Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ կառավարության նիստը ելույթով սկսեց: Ես չգիտեմ, թե ով էր գրել այդ ելույթի տեքստը, բայց հաստատ գրողը վարչապետին շատ մեծ վատություն է ցանկացել անել: Ու նա հաջողեց դրանում:
Եթե ուշադիր կարդանք գործադիր իշխանության ղեկավարի ելույթը, կտեսնենք, որ այն հենց սկզբից՝ երկրորդ պարբերությունից, լի է իրար հակասող խոսքով:
«Հասարակությունում տարածված է այն մտայնությունը, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է բաշխիչ ցանցերում առկա չարաշահումներով, ժողովրդական լեզվով ասած՝ թալանով: Չեմ բացառում, որ չարաշահումներ եղել են: Բայց ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ անկախ նրանից, թե ինչպիսի եւ ինչ չափերի չարաշահումներ կարող էին լինել ընկերությունում, դրանցից ոչ մի լումա չի հաշվարկվել սակագնի մեջ»,- ասում է վարչապետը:
Նախ՝ այս տեքստը գրողը վարչապետին գցել է, մեղմ ասած, անհարմար վիճակի մեջ: Որովհետեւ եթե վարչապետը չի բացառում, որ չարաշահումներ են եղել, ուրեմն չի կարող ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ այդ չարաշահումները չեն ներառվել սակագնում: Քանի որ, եթե չարաշահումների չափը, ծավալը եւ կառուցվածքը չգիտենք, չենք կարող իմանալ՝ ներառվել են դրանք սակագնում, թե ոչ:
Հետո՝ վարչապետը նշում է էլէներգիայի թանկացման երեք պատճառ: 1. Վերջին տարիների սակավաջրությունն էր: Մեր հիդրոկայանների արտադրած հոսանքն անհամեմատ ավելի էժան է, քան ջերմակայանների արտադրանքը: Օրինակ, ՀԷԿ-երի էլեկտրաէներգիան տատանվում էր 2 դրամից 24 դրամ մեկ կՎտ ժամի համար: Իսկ Հրազդանի 5-րդ բլոկի էլեկտրաէներգիայի գինը 40 դրամ էր: Պարզ է, որ երբ հիդրոկայանների կողմից չարտադրած հոսանքն ստիպված փոխարինվել է ջերմակայանների արտադրած հոսանքով, անխուսափելիորեն առաջացել են լրացուցիչ ծախսե 2. Ատոմակայանի տուրբինի չպլանավորված կանգառն էր 2013թ. դեկտեմբերին, որը տեւել է 88 օր: Դարձյալ այն փոխարինվել է ջերմակայանի արտադրած մոտ 6,5 անգամ ավելի թանկ էլեկտրաէներգիայով: Դա եւս բերել է լրացուցիչ ծախսերի: 3. Վերջին 3 տարում ազգային արժույթի շուրջ 20%-ով արժեզրկումն է: Բնականաբար, դա եւս ազդել է արտադրված էլեկտրաէներգիայի ինքնարժեքի վրա:
Հիմա՝ կրկին գանք չարաշահումներին: Կրկնեմ, մենք չգիտենք դրանց կառուցվածքն ու բնույթը: Հետեւաբար, կարող ենք ասել, որ եթե չլինեին այդ չարաշահումները, գուցե սակագնի վրա այդքան չազդեր սակավաջրությունը, ԱԷԿ-ի կանգառը, ազգային արժույթի արժեզրկումը: Ձեր տեքստը գրողը կասեր՝ կազդի: Կպատասխանեմ՝ ինչու՞ եք վստահ, ուրեմն գիտե՞ք, թե ինչ չարաշահումներ են թույլ տվել… Հա, սակավաջրության մասով էլ մի բան հայտնեմ. Վրաստանում սակավաջուր տարի եղավ, բայց էլէներգիան չթանկացավ: Իսկ Վրաստանն մեզնից է էլէներգիա գնում: Ու բացի այդ՝ սակավաջրության մասին խոսելիս՝ խնդրում եմ տվյալներ վերցնել մասնագետներից, ոչ թե պաշտոնյաներից:
Ու մի բան էլ հուշեմ, պարոն վարչապետ: Ձեր տեքստն այնպես են գրել, որ Դուք, ուզեք թե ոչ, այսպես կոչված շանտաժ եք անում հանրությանը: «Եթե նշված վնասները չփոխհատուցվեն, ապա ընկերությունը կշարունակի չվճարել արտադրող կայաններին: Արդյունքում՝ կունենանք շղթայական ռեակցիա, որը տնտեսության վրա կունենա անդառնալի հետեւանքներ: Այսօր անցյալում թվացող հովհարային անջատումները շատ արագ կդառնան առօրյա»…
Տեղը սուղ է, շարունակել չեմ կարող, բայց շատ եմ ուզում ասել, որ երբ Դուք բանավոր եք շփվում մարդկանց հետ, շատ ավելի լավ է ստացվում եւ անկեղծության երանգ էլ է նշմարվում: Իսկ գրավոր խոսքը հղի է վտանգներով: Մանավանդ եթե այդ խոսքը գրողը ցանկանում է վատություն անել Ձեզ:
Գնացեք Բաղրամյան պողոտա, հանդիպեք մարդկանց: Կենդանի շփումը շատ բան կշտկի: Մարդիկ ՁԵզ կհուշեն տարբերակներ, որոնք ձեռնտու կլինեն եւ՛ երկրին, եւ՛ հանրությանը: Եվ Ձեր երեկվա տեքստը գրողին էլ Ձեզ հետ մի տարեք…
«Լուսանցք» շաբաթաթերթ
«Լուսանցք» թիվ 23 (369), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



