Հունաստանը կկարողանա՞ փոխել ներկայիս վիճակը – Ժողովրդավարական ձախողումները ստիպում են անցնել ազգային տնտեսակարգի եւ խիստ ազգային քաղաքականության…

Դեռ 2013թ. հույն ազգայնականները բարձրաձայնում էին իշխանության գալու մասին: Այդ ժամանակ էլ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարադը դատապարտեց նեոազգայնականների կողմից հակաֆաշիստ Պավլոս Ֆիսասի սպանությունը եւ կոչ արեց քաղաքական տարաձայնությունները լուծել ժողովրդավարական ուղով՝ խոստանալով թույլ չտալ, որ ազգայնականների ժառանգներն ահաբեկեն երկիրը: «Մենք բոլորս գիտենք, որ երկիրը ապրում է ծայրահեղ լարված պահ, եւ մեր ժողովուրդը մեծ կորուստներ է կրում՝ ճգնաժամը հաղթահարելու եւ տնտեսական վերածննդի հասնելու համար»,- հայտարարել էր վարչապետը: Նրա խոսքերով՝ հակաֆաշիստ Ֆիսասի սպանությունը դատապարտում է յուրաքանչյուր հույն եւ իրենք պայքարում են, որպեսզի հույն ժողովուրդն այլեւս կորուստներ չկրի, սակայն բռնության ուղին փլուզում է զարգացման, խաղաղության ու ծաղկման հասնելու ցանկացած հեռանկար:

Այդ ժամանակ կառավարությունը վստահ էր ու «լի վճռականությամբ՝ թույլ չտալու, որ ազգայնականների ժառանգները թունավորեն հասարակական կյանքը, հանցագործություններ կատարեն, ահաբեկեն եւ խարխլեն երկրի հիմքերը, որը ժողովրդավարության հայրենիքն է: Ժողովրդավարությունն ավելի ուժեղ է, քան պատկերացնում են դրա թշնամիները»:

Իսկ մինչ այս, Հունաստանի խորհրդարանը կողմ էր քվեարկել ճգնաժամից դուրս գալու կառավարության ծրագրին, որով նախատեսվում էր զգալիորեն կրճատել պետական ծախսերը՝ դրսից ստացվող ֆինանսական աջակցության դիմաց։ Արժույթի միջազգային հիմնադրամը եւ եվրոյի գոտու 15 երկրները Հունաստանին արտոնյալ պայմաններով 110 միլիարդ եվրո վարկ հատկացրեցին, իսկ Հունաստանի կառավարությունը 30 միլիարդ եվրոյով կրճատեց պետական ծախսերը, եւ այդ տարիներին ֆինանսական կոշտ քաղաքականություն էր վարում: Բայց բողոքի ցույցերը, գործադուլներն ու հանրահավաքները չէին դադարում։ Արհմիություններն ու ցուցարարները հայտարարեցին, որ պայքարելու են մինչեւ վերջ: Կոշտ պայքար ծավալվեց, տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով անգամ 3 մարդ զոհվեց։

Բայց եղավ կառավարության հայտարարածի հակառակը: Տեղի ունեցավ իշխանափոխություն: Ժողորդավարներն արդեն այնքան էին խարխլել երկրի տնտեսության հիմքերը, որ պատրաստ էին վաճառքի հանել նաեւ հելլենական (հեթանոսական) ժամանակների հունական մշակութային արժեքներն ու հուշարձանները:  

2015թ. Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթեց ձախ արմատական «Սիրիզա» կուսակցությունը, որը ազգայնական ուղղվածության համբավ ունի: Կուսակցության ղեկավար Ալեքսիս Ցիպրասը հայտարարեց, որ իր երկիրը շուտով հետեւում է թողելու տնտեսության կործանարար խստացումները։

Ինչպես եւ սպասվում էր, «Սիրիզա»-ի իշխանության գալը սրեց Հունաստանի հարաբերությունները միջազգային դոնորների հետ։

Եվրոյի գոտում շարունակվող ճգնաժամի ֆոնին Հունաստանում գործազրկությունը հասել է 25%-ի, համախառն ներքին արդյունքը կրճատվել է շուրջ 1/4-ով, ինչը, մասնավորապես, միջազգային դոնորների պահանջով բյուջետային պակասուրդի եւ ծախսերի կրճատման հետեւանք է։

Հունաստանը դարձավ եվրոպական երկրորդ պետությունը, Ֆրանսիայից հետո, որտեղ ազգայնականները կարողացան հասնել իշխանական լծակների: Եվ ինչպես ֆրանսիական ազգայնականների ղեկավար Մարին Լը Պենը, այնպես էլ հույն Ալեքսիս Ցիպրասը սկսեցին խոսել Եվրամիության անպիտանիության ու նոր եվրակառույցի ստեղծման անհրաժետության մասին:

Իսկ Եվրամիությունը շարունակում էր պատժամիջոցներ կիրառել Հունաստանի նկատմամբ: Հարյուրավոր մարդիկ դուրս  էին եկել բողոքի ցույցի տնտեսական կոշտ պատժամիջոցների դեմ: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտնեց, որ միջազգային վարկատուները չեն ցանկանում ընդունել երկրի կառավարության առաջարկը բարեփոխումների հարցով, որոնք անհրաժեշտ են Աթենքին ֆինանսական օգնության տրամադրման համար: Իսկ Աթենքում փողոցներ դուրս եկած հարյուրավոր մարդիկ կոչ են անում իշխող «Սիրիզա» կուսակցությանը կատարել նախընտրական խոստումները, որոնց հիմքում ընկած էր կոշտ տնտեսական միջոցառումներից հրաժարվելը:

Եվ հունական կառավարությունը անսպասելի քայլ կատարեց: Հունաստանի վարչապետը ռիսկի դիմեց եւ Ռուսաստան մեկնեց: Բրիտանական The Guardian թերթը նշեց՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ռիսկի է դիմում Ռուսաստանի համար դառնալ «օգտակար ապուշ»: Ընդգծվում է, որ «օգտակար ապուշ» արտահայտությունն օգտագործվել է արեւմտյան այն քաղաքացիների համար, ովքեր համակրանք են տածել ԽՍՀՄ-ի հանդեպ: Ալեքսիս Ցիպրասը ապրիլին նախաձեռնեց եւ հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Եվրոպական մամուլն ընդգծեց, որ վարչապետ Ցիպրասի պարագայում խնդիրը ոչ թե այն է, որ եվրոպացի քաղաքական գործիչը մեկնել է Մոսկվա, այլ՝ թե ինչ է ասելու ու անելու նա Ռուսաստանի մայրաքաղաքում: Մոսկվա այցելելու ռիսիկն այն է, որ դրա համար նրան կարող են համարել «օգտակար ապուշ».- անընդհատ թմբկահարում էին զլմ-ները: Հունաստանը ներկայումս հուսահատ վիճակում է, խորապես մեկուսացված է Եվրոպայում, նրան սպառնում է դեֆոլտ: Ակնհայտ է, որ այդ այցը Ռուսաստան կապված էր Հունաստանի տնտեսական ծանր վիճակի եւ երկրի կողմից եվրագոտին լքելու մասին խոսակցությունների հետ: Բացի այդ, Աթենքը չէր վճարել իր հին վարկերը, իսկ այդ ժամանակ հունական կողմը պետք է ԱՄՀ-ին փոխանցեր 450 միլիոն եվրո:

Հունական կառավարությունը այդ այցով ցանկանում էր իր եվրոպացի գործընկերներին ցույց տալ, որ Աթենքը կարող է թեքվել դեպի Արեւելք եւ՝ ոչ միայն տնտեսական առումով: Հիշեցնենք, որ Հունաստանը նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկիր է: Սկսեցին շոշափել, որ Հունաստանն ու Ռուսաստանն ունեն վաղեմի պատմամշակութային կապեր, սակայն ներկայումս նրանց ավելի շատ միավորում են Բեռլինի հետ հարաբերություններում առկա խնդիրները: Հունաստանում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին համարում են Աթենքի տնտեսական բոլոր աղետների աղբյուր, իսկ Ռուսաստանում դժգոհ են Մոսկվայի հանդեպ Բեռլինի կոշտ քաղաքականությունից:

Պաշտոնական Բրյուսելում արագ արձագանքեցին Աթենք-Մոսկվա հարաբերություններին եւ խոստացան հնարավորինս արագ աջակցել Հունաստանին: Աթենքը ներկայացրեց տնտեսական վիճակի բարեփոխումների փաթեթը: Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Շինասը նշեց, որ բարեփոխումների փաթեթը ստացվել է սահմանված ժամկետում, եւ Հունաստանի նոր իշխանություններն ու Եվրամիության երկրները փոխզիջումային համաձայնագիր են ստորագրել: Ըստ նոր բարեփոխումների, Հունաստանի կառավարությունը պարտավորվում է պայքարել կաշառակերության դեմ եւ խստացնել հարկային քաղաքականությունը:

Հունաստանի ազգայնական իշխանությունը հրաժարվեց եվրոպական պահանջով փոփոխել ընդհանուր հարկային փաթեթը եւ որոշում կայացվեց բարձրացնել միայն գործատուների հարկային վճարները: Գործատուները բանկային համակարգի հետ փորձեցին ընդվզել, բայց կառավարոությունը մեկ շաբաթով կասեցրեց բանկային համակարգի գործունեությունը, սահմանափակումներ մտցրեց արտարժույթի արտահանման մասով, իսկ սեփական ժողովրդի կարիքները հոգալու համար այդ մեկշաբաթյա ընթացքում անվճար դարձրեց մետրոն եւ տրանսպորտային միջոցները:

Այս քայլերը ոմանց ձեռնտու չեն նաեւ Հունաստանում, եւ ահա վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հրաժարական պահանջով հանդես եկավ ընդդիմադիր «Համահունական սոցիալիստական շարժում» (ՀՍՇ) ձախակենտրոն կուսակցության առաջնորդ Ֆոֆի Գենիմատան. «Կառավարությունը պարտություն է կրել եւ երկիրը տանում է դեպի ազգային մեծ վայրիվերումներ։ Փակուղում հայտնված բանակցությունների պատասխանատվությունն իշխանությունը դնում է հույն ժողովրդի վրա։ Կառավարությունը փորձում է մարդկանց թակարդը գցել՝ արկածախնդրության եւ երկրի համար մեծ ծախսերի կեղծ երկընտրանքներ առաջադրելով»։ Նրանց կարծիքով՝ հույների ճնշող մեծամասնությունը ցանկանում եւ պահանջում է, որ Հունաստանը եվրագոտու հավասար անդամ եւ եվրոպական գործերին հավասար մասնակից պետություն լինի։ ՀՍՇ-ն երկար ժամանակ Հունաստանի իշխող կուսակցությունն է եղել, սակայն այս տարվա հունվարին անցկացված ընտրություններում ստացել է 5%-ից քիչ ձայն։

Հունաստանի վարչապետը արձագանքել է այսպես, որ կանցկացվի հանրաքվե, որի ժամանակ բնակիչները պետք է պատասխան տան պարտատերերի առաջարկներին, ընդ որում՝ Ալեքսիս Ցիպրասը ցանկանում է պարտատերերին խնդրել աջակցման ծրագրի վերջնաժամկետը մի քանի օրով երկարաձգելու մասին, որը, ի դեպ, լրացավ հունիսի 30-ին։

Եվրոպայում համենայնդեպս չեն մոռանում, որ Հունաստանը կարող է թեքվել դեպի Ռուսաստան, եթե ծայրահեղ իրավիճակում հայտնվի: Հունաստանի վարչապետը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել էր, որ Հաղթանակի 70-ամյակը անհրաժեշտ է նշել ոչ միայն այն պատճառով, որպեսզի հարգանքի տուրք մատուցվի հերոսների հիշատակին, այլ նաեւ անցյալից դասեր քաղելու նպատակով»՝ այսպիսով այդ դասերի մասին հիշեցնելով եվրոպական կողմին: «Հունաստանի խորհրդարանը բաց է Պետդումայի հետ համագործակցելու համար»,- հավելել էր հույն վարչապետը ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ընթացքում: Նա նշել էր, որ ՌԴ-ի եւ ԵՄ-ի միջեւ խնդիրների լուծումը պետք է գտնել երկխոսության, այլ ոչ տնտեսական պատերազմի սրման ճանապարհով:

Եթե պատկերացնենք, որ Հունաստանը դուրս է եկել եվրագոտուց եւ գործում է Ռուսաստանի հետ դաշնակցած, ապա լուրջ վտանգվում է ոչ միայն Եվրոպա-Ասիա տնտեսական կապը, այլեւ ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքը նահանջում է Բալկաններում՝ այնտեղ հնարավորություն ստեղծելով հունա-սերբական մերձռուսական դաշինքի համար: Հունաստանը Թուրքիայով Եվրոպա գնացող բոլոր տնտեսական առկա եւ հեռահար ծրագրերի առանցքում է (չնայած Թուրքիա-Բուլղարիա սահմանային հատվածի առկայությանը) եւ Աթենք-Մոսկվա կապը կարող է պարզապես մեծ հարված հասցնել Եվրոպայի տնտեսական ոլորտին՝ հաշվի առնելով նաեւ Մոսկվա-Կիեւ հակամարտությունը եւ դեպի Եվրոպա ճանապարհների վտանգավորությունը:

Իհարկե, սա դժվար է պատկերացնել, քանի որ Արեւմուտքն ամեն բան կանի Հունաստանին չկորցնելու համար: Սակայն, դա լինելու դեպքում, Հայաստանը հաստատ կշահի, քանի որ թուրք-ադրբեջանական խաղաքարտերը այլեւս այնքան կարեւոր չեն լինի: Իսկ դեպի Եվրոպա գնացող ենթակառուցվածքային ուղիները կարող են Հայաստան-Վրաստան-Սեւ ծով կապով անցնել՝ Հայաստանը դարձնելով կարեւոր տարանցիկ երկիր: Իմիջիայլոց, հայտնի Մետաքսի ճանապարհի վերականգնման փուլում հայ-չինական համագործակցությունը արդեն նախատեսում է Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր:

Իսկ այս իրավիճակում հայ որոշ փորձագետներ չեն բացառել, որ 2015թ. երկրի տնտեսության զրոյական աճ կարող է գրանցվել մեզ մոտ: Համաշխարհային զարգացումների համապատկերում 2015թ. արդյունքներով Հայաստանի ՀՆԱ աճը կարող է զրոյական լինել, նույնիսկ անկում է հնարավոր: ԱՄՀ-ն հունվարի 20–ին նվազեցրել էր համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումները 3,7-3,8%-ից մինչեւ 3.5%։ Հայաստանի տնտեսության զրոյական աճը 2015թ. ՎԶԵԲ-ի վերջին կանխատեսումն է։ Միաժամանակ, նախորդ՝ սեպտեմբերյան զեկույցում ՎԶԵԲ-ը կանխատեսում էր Հայաստանի տնտեսության 3,5%-անոց աճ 2015թ.՝ 2014թ. 3%-ի դիմաց։ Ինչպես նշվում է նոր զեկույցում, ընթացիկ տարվա կանխատեսման վատացման հիմնական պատճառն ինչպես հայկական տնտեսության, այնպես էլ նախկին ԽՍՀՄ այլ երկրներում ռուբլու արժեզրկումն է եւ Ռուսաստանի տնտեսության վիճակի վատացումը։ ԱՄՀ-ի տվյալներով, ռուսական տնտեսության անկումը 2015թ. կանխատեսվում է 3%-ի սահմաններում, իսկ ԱՊՀ տարածքի համար՝ ընդամենը 1,4%: Գտնվելով այս տարածաշրջանում եւ դառնալով ԵՏՄ–ի անդամ՝ Հայաստանի տնտեսությունը ենթարկված է այդ տարածաշրջանի ամեն մի բացասական զարգացման եւ այդպիսի միտումներ են դիտվում նաեւ Եվրամիության երկրների տարածքում, ինչը պայմանավորված է մահմեդական աշխարհի հետ լարված հարաբերություններով եւ Հունաստանի գործոնով։ Եվրագոտում տնտեսական աճը 2015թ. կանխատեսվում է 1,2%-ի չափով»։

Դառնալով Հունաստանին՝ նշենք, որ Եվրոպական հանձնաժողովը եվրագոտու եւ Հունաստանի մասով կանխատեսում է տնտեսական աճի արագ տեմպեր միայն եվրագոտու համար, սակայն այս հեռանկարն էլ բավականին աղոտ է: Իր վերջին կանխատեսումներով՝ ԵՀ-ն կանխորոշում է, որ 2015թ. եվրագոտու ՀՆԱ-ն կավելանա 1,3%-ով, որը վերջին ամիսների կազմում էր ընդամենը 1,1%: Նավթի ցածր գինը եւ ԵԿԲ-ի քանակական հեշտացումների (quantitative easing) ծրագիրը կխթանի տնտեսության ակտիվությունը (աղբյուրը՝ theguardian.com): Ինչ վերաբերում է Հունաստանի տնտեսության զարգացման տեմպերի կանխատեսումներին, ԵՀ-ն ունի ճիշտ հակառակ ակնկալիք: Նա կանխատեսում է հունական տնտեսական աճի նվազում՝ 2,5%-ի՝ մինչեւ վերջին քաղաքական անկայուն վիճակը գրանցված 2.9%-ից:

Չնայած դրան կարելի է կանխատեսել, որ ԵԿԲ ֆինանսական նոր քաղաքականության պայմաններում Հունաստանը նույնպես կունենա դրական տեղաշարժ տնտեսական ոլորտում: Բայց այս դեպքում անհրաժեշտ է, որպեսզի եվրոպական ֆինասական կառույցները երկրին աջակցեն ոչ թե նոր պարտքի տրամադրմամբ, որպեսզի պետությունը կարողանա ծածկել պարտատերերի նախկին տոկոսները, այլ որոշակի մեղմացումներով, օրինակ՝ կրճատելով պարտքի տոկոսադրույքաչափը կամ պարտքի մի մասը ներելով: Միայն այս կարգի աջակցությամբ Հունաստանը դուրս կգա տնտեսական ծայրահեղ ծանր վիճակից: Միաժամանակ՝ այս երկրի տնտեսական բարելավումը առաջնահերթ օգուտ կբերի նաեւ Եվրագոտուն ու կկայունացնի իրավիճակը ամբողջ գոտու տարածքում:

Մենք Հունաստանի օրինակից պետք է դասեր քաղենք եւ զգոն լինենք, չէ որ Հայաստանն էլ է մեծապես սնվում միջազգային վարկատու կազմակերպություններից:

Հայկ Թորգոմյան

Չի հաջողում կարծես

Հունաստանի բանակցությունները միջազգային վարկատու կազմակերպությունների հետ հաջողություն չէին ունեցել: Դեռ հունիսի 14-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը ընդհատել է Բրյուսելում ընթացող բանակցությունները: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն:

Չնայած բանակցություններում տեղի ունեցած որոշ տեղաշարժին, այդուհանդերձ չի հաջողվել էական առաջընթաց գրանցել Հունաստանի պլանների եւ վարկատու կազմակերպությունների պահանջների համաձայնեցման հարցում՝‘կապված Հունաստանի տնտեսական քաղաքականության բարեփոխումների հետ: Հունաստանի առաջարկները այդպես էլ չեն բավարարել միջազգային վարկատու ընկերություններին:

Հաջողում է կարծես

Հունաստանի իշխանությունները նոր առաջարկներ են ուղարկել պարտքերի վերակառուցման հարցով իրենց վարկատուներին. այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի կառավարության աշխատակազմին:

«Հունաստանի իշխանությունները առաջարկում են երկու տարով համաձայնագիր կնքել Եվրոպական կայունացման մեխանիզմի (ԵԿՄ) հետ՝ ամբողջությամբ փակելու համար պետության ֆինանսական պահանջմունքները՝ զուգահեռաբար պարտքերի վերակառուցման օգնությամբ»,-ասված է հաղորդագրությունում, ինչպես գրում է Gazeta-ն:

Հայտարարությունում նաեւ ասվում է, որ Հունաստանը «մնում է բանակցային գործընթացում»:

Պատրաստ է հրաժարական տալ

Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե հույների մեծ մասը հանրաքվեի ժամանակ «այո» ասի խիստ տնտեսման ծրագրին, որն առաջարկում են միջազգային վարկատուները: Այս մասին գրում է gazeta.ru-ն։

Ֆինանսների նախարարը նկատել է, որ Հունաստանը չի կարող ընդլայնել տնտեսությունը եւ ձեւացնել, թե կարող է մարել բոլոր պարտավորությունները:

Ի դեպ, Վարուֆակիսը նաեւ կոչ է արել հույներին՝ առաջիկա հանրաքվեի ժամանակ դեմ քվեարկել տնտեսման խիստ միջոցառումների ընդունմանը: Ընդ որում՝ նա համոզված է, որ քվեարկությունը ոչ մի կերպ չի անդրադառնա եվրագոտում Հունաստանի ճակատագրի վրա։

Հանրաքվեն անցկացվելու է հուլիսի 5-ին։

«Լուսանցք» թիվ 24 (370), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։