Բիբինը բիբինեց բոլորիս – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… Չենք կարողանու՞մ դատախազություն կանչել, թե՞ Բիբինը հիմնավոր պատճառներ ուներ նման կեցվածք դրսեւորելու…

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա ոչ թե 17 դրամով, այլ 6,93 դրամով: Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը նիստում մասնակի բավարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը: Հանձնաժողովի անդամները որոշումը կայացրին միաձայն:

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նեղացած էր, որովհետեւ «ՀԷՑ»-ի Բիբինը չէր եկել նիստին: «Սա աննախադեպ երեւույթ է, առաջին անգամն է, որ լիցենզավորված ընկերությունը հայտ է ներկայացնում 17 դրամ սակագինը բարձրացնելու մասին ու չի ներկայանում նիստին: Նման բան չէր եղել Հանձնաժողովի գործունեության ընթացքում»:

Պարոն Նազարյանը նեղանալու փոխարեն լավ կաներ խոստովաներ, որ Բիբինի չգալը հանձնաժողովի անատամ ու խղճուկ գործունեության հետեւանք է: Նազարյանն անգամ այդ նիստի օրը չգնահատեց Բիբինի՝ նիստին չներկայանալը, այլ ուղղակի ասաց, որ «ճիշտ չեն արել»:

Չնայած, սա էլ գնահատական է՝ խղճուկ, անատամ գնահատական:

Ի դեպ, նույն Նազարյանը տեղեկացրեց, որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Բիբինը հանձնաժողովին գրություն է ուղարկել, որում հանձնաժողովին մեղադրում է «ոչ համակարգային մոտեցման մեջ» (Նազարյանն ասել կուզի՝ տեսեք, ինձ մեղադրում են, բայց ես հանուն ազգիս էլէներգիան քիչ եմ թանկացնում,-Ա.Մ.): Նազարյանն այստեղ հերոսանալ է փորձում. «Պետք է հասկանալ, որ 17 դրամից 10 դրամին մենք հավանություն չենք տվել ու հիմնավորել ենք, եւ ցանկացած մարդու կարող ենք ասել, թե ինչու չենք հիմնավորել եւ արդյունքում մերժել ենք 13 մլրդ դրամ նորոգման համար նախատեսված ծախսերի համար սակագինը բարձրացնելու մասին առաջարկը» (մերօրյա ընկեր Փանջունին, որ, ցավոք, բոլոր ժամանակներում մեր ժամանակների հերոսն է մնում-Ա.Մ.):  

Նազարյանը շարունակում է հերոսանալ՝ ասելով, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը բացարձակապես անընդունելի է համարում էլեկտրաէներգիայի այն սակագինը, որն առաջարկել էր ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Նազարյանը կարդում է ՀԷՑ-ի Բիբինի գրավոր դիմումը հանձնաժողովին (Նազարյանը ձեռքի մեջ ձվածեղ է անում, էլի դժգոհ ենք,-Ա.Մ.):

Նազարյանի խոսքով, Բիբինն իր գրության մեջ հայտարարել է, որ եթե իրենց առաջարկած էլեկտրաէներգիայի 17 դրամ թանկացումը չլինի, ընկերությունը չի կարողանալու հետագայում երաշխավորել էլեկտրաէներգիայի որակի հուսալիությունը, պահպանմանն ուղղված ներդրումներ իրականացնել: Եվ այդ դեպքում ՀԷՑ-ը կդիմի ՀԾԿՀ-ին՝ առաջարկելով քննարկել «լիցենզավորված գործունեությունը շարունակելու հնարավորությունը», որովհետեւ այդ դեպքում լիցենզիայով սահմանված պարտականությունների կատարումն ընկերության կողմից անհնար կդառնա:

«Գրության մեջ նաեւ նշված է՝ սակագների հաստատումից հետո ընկերությունը դիմելու է ՀԾԿՀ՝ իրենց լիցենզավորման հեռանկարները քննարկելու համար: Ըստ պարոն Բիբինի՝ իրենց սակագինը տնտեսապես հիմնավորված է եւ հետեւաբար, կոչ են անում՝ լավ գիտակցել կայացրած որոշման կարեւորությունն ու ազդեցությունը» (Նազարյանը քրքրվում է Բիբինի դեմ ճակատամարտում,-Ա.Մ.):

Եթե Բիբինի գրության փակագծերը բացենք, ապա կհասկանանք, որ նա ուղղակիորեն սպառնում է, որ եթե սակագինը 17 դրամով չթանկանա, ապա ՀԷՑ-ն այլեւս անխափան էլէներգիայի բաշխում չի իրականացնի ու, աստված մի արասցե, եթե հանկարծ բարկանա Բիբինը, ապա լիցենզիան երեսներովս կշպրտի:

Սա՝ ճշմարտության զգացական մասը: Իսկ ճշմարտության սպասվելիք մասը առաջիկա երկու-երեք տարիներն են: Այն է՝ առաջիկա երկու-երեք տարիներին մենք յուրաքանչյուր տարի ունենալու ենք էլէներգիայի թանկացում՝ իր բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ: Եվ վերջնահաշվարկում այդ թանկացումը ավելին է լինելու, քան 17 դրամը:

Ու այս ամենի մեղավորը բոլոր նրանք են, ովքեր Բիբինին բացատրություններ տալու համար ոչ թե դատախազություն տարան, այլ՝ ԱԺ հրավիրեցին: Կամ՝ գուցե չէին կարող դատախազություն կանչել եւ գուցե Բիբինը հիմնավոր պատճառներ ուներ նման կեցվածք դրսեւորելու…

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 22 (368), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.