Հայկական խոհանոց – Համեմով եւ սամիթով լոբի
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Համեմով եւ սամիթով լոբի
Բաղադրությունը – Լոբի – 1 կգ, սոխ – 1 գլուխ, լոլիկ – 1 հատ, սխտոր – 1 գլուխ, սամիթ – 1 կապ, համեմ – 1 կապ, կարագ – 50 գրամ, ձու – 4 հատ, սպիտակ գինի – 50 գ, թթվասեր – 2 ճաշի գդալ, աղ:
Պատրաստման եղանակը – Լվացած լոբին մանր կտրատել, շերտ – շերտ վրան դնել սոխը, 4 մասի բաժանած լոլիկը: Սխտորն էլ դնել մեջտեղում: Երեսին դնել կարագը եւ վրան լցնել գինին: 5 րոպե եփել ուժեղ, հետո՝ մարմանդ կրակի վրա:
Մանր կտրտած կանաչին եւ թթվասերով հարած ու աղով համեմված ձուն լցնել երեսին: Ի դեպ, կանաչին ու ձուն կամ շերտ-շերտ լցնել լոբու վրա կամ կանաչին խառնել ձվի մեջ ու նոր լցնել: Կրակի վրա թողնել 3-4 րոպե: Նույնը կարելի է առանց ձվի, բայց՝ կանաչիներով:
Գիտա-մշակութային Հայաստան —————————–
Կիթառի փառատոնը՝ Երեւանում
Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է կիթառի փառատոն, ինչի մասին տեղեկացրել է Երեւանի կիթառահարների ասոցիացիան: Երեւանյան միջազգային կիթառի փառատոնը կկայանա հուլիսի 6-24-ը, որի նպատակն է միջազգային մակարդակի բարձրացնել Հայաստանում դասական կիթառի արվեստը: Սա հնարավորություն կտա հայ դասական կիթառահարներին ծանոթանալ մեր ժամանակների դասական կիթառի միջազգային դպրոցին: Հայ երիտասարդ տաղանդավոր դասական կիթառահարները հնարավորություն կունենան ունկնդրել եւ դասեր վերցնել այսօրվա առաջադեմ միջազգային ճանաչում ունեցող կիթառահար-պրոֆեսորների մոտ:
Փառատոնի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ համերգներ եւ վարպետության դասեր Երեւանի առաջնակարգ դահլիճներում: Հյուրերն են հանրաճանաչ դասական կիթառահար, միջազգային մրցույթների դափնեկիր՝ Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա), Մոսկվայի «Կիթառի Վիրտուոզներ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայի եւ Մոսկվայի Մշակույթի պետական համալսարանի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Արտյոմ Դերվոեդը (Ռուսաստան), հայտնի կոմպոզիտոր-կիթառահար, Նայմեգենի պետական համալսարանի պրոֆեսոր Ռոլֆ Ստրավերը (Նիդերլանդներ):
Փառատոնի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ միջազգային եւ հայկական պրեմիերաներ: Տեղի կունենա նաեւ Ռոլֆ Ստրավերի «Stimmen der Vergangenheit» («Ձայներ անցյալից») կամերային ստեղծագործության միջազգային պրեմիերան, որը նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին՝ գրված հատուկ Ժորա Սարգսյանի համար:
Հանդիսավոր բացումը տեղի կունենա Կամերային երաժշտության տանը, հուլիսի 6-ին, ելույթ կունենան Երեւանի միջազգային կիթառի փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երեւանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր Ժորա Սարգսյանը (Հայաստան/Գերմանիա) եւ միջազգային մրցույթների դափնեկիր Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա): Փառատոնի կազմակերպիչն է Երեւանի կիթառահարների ասոցիացիան Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի հետ համատեղ: Փառատոնի գործընկերներն են «Փյունիկ» համահայկական եւ «ԵրազԱրտ» հիմնադրամները:
Ի դեպ, Հայաստանում առաջին անգամ է անցկացվելու կիթառի փառատոն:
Հայուհին Չայկովսկու անվան միջազգային մրցույթում արժանացել է մրցանակի
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Մանե Գալոյանը Չայկովսկու անվան 15-րդ միջազգային մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակին: Նշենք, որ 3-որդ մրցանակին է արժանացել նաեւ ՌԴ-ն ներկայացնող ջութակահար Հայկ Ղազազյանը, տեղեկացրել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը: «Շատ մեծ հաջողություն է: Համաշխարհային ճանաչում ունեցող մրցույթ է»,- նշեց նա:
Նախօրեին Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում տեղի է ունեցել Չայկովսկու անվան 15-րդ միջազգային մրցույթի մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը: Մրցույթը մեկնարկել է հունիսի 15-ին, անցկացվում է Մոսկվայում եւ Սանկտ Պետերբրգում: Ռիա նովոստին գրում է, որ մասնակիցներ կային Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից:
Մրցույթի արդյունքներով՝ 6-ական մրցանակ է հանձնվել դաշնակահարներին, ջութակահարներին ու թավջութակահարներին եւ 8 վոկալիստների: 1-ին մրցանակին արժանացած մասնակիցներին տրվել է 30 հազարական դոլար եւ ոսկե մեդալ, 2-րդ՝ 20 հազարական դոլար եւ արծաթե մեդալներ, 3-րդ՝ 10 հազարական դոլար եւ բրոնզե մեդալներ:
Մոսկվայում կայացել է մրցույթի դափնեկիրների գալա համերգը, իսկ հունիսի 3-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել համերգ, որի ժամանակ հանձնվել է մրցույթի գրան պրին (100 հազար դոլար): Չայկովսկու անվան միջազգային մրցույթն անցկացվում է 1958թ.-ից:
Մնջախաղի թատրոնը վերադարձել է ոսկե մեդալով
Մնջախաղի պետական թատրոնը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած «Միմոդրամայի եւ մնջախաղի միջազգային փառատոնին» հանդես է եկել «Աթոռի ոգին» մոնոներկայացումով: Ներկայացումն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը եւ մասնագիտական հանձնաժողովի բարձր գնահատականին: Փառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ մնջախաղի պետական թատրոնը՝ «Մնջախաղ» անվանակարգում արժանացել է ոսկե մեդալի:
Բյուրականի աստղադիտարանը՝ տարածաշրջանային աստղագիտական կենտրոն
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը Միջազգային աստղագիտական միության որոշմամբ հռչակվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն: Այն ընդգրկվել է նաեւ ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրում: Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից: ԳԱԱ նախագահության նիստում, հաշվի առնելով Բյուրականի աստղադիտարանի նոր կարգավիճակը, որոշվեց մշակել աստղադիտարանի ռազմավարական ծրագիր եւ բարեփոխել կառավարման համակարգը:
ԳԱԱ Բյուրականի Աստղադիտարանը հիմնադրվել է 1946թ.՝ Աստղադիտարանի առաջին տնօրեն Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ: Աստղադիտարանի գիտական գործունեությունը ուղղված է Տիեզերքում անկայուն երեւույթների հետազոտմանը, որի համար նախատեսված են 5 հիմնական դիտակներ, որոնցից են աստղադիտարանի խոշորագույն՝ 2,6մ եւ Շմիդտի՝ 1,0մ հանրահայտ դիտակները: Աստղադիտարանը որպես ճարտարապետական համալիր՝ բաղկացած հիմնական եւ օժանդակ կառույցներից, նախագծել է հայ նշանավոր ճարտարապետ Սամվել Սաֆարյանը:
Բյուրականի աստղադիտարանը բուն գիտական հետազոտություններին զուգահեռ իրականացնում է նաեւ գիտության տարածման գործընթաց՝ պարբերական հրապարակումների, աստղադիտարանում արդեն քանի տարի գործող երիտասարդ աստղագետների ամառային դպրոցի, դասախոսությունների եւ էքսկուրսիաների միջոցով:
Կստեղծվի նոր Հայկական հանրագիտարան
ԳԱԱ նախագահությունը հավանություն է տվել նոր Հայկական հանրագիտարան ստեղծելու՝ «Հայկական հանրագիտարան» հրատարակչության առաջարկությանը: Նոր հանրագիտարանը բաղկացած է լինելու 10 հատորից՝ թվային եւ տպագիր տարբերակներով: ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից մանրամասնում են, որ հանրագիտարան ստեղծելու համար պետք է կազմավորվեն հեղինակների մասնագիտական խմբեր, որոնք կկազմակերպեն հոդվածների պատրաստումն ու դրանց համակողմանի քննարկումը: Նոր հանրագիտարանի ստեղծումը կիրականացվի 2016-2026թթ.:
ԳԱԱ նախագահությունը մտադիր է դիմել կառավարությանը՝ Հայկական հանրագիտարանի հրատարակության համար համապատասխան միջոցներ հատկացնելու խնդրանքով:
Հիշեցնենք, որ 1974-1987թթ. հրատարակվել է 12+1 հատոր Հայկական սովետական հանրագիտարանը, որի պատրաստումն ու հրատարակությունը լուրջ ձեռքբերում էր հայ մշակույթի եւ գրահրատարակչության պատմության մեջ:
Ընդունված հանրագիտարանային սկզբունքներով առաջին անգամ մշակվել, ամփոփվել եւ ներկայացվել են հայ ժողովրդի պատմության, արվեստի, մշակույթի, հասարակական-քաղաքական կյանքի, տնտեսության, սպորտի, առողջապահության եւ մյուս ոլորտների կարեւորագույն իրադարձությունները:
Գահար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 24 (370), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 24 (370), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



