Բաքվի բանանը բումերանգ դարձավ – Ադրբեջանին խոստացած զեկույցը տապալվեց՝ Հայաստանը «օկուպանտ» եւ «ագրեսոր» չէ… ԼՂՀ ԱԺ խմբակցությունների համատեղ հայտարարությունը… ՄԻԵԴ-ը («Չիրագովի» ու «Սարգսյանի» գործերում) հեռու մնաց Արցախի կարգավիճակի հարցից…

Այս անգամ Բաքուն ինքը դարձավ իր բանանային քաղաքականության բանանը… ԵԽԽՎ-ն փոխել է ԼՂ հարցում Հայաստանի համար անընդունելի ձեւակերպումը: Իսկ Ադրբեջանը հակառակ ձեւակերպումների համար շատ մեծ ծախսերի գնաց՝ ինչպես ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու, այնպես էլ եվրոպական 1-ին խաղերի ամբողջ բյուջեն ստանձնելու առումով:

Համենայնդեպս զարմանալի էր, որ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը Լեռնային Ղարաբաղի մասին զեկույցում հայկական կողմի համար անընդունելի ձեւակերպումը փոխեց: Ըստ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանի, վեհաժողովը քվեարկությամբ «Վեհաժողովը քաջատեղյակ է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ մյուս տարածքների օկուպացիայի մասին» բառերը փոխարինել է «Վեհաժողովը քաջատեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին» բառերով:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 11-ին ընդունելով ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերին եւ Ալան Միլին ասել էր, որ ղարաբաղյան հիմնահարցի մասին զեկույց պատրաստելու ԵԽԽՎ որոշումը կարող է վնաս հասցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների գործունեությանը, ընդհանրապես բանակցային գործընթացին: Հիշեցնենք, որ ադրբեջանական լոբբիստների միջոցով մի անգամ այդ հարցը անցել էր նախկին ձեւակերպմամբ, ինչը «ստիպել» էր ԵԽԽՎ-ի Արցախի հարցով հանձնաժողովը վերակազմավորել: Իհարկե, այդ հանձնաժողովը միայն Ադրբեջան այցելեց հաճույքով, Երեւանում սառը ընդունելության արժանացավ, իսկ Արցախում առհասարակ հրաժարվեցին ընդունել հանձնաժողովին: ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի թեմայով զեկուցող Ռոբերտ Ուոլտերը, ով գլխավոր ադրբեջանական լոբբիստն է, դեմ էր քվեարկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ներկայացված փոփոխություններին, բայց ադրբեջանամետները պարտվեցին:

Չի բացառվում, որ Եվրոպական 1-ին խաղերի ավարտին այլեւս կարիք չկար հաճոյանալու Բաքվին, քանի որ ամեն բան արվեց Ադրբեջանի հաշվին, եւ այժմ կարելի էր Բաքվին տեղը դնել: Հատկապես, որ մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտում ԵԽԽՎ-ն հիմնականում քննադատում է Ադրբեջանի իշխանություններին եւ կարծես եկել է նաեւ պատժելու ժամանակը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ աշխատանքային այցով մեկնել է Բելգիա, որտեղ կմասնակցի Բրյուսելում տեղի ունեցող Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին: Նախագահը անդրադարձել է հայ-եվրոպական համագործակցությանը, որը վերջին ժամանակներս ավելի հայամետ ուղի է բռնել:  

Հայկական պատվիրակությունը իսկապես մեծ դժգոհություն հայտնեց Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքների ժամանակ եւ ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկման դրվեց «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցի նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ելույթը փոխանցվեց քարտուղարությանը՝ շեշտադրելով հայկական պատվիրակության դժգոհությունը զեկույցի առնչությամբ: «Ադրբեջանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության» վերաբերյալ զեկույցը ափսոսանք եւ դառնություն է առաջացնում: Համազեկուցողները բացարձակ անտեսել են Վեհաժողովի արժեքներն ու սկզբունքները: Խորը մտահոգության եւ հիասթափության առիթ է այն, որ զեկույցը զուրկ է Ադրբեջանում քաղաքական իրավիճակի ադեկվատ արտացոլումից՝ մարդու իրավունքների ու ժողովրդավարության առումով: Փաստաթղթի հիմնական էությունը պետք է լիներ երկրում ժողովրդավարական կառույցների վիճակը, փոխարենը՝ զեկույցի հենց առաջին պարբերության մեջ հեղինակները անդրադառնում են էներգետիկ ռեսուրսներին, որոնք «առանցքային դեր» են խաղում երկրում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին: Նրանք փորձում են «աշխարհաքաղաքական պատճառներով» արդարացնել դատապարտելի իրավիճակը հիմնարար ազատությունների ոլորտում, ինչը որեւէ առնչություն չունի ժողովրդավարական հաստատությունների գործունեության հետ առկա ներքին քաղաքական խնդիրների ողջ պատասխանատվությունը գցելով Հայաստանի ու հայերի վրա: Սա պարզ արտացոլումն է Ադրբեջանի պետական քարոզչության»:

Մեր պատվիրակները զարմացել են, թե ինչպես կարող են այդքան տարբերվել այս հանձնաժողովի գնահատականները մարդու իրավունքների Հանձնակատար Մուիժնիեկսի եւ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի գնահատականներից, ովքեր խստորեն դատապարտել են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը, ներառյալ՝ հարյուրավոր քաղբանտարկյալների առկայությունը, «բավական տխրեցնող է, որ ադրբեջանական քարոզչության սիրված դրույթները հնչեցնելով՝ մեր գործընկերները իրենց ցուցադրել են որպես ադրբեջանական ավտորիտար ռեժիմի անձնական ներկայացուցիչներ»:

Ավելին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անդրադառնալիս, զեկուցողները ամբողջությամբ անտեսել են միջազգային հանրության՝ մասնավորապես խնդրին առնչվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը: Զեկույցում տեղ գտած ձեւակերպումը բավականին միակողմանի է: Հետեւաբար, փաստաթղթում հնարավոր չէր չնկատել հակահայկական կեցվածքն ու կողմնակալությունը եւ զեկուցողների հուսահատ փորձերը՝ շեղելու Ադրբեջանի իշխանությունների պատասխանատվությունը երկրում առկա խնդիրներից, այդ թվում՝ մարդու իրավունքների սարսափելի վիճակից: Ադրբեջանի իշխանությունները ամեն ժողովրդավարականի ժխտման քաղաքականության գագաթնակետին են.- հայտարարել են հայ պատվիրակները եւ հավելել, որ վերջերս Բաքվում անգամ ԵԱՀԿ-ին են 1 ամիս ժամանակ տվել՝ դադարեցնելու գործունեությունը Ադրբեջանում: Եվ սա նախքան խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու այս տարվա աշնանը: Պատկերը շատ պարզ է՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը չի ողջունվում Ադրբեջանում:

ՀՀ պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ ԼՂ հարցը գրչի մեկ հարվածով լուծելու փորձերը կարող են ի չիք դարձնել ողջ բանակցային գործընթացը: Հատկապես որ, պաշտոնական Բաքուն անպատասխանատու է պահում իրեն, մերժում է ինչպես «Human Rights Watch»-ի, այնպես էլ «The Gardian»-ի եւ «The Amnesty Internatioanl-ի հետազոտողների մուտքը, իսկ ադրբեջանցի պաշտոնյաները ամպագոռգոռ մեղադրանքներ են ներկայացնում ամբողջ աշխարհին՝ անարդարության եւ երկակի չափորոշիչների կիրառման համար: Եվ այս ամենից հետո կազմված զեկույցը միակողմանի է ու հասկանալի են դրա պատճառները: Այնուհետեւ մեր պատվիրակը հատուկ ուշադրություն է հրավիրել այն խնդրին, որ «Լեռնային Ղարաբաղի եւ 7 այլ շրջանների գրավումը Հայաստանի կողմից» եզրույթը երբեւիցե չի օգտագործվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նախկինում որեւէ միջազգային կազմակերպության կամ այլ կառույցի կողմից, եզրույթը Ադրբեջանի նենգափոխված ներկայացման եւ լոբբինգի հետեւանք է, փորձել են տեղ տալ զեկույցում:

Նշենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով լուծելու մասին կատարած վերահաստատումը ցույց է տալիս, որ կարիք չկա բացատրելու, թե ինչպիսի վտանգներ ու հետեւանքներ է պարունակում նման բառապաշարի օգտագործումը, նման տեսակի զեկույցների ընդունումը եւ հակամարտության լուծման ընթացքին խորհրդարանական վեհաժողովի ներգրավումը: Հայկական կողմը բազմիցս պնդել է այն հիմնարար դրույթները, որ բոլոր կողմերի համաձայնությամբ այս հարցը քննարկելու միակ իրավասություն ունեցող մարմինը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, երբեք չի օգտագործել նման բառապաշար, որովհետեւ ԼՂ-ի կարգավիճակի հարցը ամբողջ բանակցային գործընթացի հիմքն է, հիմնասյունը եւ այն երկարատեւ բանակցությունների առարկա է եղել: Նաեւ քաղաքական մարմնում ԼՂ-ի հարցը գրչի մեկ հարվածով լուծելու փորձերը ոչ միայն հղի են անկանխատեսելի հետեւանքներով, այլ կարող են ի չիք դարձնել բանակցային գործընթացն առհասարակ:

Չնայած որոշ եվրապատվիրակներ թերագնահատում են Մինսկի խմբի ջանքերը, բայց ակնհայտ է, որ երկարատեւ բանակցությունները փխրուն խաղաղությունը պահպանելու հնարավորություն են ընձեռնում, որը վտանգվում է այսպիսի բառապաշարով ու զեկույցներով, որի կազմողները նույնիսկ չեն գիտակցում, որ պատասխանատվություն են ստանձնում այն հետեւանքների համար, որոնք ի վիճակի չեն հաղթահարել: Հայ պատվիրակները նշել են, որ ոչ բոլորն են հնարավորություն ունեցել ծանոթանալ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի գործին», բայց պիտի իմանան, որ դատարանի եզրակացությունում չի օգտագործվում ոչ «օկուպացիա», ոչ էլ «անեքսիա» բառը:

Կարելի է ասել, որ Հայաստանը կարողացավ կենտրոնացնել մեր բոլոր ուժերը՝ այս հարցը կարգավորելու համար։ Հսկայական աշխատանք կատարեցին նաեւ ԱԳՆ կառույցները, սփյուռքի ներկայացուցիչները, ովքեր մեր պատվիրակության հետ հավասար աշխատանք են կատարել, չերեւացող աշխատանք, որը հաջողության հիմքն էր։ Մեր պատվիրակությունը նույնպես համերաշխ է աշխատել, անկախ  այն հանգամանքից՝ իշխանական, թե ընդդիմադիր թեւի ներկայացուցիչը լինելով:

Եվրոպայի խորհրդում ադրբեջանա-թուրքական լոբբին շատ մեծ է եւ շատ մեծ ճնշումներ է գործադրում, հսկայական ռեսուրսներ են բանեցվում՝ երեւացող ու չերեւացող։ Այնպես որ, այս հաղթանակը պահպանելու եւ այլ հաղթանակների համար հայ պատվիրակները շատ աշխատելու տեղ ունեն տարբեր երկրների ներկայացուցիչների հետ:

Իսկ վերոնշյալ զեկույցի ներկայացումից ու ելույթներից հետո ԵԽԽՎ-ն անցավ զեկույցի վերաբերյալ ներկայացված 32 փոփոխությունների քննարկմանն ու քվեարկությանը։ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամների կողմից ներկայացվել էին մի շարք փոփոխություններ՝ խնդրահարույց ձեւակերպման վերաբերյալ։ Ներկայացված «Թիվ 2 փոփոխության» ընդունման արդյունքում՝ 85 կողմ, 75 դեմ ձայներով, զեկուցողների կողմից գրված «Վեհաժողովը լիովին տեղյակ է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի մյուս 7 տարածքների բռնազավթման մասին, որը Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերխնդիրն է» նախադասությունը փոփոխվեց դառնալով՝ «Վեհաժողովը լիովին տեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որը Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերխնդիրն է»։

Ադրբեջանամետ զեկույցը պատրաստել էին Ադրբեջանի հարցով զեկուցողներ, Մոնիթորինգի հանձնաժողովի անդամներ, ԵԽԽՎ-ում հայտնի խավիարասերներ, իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտն ու Լեհաստանի պատգամավոր Թադեուշ Իվինսկին, որոնց անուններն ընդգրկված է «Եվրոպական կայունության նախաձեռնության» հրապարակած «Խավիարային դիվանագիտություն, ինչպես է Ադրբեջանը լռեցնում Եվրոպայի խորհրդին» զեկույցում։ Զեկույցում, համազեկուցողները, փոխարենը նշելու Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների եւ ազատությունների աղետալի վիճակը, ներառել են «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնության աճ» վերնագրված զեկույցը՝ նշելով, որ այս խնդրին մանրամասն չեն անդրադառնա, քանի որ այս հարցով զբաղվում է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերը. եւս մեկ ադրբեջանական խավիարակեր, ով վերջերս ստացավ Թուրքիայի քաղաքացիություն։

ԼՂՀ ԱԺ  խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից նախնական հավանության արժանացած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցում եւ դրան կից բանաձեւի նախագծում ադրբեջանա-արցախյան հակամարտության վերաբերյալ տեղ գտած անընդունելի ձեւակերպումների հետ:  Արցախի Ազգային ժողովի՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն», «Շարժում-88» եւ «Վերածնունդ» խմբակցությունները քննադատել են միակողմանի եւ ոչ արդարացի զեկույցը եւ մտահոգություն հայտնել, որ «այդօրինակ ձեւակերպումների ամրագրումն ակնհայտորեն խրախուսում է ԼՂ խնդրի կարգավորման գործում միակ միջազգայնորեն ճանաչված մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդական գործունեության խափանմանն ուղղված Ադրբեջանի ջանքերը: Ավելին, նման փաստաթղթում հակամարտության էությունը նենգափոխելու եւ միակողմանի ներկայացնելու ձգտումը ընկալվում է որպես ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բնագավառներում Ադրբեջանում գրանցված բազմաթիվ կոպիտ խախտումները հակամարտության առկայությամբ արդարացնելու փորձ»: Հայտարարությունում նաեւ կոչ կա, որ Խորհրդարանական վեհաժողովը հավատարիմ մնա ԵԽ նպատակներին ու առաքելությանը եւ չթույլատրի խեղաթյուրված ու միակողմանի ձեւակերպումներով պատրաստված ԵԽԽՎ փաստաթղթերի ընդունումը,: Եվ առաջարկվել է ԵԽ-ին ու կազմակերպության տարբեր ատյաններին ուղղակի համագործակցություն ծավալել ԼՂՀն հետ:

Արտակ Հայոցյան

ՄԻԵԴ-ը հեռու մնաց Արցախի կարգավիճակի հարցից

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց «Չիրագովը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռները։ Վճիռների հրապարակումից հետո ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը մեկնաբանեց դատարանի կայացրած վճիռները։ ՄԻԵԴ-ն այս 2 գործերը 2006թ. սկսած զուգահեռաբար քննության է ենթարկել եւ վճիռներն էլ հրապարակվեցին նույն օրը, ինչը վկայում է, որ 2 գործերի նկատմամբ դատարանը փորձել է հնարավորինս նույնական մոտեցում ցուցաբերել՝ հավասարություն պահելու նպատակով։

««Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով մի քանի շատ կարեւոր դրույթներ կան։ Առաջինն այն է, որ ՄԻԵԴ-ը, քննարկելով ՀՀ-ի իրավազորության խնդիրը ԼՂ-ի տարածքում, եկել է կարեւոր եզրահանգման՝ արձանագրել է, որ ՀՀ-ն ունի ազդեցություն ԼՂՀ-ում եւ այդ ազդեցությունը դրսեւորվում է տնտեսական, սոցիալական, քաղաքական ու տարաբնույթ օժանդակություններ տրամադրելու եղանակով, սակայն միաժամանակ Եվրոպական դատարանը նշել է, որ ՀՀ-ն չի իրականացնում իշխանություն ԼՂ-ի նկատմամբ, ինչպես պնդում էին դիմումատուները՝ այս դեպքում ադրբեջանցիները։ Այսինքն, դատարանը արձանագրում է, որ ԼՂ-ն ունի ինքնուրույն իշխանություն, որն իրականացնում են այն իր տարածքում, եւ ՀՀ-ի իշխանությունը չունի իշխանություն այդ տարածքում։ ՀՀ-ն ունի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով իրավազորություն ԼՂՀ տարածքում վերոնշյալ օժանդակության ամբողջության ուժով։ Սա կարեւոր դրույթ է։ «Եվրոպական դատարանը հարցերին մոտեցել է միայն մարդու իրավունքների տեսակետից՝ սահմանելով, որ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով խախտվել են մարդկանց իրավունքները, սակայն, նկատի ունենալով խնդրի բարդությունը, որ գործ ունենք, ըստ էության, առանձին՝ թեկուզ միջազգային իրավունքի տեսակետից դեռեւս չճանաչված մի պետության հետ, հետեւաբար 1 տարի ժամանակ է տվել կողմերին, որպեսզի քննարկման առարկա դառնա փախստականներին փոխհատուցման հարցի կարգավորումը»,- ասել է ՀՀ կառավարության ներկայացուցիչը։ Զուգահեռ անցկացնելով «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով՝ ՄԻԵԴ-ը կրկին գտել է, որ Ադրբեջանը պատասխանատու է այդ անձանց՝ այս դեպքում հայ փախստականի, իրավունքների խախտման համար եւ ճանաչել է խախտման փաստը ու միեւնույն սկզբունքով ժամանակ տալով կողմերին՝ 1 տարվա ընթացքում քննարկել փոխհատուցման չափերը։ «Այս 2 գործերն էլ վերաբերում են անձանց իրավունքների խախտմանն ու նրանց փոխհատուցմանը։ Սակայն շատ կարեւոր է, որ առաջին անգամ իրավական հարթության մեջ քննարկվեց տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները, որը հիմք է տալիս մյուս տեղահանված անձանց ունենալ այնպիսի գործիքներ, որոնք կարող են օգտագործել՝ իրենց իրավունքները ՄԻԵԴ-ում պաշտպանելու համար»,- հայտնել է Գեւորգ Կոստանյանը։

«Լուսանցք» թիվ 23 (369), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։