Հունիսի 22-ին Նանե Աստվածուհու տոնն է – Միաժամանակյա արիադավան ծիսակարգ՝ Հայաստանի 5 վայրերում

Ամեն տարի հունիսի 22-ին հայ արիները նշում են Հայոց ողջախոհության Աստվածուհի Նանեի տոնը: Հայ արիները հյուրընկալության-լիառատության եւ վարդավառի-սիրո տոների միջեւ են նշում ողջախոհության Աստվածուհու տոնը եւ փառաբանում են Նանե Աստվածուհուն՝ ակնկալելով որ իր ողջախոհությամբ կօգնի նաեւ տարվա հաջորդ կեսն անցկացնել առավել կազմակերպված եւ նպատակասլաց, նաեւ գալիք ձմռանը դիմակայելու պատրաստ:

Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի եւ Քրմական դասի նախաձեռնությամբ, Հայ Ազգայնականների Համախմբման աջակցությամբ, տոնն այս անգամ նշվեց մեր երկրի 5 վայրերում միաժամանակ՝ Արեւմտյան Հայաստանի, Նախիջեւանի եւ Ջավախքի հետ սահմանային հատվածներում, Արցախում ու Երեւանում:

Արեւմտյան Հայաստանի սահմանային հատվածում ծեսի ժամանակ որպես սրբազան մասունքեր ծառայեցին՝ սուրը եւ կեռխաչը, Նախիջեւանի ուղղությամբ՝ սուրը եւ Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ արձանաքանդակը, Ջավախքի հատվածում՝ սուրը եւ հավասարաթեւ խաչը, Արցախում՝ սուրը եւ հավերժության նշանը: Իսկ Երեւանում՝ 4 սրերի շրջանի մեջ տեղադրվեցին Հայկական լեռնաշխարհի մանրակերտը, Հայ Աստվածների արձանաքանդակը, Հայ Արիական տոնացույցը, ՀՀ եւ ՀԱՄ դրոշներն ու զինանշանները, նաեւ գինի ու մրգատեսակներ՝ ծիրան, նուռ, խաղող, հացահատիկի ցողուններ ու լավաշ:

Միաժամանակյա ծիսակարգ անցկացվեց բոլոր 5 վայրերում, որի ժամանակ արորդիները կատարեցին արիադավան ծես՝ վասն Միացյալ Հայաստանի վերակերտման, նաեւ հայության՝ Հայկական լեռնաշխարհում համախմբմանն ու զորանալուն ուղղված:  

Հունիսի 22-ը նաեւ ամառային արեւադարձի օրն է, եւ հայահավատ մարդիկ այդ օրը արեւածագին ողջախոհության Աստվածուհուն փառաբանեցին՝ Բնական Կարգի՝ Արարչակարգի պահպանման եւ բնության բարիքներով մարդկանց ապահովելու համար:

Եվ արորդիները Նանե Աստվածուհուն դիմեցին իրենց կամքն ու ողջախոհությունը զորացնելու եւ վասն հայրենյաց գործադրելու համար:

Երեւանում հավաքական սրբազան ծես կատարվեց, որին մասնակցեցին նաեւ Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ղեկավար կազմի եւ սփյուռքահայ կառույցների ներկայացուցիչներ: Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները փառաբանեցին ինչպես Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին, այնպես էլ մեր փառահեղ նախնյաց, հայոց նպատակներին ու պայքարին զորավիգ լինելու եւ Երկնային ուժով Երկրային արդարությանը նպաստելու համար:

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

22.06.2015թ.

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։