հմտությունները բացահայտելու, մարտավարամասնագիտական գիտելիքներն ամրապնդելու, իսկ ամենակարեւորը՝ մարզումների, ֆիզիկական ու հոգեբանական զանազան արգելքների ու փորձությունների հաղթահարման միջոցով կամային հատկանիշները զարգացնելու եւ մարտունակությունը պահպանելու յուրօրինակ հնարավորություն է ընձեռում: Այս տարի «Դյուցազուն» որակավորման մրցույթը մեկնարկեց մայիսի 25-ին: Ստուգատեսը սկսվեց ֆիզիկական պատրաստության ստուգողական վարժություններով, այնուհետեւ անցկացվել են հաջորդ փուլերով նախատեսված ստուգումներ՝ հրաձգություն, օդադեսանտային պատրաստության պարապմունքներ‘ ներառյալ վերգետնյա պատրաստություն եւ պարաշուտային դարսումներ, թռիչքներ՝ ուղղաթիռից: Հունիսի 12-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կայացել է արգելագոտու հաղթահարում վարժությունը, այնուհետեւ‘ գիշերային պայմաններում ստուգվել են զինծառայողների մարտավարամասնագիտական գիտելիքներն ու կարողությունները, այն է՝ տեղանքի բնական եւ արհեստական արգելքների հաղթահարում:

Երթարշավից հետո՝ հունիսի 13-ին, զորամասի տարածքում անցկացվեց «Դյուցազուն» համաբանակային մրցույթի եզրափակիչ փուլը, որին հետեւեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ: Եզրափակիչ փուլում անցկացված ձեռնամարտի ու բազմամարտի արդյունքում ընտրվեցին լավագույն զինծառայողները, որոնց պաշտպանության նախարարը հանձնեց խորհրդանշական սեւ բերետներ: Բերետները կրելու իրավունք դյուցազունները կունենան մեկ տարվա ընթացքում՝ մինչեւ մյուս ստուգատեսը: Հաղթող ճանաչված զինծառայողների համար սահմանված է նաեւ ամենամսյա պարգեւավճար:

Խորհրդահայ ֆուտբոլի մակարդակը դեռ ձգտելի է

Խորհրդային Միության ֆուտբոլի չեմպիոն Հովհաննես Զանազանյանը, ով մեր հաղթական թիմի ավագն էր, «Արարատ-73»-ի հաջողություններին բացատրություն տալու համար բավական հետաքրքիր տեսակետ է հայտնել. «Մենք տարիների ընթացքում տիրապետեցինք սեփական դաշտում չպարտվելու արվեստին, հատկապես ուժեղ թիմերի հետ խաղերում: Դրանից հետո ավելի վստահ էինք մեզ զգում նաեւ մրցակիցների հարկի տակ»: Հայաստանի անկախացումից հետո մեր ֆուտբոլային թիմերը, այդ թվում ազգային հավաքականը, դեռեւս չեն տիրապետում այդ արվեստին եւ զարմանալի չէ, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ բուքմեյքերները համարյա չեն հավատում մեր՝ դաշտի տերերի հաղթանակին՝ 6,75-8,70 գործակից: Դա, ինքնին, գալիս է Հայաստանի հավաքականի տնային խաղերի վիճակագրությունից: Վերջին 2 տարում մեր ընտրանին սեփական հարկի տակ անցկացրել է 9 հանդիպում, որոնցից 6-ում զիջել է մրցակցին, մեկն ավարտել ոչ-ոքի եւ միայն 2-ում հաղթել: Այդպիսի արդյունքը, բնականաբար, չի կարող դառնալ հաջողության գրավական:

Պորտուգալիայի հավաքականն այն մրցակիցներից է, որի դեմ մեր ընտրանին նախկինում անհամեմատ հաջող է խաղացել սեփական դաշտում՝ երկու ոչ-ոքի (0:0, 1:1): Սակայն անգամ այդ ավանդույթը չպահպանվեց եւ մեր թիմը պարտվեց 2:3 հաշվով: Իսկ Հայաստան-Պորտուգալիա հանդիպումն անչափ կարեւոր նշանակություն ունի հենց մեր ընտրանու համար, քանի որ հաղթանակի դեպքում մենք կշարունակեինք պայքարը Եվրո-2016-ի եզրափակիչ փուլի ուղեգրի համար, իսկ, որ ամենակարեւորն էր՝ Հայաստանի հավաքականը կբարելավի իր վարկանիշը եւ հուլիսին կայանալիք աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանության ժամանակ կընդգրկվի 4-րդ, այլ ոչ թե 5-րդ զամբյուղում, իսկ դա նշանակում է, որ մեզ բաժին կհասներ 3 բարդ մրցակից՝ 4-ի փոխարեն: Հիշենք աշխարհի 2014թ աշխարհի առաջնության վիճակահանությունը՝ Իտալիա, Չեխիա, Դանիա, Բուլղարիա, Հայաստան, Մալթա: Եվ, որ պակաս կարեւոր չէր, մեր ընտրանին հաղթանակով կսկսեր իր առաջին խաղը նորանշանակ մարզիչ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ:

Սակայն, ցավոք, այս բոլոր «էռնեկիները» ի չիք եղան ու ստիպված են սպասել ազգային հավաքականի շուտափույթ վերականգնմանը, երբ ընդամենը 1-2 տարի առաջ ոչ ոք չէր զարմանա, եթե Հայաստանի հավաքականը մասնակցեր աշխարհի ու Եվրոպայի նախորդ առաջնություններին:

Բլատերը չի շտապում հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավար պաշտոնից

ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնակատար Յոզեֆ Բլատերը հնարավորություն է ստացել մտածել ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնում մնալու համար։

Շվեցարական Schweiz am Sonntag թերթը գրում է, որ ՖԻՖԱ-ից հեռանալու մասին Բլատերի հայտարարությունից հետո ասիական և աֆրիկյան ֆուտբոլային միությունների ղեկավարները խնդրել են նրան վերանայել իր որոշումը։ 79-ամյա Բլատերը շատ շոյված է եղել նման աջակցությունից և այժմ մտածում է իր որոշումից հրաժարվելու մասին, գրում է Deutsche Welle-ն։

Բլատերը ղեկավարել է ՖԻՖԱ-ն 1998-ից։ 2015թ. մայիսի 29-ին նա ընտրվել էր այդ պաշտոնում 5-րդ անգամ, սակայն կոռուպցիոն սկանդալի ֆոնին հունիսի 2-ին հայտարարել էր իր հեռանալու մասին։

ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները պետք է կայանան այս տարվա դեկտեմբերի 16-ին։

ԱՄՆ-ի իշխանությունները չեն կարո՞ղ արդար հետաքննություն երաշխավորել

ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեկ Ուորները, ով մեղադրվում է կազմակերպության կոռուպցիոն սկանդալին մասնակցության մեջ, կասկած է հայտնել, որ ՍՄՆ-ն կարող է արդար հետաքննություն երաշխավորել: Նշենք, որ Եգիպտոսի սպորտի եւ երիտասարդական քաղաքականության նախկին նախարար Ալի Էդդին Հելալը հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի փոխնախագահի պաշտոնն զբաղեցրած Ուորները 7 մլն դոլար կաշառք է խնդրել՝ «ԱԱ-2010»-ի կազմակերպիչ երկրի ընտրություններում Եգիպտոսի համար 7 ձայն ապահովելու նպատակով: Հիշեցնենք՝ վերջերս տեղեկատվություն է տարածվել, որ նույն աշխարհի առաջնության անցկացման համար Ուորներին 10 մլն դոլար է վճարվել՝ Հարավաֆրիկյան Հանրապետության հայտին աջակցելու համար: Վերջնարդյունքում հենց ՀԱՀ-ն էլ «հաղթել» էր ընտրություններում, մինչդեռ իրականում, ինչպես նշում են արտասահմանյան ԶԼՄ-ները, հաղթել էր Մարոկկոն: «ԱՄՆ-ն կարո՞ղ է արդարացի լինել միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց հանդեպ, ովքեր, ըստ ամերիկացիների, խախտել են օրենքը»,- նշել է Ուորները:

ԱՖԿ-ի գլխավոր քարտուղարը հեռացել է զբաղեցրած պաշտոնից

Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի (ԱՖԿ) գլխավոր քարտուղար Ալեքս Սուսեյը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Ինչպես տեղեկացնում է AFP-ն, այդ որոշումը պայմանավորված է կոռուպցիոն սկանդալով եւ կազմակերպության նախկին նախագահ Մոհամեդ բեն Համմամի նկատմամբ սկսված հետաքննությամբ: Պարզվել է, որ Սուսեյը նպաստել է բին Համմամի կողմից իրականացված վճարումների վերաբերյալ փաստաթղթերը թաքցնելուն: Նա հերքել է իր մասնակցությունն այդ գործին, բայց, այնուամենայնիվ, հեռացել է պաշտոնից:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

 

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 22 (368), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։