Տնտեսական անկումների շղթայական հարվածները – Այսօր դեռ քաղաքական ու տնտեսական պատերազմերի մեջ ենք եւ ռազմական գործողությունների շեմին… Ահազանգ. Ջավախքը հայաթափվում է – Վրաստանում պակասել է հայ բնակչության թիվը…

Տնտեսական անկումների շղթայական հարվածները

Արեւմուտքը հանգեց միասնական կարծիքի, որ պետք է շարունակել պատժամիջոցներն ու ճնշումները ՌԴ-ի նկատմամբ, որպեսզի համաշխարհային 2-րդ բեւեռի վերածված այս գերտերությունը հրաժարվի իր նկրտումներից: Իսկ այդ նկրտումների առաջին զիջումը պիտի Ուկրաինայի հարցում լինի. կարծում են Արեւմուտքի ղեկավարները: Վերջերս G-7-ի երկրները հանգեցին միասնական եզրահանգման, չնայած եվրոպական որոշ երկրներ նորից պահանջում էին դադարեցնել պատժամիջոցներն ու սահմանափակումները, քանի որ տուժում են նաեւ իրենց տնտեսությունն ու բնակիչները: Անգամ Գերմանիան եւ Ֆրանսիան էին տատանվում պատժամիջոցները շարունակելու հարցում, բայց…

Եվ ահա, Միացյալ Նահանգները հորդորում է Ռուսաստանի Դաշնությանը՝ ճանաչել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Իսկ դա նշանակում է հետ տալ Ուկրաինային Ղրիմը եւ լուծարել Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները: Այս քայլին հաստատ չի գնա Մոսկվան, գոնե այս պահին որեւէ բան դրան չի տանում: Իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերը Կիեւում ելույթի ժամանակ խիստ մեղադրանքներ է ներկայացրել Ռուսաստանի հասցեին. Եթե Մոսկվան չճանաչի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ԱՄՆ-ն կշարունակի ու էլ ավելի կխստացնի պատժամիջոցները՝ դրանում ներգրավելով նաեւ այլ երկրների:

Ռուսաստանն այս դեպքում խոստանում է ներկայացնել ի՛ր պատժամիջոցների ցանկը: Իհարկե, այս պայքարում տուժում են նաեւ երրորդ երկրները, քանի որ գերտերությունների վեճը չի կարող չանդրադառնալ մյուսների վրա, հատկապես այն, որոնք հարեւան երկրներ են ու գործընկեր պետություններ: Բրիտանական BBC-ն անդրադարձել է ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական հարցերով դեպարտամենտի մասնագետների մշակած «Աշխարհի տնտեսական իրավիճակը եւ հեռանկարները. կիսամյակի ամփոփում» զեկույցին, որտեղ նշվում է, որ ընթացիկ տարում ՌԴ տնտեսությունը 3% անկում է գրանցելու, իսկ 2016թ. աճելու է ընդամենը 0,1%-ով, մինչդեռ համաշխարհային տնտեսությունը ընթացիկ տարում աճելու է 3,1, իսկ 2016թ. 2,8%-ով: Ըստ զեկույցի՝ նավթի գների անկումը, ռազմական հակամարտությունը Ուկրաինայի արեւելքում ու Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցների կիրառումը բացասաբար են անդրադարձել Ռուսաստանի, ԱՊՀ անդամ երկրների, ինչպես նաեւ Վրաստանի տնտեսական աճի հեռանկարների վրա: Նշվում է, որ Ուկրաինայի տնտեսությունը սրընթաց կկրճատվի, անկում կապրի Բելառուսի տնտեսությունը՝ պայմանավորված ռուսական եւ ուկրաինական ճգնաժամով: Նավթի արտահանումից ստացվող եկամուտների կրճատումը կնվազեցնի նաեւ Ադրբեջանի ու Ղազախստանի տնտեսական աճի ցուցանիշները: Էներգետիկ ռեսուրսներ ներմուծող երկրները՝ Հայաստանը, Ղրղզստանը, Մոլդովան եւ Տաջիկստանը, չեն կարողանա օգուտ ստանալ էներգիայի գների նվազումից ռուսական շուկայի մասնակի կորստի եւ Ռուսաստանում աշխատանքային միգրանտների արտահոսքի հետեւանքով: Այս բացասական գործոնների հետեւանքով Հայաստանի, Վրաստանի, Տաջիկստանի եւ Ղրղստանի տնտեսական աճը կդանդաղի՝ կազմելով առավելագույնը մինչեւ 1,5%:  

ՌԴ ԿԲ նախագահը հայտարարել էր, որ երկրում 2015թ. գնաճը կարող է անցնել 15%-ի սահմանը: Ըստ պաշտոնյայի՝ գնաճի գագաթնակետը լինելու է տարվա 2-րդ եռամսյակին: Նման գնաճը չի կարող բացասական ազդեցություն չունենալ Հայաստանի տնտեսության վրա: Ռուսաստանի գնաճը կփոխանցվի եւ կազդի մեր ներքին շուկայի վրա, իսկ ներմուծվող ապրանքները կթանկանան, ինչի ականատեսը եղել ենք արդեն, կա նաեւ գնաճի նոր սպառնալիք: Ռուսաստանում գնաճն այս պահին 12% է, եւ տարվա 2-րդ եռամսյակի համար 15%-ը միանգամայն իրատեսական ցուցանիշ է: Բացի 750 անուն ապրանքատեսակներից, որոնց ժամկետները հետաձգվել են, մյուս ապրանքատեսակների մասով գնաճը հայկական շուկայում անխուսափելի է:

Նոր եկող պատժամիջոցները ավելի կսրեն տնտեսական վիճակը Ռուսաստանում, ինչը կրկին կանդրադառնա մեր տնտեսության վրա: Իսկ այն, որ Մոսկվան էլ Արեւմոտքին է սպառնում պատժամիջոցներով, չի թեթեւացնում մեր վիճակը: Չնայած այդ սպառնալիքից Արեւմուտքում այնքան էլ չեն վախենում, հատկապես ԱՄՆ-ում, քանի որ միայն Նյու Յորք քաղաքի ՀՆԱ-ն այս տարի հասնելու է 1 տրլն. դոլարի: Համեմատության համար ասենք, որ ամբողջ Ռուսաստանի ՀՆԱ-ն այս տարի կազմելու է ավելի քիչ, քան այս մեկ ամերիկյան քաղաքինը՝ 965 մլրդ դոլար: Սա կրկնակի անկում է  2013թ. համեմատ, երբ Ռուսաստանի ՀՆԱ-ն նավթի եւ գազի բարձր գների շնորհիվ կազմում էր 2,097 տրլն. դոլար: Նյու Յորքի բնակչությունը կազմում է 8.405.837 մարդ, 3 միլիոնով ավելի քիչ, քան Մոսկվայինը: Այս պայմաններում Ռուսաստանի հավակնությունները «գերպետություն» երեւալու եւ հավասարապես մրցելու Արեւմուտքի հետ՝ թերեւս անհավատալի են: Չնայած Հայաստանի համար երկբեւեռ աշխարհի գոյությունը անչափ կարեւոր է: Ռուսաստան-Չինաստան դաշինքը թերեւս կարողանա դիմակայել մյուս բեւեռի տնտեսական ձեռնարկումներին, բայց այն խմորման փուլում է:

Դեռ ապրիլին Մոսկվայի արձագանքն Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում խիստ էր, սկզբունքային: Այդ հանդիպումն ուներ բացահայտ հակառուսական ուղղվածություն, իսկ այդ գործընկերության երկրները մտնում են ռուսական շահերի շրջանակ, եւ սա եւս ցավագին է ընկալվում Մոսկվայում: Իսկ Ռիգայի գագաթնաժողովում այդ հակառուսականությունը կրկին բորբոքվեց: Մոսկվային մտահոգում է, որ Լեհաստանն ու Մերձբալթյան երկրները լրացնում են ՆԱՏՕ-ական շարքերը հատկապես Ռուսաստանի արեւմտյան սահմանների մոտ: Սա ուկրաինական հակամարտության համապատկերին լուրջ ահազանգ է ռուսական կողմի համար, որքան էլ այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարի, թե Ռուսաստանը միջուկային գերտերություն է եւ ոչ ոք չի կարող սպառնալ…

Բելառուսը արդեն զորքեր է կենտրոնացնում Ուկրաինայի հետ սահմանի մոտ: Բելառուսական 38-րդ առանձին շարժական բրիգադի ստորաբաժանումները օդուժի աջակցությամբ շարժվել են Ուկրաինայի հետ սահմանի ուղղությամբ: ՊՆ-ն հայտնել է խոշորամասշտաբ զորավարժությունների մասին, որոնք անցկացվելու են զինված ուժերի եւ սահմանապահ զորքերի համատեղ մասնակցությամբ եւ ուղղված են լինելու դիվերսիոն խմբավորումներին դիմագրավելու պատրաստականության բարձրացմանը: Ռազմական մեկնաբան Ալեքսանդր Ալեսինը հայտնել է, որ հատուկ նշանակության եւ սահմանապահ զորքերը պատրաստվում են հիբրիդային պատերազմի. «Մշակվում է հիբրիդային պատերազմում հակառակորդին դիմակայելու ծրագիր: Հիբրիդային պատերազմի կարեւորագույն բաղադրիչներից է հրահանգիչների, զենքի, լրացումների, նյութական եւ ֆինանսական միջոցների ներթափանցումը: Սկզբունքորեն, Ուկրաինայի օրինակով մենք տեսնում ենք, որ բաց եւ չվերահսկվող սահմանը տանում է նրան, որ ոչ մեկ հիմա չի կարող ասել, թե ինչ փոխադրումներ են տեղի ունենում Ռուսաստանի ու Դոնբասի միջեւ: Ուստի, Բելառուսում հիբրիդային պատերազմների մասին տեսական գիտելիքներն ուսումնասիրելուց հետո անցում է կատարվում պրակտիկ պարապմունքներին»: Մեկնաբանը կարծում է, որ նման զորավարժությունների անցկացումը Ուկրաինայի հետ սահմանի մոտ շատ թե քիչ արդարացված է, քանի որ դիվանագիտորեն հարմար չէ այն անցկացնել Ռուսաստանի սահմանի մոտ, ինչպես նաեւ մերձբալթյան երկրների սահմանի հարեւանությամբ, քանի որ այնտեղ ընթանում են ՆԱՏՕ-ի վարժանքները: Նշվել է, որ բելառուսական զորավարժությունը ոչ մի սպառնալիք չի ներկայացնում Կիեւի համար, դրանով Մինսկը պատրաստվում է սեփական հիբրիդային պատերազմին:

Այսօր ամեն ինչ շղթայական է ծավալվում եւ չեն կարող միայն տնտեսական կամ քաղաքական պատերազմներ լինել, դրանց ի վերջո հաջորդում են ռազմական գործողությունները, ինչն էլ բազմաթիվ մարդկային զոհերի է հանգեցնում, նաեւ ներքաղաքական ու տնտեսական ճգնաժամերի: Այսօր դեռ քաղաքական ու տնտեսական պատերազմերի մեջ ենք եւ ռազմական գործողությունների շեմին… Ցավոք, այս առումով քարոզչություն գրեթե չկա, ինչը վերջնական ապահոության խաբկանք է ստեղծում եւ բթացնում է զգոնությունը:

Արման Դավթյան

Ահազանգ. Ջավախքը հայաթափվում է

Վրաստանի կառավարության որոշմամբ 2014թ. նոյեմբերի 5-19-ը կազմակերպվեց մարդահամար բոլոր շրջաններում: Վերջին անգամ մարդահամար է անցկացվել 2002թ.: Վրաստանի պետական վիճակագրական ծառայությունը հրապարակել է մարդահամարի նախնական արդյունքները, իսկ վերջնական արդյունքները կհրապարակի 2016թ.: Նախնական արդյունքներով Վրաստանի բնակչությունը կազմել է 3.729.635 մարդ, կամ 14,7%-ով պակաս, քան 2002թ.՝ 4.371.535: 12 տարում Վրաստանի բնակչությունը նվազել է 641 900 մարդով:

Համաձայն մարդահամարի արդյունքների. Սամցխե-Ջավախեթի մարզի բնակչությունը նվազել է 22,8%-ով, 207.598 մարդուց՝ 2002թ, նվազելով մինչեւ 160.262 մարդու՝ 2014թ.:  Համեմատության համար. եթե Վրաստանի բնակչությունը նվազել է 14,7%-ով, ապա Ջավախքի բնակչությունը՝ 22,8%-ով: Սա արդեն մտահոգիչ է: Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների թիվը 248.929 մարդ է, ինչը կազմում է երկրի ընդհանուր բնակչության 5,7%-ը: Նախկին մարդահամարի ժամանակ, 1989թ. հայերի քանակը կազմում էր 437.211 մարդ, որը տոկոսային հարաբերությամբ ընդհանուր բնակչության 8,1%-ն էր…

«Լուսանցք» թիվ 22 (368), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։