«Նաիրիտ»-ի բաժնետոմսերը վերադարձվեցին… «Նաիրիտ»-ը պետք է աշխատեցնել – Որոշողը Համաշխարհային բանկը չէ – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)

Գործադիրը երեկվա նիստում հավանություն տվեց Միջպետական բանկի կողմից «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերությանը եւ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին տրամադրված վարկերի պահանջի իրավունքները զիջելու մասին որոշման նախագծին։

Ինչպես պարզաբանեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, Միջպետական բանկին առաջարկվում է պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով «Հայգազարդ» ՓԲԸ-ին 100 ԱՄՆ դոլար օտարման գնով զիջել «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերության նկատմամբ Միջպետական բանկի ունեցած վարկային պահանջի իրավունքը մնացորդային ողջ անվանական արժեքով, ապահովման միջոցներով հանդերձ:

Առաջարկվում է նաեւ պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով «Նաիրիտ 2» ՓԲԸ-ին 100 ԱՄՆ դոլար օտարման գնով զիջել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նկատմամբ Միջպետական բանկի ունեցած վարկային պահանջի իրավունքը մնացորդային ողջ անվանական արժեքով, ապահովման միջոցներով հանդերձ։

Պահանջի իրավունքների ձեռքբերման գործարքների կնքումից հետո կապահովվի նոր պարտատերեր  «Հայգազարդ»  եւ «Նաիրիտ 2» ընկերություններից յուրաքանչյուրի կողմից իր վարկային պահանջն ապահովող երաշխավորության եւ երրորդ անձ գրավատուների գրավի պայմանագրերի լուծումը, ուժի մեջ թողնելով միայն՝

  1. նոր պարտատեր «Հայգազարդ»-ի հանդեպ հիմնական պարտավորությամբ պարտապան «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ»-ի կողմից գրավադրված գույքի՝ «Նաիրիտ գործարան»-ի բաժնետոմսերի գրավի իրավունքը, եւ 2. նոր պարտատեր «Նաիրիտ-2»-ի հանդեպ հիմնական պարտավորությամբ պարտապան «Նաիրիտ գործարան»-ի կողմից գրավադրված անշարժ գույքի գրավի իրավունքը:

Այլ կերպ ասած՝ «Նաիրիտ»-ի բաժնետոմսերը վերադարձվեցին ՀՀ կառավարությանը: Ակնկալիքը Միջպետական բանկի կողմից «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ»-ին եւ «Նաիրիտ գործարան»-ին տրված վարկերի պահանջի իրավունքների զիջումն է:

«Նաիրիտ»-ը պետք է աշխատեցնել – Որոշողը Համաշխարհային բանկը չէ

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հունիսի 23-ին ընդունեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ՝ էներգետիկայի գծով ավագ տնտեսագետ Արթուր Կոչնակյանին, ավագ ինժեներ-էներգետիկ Կոջի Նիշիդային եւ ՀԲ Երեւանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանին: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաեւ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման վերաբերյալ վերջնական հաշվետվության մասին, եւ թեեւ նշել էին, որ այդ հաշվետվությունը հասանելի կլինի առաջիկա օրերին, բայց այդ հաշվետվությունը հրապարակվեց 1 օր անց՝ հունիսի 24-ին: Այն կոչվում է՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվություն։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն էր դիմել ՀԲ-ին՝ գործարանի կենսունակությունը գնահատելու խնդրանքով: Եվ ուսումնասիրությունները իրականացրել էին «Ջեյքոբս քընսալթենսի» ընկերության փորձագետները, որոնք ամփոփվել են Համաշխարհային բանկի կողմից: «Նաիրիտ գործարան»-ի հետագա շահագործման նպատակահարմարությունը, ֆինանսական ու տեխնիկական համապարփակ փաստարկված գնահատումը մեր կառավարության համար քննարկման հիմք կդառնան՝ հետագայում որոշում կայացնելու համար:  

Մենք ուսումնասիրության մանրամասներին անդրադառնալու կարիք կունենանք դեռ: Իսկ առայժմ կխոսենք «Նաիրիտ» քիմիական գործարանի այսպես կոչված «Սվոթ» (SWOT) վերլուծությունից (սա այն է, երբ գնահատվում են ուժեղ, թույլ կողմերը, հնարավորությունները, սպառնալիքները): Հաշվետվությունը պարունակում է «Նաիրիտ»-ի արտադրական հրապարակում քլորոպրենային կաուչուկի արտադրության հնարավոր վերսկսման գնահատումը:

Վերոնշյալն ուսումնասիրվել է՝ նպատակ ունենալով արտադրությունը վերսկսել արտադրության ներկայումս դիտարկվող 3 սցենարներից մեկի համաձայն:

Տարբերակներից առաջինը սա է՝ տարեկան 12 հազար տոննա պոլիքլորոպրենային կաուչուկ ացետիլենային եղանակով: Երկրորդը 24 հազար տոննայի դեպքում քննարկվողն է, իսկ երրորդը՝ տարեկան 25 հազար տոննա պոլիքլորոպրենային կաուչուկի արտադրությունն է՝ բութադիենային եղանակով:

ՀԲ-ն բացատրում է, որ պոլիքլորոպրենային կաուչուկի արտադրության «Նաիրիտ» արտադրական գործարանի յուրաքանչյուր հատվածի նման մանրակրկիտ վերլուծության նպատակն է առանձնացնել արտադրական յուրաքանչյուր հատվածի առանցքային հատկանիշները, որոնք էական ազդեցություն կունենան ամբողջ գործունեության ապագա կատարողականի վրա:

Ըստ հաշվետվության, ներկա պահին առաջարկված սցենարներից եւ ոչ մեկն առանձնապես հրապարուրիչ չէ, բայց դիտարկվող 3 տարբերակներից «առավել բարենպաստը բութադիենային եղանակով  տարեկան 25 հազար տոննայի արտադրությունն է»:

Դիտարկված բոլոր դեպքերոմ գործարանային սարքավորումները շատ հին են  եւ հիմնականում մոտեցել է դրանց՝ օգտակար ծառայության ժամկետի ավարտը: Հասկանալի է, որ բնական գազի մատակարարումը շատ թանկ է եւ բացասաբար  է անդրադառնում արտադրության 2 սցենարների վրա, անհամաչափորեն ավելի շատ ացետիլենային եղանակով արտադրության վրա, քանի որ այդ դեպքում գործընթացի համար որպես հիմնական հումք է ծառայում գազը: Իսկ բութադենային եղանակը, ճիշտ է, զերծ չէ  բութադիենին առնչվող լոգիստիկ խնդիրներից, որոնք համարվում են դժվարին եւ այս պահին հստակ սահմանված չեն, սակայն, ՀԲ վերլուծությունը ցույց է տալիս, որ «իրագործելի է բութադիենի առաքումը արտադրական հրապարակ՝ չնայած զգալի լոգիստիկ ծախսով: Ապրանքին առնչվող լոգիստիկ խնդիրները պակաս դժվարին են, բայց, այնուամենայնիվ, կախված են երրորդ երկրում նավահանգստի հասանելիությանից, ընդ որում առավել հավանական թեկնածու են վրացական նավահանգիստները: Դրա հետեւանքով ապրանքը հաճախորդներին հասցնելու զգալի ծախսեր են առաջանում:

Վերլուծության համաձայն, պահանջվում է զգալի կապիտալ ներդրում՝ նշված 3 տարբերակներից ցանկացածի գործունեության վերսկսման համար:

Թե՛ ացետիլենային եղանակով տարեկան 24 հազար տոննա եւ թե՛ բութադիենային եղանակով տարեկան 25 հազար տոննա արտադրության դեպքում նպաստավոր կլինի մասշտաբի ավելի մեծ արդյունքը, սակայն իրենց հերթին ավելի ենթակա են համաշխարհային շուկաների ազդեցությանը եւ որպես այդպիսին նրանց սպառնում է պոլիքլորոպրենային կաուչուկի համաշխարհային պահանջարկի տատանումը, ինչպես նաեւ այլ խոշոր արտադրողների վարքագիծը:

Ացետիլենային եղանակով երկու սցենարներին էլ հատուկ է ավելի մեծ բարդությունն ու վտանգավորությունը, քան բութադիենային եղանակով սցենարին: «Սա էլ նպաստում է բութադիենային եղանակով արտադրության ընդհանուր ավելի ցածր ինքնարժեքին»:

Վերլուծությունը նկատում է նաեւ, որ «Նաիրիտ»-ի արտադրանքը վաճառվելու է միջազգային շուկայում՝ տալով Հայաստան խոշոր չափի արտարժույթ ներմուծելու հնարավորություն: «Եվ որպես քիմիական վերամշակման միակ խոշոր գործարանը Հայաստանում, կառույցն ունի ռազմավարական բարձր արժեք՝ տալով վերամշակող ձեռնարկությունների պարկի ստեղծման հնարավորություն հարակից արդյունաբերական պարկում կամ «Նաիրիտ»-ի գործող հարթակի առանձին հատվածներում» (մեջբերումը բառացի է,- Ա.Մ.):

Մենք հաջորդիվ կխոսենք նշված երեք տարբերակներից (դարձյալ «Սվոթ» եղանակով)՝ ներկայացնելով դրանց ուժեղ ու թույլ կողմերը: Իսկ առայժմ մի դիտարկում անեմ:

ՀԲ-ի վերլուծությունում կետերն են նշված, որ հօգուտ գործարանի վերագործարկման են: Բայց, չգիտես ինչու, այդ մասին չի նշում մամուլը եւ խոսում է միայն այն կետերի մասին, ըստ որոնց «Նաիրիտ»-ի վերագործարկումը նպատակահարմար չէ…

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 24 (370), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։