Աշխարհի մարզական հեւքից.-
Բաքվում հնարավոր չէր շատ մեդալներ նվաճել
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը եւս մեկ անգամ հավաստեց, որ ճիշտ էին այն ընդդիմացողները (այդ թվում՝ «Լուսանցք»–ը), որ համարում էին անիմաստ հայ մարզիկների Բաքու մեկնելը: Նախ՝ քաղաքական նկատառումներից ելնելով (ովքեր հայտարարում էին, թե սպորտը պիտի զերծ մնա քաղաքականությունից, հասկացա՞ն հիմա…)՝ Եվրոպան ընդառաջել էր (ակնհայտ է կաշառատվությամբ, քանզի միայն Ադրբեջանն էր հայտ ներկայացրել խաղերի անցկացման) ոչ միայն մեզ թշնամի երկրին, այլեւ այն պետությանը, որտեղ ամենաշատն են ոտնահարվում այդ եվրոպացիների իսկ հռչակած արժեքները: Նաեւ այն պարզ պատճառով, որ հայ–ադրբեջանական համարվող սահմանագծին պարբերաբար սահմանախպախտումներ են լինում եւ հայ զինվորներ են զոհվում, վիրավորվում: Եվ, որ ակնհայտ էր, Բաքուն այդքան գումար ծախսելով՝ չէր թողնելու, որ հայերը հարուստ ավար վաստակեն եվրախաղերում, այսինքն՝ կաշառքի «ծրագրում» նաեւ դա էր ամրագրված...
«Եվրոպական խաղերը եթե անցկացվեին ոչ թե Ադրբեջանում, այլ մեկ այլ երկրում, ապա մենք ավելի շատ մեդալներ կնվաճեինք: Սակայն Բաքվում դա հնարավոր չէր, քանի որ այնտեղ մեծ էր լարվածությունը եւ հոգեբանական ճնշումը»,- Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ մրցավարներն ավելի հաճախ էին սխալներ թույլ տալիս մեր ըմբիշների նկատմամբ. «Մրցամարտից հենց անցնում էր 1 րոպե, մրցավարները, կարծես ձայն ձայնի տված, անպայման զգուշացնում էին մեր ըմբիշներին: Այդ մեկ–երկու միավորներն ի վերջո ազդում էին վերջնական ելքի վրա»:
Գնահատելով իր ղեկավարած հավաքականի ելույթը՝ Արայիկ Բաղդատյանը նշել է, որ իր սպասելիքները որոշ չափով արդարացրեց ծանր քաշային Լեւան Բերյանիձեն. «Նա հաղթեց աշխարհի հնգակի չեմպիոնին՝ Գացալովին, բայց 3-րդ տեղի համար պայքարում զիջեց իր հայրենակցին՝ վրացի ըմբիշին: Մեր մյուս 5 ըմբիշները հոգեբանորեն պատրաստ չէին այս մրցումներին: Սակայն, ես արդեն նշել էի, որ եվրոպական խաղերը մեզ համար նախապատրաստական փուլ էր աշխարհի առաջնությունից առաջ, ուստի այս արդյունքը լուրջ ձախողում չեմ համարում»: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կարճատեւ հանգստից հետո կսկսի պատրաստվել ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա սեպտեմբերին, Լաս Վեգասում: Մեր ընտրանին մինչեւ մրցումերի մեկնարկը ուսումնամարզական հավաքներ կանցկացնի Ծաղկաձորում, Ռուսաստանում, Վրաստանում եւ ԱՄՆ-ում:
Այնուամենայնիվ 1 մեդալ կարողացանք նվաճել Բաքվում
Եվրոպական 1-ին խաղերում, որը միաժամանակ համարվում է Եվրոպայի առաջնություն, մերոնք ընդամենը 1 մեդալ են նվաճել՝ հանձին հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի, ով 66 կգ քաշային կարգում գրավել է 2-րդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի: Հիշարժան էր նաեւ այն, որ մեր մարզիկի կիսաեզրափակչի մրցակից՝ ադրբեջանցի Հասան Ալիեւը, մրցանակաբաշխության ժամանակ պարզապես ամաչում էր գլուխը բարձր պահել:
Մեր մնացած 25 մարզիկ-մարզուհիները բավարարվել են ընդամենը մասնակցությամբ:
Հայ մարզիկներին չկացնահարելը խաղաղասիրություն չէ
Եվրախաղերին անդրադարձել են նաեւ խորհրդարանականները եւ նշել, որ Ադրբեջանը չի կարող Բաքվի եվրոպական օլիմպիական խաղերն օգտագործել խաղաղասերի դեմքով հանդես գալու համար։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է. «Խաղաղասեր լինելը իրավիճակային չէ… Այսինքն, եթե նրանք պարզապես չեն անում այն, ինչի համար ամբողջ աշխարհը կարող է իրենց դրա համար նախատել, որովհետեւ ի վերջո օլիմպիադա է կազմակերպում՝ խաղաղասիրություն չի կարող լինել» Նա ճիշտ է համարում հայ մարզիկների Բաքու գնալը։ Ադրբեջանը հիմա չի կարող նրանց հանդեպ վերաբերմունքով իրեն խոցելի դրության մեջ դնել։ Սակայն դա Ադրբեջանին չի ազատում սեւ ցուցակներ ունենալու եւ հայերի հանդեպ վերաբերմունքի պատասխանատվությունից. «Ոչ թե Հայաստանի քաղաքացի, այլ ծագումով հայ էլ լինի, էնտեղից վտարում են»։
ԱԺ փոխնախագահ եւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի կասկածում, որ Ադրբեջանին չի հաջողվի աշխարհին խաբել իր խաղաղասիրությամբ, այնտեղ խոսքի ազատություն չկա եւ բռնանում են քաղաքացիական հասարակության վրա. «Կա երկու Ադրբեջան՝ մի Ադրբեջան, որը սիրուն, գեղեցիկ փաթեթավորված է օլիմպիական խաղերով եւ մյուսը՝ իրական Ադրբեջանը, որտեղ կան բազում բռնություններ»։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի կարծիքով էլ մեր մարզիկների համար կրկնակի դժվար էր Ադրբեջանում պայքարել բարձր տեղերի համար. «Ոչ թե պետք է կարողանան հաղթահարել զուտ մարզական պրոֆեսիոնալիզմը եւ իրենց առավելությունը մյուս մարզիկների նկատմամբ, որպեսզի առավելության հասնեն, այլեւ պետք է կարողանային հաղթահարել բարոյահոգեբանական մթնոլորտը» Մեր մարզիկներն անկաշկանդ չէին կարող դուրս գալ մրցումների։ Եվ թերեւս դրանով էլ կարելի է բացատրել այն, որ մերոնք լուրջ նվաճումների չեն հասել Բաքվում։ Այնուամենայնիվ, Բաքու գնալու որոշումը ճիշտ էր. «Մենք հավատարիմ ենք այն մոտեցմանը, որ անկախ բանակցային գործընթացից, մենք պետք է պատրաստ լինենք եւ մեր ժողովուրդներին պատրաստենք խաղաղությանը եւ ոչ թե պատերազմին»: Ցավոք, Ադրբեջանը հատկապես վերջին 2 տարիներին չի մասնակցում Հայաստանում տեղի ունեցող միջոցառումներին՝ մերժելով բոլոր հրավերները, սակայն ըստ Արտակ Զաքարյանի, մենք պետք է մասնակցենք նրանց միջոցառումներին. «Մենք որպես ավելի ինքնավստահ կողմ եւ ավելի կառուցողական եւ հաստատակամ կողմ, բոլոր առիթները պետք է օգտագործենք եւ մասնակցություն ցուցաբերենք»։
«Լուսանցք»–ը երբեք չի համաձայնել այսօրինակ տեսակետների հետ, որովհետեւ ինչ–որ մեկին ինչ–որ բան ապացուցելը, երբ հատկապես դա միշտ անիմաստ է լինում, ինքնին անիմաստ ձեռնարկ է…
Արտակ Զաքարյանը նաեւ համաձայն չէ, որ օլիմպիադան ձեռնարկելով Ադրբեջանն աշխարհին ցույց է տալիս իր խաղաղասիրական ձգտումները, դրանք պետք է ցույց տալ սահմանի շփման գծում լարվածությունը թուլացնելով, ինքնորոշման իրավունքն ընդունելով եւ հակահայկական քարոզչությունը դադարեցնելով. «Թե չէ ընդունել մարզիկներին եւ նրանց չկացնահարելը չի նշանակում խաղաղասիրական դրսեւորումներ ցույց տալ»։
Հայկական թիմերի խաղերի մրցավարները հայտնի են
Չեմպիոնների լիգայի 2015-16թթ. խաղարկության որակավորման 1-ին փուլի «Փյունիկ»-«Ֆոլգորե» հանդիպումը սպասարկեց Կիպրոսի մրցավարական խումբը՝ Դիմիտրիոս Մասիասի գլխավորությամբ, ով առաջին անգամ վարեց եվրոգավաթային հանդիպում:
Եվրոպայի լիգայի որակավորման փուլի «Շիրակ»-«Զրինսկի» հանդիպումը վստահվել էր հույն մրցավար Խարալամբոս Կալոգերոպուլոսին: Նույն փուլի «Ալաշկերտ»-«Սեն Ջոնսոն» խաղը վարեց դանիացի Յակոբ Կելետը, իսկ «Բիրկիրկարա»-«Ուլիս» մրցախաղի գլխավոր մրցավար էր նշանակվել իսրայելցի Էրեզ Պապիրը: Նրանցից առավել փորձառուն դանիացի Կելետն է, ով արդեն մի քանի խաղ է սպասարկել եվրոգավաթներում: Մյուս երկուսը նույնպես նորեկներ են:
Հայկական ֆուտբոլային թիմերը եվրախաղերում
Երեւանի «Փյունիկ»–ը հաղթանակով մեկնարկեց չեմպիոնների լիգայի նոր մրցաշարը: Հաղթանակը տպավորիչ չէր, բայց գոնե հաղթանակ էր: Որակավորման 1-ին փուլի անդրանիկ խաղում Հայաստանի չեմպիոնը «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց եվրոպայի ոչ ֆուտբոլային երկրներից մեկի՝ Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորե»–ին: Հանդիպումը չնայած անցավ «Փյունիկ»-ի խաղային եւ տարածքային առավելությամբ, սակայն ավարտվեց թիմի համեստ հաղթանակով՝ 2:1:
Հետխաղյա մամուլի ասուլիսում «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանն ասաց, որ գոհ է թիմի խաղից եւ արդյունքից. «Մենք հաղթել ենք եւ հաղթանակած ենք գնալու Սան Մարինո: Վստահ եմ, որ այնտեղ եւս հաղթելու ենք»,- ասել է նա: «Ֆոլգորե»-ի գլխավոր մարզիչ Նիկոլա Բերարդին նույնպես գոհ էր իր թիմից. «Մենք շատ լավ գիտակցում ենք, որ մրցակիցը մեզանից ուժեղ է: Պատասխան խաղում մեզ կմիանան թիմի այն 4 առաջատար ֆուտբոլիստները, ովքեր բացակայում էին, եւ կկարողանանք ավելի լավ հանդես գալ»,- նշել է հյուրերի մարզիչը:
Հավելենք, որ թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին: Հաջորդ փուլ մտնելու համար «Փյունիկ»-ին բավական է չպարտվել 0:1 եւ ավելի խոշոր հաշվով: Դաշտի տերերի նույն հաշվով հաղթանակի դեպքում կնշանակվի ետխաղյա 11 մ հարվածաշար: Հուսանք, որ գործը չի հասնի ֆուտբոլային վիճակախաղի եւ «Փյունիկ»-ը պատասխան խաղում կկարողանա պահպանել Երեւանում ձեռք բերած առավելությունը եւ կանցնի հաջորդ փուլ՝ իր տեղը չզիջելով այս թույլ ակումբին:
Իսկ հայկական թիմերը եվրամրցաշարերում դեռ ոչ մի լուրջ խաղով կամ փուլային առաջընթացով աչքի չեն ընկել, ինչը անհանգստացնող է, քանզի այս ամենը ազդում է նաեւ մեր ազգային հավաքականի խաղամակարդակի վրա:
Երեւանի «Ալաշկերտ»–ը նորամուտը հաղթանակով նշեց եվրագավաթներում: Եվրոպայի լիգայի 2015/16թթ. մրցաշարի որակավորման 1-ին փուլի առաջին խաղում «Ալաշկերտ»-ը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում ընդունեց շոտլանդական «Սենթ Ջոնսթոն»–ին եւ Միհրան Մանասյանի գոլի շնորհիվ հաղթեց նվազագույն հաշվով: «Ալաշկերտ»-ի եւ «Սենթ Ջոնսթոն»-ի միջեւ պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին Շոտլանդիայում: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում մրցելու է կամ սերբական «Ցրվենա Զվեզդա»-ի, կամ ղազախական «Կայրաթ»-ի հետ:
Գյումրիում կայացած ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի առաջին խաղում «Շիրակ»–ն ընդունեց բոսնիական «Զրինսկի»–ին եւ առավելության հասավ 2:0 հաշվով։ Գյումրեցիներից դուբլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի Ժան-Ժակ Բուգուհին, որը Հայաստանի անցած առաջնությունում խփել էր 21 գոլ եւ լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ»-ը կիսել էր Երեւանի «Փյունիկ»-ի մեքսիկացի ֆուտբոլիստ Սեզար Ռոմերոյի հետ: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին։ Այս արգելքը հաղթահարելու դեպքում հայկական ակումբը որակավորման 2-րդ փուլում կհանդիպի ԱԻԿ (Շվեդիա)-«Վաասա» (Ֆինլանդիա) զույգի հաղթողի հետ:
Երեւանի «Ուլիս»–ը մրցակցի դաշտում անցկացրեց որակավորման 1-ին փուլի առաջին խաղը: Հայաստանի այս տարվա փոխչեմպիոնը Մալթայում ուժերը չափեց տեղի «Բիրկիրկարա»–ի հետ: «Ուլիս»-ը չնայած 90 րոպեների ընթացքում չկարողացավ գրավել մրցակցի դարպասը, սակայն անառիկ պահեց նաեւ սեփականը, գրանցվեց գոլազուրկ ոչ–ոքի՝ 0:0, որը ավելի ձեռնտու է մեր թիմին, քանի որ պատախան խաղը կայանալու հուլիսի 9-ին, Երեւանում: Այդ խաղում ցանկացած հաշվով հաղթելու դեպքում «Ուլիս»-ը կնվաճի 2-րդ փուլի ուղեգիր:
Պատերազմի ժամանակ ֆուտբոլի մրցաշար է կազմակերպվել
ԵԿՄ եւ Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ամեն տարի անցկացվում է ֆուտբոլի մանկապատանեկան մրցաշար` Զորավարի գավաթ: ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ողջունելով մասնակիցներին, իր ելույթում նշել է. «Մարզական միջոցառումներն էլ պատերազմական առօրյայի մաս էին կազմում: Ես անձամբ մեր բրիգադի տարբեր գումարտակների միջեւ ֆուտբոլի, վոլեյբոլի, այլ մարզաձեւերի մրցաշարեր էի կազմակերպում: Այդ մրցաշարերը նպաստում էին բարոյահոգեբանական վիճակի ամրապնդմանն ու ընդանուր ֆիզիկական պատրաստվածությանը: Իզուր չի ասված՝ առողջ մարմնում առողջ հոգի»
Այս տարի խաղարկությանը մասնակցեցին մայրաքաղաքի եւ Հանրապետության տարբեր մարզերի մոտ 2 տասնյակ թիմ: 3-րդ տեղի համար խաղում Էջմիածնի թիմը 3:0 հաշվով հաղթեց Արմավիրի թիմին, իսկ չեմպիոնի տիտղոսը նվաճեց Երեւանի «Փյունիկ»-ը, որը եզրափակիչում 1:0 հաշվով հաղթեց «Մերձավան»-ին:
Էջմիածնի քաղաքապետարանը նաեւ տարբեր անվանակարգերում հաղթողների մրցանակներ էր սահմանել` առաջնության լավագույն ռմբարկու, լավագույն խաղացող, լավագույն դարպասապահ, լավագույն պաշտպան, կիսապաշտպան եւ լավագույն հարձակվող: Հատուկ մրցանակի արժանացավ նաեւ մրցաշարի լավագույն գոլի հեղինակը:
Իսպանական ակումբի մարզաշապիկներին կպատկերվեն «համասեռական ծիածանի» գույները
Իսպանական «Ռայո Վալյեկանո» ֆուտբոլային ակումբը նոր մրցաշրջանում կսատարի սեռական փոքրամասնությանը: Մասնավորապես, թիմի մարզաշապիկներից մի տարբերակի վրա կպատկերվեն ծիածանի գույները, որը հոմոֆոբիայի դեմ պայքարի դրոշն է համարվում: «Ամեն տարի մենք սատարում ենք որեւէ շարժման: Դա անում ենք այն մարդկանց համար, ովքեր տարբեր պատճառներով ճնշվում են կամ ամեն օր պայքար են մղում իրենց կյանքի համար: Ակումբն ավանդույթի համաձայն օգնության համար կփոխանցի 7 մլն եվրո գումար»,- ասել է «Ռայո Վալյեկանո»-ի նախագահ Ռաուլ մարտին Պերեսը:
Իսպանական ակումբը վաղուց է զբաղվում նման հասարական գործունեությամբ: Նախկինում այն աջակցել է քաղցկեղով հիվանդներին, սոցիալապես անապահով երեխաներին եւ այլն: Ակումբի կանոնակարգով յուրաքանչյուր վաճառված տոմսից 1 եվրո փոխանցվում է հենց նման նպատակների համար:
Գերմրցաշարի ժամանակ մահացել է Գագիկ Հովհաննիսյանը
Նորվեգական Ստավանգերում, որտեղ անցկացվում էր «Նորվեգական շախմատ-2015» գերմրցաշարը, մահացավ «Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակ եւ վարող, «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանը: Նշենք, որ նա ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսներից էր:
Գագիկ Հովհաննիսյանը մահացել է ինսուլտից, որը պատահել է այն ժամանակ, երբ այն հյուրանոցում, որտեղ հանգրվանել են մրցաշարի մասնակիցներն ու հյուրերը, գիշերը հրդեհի տագնապ է հայտարարվել, որի ժամանակ էլ, երեւի շտապելուց առողջական խնդիրները սրվել են, եւ Գագիկ Հովհաննիսյանը մահացել է: Ցավակցում ենք:
28-րդ համաշխարհային ուսանողական մարզական խաղերին բարձրացվել է հայկական դրոշը
Հուլիսի 2-ին, Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքի ուսանողական մարզական ավանում տեղի է ունեցել Հայաստանի պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը, որին բացի մեր պատվիրակության անդամներից, մասնակցել են նաեւ մարզական ավանի ղեկավարությունը, տարբեր երկրների ուսանողական ֆեդերացիաների ներկայացուցիչներ ու ունիվերսիադային մասնակցող մարզիկներ:
28-րդ համաշխարհային ուսանողական մարզական խաղերին (Ունիվերսիադա) մասնակցելու նպատակով՝ Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը: Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին մեր երկիրը կներկայացնեն 12 մարզիկներ եւ 2 մրցավար, մեր մարզիկները կպայքարեն 6 մարզաձեւերում՝ սուսերամարտ, ձյուդո, թեքվոնդո, սպորտային մարմնամարզություն, լող եւ թենիս: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 3 ին:
Լիբանանում վառվեց Համահայկական 6-րդ խաղերի ջահը
Համահայկական խաղերի Համաշխարհային Կոմիտեի պատվիրակությունը Համահայկական 6-րդ խաղերի մեկնարկին ընդառաջ այցելեց Սփյուռքի ամենահայաշատ գաղութներից մեկը` Լիբանան, Անթիլիասի մայր տաճարում սփյուռքը խորհրդանշող ջահը վառելու համար: Բեյրութում պատվիրակությանը դիմավորեցին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի հայ համայնքի կուսակցական ու հասարակական-բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջունելով Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահին եւ նրա գլխավորած պատվիրակությանը ՀՀ դեսպանը կարեւորեց համահայկական 6-րդ խաղերի դերը, հատկապես այն, որ խաղերի անցկացումը համընկնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների հետ: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ Համահայկական խաղերի ընթացքում, պիտի վառվի հայ ժողովուրդի միասնականությունը խորհրդանշող 3 ջահ` Հայաստան, Արցախ եւ Սփյուռք: Նա նաեւ հայտնեց, որ այս տարի Համահայկական խաղերը կընդգրկեն 17 մարզաձեւեր եւ կմասնակցեն 5000-ից ավելի մարզիկներ: «Մեր նշանաբանն է միասնություն սպորտով, եւ այս տրամաբանությամբ մենք երեք ջահ ենք վառելու, եւ այդ 3 վառված ջահերը համահայկական խաղերի օրը մուտք կգործեն հանրապետական մարզադաշտ, որտեղ կվառվի համահայկական խաղերի խորհրդանիշ ջահը»,- ասել է նա:
Լիբանանի Այնճար Մուսալեռ գյուղը ամենահայաշատն է: Սա սփյուռքի այն եզակի բնակավայրերից է ,որտեղ ամեն բան հայկական է: Այնճարը Փոքրիկ Հայաստանն է միջին Արևելքում,այստեղ նույնիսկ մունիցիպալ կառույցներում ծառայում են հայեր, եւ քաղաքապետն էլ իսկական Մուսալեռցի է: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը եւ իր գլխավորած պատվիրակությունը Այնճարում հանդիպեցին տեղի բնակչությանը, ծաղկեպսակ դրեցին Մուսա Լեռան հերոսամարտի զոհերի հուշարձանին: Այնճարցիները պատրաստվում են մեծ պատվիրակությամբ մասնակցելու համահայկական 6-րդ խաղերին :
Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Համահայկական 6-րդ խաղերի ջահավառության հանդիսավոր արարողությունը: Ջահավառության արարողության ընթացքում հայ սկաուտները շեփորահարեցին Լիբանանի եւ Հայաստանի քայլերգները, կատարեցին նաեւ «Կիլիկիա» մաղթերգը: Վեհափառ հայրապետը իր մաղթանքի խոսքում վստահություն հայտնեց, որ այս համազգային նախաձեռնությունը ավելի պիտի ամրապնդի հայ ժողովուրդի հավատը, կամքն ու միասնությունը:
Այցի վերջին օրը Հայաստանից ժամանած պատվիրակությունն այցելեց Հայկազյան համալսարան, որտեղ նրանց ողջունեց Համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը: Հայկազյան համալսարանն իր ստեղծման օրից մեծ առաքելություն ունի՝ ուղղված հայապահպանությանը եւ հայագիտական հետազոտությունների իրականացմանը, Հայկազյան համալսարանը սերտ գործակցություն ունի Հայաստանի պետական կառույցների, կրթական եւ մշակութային հաստատությունների հետ: Իշխան Զաքարյանը Լիբանանահայ համայնքի ներկայացուցիչներին հանձնեց նվերներ, ինչպես նաեւ առաջին անգամ ներկայացրեց համահայկական 6-րդ խաղերի համար պատրաստված համազգեստներ: Համահայկական 6-րդ խաղերի` Լիբանանում վառված ջահը կանցնի սփյուռքի Հայաշատ քաղաքաներով, կկտրի օվկիանոսը եւ կհասնի միչեւ Ամերիկա մայրցամաք: Ջահի հաջորդ կանգառը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն է:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 24 (370), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



