Օրիխալք – Ատլանտիդա կղզու կենտրոնում եղել է օրիխալքից պատրաստված կոթող, որի վրա արձանագրված են եղել «աստվածային սուրբ օրենքները»… Սա հիշեցնում է «Սասնա ծռեր»-ում նկարագրված Պղնձե քաղաքը…

Պլատոնը, խոսելով Ատլանտիդայի հարուստ ընդերքի մասին, առանձնացնում է մի հանքատեսակ, որը կոչվել է օրիխալք, եւ որը այն ժամանակներում ունեցել է մեծ արժեք (ոսկուց հետո):

Օրիխալքի մասին գիրք է գրել Բ. Կուզնեցովը («Մետաղ՝ Ատլանտիդայից»): Գրքի հեղինակը հետազոտությունների արդյունքում հանգել է այն եզրակացության, որ օրիխալքը այժմ արույր (լատուն) կոչվող համաձուլվածքն է (75% պղինձ, 23.5% ցինկ եւ չնչին քանակով խառնուրդներ): Բնածին օրիխալք հանդիպում է հազվադեպ: Իսկ «մետաղ Ատլանտիդայի» նա անվանել է ցինկը:

Ատլանտոլոգ Ն. Ժիրովը՝ մասնագիտությամբ քիմիկոս, նույնպես համարում է, որ օրիխալքը արույրն է, որը ստանում էին հազվադեպ հանդիպող աուրիլխալցիտից: Նրա կարծիքով՝ օրիխալք անվանումն առաջացել է հունարեն «օրոս»-լեռ եւ «խալկոս»-պղինձ բառերից, ինչը նշանակում է «լեռնային պղինձ»:

Իսկ Հնդիկ հնագետ Դիքշիտը («Ներդրում՝ հնեաբանությունում») գրում է, որ սանսկրիտյան «ayas» բառը համապատասխանում է լատիներեն «aes»-ին եւ անգլերեն «ore»-ին, ինչը նշանակում է պղինձ:

Կարո Դաֆադարյանի «Ալքիմիան պատմական Հայաստանում» գրքում ասվում է. «Պղինձ-մետաղ»: Լատիներեն՝ aes ռուսերեն՝ «մեդ-մետալլ»: Ունի բազմաթիվ ծածկանուններ՝ զոհրե, լուսաբեր, հողմ, գեճ, եղբայր կարմիր եւ դեղին, կրուճ, միջնորդ, պաղած արիւն, ուրբաթ, նուհաս: Մտնում է ոսկու դռները:  

Այժմ տեսնենք՝ ինչ է նշանակում օրիխալք հայերենում: Օրիխալք=օրի/օրե+խալք /հալք, որտեղ առաջին արմատը նշանակում է պղինձ, իսկ երկրորդը՝ խալք/հալք: Հալք, հալվածք նշանակում է հալելուց, հալվելուց ստացված նյութը: Տվյալ դեպքում այդ նյութը օրիխալքն է: Օրիխալք բառացի նշանակում է պղինձի հալք: Ցինկը, որը օրիխալքի բաղադրիչ մասն է, հայտնի է եղել շատ հին ժամանակներից, բայց նրա տերմինի ծագման տեղն ու ժանանակն անհայտ է:

Հայկական աղբյուրներում (Հ.Ս.Հ. 12) ցինկի մասին կա մի շատ հետաքրքիր տեղեկություն. «Ուշագրավ է, որ ցինկի օքսիդը տաքացնելիս դեղնում է՝ նմանվելով ոսկեծաղկին, որ հնում անվանվել է ցինգ (Աստվածաշունչ) կամ ցինկ (Մխիթար Գոշ)»: Հայտնի է նաեւ ցինկիտ կոչվող միներալը (ZnO), որը ունի նարնջագույն-դեղինից մինչեւ մուգ կարմիր գույն, ինչից կարելի է եզրակացնել, որ ոսկեծաղիկը ցինկի օքսիդի ծածկանունն է եղել: Ոսկեգույն մետաղ ստանալու եղանակները հայկական ալքիմիական ձեռագրերում համարվել են «ծածուկ արուեստ», ընտանեկան մենաշնորհ եւ փոխանցվել են սերնդե սերունդ միայն ամենահարազատ ազգականների միջոցով:

Արույրից պատրաստած իրեր են հայտնաբերվել եգիպտական մի դամբարանում, որոնք վերաբերվում են մ.թ.ա III-րդ կամ IV-րդ հազարամյակին, այսինքն՝ այն ժամանակներին, երբ Եգիպտոսում դեռ հայտնի չէր բրոնզը:

Արիստոտելը հիշատակում է Դարեհ թագավորի հանրահայտ հնդկական թասի մասին, որն արտաքինից շատ դժվար է եղել տարբերել ոսկյա թասից: Նա նաեւ նշում է, որ ոսկե թասից ըմպելիս ոչ մի կողմնակի համ չի զգացվում, իսկ օրիխալքից պատրաստած թասից մետաղական համ է գալիս:

Դժվար է կռահել՝ Արիստոտելի հիշատակած Դարեհ թագավորի հնդկական թասը, որ Հնդկաստանում է պատրաստված եղել, խոսքը հայկակա՞ն Հնդկաստանի (այս մասին «Լուսանցք»-ը հրապարակում արել է), թե՞ թերակղզի Հնդկաստանի մասին է:

Միայն կարող ենք փաստել, որ մետաղագործությունը սկիզբ է առել Հայաստանում, որտեղից հետագայում տարածվել աշխարհով մեկ՝ տարբեր ուղղություններով: Նշենք նաեւ, որ օգտակար հանածոների բազմազանությամբ Հայկական լեռնաշխարհը չունի նմանօրինակը աշխարհում:

Պլատոնը գրում է, որ Ատլանտիդա կղզու կենտրոնում՝ Պոսեյդոնի մեհյանում, կանգնեցված է եղել օրիխալքից պատրաստված կոթող, որի վրա արձանագրված են եղել «աստվածային սուրբ օրենքները»: Արտաքին ամենավերջին օղակի շուրջ գտնվող պատը ամբողջ շրջանագծով երեսպատված է եղել պղնձով, իսկ բերդը շրջապատող պատը՝ օրիխալքով, որը արձակել է հրեղեն փայլ:

Այս տողերը մեզ հիշեցնում են «Սասնա ծռեր»-ում նկարագրված Պղնձե քաղաքը, որտեղ ապրում էր թագավորի աղջիկ՝ Քառսուն Դեղձուն ճուղ-ծամը, որը Արուսյակ-Վեներայի գաղտնանունն է, իսկ քառասուն թիվը՝ նրա 40-ամյա շրջանն է (ցիկլը): Վեներա մոլորակին համապատասխանող մետաղն է պղինձը, իսկ շաբաթվա օրը՝ ուրբաթը:

Գոհար Պալյան

«Լուսանցք» թիվ 23 (369), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։