Բեմու՞մ, թե՞ կուլիսներում – Շատ հեշտ է պարզել
էլեկտրաէներգիայի թանկացումը զայրացրել է ոչ միայն սպառողներին, այլեւ՝ մասնագետներին, ովքեր թանկացումը «նոնսենս» են համարում: «Այս 2 տարվա ընթացքում 3 անգամ սակագին բարձրացնելը նույն ոլորտում՝ անընդունելի է»,- ասել է «Սպառողների խորհրդատվություն» կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ անդրադառնալով էլէներգիայի թանկացման հնարավոր ազդեցությանը բնակչության վրա:
2013թ. էլէներգիան թանկացրեցին 8 դրամով՝ դարձնելով 38 դրամ, 2014թ. թանկացումից հետո այն կազմեց 42 դրամ եւ հիմա էլ թանկացրին 7 դրամով: Ոչ մի երկրում նման աննորմալ բան տեղի չի ունենում: Երկու տարում էլէներգիան թանկացավ 60%-ով:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը խորհուրդ է տալիս Ռուսաստանի հետ չհամեմատվել, որովհետեւ Ռուսաստանը վառելիքի սեփական պաշար ունեցող երկիր է: Լա՛վ, պարոն Զախարյան, մենք կհամեմատվենք Վրաստանի հետ, որ էլէներգիան Հայաստանից է տանում: Եվ այսպես՝ այնտեղ սակագինը նվազում է. մինչեւ 100 կՎտ սպառողը 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց վճարում է 20 դրամ, իսկ 100-300 կՎտ-ի համար՝ 26-27, դրանից ավելիի դեպքում՝ 37-38 դրամ: Նույնիսկ այդ բարձր սակագինը մեր սակագնից ցածր է, մինչդեռ, կրկնում ենք, Հայաստանը էլէներգիա արտադրող երկիր է, իսկ Վրաստանը մեզնից է գնում այն:
Մասնագետները չեն ընդունում նաեւ այն պատճառաբանությունը, թե սակավաջուր տարի է եղել եւ դա նույնպես իր ազդեցությունն է ունեցել: Դա չի կարող այդպես լինել, որովհետեւ ամբողջ տարածաշրջանում սակավաջրությունը միայն Հայաստանի վրա չէր ազդի:
Ինչեւէ, թանկացումը կբերի շղթայական թանկացման, սպառումը կնվազի: Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աղքատությունը 32% է կազմում, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 40%-ից ավելի: Թե ինչպե՞ս են այդ մարդիկ գոյատեւելու, սա լուրջ խնդիր է: Հասկանալի է, որ արտագաղթն ավելի մեծ տեմպերով կշարունակվի, քանի որ մարդիկ անելանելի վիճակում են հայտնվելու եւ նրանցից շատերն առանց երկար-բարակ մտածելու գնալու են արտագնա աշխատանքի եւ, ինչպես հաճախ է պատահում, «խրվելու» ու մնալու են այնտեղ…
Ասում են, թե պետությունը շատ խիստ կարիքավորներին կփոխհատուցի: Իսկ ինչքա՞ն է դա տեւելու: Մինչեւ բողոքի ալիքն անցնի՞: Իսկ այն մարդիկ, ովքեր աշխատում են, բայց միայն օրվա հացի փող են վաստակում ու խիստ կարիքավորների ցուցակում չեն՝ ի՞նչ են անելու, այդ հացի փողով պիտի վարձավճարները տա՞ն… Հետո՞: Այո, ճիշտ են այն մասնագետները, որ պնդում են, թե Եվգենի Բիբինին ոչ թե ԱԺ պիտի կանչեին բացատրություն տալու, այլ՝ դատախազություն:
Ինչեւէ, էլէնեգիան թանկացավ: Առհասարակ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր նախագահի գլխավորությամբ անվարան պատասխանատվություն է վերցնում միայն թանկացումների առումով, քանզի ժողովրդին պատասխան տալուց չեն վախենում, իսկ ա՛յ ԲԷՑ-ի ռուս տնօրենին ի՞նչ պատասխան կտա հայ սովորական չինովնիկը… Հանձնաժողովի նախագահ Նազարյանը կեցված է ընդունել, թե նեղացած է Բիբինից, ինչ-որ «կռվի խաղ» են սկսել: Ես լրիվ հիմքերն ունեմ մտածելու, որ Բիբինը լավ էլ գիտեր, որ 7 դրամով է թանկանալու եւ, նախապես պայմանավորված հայկական կողմի հետ, 17 դրամի հայտ էր ներկայացրել: Իսկ եթե սխալվում եմ, ուրեմն մեր իրավապահ մարմինները անպայման կզբաղվեն այն բոլոր խնդիրներով, որոնք մեր տնտեսագետները մատնանշել էին բիբինյան հայտից, ավելի ստույգ՝ հանցագործության մասին հաղորդումներ էին տվել՝ ելնելով հայտնում տեղ գտած սենսացիաներից:
Իսկ Արցախում բոլորովին այլ վիճակ է: Անկախ էլէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումից՝ բնակչությունը շարունակելու է վճարումները կատարել նույն սակագնով՝ 25 դրամով: Այս մասին հայտարարել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ դա չի վերաբերում մեծածավալ էլէներգիա սպառողներին: «Անհրաժեշտության դեպքում ռազմավարական օբյեկտների համար կվարվի սուբսիդավորման հատուկ քաղաքականություն»,- ասել է նա: Նաեւ ներկայացրել է երկրի տնտեսական զարգացման ծրագրի հիմնական դրույթները, որոնք ուղղված են Արցախում տնտեսական կայուն աճի տեմպերի ապահովմանը. «Միայն տնտեսական կայուն զարգացման պարագայում է հնարավոր երաշխավորել պետության եւ հասարակության խնդիրների արդյունավետ լուծումը, ներկա եւ ապագա սերունդների բարեկեցությունը»:
Փաստորեն, Հայաստանի կառավարության տնտեսական զարգացման ծրագրերի մեջ չի՛ մտնում «ներկա եւ ապագա սերունդների բարեկեցությունը»:
Հայկ Թորգոմյան
Դարձյալ թանկացում
Երեւանի ՋԷԿ-ի ցանցի էլէներգիայի սակագինը 2015թ. օգոստոսի 1-ից կթանկանա։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է հունիսի 17-ին՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։
Եթե 2014թ. օգոստոսի 1-ին այն սահմանվել էր 15,111 դրամ մեկ կՎտ/ժ-ի դիմաց, ապա 2015թ. օգոստոսի 1-ից այն կկազմի 18,5 դրամ։
Մյուս կողմից, կիջեցվի սահմանված հզորության մեկ կիլովատի ամսավճարը։ 5399,12 դրամից այն կդառնա 3564,11 դրամ։
Այսպիսով՝ հաշվարկային միադրույք սակագինը կկազմի 27,825 դրամ՝ առանց ԱԱՀ-ի։
Երեւանի ՋԷԿ-ի շահագործման հզորությունը կազմում է 220 ՄՎտ։
Սպառողի վրա չազդող էժանացում
2015թ. օգոստոսից Հայաստանի ԱԷԿ-ի էլեկտրաէներգիան կէժանանա։
Այս մասին համապատասխան որոշումը ընդունվել է հունիսի 17-ին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։
2014թ. օգոստոսի 1-ին սակագինը սահմանվել էր 4.772 դրամ մեկ կՎ/ժ-ի դիմաց եւ ամսական 4156.78 դրամ սահմանված հզորության մեկ կՎտ-ի դիմաց։ 2015թ. օգոստոսի 1-ից սակագները կնվազեն 4.597 դրամ մեկ կՎ/ժ-ի դիմաց եւ ամսական 3608.78 դրամ սահմանված հզորության մեկ կՎտ-ի դիմաց։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Հայաստանի ԱԺ-ն վավերացրել է Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու նպատակով ՌԴ-ից ֆինանսավորման վարկային համաձայնագիրը (270 մլն դոլարի վարկ եւ 30 մլն դոլարի դրամաշնորհ): Այդ գումարով ԱԷԿ-ը կվերանորոգվի:
Վերանորոգումն, ի դեպ, կսկսվի 2017թ.: Դրա շնորհիվ հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը կերկարաձգվի:
Բայց այդ ընթացքում մենք պետք է հասցնենք կառուցել նոր միջուկային էներգաբլոկ: Եվ դա պիտի կարողանանք հնարավորինս արագ կազմակերպել, քանի որ ԱԷԿ-ի շինարարությունն ընդհանրապես 7-8 տարի է տեւում: Չնայած մենք նախապատրաստական որոշ քայլեր արդեն արել ենք:
Բենզինի ու դիզվառելիքի ակցիզային հարկը կավելանա
Հայաստանի գործադիր մարմինն առաջարկում է բարձրացնել բենզինի, դիզվառելիքի ակցիզային հարկը, ինչպես նաեւ ակցիզային հարկ կիրառել սեղմված բնական գազի համար:
«Ակցիզային հարկի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների օրինագիծը ԱԺ-ում երեկ ներկայացրել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:
Փոփոխությունների համաձայն, եթե նախկինում գազալցակայաններում մեքենաների համար սեղմված գազը ակցիզային հարկով չէր հարկվում, ապա հիմա առաջարկվում է կիրառել 8 330 դրամ ակցիզային հարկ հազար խմ գազի համար:
Բենզինի ակցիզը առաջարկվում է բարձրացնել եւ 112 դրամից դարձնել 120 հազար դրամ մեկ տոննայի համար, իսկ դիզելային վառելիքի ակցիզը 32,5 հազար դրամից դարձնել 35 հազար դրամ:
Նոր դրույքաչափերը առաջարկվում է կիրառել 2016-ի հունվարի 1-ից:
Իսկ ակցիզային հարկի շեմի բարձրացման անհրաժեշտությունը ֆինանսների փոխնախարարն այսպես է բացատրում. «Բենզինի եւ դիզվառելիքի ակցիզը մենք չենք բարձրացրել 2006թ. ի վեր: Այդ ընթացքում գները բարձրացել են մոտավորապես 41,52%-ով՝ կախված վառելիքի տեսակից: Քանի որ ակցիզային հարկը ֆիքսված թիվ է, ապա այս ընթացքում նրա տեսակարար կշիռը ապրանքի գնի մեջ նվազել է»:
Խմիչքի ու ծխախոտի մասին էլ չեն մոռացել
Հայաստանում պատրաստվում են բարձրացնել ակցիզային հարկը ոգելից խմիչքների եւ ծխախոտի համար։
Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը խորհրդարանում ներկայացրել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։
Այսպես, եթե այժմ օղու ակցիզը կազմում է 30%, բայց ոչ պակաս, քան 500 դրամ 1 լիտրի համար, ապա այժմ այն բարձրացվելու է մինչեւ 55%, բայց ոչ պակաս, քան 550 դրամ 1 լիտրի համար։ Ֆիլտրով սիգարետների համար ակցիզը բարձրանալու է 5 հազարից 5,5 հազար դրամի՝ 1000 հատի համար, առանց ֆիլտրի սիգարետների համար՝ 1400-ից 1540 դրամի, սիգարների համար՝ 550 հազարից 605 հազար հազար հատի համար։
Ըստ փոխնախարարի, այդկերպ, Հայաստանը միանալու է Եվրասիական միությունում ակցիզային հարկի դրույքաչափերին։
Իսկ Հայաստանում այն այժմ 4 անգամ ցածր է, քան ԵՏՄ այլ երկրներում։ Այժմ առաջարկում են ակցիզը բարձրացնել 10%-ով։ Գինու եւ կոնյակի համար ակցիզները չեն բարձրացվի։
«Լուսանցք»-ը ՀՀ-ի ԵՏՄ մուտքի օրերին առիթով նշել էր, որ ԵՏՄ անդամակցությունը նոր թանկության է հանգեցնելու եւ արտոնյալ՝ 750 անուն ապրանքացանկը ամենեւին էլ դեր չի խաղալու: Հիմա նույնը ասում է փոխնախարարը՝ միանում ենք ԵՏՄ ակցիզային հարկի դրույքաչափերին: Ուռա՜…
«Լուսանցք» թիվ 22 (368), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



