Քաղաքային այցեքարտ, որ դրդում է բարի մնալ – Կենդանաբանական այգու զարգացման ծրագիրը շարունակական կլինի… Այգին մեր քաղաքինն է, բոլորինս ու մեզանից յուրաքանչյուրինը…

Արդի աշխարհում մայրաքաղաքների մասին դատում են  որոշ այցեքարտերով, որոնցից են համարվում մետրոն, կենդանաբանական այգին, քաղաքային ենթակառուցվածքները, գիշերային լուսավորության աստիճանը եւն: Երեւանը հզոր քաղաքներին բնորոշ այցեքարտերն ունի՝ մետրոն, կենդանաբանական այգին… եւ մի բան էլ, որ արդեն բացառապես մերն է՝ երեւանյան այցեքարտ հանդիսացող ցայտաղբյուրները: Երեւանը դեռ կհզորանա, այլընտրանք չունի, որովհետեւ նրա սրտում դեմքով դեպի Մասիսները ամֆիթատրոն հիշեցնող թամանյանական նախագիծն է…

Ինչեւէ, գանք մեր վերանորոգված կենդանաբանական այգուն: Նրա ստեղծման գաղափարը  20-րդ դարի 30-ական թվականներն է տանում, բայց այն իրականություն է դառնում միայն 1940-ին: Սկզբում կենդանաբանական այգում միայն 2 տասնյակ կենդանիներ ու թռչուններ էին, որոնք ձեռք էին բերվել Երեւանում անցկացվող 12-րդ պետական կենդանաբանական ցուցահանդեսում: 1941-45թթ. այգու առջեւ խնդիր դրվեց պահպանել կենդանատեսակների կազմը եւ սկսել այգու կապիտալ շինարարությունը: 1945-46թթ. այգին ուներ 32 տեսակի 179 գլուխ կենդանի: Նույնիսկ պատերազմի տարիներին Մոսկվան մշտապես իր ուշադրության կենտրոնում էր պահում Երեւանի կենդանաբանական այգին՝ գումար տրամադրելով այգու վերակառուցման համար: 1954թ. այգին ուներ 332 գլուխ կենդանի: Նույն տարում այգին կանաչազարդելու նպատակով տնկվել է մոտ 2500 դեկորատիվ ծառ, թուփ: Սակայն այգու համար լուրջ խնդիր էր ոռոգման ջուրը, եւ ծառերի զգալի մասը չորացավ: 1954թ. այգին ուներ 4 բաժին՝ սմբակավորների, գիշատիչների, թռչունների, սողունների: 1980թ. այգին արդեն ուներ 350 տեսակի կենդանի, սակայն 1990-ականների սկզբներին այն նվազեց 90-ով:

Տարիներն անցան, եւ կենդանաբանական այգին լիովին վերակառուցելը արդեն օրախնդիր դարձավ:

Երեւանի քաղաքապետարանը 2013թ. մեկնարկեց այգու վերակառուցման ծրագիրը, որով նախատեսվում էր արմատապես փոխել ինչպես այգու միջավայրը, այնպես էլ կենդանիների պահման եւ խնամքի պայմանները: 2015թ. հունիսի 1-ին այգին իր հերթական տարեշրջանը սկսեց անճանաչելիորեն վերափոխված: Մեծածավալ գործ է արվել: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ նման լայնածավալ աշխատանքներ այգում չեն կատարվել հիմնադրման օրվանից: Այգու վերանորոգման ծրագրով, 2013թ. սկսած, 1 մլրդ դրամի շինարարական եւ նորաոճային լուծումներով աշխատանքներ են արվել: Ըստ այդմ, համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում վերանորոգվել է այգու խորհրդանիշ համարվող ճարտարապետական քարակերտ կամարով մուտքը, որը գործառութային առումով դարձել է այգու նախամուտք։ Զգալիորեն ընդլայնվել ու հարմարավետ է դարձել ավտոկայանատեղին: Կառուցվել է ժամանակակից սարքավորումներով հագեցած անասնաբուժարանի նոր մասնաշենք։ Բարեկարգվել եւ թարմացվել են այգու արդեն խորհրդանշական մուտքից մինչեւ գլխավոր անցակետ ընկած հատվածի խաղահրապարակներն ու սպասարկման օբյեկտները։ Այգին կահավորվել է մանկական խաղահրապարակներով:  

Այս ամենից զատ՝ կառուցվել են վագրերի, սայմիրների, լեմուրների, ջրասամույրների, սուրիկատների եւ լորիների ազատավանդակները։ Նախկինում 100 քմ տարածք զբաղեցնող վանդակների փոխարեն այժմ վագրերի համար շուրջ 5500 քմ մակերեսով ազատավանդակ է կառուցվել։ Լեմուրներն այգում իրենց յուօրինակ կղզին ունեն, որը հավակնում է լինել աշխարհում ամենամեծը։ Վերակառուցվել են նաեւ արջերի եւ ուղտերի ազատավանդակները: Այգում ձիարշավարան է կառուցվել։ Յուրօրինակ տեղանքն օգտագործելով՝ կառուցվել են նաեւ արհեստական ջրվեժներ։

ՄԱԿ-ի «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի հետ համագործակցության շնորհիվ հիմնովին փոխվել է լուսավորության համակարգը. անցկացվել է ստորգետնյա մալուխային ցանց, յուրօրինակ գեղարվեստական ձեւավորումներով լուսատուներն աշխատում են ժամանակակից խնայողական լեդ լամպերով։

Ի դեպ, ասֆալտապատվել են այգու բոլոր ճանապարհներն ու ճեմուղիները: Այգին մաքրվել է ոչ պիտանի եւ անշուք շինություններից, կառուցվել են ճեմուղի տախտակամածներ, որոնք որպես դիտակետեր են ծառայում։ Տեղադրվել են նոր ցայտաղբյուրներ, կանաչապատվել է 7000 քմ հողատարածք, տնկվել են նոր ծառատեսակներ, թփեր, ինքնատիպ ծաղկային ձեւավորումներ են արվել։

Նկատենք, որ այս ամենը դեռ վերանորոգման առաջին փուլն է:

«Գործունեության 75 տարիների ընթացքում կենդանաբանական այգին երբեւէ կապիտալ վերանորոգման չէր ենթարկվել, եւ այդ տեսանկյունից ծրագիրն իրոք աննախադեպ էր»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նա անդրադարձել է շատ կարեւոր մի խնդրի.  այգու՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանող զոոկլինիկային եւ վստահեցրել, որ շարունակելու ենք համագործակցությունը միջազգային տարբեր կենդանաբանական այգիների հետ, որի շրջանակում նաեւ նոր կենդանիներ ձեռք կբերենք եւ կհարստացնենք կենդանատեսակները. «Այգու զարգացման ծրագիրը լինելու է շարունակական, ինչի արդյունքում գերազանցելու է ոչ միայն իր նախկին հնարավորությունները, այլեւ, որոշ չափորոշիչներով, նաեւ աշխարհում եղած համանման այգիների հնարավորությունները՝ այդպիսով նաեւ դառնալով Երեւանի յուրօրինակ այցեքարտերից մեկը»:

Շատ կարեւոր մի բան էլ. այգու նախամուտքը անվճար է: Այն լիարժեք հանգստի հարմարավետ վայր կդառնա ոչ միայն փոքրիկների, այլեւ մեր տարեցների համար: 2016թ.-ից մենք կսկսենք այգու վերակառուցման երկրորդ փուլը, որով էլ ամբողջությամբ ավարտին կհասցնենք Երեւանի կենդանաբանական այգու զարգացման ծրագիրը: Ի վերջո, Տարոն Մարգարյանի վստահեցմամբ, այգին կդառնա ոչ միայն տարածաշրջանի առաջատարն ու միակը, այլեւ աշխարհի տարբեր երկրների համապատասխան նշանակության այգիների եւ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ու միությունների հետ փոխշահավետ համագործակցող ժամանակակից մասնագիտական կենտրոն:

Այգու բացումից մեկ շաբաթ անց ես փոքրիկիս տարա այգի եւ զրուցեցի այցելուների հետ: Բոլորն էլ գոհ էին, արդեն հետաքրքրվում էին, թե ինչ է կառուցվելու երկրորդ փուլում, էլ ինչ փոփոխությունների են ականատես լինելու: Մարդիկ իսկապես վայելում էին, ուրախանում: Աղջիկս առաջին անգամ տեսավ, որ առյուծը քնած չէ, կրիաներով ուրախացավ, ծիծաղեց, երբ մեծերը վագրին հովազ կոչեցին, գետաձիուն երկար նայեց՝ բերանը բացելուն սպասելով: Մեծ ու փոքր աշխույժ անցուդարձի մեջ էին: Միայն ասում էին, որ տոմսն է մի քիչ թանկ (մեծերինը՝ 1200, իսկ փոքրերինը՝ 600 դրամ):

Հարեւան Իրանից հյուրեր կային, որ հատուկ եկել էին Երեւան կենդանաբանական այգին տեսնելու ու, հավանաբար նկատելով, որ հարցուփորձ եմ անում այցելուներին, մտածել էին, թե այգու աշխատակից եմ եւ «փի ար» կոչվածով եմ զբաղվում:

Ես էլ մտա դերիս մեջ ու նրանց էլ հարցուփորձ արի՝ հավանե՞լ են մեր այգին, փոփոխությունները: Ասացին՝ շատ, միայն կուզեին, որ օձերի տեղն էլ փոխվի: Մեկն էլ շատ ոգեւորված պահին ասաց անգամ, թե կուզեր կոկորդիլոսին ձեռք տալու հնարավորություն ունենալ:

Մեզ մնում է վայելել մեր նորացած կենդանաբանական այգին եւ սպասել վերանորոգման երկրորդ փուլին եւ, ինչու ոչ, մինչ այդ առաջարկներով օգնել Երեւանի քաղաքապետարանին: Այգին մեր քաղաքինն է, բոլորինս ու մեզանից յուրաքանչյուրինը:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 22 (368), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։