Հայկական խոհանոց – Սիբեխով աղցան… Վատ լուր՝ բուսակերների համար… Աշխարհի մարզական հեւքից – Ադրբեջանի PR-հաղթանակը վերածվեց PR-աղետի… Այնուամենայնիվ մի հայկական շնորհակալություն հակահայ Բաքվին…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Սիբեխով աղցան

Բաղադրությունը - Սիբեխի ցողուն- 0,5 կգ, համեմ, սամիթ, ռեհան – 0,5-ական կապ, քացախ- 4 ճաշի գդալ, բուսայուղ – 50 գ, կարմիր տաքդեղ, սպիտակ պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակը – Սիբեխը խաշել, կտրատել 1 սմ չափով: Մանր կտրատել նաեւ կանաչեղենը: Կարմիր տաքդեղն էլ սիբեխի չափով կտրատել, խառնել իրար:

Այնուհետեւ իրար խառնել բուսայուղը, քացախը, համեմել աղով ու պղպեղով եւ լցնել կանաչեղենի վրա: Սառնարանում կարելի է պահել 2-3 օր:

Վատ լուր՝ բուսակերների համար

Բրիտանական The Daily Mail-ը «վատ նորություն» է հայտնել բոլոր բուսակերներին. պարզվում է՝ բույսերը «լսում են», թե ինչպես են ուտում իրենց: Նման եզրակացություն են ներկայացրել ԱՄՆ-ի Միսուրիի համալսարանի գիտնականները: Բույսերը նաեւ պաշտպանվում են, երբ նրանց վրա հարձակում են գործում: Գիտնականները, մասնավորապես, պարզել են, որ երբ, օրինակ, թրթուրներն սկսում են բույսեր խժռել, բույսերը այդ ժամանակ էլ ավելի «պաշտպանողական կեցվածք» են ընդունում՝ ավելի շատ յուղեր արձակելով, որոնք էլ վանում են թրթուրներին:

Միեւնույն ժամանակ՝ բույսերը չեն պաշտպանվում քամուց, որի ձայնը եւս լսում են: Այս կերպ գիտնականները եզրակացրել են, որ բույսերը տարանջատում են ձայները, որ լսում են իրենց միջավայրում: Բույսերը հստակորեն զանազանում են ուտելու ձայնը եւ համապատասխան էլ արձագանքում: Այս նկատառումով աղբյուրը դիմում է մարդկանց, ովքեր առանց «խղճի խայթի» վրա են տալիս բուսական աղցաններին:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

PR-հաղթանակը վերածվեց PR-աղետի

Մեծ Բրիտանիայում «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նաոմի Ուեսթլենդը «The Huffington Post» պարբերականի բրիտանական տարբերակում հրապարակել է հոդված, ըստ որի՝ «Երբ Բաքվում բացվեցին Եվրոպական խաղերը եւ Լեդի Գագան տերեւների տակ թաքնված դաշնամուրի վրայից երգեց «Imagine»-ը, անհնար էր վստահաբար ասել, թե ինչ կզգար Ջոն Լենոնը Եվրոպայի ամենաբռնակալ ռեժիմներից մեկի կողմից իր բողոքի երգի յուրացման առիթով: Հնարավոր է՝ «Բաքու 2015»-ի կազմակերպիչները կարծում էին, որ խաղաղության եւ միասնության մասին երգն օլիմպիական արժեքներին համապատասխան տուրք կլինի, որոնք, ինչպես պնդում են, առաջ են մղում բազմազանության, հարգանքի, փոխըմբռնման գաղափարները եւ սպորտը ծառայեցնում են հասարակության ներդաշնակ զարգացմանը: Հնարավոր է՝ իշխանությունները կարծում էին, որ դա մարդկանց կստիպի հավատալ իրենց երկրի կերպարին, որը նրանք ջանասիրաբար փորձում էին մաքրել աշխարհի առջեւ այդ կարեւոր իրադարձությունից առաջ»:  

«Այդ պատճառով,-շարունակում է հոդվածագիրը,- ինչպիսի ամոթ է, երբ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) դեմ չարտահայտվեց Ադրբեջանի կառավարության գործողություններին, որը, ըստ էության, խաղերի նախաշեմին բռնության եւ սպառնալիքի ճանապարհով ոչնչացրեց քաղաքացիական հասարակությունը:

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը բացման արարողության ժամանակ կանգնած էր Ադրբեջանի նախագահ Ալիեւի կողքին, իսկ անցած հանգստյան օրերին հանդիպեց մարզիկներին, բայց դատապարտող մի խոսք անգամ չշշնջաց այն համատեքստի առիթով, որի պայմաններում անցան այդ խաղերը: Այստեղ ոչ միայն լրագրողները, մարդու իրավունքների պաշտպանները, ընդդիմադիր գործիչներն ու երիտասարդ ակտիվիստներն են մշտապես ենթարկվում հետապնդումների, սպառնալիքի, ձերբակալությունների եւ շինծու մեղադրանքներով բանտարկության: Երկրի իշխանությունները նաեւ փակեցին դռները միջազգային դիտորդների առջեւ՝ միջազգային լրատվամիջոցներին եւ հասարակական կազմակերպություններին, այդ թվում՝ «Amnesty International»-ի եւ «The Guardian»-ի ներկայացուցիչներին արգելելով խաղերի նախաշեմին երկիր ժամանել: Լռություն պահպանելու առումով աչքի է ընկնում ոչ միայն ՄՕԿ-ը:

Եվրոպական օլիմպիական կոմիտեները շարունակում են պնդել, որ իրենց միջոցառման առիթով մարդու իրավունքների խախտումներն իրենց հետ ոչ մի առնչություն չունեն:

Ոչ մի բառ չարտաբերեց նաեւ Դեւիդ Քեմերոնը, բայց չէ՞ որ Ադրբեջանը շատ նավթ եւ գազ ունի, իսկ բրիտանական կառավարությունը, ըստ հաղորդագրությունների, Եվրոպական խաղերն օգտագործում է Ադրբեջանի նախագահ Ալիեւին քծնելու համար՝ լավագույն առեւտրային գործարքներն ապահովելու նպատակով:

Ադրբեջանը ցանկանում էր, որ Եվրոպական խաղերը PR-հաղթանակ դառնան՝ աշխարհին ցույց տալով երկրի ժամանակակից, դինամիկ կերպարը: Փոխարենը դրանք PR-աղետ դարձան ոչ միայն կառավարության, այլեւ կազմակերպիչների համար: Գործողությունները միշտ էլ ավելի շատ բան են ասում, քան խոսքերը, եւ լռություն պահպանելու որոշումը ՄՕԿ-ին այդ ամենի մեղսակիցը կդարձնի»:

Բաքուն ակնկալում էր, որ ստանձնելով Եվրոպական խաղերի ամբողջ ծախսերը, կկարողանա մեկտեղ հավաքել տասնյակ եվրոպական երկրների ղեկավարների, ինչը մեծ քաղաքական հաղթանակ կդիտարկվեր, սակայն Իլհամ Ալիեւը ստիպված էր բավարարվել միայն ռուսական ու թուրքական բարեկամական այցերով՝ ի դեմս նախագահներ Պուտինի եւ Էրդողանի…

Այնուամենայնիվ մի հայկական շնորհակալություն հակահայ Բաքվին…

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան այսօր հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ դիմելով Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը, ԼՂՀ սպորտկոմիտեին եւ բոլոր ԶԼՄ-ներին։

«Հայտնում ենք, որ Հայաստանի սամբոյի պատվիրակությունը, գտնվելով ս.թ. հունիսի 21-23-ը Բաքվում անցկացվող 1-ին Եվրոպական խաղերին, ի դեմս մեր սամբիստների Աշոտ Դանիելյանի, Տիգրան Կիրակոսյանի, Սոսե Բալասանյանի, մարզիչներ Վովիկ Խոջայանի, Էռնեստ Միրզոյանի, Վիկտորիա Լավրենովայի եւ ՀՍՖ նախագահ Լեւոն Հայրապետյանի` Բաքու մեկնելուց առաջ եւ հետո ոչ մի հարցազրույց չեն ունեցել որեւէ ԶԼՄ-ների հետ:

Karabakh-life.am կայքում զետեղված հարցազրույցը («Ադրբեջանցիներն ամեն ինչ արեցին, որպեսզի արցախցի սամբիստները հաղթանակ չունենան») պարզապես հանդիսանում է պրովոկացիա, քանի որ այնտեղ զետեղված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Պաշտոնապես հայտարարում ենք, որ մեր պատվիրակությունը ս.թ. հունիսի 21-23-ը Բաքվում գտնվելու ժամանակ արժանացել է բարձր մակարդակի հյուրընկալության, ջերմ վերաբերմունքի, բարյացակամության, պատշաճ ուշադրության, որեւէ հարցում ոչ մի տեսակի խնդիրներ չեն ծագել: Ադրբեջանի ուժային կառույցների աշխատակիցները ուղեկցում էին մեզ ամենուր`ապահովելով մեր անվտանգությունը:

Եվրոպական խաղերի մրցանակային 3-րդ տեղի համար ընթացող գոտեմարտի ժամանակ մեր մարզուհի Սոսե Բալասանյանը ստացել էր գանգ-ուղեղային վնասվածք, որից հետո անմիջապես մեր մարզիչների ու բուժ անձնակազմի ուղեկցությամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ցուցաբերվել է օպերատիվ բուժօգնություն: Այդ առիթով հատուկ հրավիրվել էր լավագույն պրոֆեսիոնալ բժիշկների կոնսիլիում: Հետազոտություններից հետո մարզուհին տեղափոխվել է օլիմպիական մարզաքաղաքի հիվանդանոց, որտեղ գտնվել է մեր եւ ադրբեջանցի բժիշկների հսկողության ներքո մինչ հայրենիք վերադառնալը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան իր երախտագիտությունն է հայտնում Բաքու-2015 1-ին Եվրոպական խաղերը սպասարկող բուժանձնակազմին՝ ժամանակին ցուցաբերած բուժօգնության կապակցությամբ (մեր մարզուհին բժշկական կենտրոնում մնացել է 2-3 ժամ, բժիշկները ռենտգեն են արել, այնուհետեւ նրան քննել են նաեւ «Մարզիկների ավան»-ի պոլիկլինիկայում, հետազոտման ժամանակ ոչ մի լուրջ խնդիր ի հայտ չի եկել), ինչպես նաեւ մեր անվտանգությունն ապահովող ուժային կառույցների աշխատակիցներին եւ տեղեկացնում, որ ներկայումս Սոսե Բալասանյանը իրեն լավ է զգում եւ շարունակում է բուժումը արդեն տնային պայմաններում:

Հայտնվում են միայն դափնիներ կախելու ժամանակ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բաքուն, ինչպես միշտ, չի կարողանում պահել արդար խաղի կանոնները։ Մրցավարները մեր բռնցքամարտիկներին ոչ մի կերպ միավոր չեն տալիս։

Ահա, Սամվել Բարսեղյանը, ունենալով բացարձակ առավելություն բոլոր երեք ռաունդներում, պարտություն է կրում, այն էլ՝ 3:0 հաշվով։

Բաքուն, անկախ նրանից, թե ով է մեր մրցակիցը, երկրպագում է մեր հակառակորդին այնպես, ինչպես իրենց մարզիկներին։ Սամվելից հետո ռինգ է դուրս եկել Նարեկ Աբգարյանը։ Նարեկն ունեցել է բացարձակ առավելություն, սակայն մրցավարները 2 ռաունդներում միավորները տվել են հունգարացուն։ Մեր մարզիկը 3-րդ ռաունդն այնպես է անցկացրել, որ մրցավարներին այլեւս անելու բան չի մնացել, եւ նրանք հաղթանակը շնորհել են Նարեկին։ Մեր մարզիկը ստիպել է լռել Բաքվի երկրպագուներին։

Այս ճնշող մթնոլորտում թերեւս զարմանալի է մեր պատվիրակության պահվածքը։ Նրանք մեր տղաների կողքին նույնիսկ մենամարտերի օրերին չեն լինում։

Նրանք հայտնվում են միայն տղաների պարանոցին դափնիներ կախելու ժամանակ»։

Ինչ կարժենա Շահենի վազքը…

«2015 Եվրո 2016»-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպման (մեր թիմը պարտվեց՝ 2:3) ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիային ՈւԵՖԱ-ն կտուգանի: Հիշեցնենք՝ հանդիպման ժամանակ դատապարտյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, «Ազատություն քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին եւ Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին» պաստառով ներխուժել էր խաղադաշտ, որտեղ մի քանի պտույտ էր տվել՝ իր հետեւից վազեցնելով իրավապահ համակարգի ներկայացուցիչներին: Այնուհետեւ՝ նշված գրությամբ պաստառը հայտնվել էր Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդու ձեռքում, ով ծանոթանալով պաստառի բովանդակությանը, այն հանձնել էր մեր թիմի ֆուտբոլիստին:

Միջադեպից հետո ոստիկանության ծառայողները Շահեն Հարությունյանին բերման էին ենթարկել բաժին եւ խաղից հետո ազատ արձակել: Ահա այս միջադեպի համար ՈւԵՖԱ-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, ամենայն հավանականությամբ, կտուգանի 80-130 հազար եվրո: ՀՖՖ մամուլի խոսնակ Տիգրան Իսրայելյանը տեղեկացրել է, որ «ՈՒԵՖԱ-ի համապատասխան կառույցներն առաջիկայում անպայման կանդրադառնան Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպման կանոնակարգային խախտումներին, քանի որ նման միջազգային կարգի հանդիպման ժամանակ տեղի ունեցող ցանկացած կանոնակարգային խախտում անպատիժ չի մնում»: Իսկ տուգանքի հստակ չափի եւ այն ՀՖՖ կամ այլ բյուջեից վճարելու մասով նշել է. «Տուգանքը՝ անկախ դրա չափից, վճարվելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցներից»:

Մարգարիտա Գասպարյանը հաջող մեկնարկեց Ուիմբլդոնում

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով սկսեց Ուիմբլդոնի մրցաշարը:

Որակավորման առաջին փուլում 20-ամյա մարզուհին 6:2, 6:0 հաշվով առավելության հասավ 35-ամյա իտալուհի Ալբերտա Բրիանտիի նկատմամբ, 2-րդ փուլում նա կհանդիպի Էլիցա Կոստովա (Բուլղարիա) – Պատրիսիա Մարիա Տիգ (Ռումինիա) զույգի հաղթողի հետ:

Գրագետ սերունդ՝ հզոր ապագա – մեծարեցին հանրապետական օլիմպիադայի հաղթողներին

Կառավարության նիստերի դահլիճում օրերս հյուրընկալվել էին Հայաստանի հանրակրթական դպրոցների մի խումբ աշակերտներ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2014-2015թթ. ուսումնական տարվա հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլի տարբեր առարկաներից հաղթողներին հրավիրել էր կառավարություն՝ շնորհավորելու եւ պարգեւատրելու նպատակով: Վարչապետը Հայաստանի 2014-2015թթ. ուստարվա լավագույն աշակերտներին է հանձնել 1-ին կարգի դիպլոմներ եւ խրախուսական նվերներ եւ նշել է, որ երկրի իշխանությունները հպարտանում եւ մեծ հույսեր են կապում նրանց հետ:

«Հպարտ ենք, որ ունենք նման գրագետ սերունդ, որը, համոզված եմ, նպաստելու է մեր երկրի եւ ժողովրդի բարեկեցիկ ապագայի կերտմանը: Մեր ապագան դուք եք, դուք եք կերտելու ավելի զարգացած եւ հզոր Հայաստան: Վստահ եմ, որ ձեր գիտելիքներն ապագայում ի սպաս կդնեք մայր հայրենիքի, Արցախի եւ սփյուռքի էլ ավելի միասնականությանը եւ հզորությանը»,- նշել է կառավարության ղեկավարը: Նա ընդգծել է, որ կրթության, գիտության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները շարունակելու են գտնվել գործադիրի ուշադրության կենտրոնում եւ կառավարությունը որեւէ ֆինանսական ռեսուրս չի խնայելու՝ այս բնագավառների հետագա զարգացումն ապահովելու համար: Միաժամանակ, կառավարության ղեկավարը կարեւորել է կրթության ոլորտում առավելագույն թափանցիկություն եւ արդարություն ապահովելուն ուղղված աշխատանքները եւ ընդգծել, որ այս տարի նույնպես ամեն ինչ արվել է՝ բուհերի ընդունելության քննություններն բարձր մակարդակով անցկացնելու համար: Ամփոփելով խոսքը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր աշակերտների ծնողներին, մանկավարժներին՝ նման երեխաներ դաստիարակելու, կրթելու համար եւ վստահություն հայտնել, որ միջազգային օլիմպիադաներում նույնպես նրանք հաջողությունների կհասնեն ու բարձր կպահեն մեր երկրի եւ հայ ժողովրդի պատիվը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, աշակերտների անունից շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար, մանրամասներ է ներկայացրել հանրապետական օլիմպիադայի արդյունքների վերաբերյալ: 16 առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել է շուրջ 1500 աշակերտ. նրանցից լավագույն 62-ը (Երեւանից եւ մարզերից) արժանացել են 1-ին կարգի պարգեւների: Նախարարը տեղեկացրել է, որ օլիմպիադաների հաղթողներից կձևավորվեն միջազգային առարկայական օլիմպիադաների ազգային թիմերը:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 23 (369), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։