Ոչ թե խաբեություն, այլ՝ արդար հնարք
«Մեջիք փլեյս» (Megic Place, անգլերենից թարգմանաբար՝ կախարդանքի վայր) աճպարարության կազմակերպության գեղարվեստական ղեկավար Ռուբեն Սիմոնյանը արդեն երկու տարի է ինչ թողել է ծրագրավորումը: Սկսել է աճպարարություն սովորել, երբ տեսել է «Իլուզիայի խաբկանքը» ֆիլմը:
– Ինձ դուր է գալիս մարդկանց հետ շփումը, իսկ ծրագրավորումը, իմ կարծիքով, չափից շատ է ծրագրավորված: Մարդկանց իլուզիայի մասին պատմելիս խաբել են՝ հավատացնելով, որ աճպարարը ուզում է ցույց տալ, թե որքան խելացի է ինքը, եւ որքան հիմար են մյուսները, – ասում է Ռուբենը:
Աճպարարության ժանրերից մեկը այսպես կոչված «սնեփ չենջինգն» է (վայրկենական փոփոխություն), երբ աճպարարը դիմացինից մի փոքր հեռու է ու կարող է անգամ նրանից խաղաքարտեր վերցնելով խաբել: «Հնարք է այն բանի համար, որ ոչ թե մարդկանց հավատացնում ես, որ իրենց չես խաբում, այլ նրանց ընդգրկում ես համարի մեջ: Գիտեն ու ուզում են խաբվել: Հիմա ո՞վ է ում խաբում»,-բացատրում է զրուցակիցս:
Աճպարարի համար ձեռքի մատները տասը եղբայրներ են: «Եվ այդ տասը եղբայրները միայն անսպասելի զգացողություններ, զարմանք ու հաճույք առաջացնելու համար են ու հրաշքներ չեն լինում, – ասում է Ռուբենը ու շեշտում,- նայողը պետք է մի տեսակ ցանկանա խաբվել: Շատերը ուզում են, որ աճպարարը «բացի խաղաքարտերը» ու բացատրի, թե հնարքը ինչպես է անում: Մի մասն էլ ուզում է հաճելի ժամանակ անցկացնել: Իսկ որոշ սրիկաներ, ովքեր հանդիսատեսի շարքերում թաքնված «ֆոկուսնիկներն» են, իմանալով հնարքի տեխնիկական գաղտնիքը, սկսում են բարձրաձայնել: Պարզապես չեն հարգում մյուսներին: Ես վստահ եմ՝ հիմնականում նրանց հանդիպում ենք փողոցային շոուի ժամանակ»:
Աճպարարության ոլորտի խնդիրներից Ռուբենը առանձնացնում է գաղտնիքի բացահայտումը. «Մարդիկ հասկանում են, որ կոշկակարի, խոհարարի գաղտնիքը մասնավոր սեփականություն է, բայց չգիտես ինչու աճպարարության դեպքում դա չեն ընկալում: Մինչդեռ գաղտնիքը չասելը արդար հնարք է, որին պիտի տիրապետի աճպարարը: Սրիկաների հոսքից խուսափելու համար հնարքը պետք է աճպարարի ընտանիքում կամ վստահելի անձի ձեռքում ապրի»:
Փաստորեն, այս դեպքու՞մ էլ մարդկային հատկանիշները կարեւոր են: Միանշանակ, այո՛: Այդ իսկ պատճառով էլ զրուցակիցս նշում է, որ «Մեջիք փլեյս» դպրոցը ընտրում է իր սովորողներին, ովքեր կամաց-կամաց են դառնում իրենց թիմակիցները: Մասնագիտական կարողություններն էլ պարզելու համար սկսնակները մեկ ամսյա կուրս են անցնում, որից հետո արդեն որոշվում է՝ նա կարո՞ղ է հնարք անել, թե ոչ:
Ոլորտի գաղտնիքները թափանցիկ են կախարդանքի մեջ ծերացած վարպետների համար, որովհետեւ նրանք ակնթարթորեն պարզում են «ֆոկուսի» ձեւը: Բայց, Ռուբենի խոսքերով, վարպետների համար էլ բարդ է սովորեցնելը, որովհետեւ երբ խաբկանքը, հնարքը սեփական ձեռքերով հատիկ-հատիկ ցույց ես տալիս, կարծես սպանում ես նույն այդ հնարքը: Թեեւ հնարքը բացահայտելը դեռ ամեն ինչ չի կանխորոշում. թե սկսնակը եւ թե հմուտը պետք է անընդհատ գործողությունը փորձի, կրկնի:
Բացի այս՝ լավ աճպարար լինելու համար տեխնիկական եւ հոգեբանական հմտություններին տիրապետելը բավարար չէ: Կարեւոր է նաեւ հումոր անելու կարողությունը՝ հանդիսատեսի հետ շփման անմիջականությունը պահպանելու կամ թեկուզ հենց իր իսկ ձախողումը (որը ծրագրված է) «շրջանցելու» համար:
Ցավոք, այսօր մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում՝ եւ՛ քաղաքական եւ տնտեսական, աճպարարությունը կա: Իսկ այս տեսակ աճպարարությունը այն ազնիվ խաղն է, որ իրականում արագ հնարքի արվեստն է եւ «խաբելիս» էլ նախապես զգուշացնում է:
Սյուզան Գալստյան
Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի
Եզակի բժշկական սարքավորումներ՝ Հայաստանում
Երբ Երեւանում նախորդ տարի անցկացվեց Հայաստանի վնասվածքաբանների եւ օրթոպեդների հերթական՝ 6-րդ համագումարը, դրա աշխատանքների բոլոր օրերին գործեց նոր տեխնոլոգաների, դեղամիջոցների, բժշկական տեխնիկայի եւ սարքավորումների ցուցահանդեսը: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն էլ այցելեց այս ցուցահանդես: Այստեղ ինձ բազմագործառութային մի ապարատ հետաքրքրեց այնքանով, ինչքանով դա հետաքրքրել էր մասնագետներին: Չգիտեմ նեղ մասնագիտական տեսակետից այդ ապարատը ինչ էր իրենից ներկայացնում, բայց ընդհանրական առումով ցուցահանդեսի այցելուներին հետաքրքրեց այն պարզ պատճառով, որ մեր երկրում եզակի էր:
Ապարատի մոտ կանգնած մասնագետին խնդրեցի ինձ բացատրել, թե ինչումն է դրա եզակիությունը:
Պարզվեց, որ այն արձակում է ցածր, միջին եւ բարձր ձայնային ալիքներ, եւ այդ ձայնային ալիքների շնորհիվ կարելի է բուժել շատ մեծ դիապազոնով հիվանդություններ օրթոպեդիայի, տրավմատոլոգիայի եւ նեւրոլոգիայի ոլորտներում: Մեր երկրում կան սրա նմանները, բայց արդեն հին են, թափանցելիությունը 2 սմ-ից ոչ ավելի է: Իսկ սրանը 7 սմ է, ֆոկուս ինտելեկտ ունի: Ի տարբերություն այս կարգի այլ ապարատների, սա կավիտացիոն էֆեկտ չունի: Այլ կերպ՝ ընդհանրապես երբ ձայնային ալիքը թափանցում է հյուսվածքների մեջ, օդային պղպջակներ են առաջանում, դրանք սկսում են պայթել ու արյունահոսություն կարող է լինել: Իսկ այս ապարատի դեպքում դա բացառվում է: Այս ապարատների շարքում այն աշխարհում էլ է նորագույն:
Նույն ցուցահանդեսում ինձ բժշկական մի ապարատ էլ հետաքրքրեց, որ, ինչպես ասացին, ձգման սարք է կոչվում եւ նախատեսված է ողնաշարային ձգումների համար, կարող է անել ողնաշարային, գոտկատեղային եւ պարանոցային ձգումներ: Այս սարքի առանձնահատկությունն այն է, որ աշխատում է երեք հարթություններում՝ 3D: Սարքի շնորհիվ կարելի է եւ ձգում կատարել եւ ձգման հետ միասին՝ վարժություններ: Սա լրիվ նոր խոսք է ողնաշարային ճողվածքների բուժման մեջ: Այն մարդիկ, ովքեր ունեն ողնաշարայի ճողվածքներ եւ ենթակա են վիրահատման ու չունեն սարքի հետ կապված հակացուցումներ (ասենք, ուռուցք չունեն), ապա գալիս են, ստանում 10-12 պրոցեդուրա, խուսափում են վիրահատությունից, բուժվում են եւ՝ արդյունավետ:
Վերջերս առիթով մտա «Սիրմեդ» բժշկական կենտրոն (ընկերուհիս էր խորհուրդ տվել սպիների հեռացման համար), տեսնեմ ինձ ծանոթ, նշածս սարքավորումների մասնագետներին (մասնագիտության բերումով՝ լրագրողներս տեսողական լավ հիշողություն ունենք): Պարզվեց, ցուցահանդեսում ներկայացված այդ սարքավորումները այս բժշկական կենտրոնինն են: Ինչեւէ, լրագրողական չգրված օրենքները մի փոքր խախտեմ եւ չխուսափեմ լավ խոսք ասելուց (ազատական տնտեսահարաբերությունների տրամաբանությունից ելնելով՝ այն գովազդ է համարվում): Հաճելիորեն զարմացած էի: Հենց մուտքի մոտից կարեւոր մի բան կար այս կենտրոնում. դասական առումով այն բժշկական կենտրոնի նման չէր՝ բժշկական գույները, հոտերը այստեղ չէին «իշխում», ամեն ինչ հանգիստ էր, այցելուին չվախեցնող: Ինձ լավ կհասկանան «բժշկական ֆոբիա» ունեցողները:
Ի դեպ, կենտրոնն իրականացնում է մասնագիտացված բժշկական խնամքի ծառայություններ, որի նպատակն է ապահովել տնային պայմաններում հիվանդի համապատասխան բուժումը: Կենտրոնն իրականացնում է հետեւյալ ծառայությունները նաեւ՝ ախտորոշիչ լաբորատորիա, ՊՇՌ, մանրէաբանական լաբորատորիա, լազերային թերապիա, էսթետիկ, կինեզիթերապեւտիկ, ֆիզիոթերապեւտիկ, ուլտրաձայնային հետազոտություն, նյարդաբանական, սրտաբանական ախտորոշում, գաստրոէնտերոլոգիական, էնդոկրինոլոգիական, մաշկավեներաբանական, սեքսապաթոլոգիական, ուրոլոգիական, մանկաբարձագինեկոլոգիական, պլաստիկ վիրաբուժության, ակնաբուժական, քիթ-կոկորդ–ականջաբանական, մանիպուլյացիոն:
Նրանք, ովքեր կօգտվեն ֆիզիոթերապեւտիկ ծառայություններից, արժե որ իմանան «Դորնյե Մեդտեխ» գերմանական արտադրության հարվածալիքային թերապիայի սարքի մասին՝ հատուկ օրթոպեդիայի եւ նյարդաբանության ոլորտներում կիրառելու համար:
Կրկնվեմ՝ ավելի մասնագիտորեն բացատրելու համար. «Դորնյե Արիես» սարքը «ֆոկուս ինտելեկտ» տեխնոլոգիայի օգնությամբ ստեղծում է, այսպես կոչված, «թերապեւտիկ անցուղի», հյուսվածքի մակերեսից 70 մմ խորությամբ եւ 10 մմ լայնությամբ օրգանիզմի հյուսվածքների վրա խոր եւ անվտանգ ազդեցության համար՝ առանց կավիտացիայի կողմնակի ազդեցության, որը նշանակալիորեն ընդլայնում է սարքի կիրառման ոլորտը՝ հնարավորություն տալով աշխատելու թոքային հյուսվածքի եւ արյան խոշոր անոթների ու նյարդային ցողունների մերձակայքում:
«Ֆոկուս ինտելեկտը» հնարավորություն է տալիս առավել արդյունավետ ախտորոշելու եւ բուժելու տրիգերային կետը, ընդ որում՝ բացարձակապես չի զիջում մրցակիցներին այլ ախտաբանությունների բուժման առումով:
Խոսենք նաեւ BTL-5000- կոմբինացված թերապիայից եւ BTL-6000- կարճալիքային դիաթերմիայից:
Եթե միայն նշենք, որ օգտագործվում են ռեաբիլիտացիայի, նյարդաբուժության, օրթոպեդիայի, սպորտային բժշկության, վելլնեսթերապիայի, մաշկաբուժության, գաստրոէնտերոլոգիայի, գինեկոլոգիայի, ստոմատոլոգիայի, պուլմոնոլոգիայի, ուրոլոգիայի, պրոկտոլոգիայի բնագավառում, ապա ամեն ինչ ավելի պարզ կլինի:
Նկատեմ, որ վերջերս է ինձ շատ հետաքրքրել բժշկական սարքավորումների խնդիրը:
Երբ առողջապահական թեմաներով սկսեցի գրել, մասնագետներին հարցնում էի՝ դուք չե՞ք վիրավորվում, որ հայերը գնում են արտերկրում բուժվելու:
Եվ մեր մասնագետները միաբերան պնդում էին, որ մեր բժիշկները լավն են, սարքավորումների եւ ըստ այդմ, ախտորոշման խնդիր կա:
Համաձայնել կամ չհամաձայնելը հարց է, որ դարձյալ պիտի մասնագիտական տիրույթում քննարկվի:
Ինչեւէ, հուսամ, որ մեր երկրում ամեն մի նորագույն սարքավորում կգա լուծելու նշածս խնդիրը:
Անի Մարության
* * *
Օրերս Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն աշխատանքային այցի ժամանակ բուժում ստացող հիվանդներից մեկի, ինչպեսեւ Ուրոլոգիական բաժանմունքի եւ ամբիոնի աշխատակիցների խնդրանքով նախարար Արմեն Մուրադյանը վիրահատել է հիվանդին՝ հաշվի առնելով վիրահատության բարդությունը: Ներմիզուկային մասնատման վիրահատությունն անցել է բարեհաջող: Հիվանդի վիճակը գնահատվում է բավարար:
Այս մասին մեզ տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:
Մինչ այդ նախարարը ծանոթացել է կենտրոնում իրականացվող բարեփոխումներին: Մասնավորապես՝ վերանորոգվել եւ այցելուներին նորովի է ներկայանում առաջին հարկում տեղակայված ընդունարանը, որտեղ կատարվում է հիվանդների հերթագրումը: Ընդարձակ սրահներում էլեկտրոնային եղանակով կատարվում է հերթագրում, ամբուլատոր քարտերի բացում, ձեւակերպվում է հիվանդության պատմագիրը:
Այս նորարարությունը, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանի խոսքով, հնարավորություն է տալիս խուսափելու հերթերի գոյացումից, ինչը դժգոհություն էր առաջացնում հիվանդների շրջանում:
Օրական այստեղ սպասարկվում է ավելի քան 200 այցելու:
«Լուսանցք» թիվ 22 (368), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



