Երբ ուրիշի կլոզը մենք ենք պարտակում – Միջազգային արձագանքները՝ Հայաստանում էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարին… Պահանջ, որ բոլորիս սրտով է…

Երբ իմ տանն ինչ-որ իրադարձություն է լինում, ես անպայման հետեւում եմ հեռու ու մոտիկ հարեւանների կարծիքներին ու ոչ այն պատճառով, որ դրանք ինձ հետաքրքիր են, այլ՝ որ դրանցով կարող եմ հասկանալ, թե ով ինձնից ինչ է ակնկալում (դրանքն ու դրանցովը կարծիքներին է վերաբերում): Այլ կերպ՝ իմ երկրում կատարվող որեւէ դեպքի միջազգային արձագանքներն ուսումնասիրելով՝ կարող եմ հասկանալ, թե որ երկիրն ինչ է ուզում որ իմ երկրում լինի:

Հիմա՝ էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան Երեւանում եւ Գյումրիում ոստիկանները, մեղմ ասած, կոպտորեն ցրեցին: Ի՞նչ է հուշում միջազգային, իմա՝ երկու բեւեռների անդրադարձը (տարբեր երկրներ «կցված» են բեւեռներից որեւէ մեկին):

Մինչ այդ ասեմ, ես հավատում եմ, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնության պայքարի պատճառը էլէներգիայի սակագնի բարձրացումն է, եւ հատկապես երիտասարդներն ունեն հստակ պահանջ եւ ազնիվ մղումներ, այն է՝ պարտավոր չենք վճարել ռուսական ընկերության սխալների եւ ճոխությունների դիմաց: Գիտեմ նաեւ, որ այդ պայքարի մեջ կան մարդիկ, ովքեր ցույցեր անելու համար տարիներ շարունակ գումար են ստանում: Բայց դրանք (դրանք եմ ասում, որովհետեւ հենց դրանք են վարկաբեկում ամեն առողջ ընդվզում) գոնե այս պահին շատ չեն, եւ էլէներգիայի թանկացման դեմ պայքարողները, ընդգծում եմ՝ հատկապես երիտասարդները իրենց մղումներում անկեղծ են եւ իրենց պահանջներին տեր են: Պահանջ, որ բոլորիս սրտով է. եթե որեւէ ընկերություն վատ է աշխատել, պետք է պատասխանատվության ենթարկել՝ բոլոր հետեւանքներով հանդերձ:  

Գամ միջազգային արձագանքներին: Միանգամից նայեցի ռուսական լրատվամիջոցները: Ռուսական անդրադարձի շեշտը սա է՝ Երեւանում կիեւյան հետք է նկատվում, որի հետեւում թաքնված են ամերիկյան ուժերի ականջները: Չեմ հիշում ռուսական որ լրատվամիջոցն անգամ պատմել էր, թե Չեխիայում մի փոքրիկ բազա կա, որտեղ արհեստավարժ ցուցարարներ են պատրաստում, եւ այնտեղ մեկը պատմել է, որ պատրաստ են Երեւանում էլ մայդան անել: Ու հենց այս նպատակով էլ ԱՄՆ պետքարտուղարությունից մարդ է եկել Երեւան:

Associated Press գործակալությունը ավելի պրոֆեսիոնալ էր գտնվել եւ ասելիքը զուսպ էր ձեւակերպել. «Ցույցի եւ այն ցրելու մասշտաբներն արտացոլում են Հայաստանում վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած ամենալուրջ անկարգությունները՝ մտահոգություններ առաջացնելով ռուսական ռազմաբազան տեղակայած եւ Մոսկվայի կողմից գլխավորած տնտեսական դաշինքի անդամ հանդիսացող երկրում քաղաքական կայունության մասին»: Associated Press-ը նշել է նաեւ, թե ռուսական ընկերություններն են ղեկավարում ՀՀ-ի ամենաարժեքավոր տնտեսական ակտիվները, ներառյալ՝ երկրի էներգետիկ համակարգը, եւ էլէներգիայի սակագնի բարձրացումն էլ ցույցի պատճառ է դարձել:

Reuters-ը փոխանցում է, որ Հայաստանի վրա բացասական ազդեցություն է թողել Ռուսաստանում տնտեսական անկումը, որը վնասել է արտահանմանը եւ հայ աշխատողների ուղարկած դրամային փոխանցումներին: Գործակալությունը շետում է նաեւ, որ ցույցը կազմակերպել են երիտասարդ ակտիվիստները, որոնք կապ չունեն որեւէ քաղաքական կուսակցության հետ:

Agence France Presse-ը կրկին խոսում է ՌԴ-ի տնտեսական ճգնաժամի եւ Հայաստանի վրա դրա թողած ազդեցության մասին:

BBC-ն հիշեցնում է, որ «Հայաստանի էլեկտրացանցերը» պատկանում է ռուսական ընկերությանը, որն ասում է, որ գների բարձրացումն անհրաժեշտություն է, ինչը առաջացրել է հանրության դժգոհությունը:

France-Press-ը գրում է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծել են լրագրողներին՝ ջարդելով եւ բռնագրավելով նրանց աշխատանքային գործիքները:

Այսպիսով, տարբեր տրամաչափի հաեւանների արձագանքը (լրատվամիջոցներն արտացոլում են իրենց երկրների տեսակետները) ցույց է տալիս, որ նրանք իրականում թքած ունեն իմ երկրի մարդու վրա: Ամեն մեկն իր շահն է փնտրում: Ու եթե կարողանան, առիթը բաց չեն թողնի եւ իմ երկրի մարդուն բաժան-բաժան կանեն՝ մասերն իրար վրա շպրտելու համար: Որպեսզի հետո երկու կողմերն էլ ապացուցեն, որ մայդանը կամ վարդը կամ կակաչը մյուսի սարքածն է:

Ուրեմն՝ պետք է ամեն ինչ անել խնդրին ոչ ստանդարտ լուծում տալու համար: Բայց ոչ ստանդարտ լուծումը հաստատ հեղափոխությունը չէ: Որովհետեւ ապացուցված է, հեղափոխությունից շահողը երբեք մարդը չի լինում: Իսկ թե որն է այդ լուծումը, չեմ կարող ասել, ես ցույցերի, հրապարակային բողոքների կազմակերպման փորձ չունեմ ու դրանցից գլուխ չեմ հանում: Վստահ եմ, որ փորձ ունեցողները կարող են լուծման ձեւ գտնել (շեշտում եմ՝ կազմակերպման փորձի եւ ոչ թե մասնակցության մասին է): Իսկ իմ լուծումը իրադարձությունները լուսաբանելն է եւ գնահատականներ հնչեցնելը: Օրինակ՝ գրելը, որ ոստիկանները ցույցը ցրել են ոչ համարժեք գործողություններ կիրառելով, որ լրագրողներին չեն խառնել մյուսների հետ եւ ծեծել են մտածված եւ որ այդ օրը քաղաքացիական համազգեստով մենթերն այնքան շատ են եղել, որ մտել են իրենց  գործը օրինաչափ կատարող ոստիկանների ու ցուցարարների արանքը, խառնել երկու կողմերին էլ եւ ստվերել խաղաղ ընթացող հավաքն ու հնչեցվող որոշակի պահանջները:

Ու քանի որ ես լրագրող լինելուց առաջ ՀՀ քաղաքացի եմ եւ հայ մարդ, իրավունք ունեմ իշխանություններին ուղղված հարցս ձեւակերպել պարզ ու հստակ, ոչ մասնագիտորեն. ինչու՞ ենք պարտակում ռուսական ընկերության կերած կլոզը:

Աստղինե Քարամյան

* * *

4 օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկանները փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:

Հոսանքի թանկացման որոշման դեմ պայքարող ակտիվիստների նստացույցը ցրելու ժամանակ ոստիկանության տարբեր բաժիններ բերման էր ենթարկվել 237 հոգի:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին, ՀԾԿՀ նիստում հաստատվել է էլէներգիայի նոր սակագինը։ Այն թանկացել է 6,93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց՝ դառնալով 48,78 դրամ։

«Լուսանցք» թիվ 23 (369), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.