Որոշակիությունը՝ աուդիտից հետո – Թեեւ դեռ պարզ չէ ոչ աուդիտի ձեւաչափը, ոչ կարգը… Երկրի նախագահը խոսում է ՀԷՑ-ի «ամբողջ գործունեության» ընթացքի աուդիտի մասին, որ մենք, որպես պետություն, հետաքրքրված ենք ընկերության «շահույթի մեծությամբ»… համոզված է, որ սակագնի բարձրացումն արդարացված է…

Նախագահ Սարգսյանի՝ տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ ելույթից հետո ով ինչ «մեսիջ» «ուզեց»՝ ստացավ՝ թե՛ քաղաքական եւ թե՛ սոցիալական առումներով:  Բոլոր «մեսիջները» տեղավորվում էին մեկ տիրույթում՝ գլխավոր մեկ հարցի պատասխանով՝ ՀԷՑ-ը կազգայնացվի՞ թե՞ ոչ:

Շատ բան պարզ կդառնա աուդիտից հետո: Երկրի ղեկավարը նշել էր, որ մշակված է քայլերի քարտեզը. «ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ մենք խոսել ենք այն մասին, որ ճիշտ կլիներ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այո, խնդիրները, որ կարող են լինել դուստր ձեռնարկությունում, մեր պետական մարմինների աշխատանքով առավելագույնս դուրս են սակագնի հաշվարկից, այնուամենայնիվ, այդ ընկերության հնարավոր խնդիրները մեզ հետաքրքրում են, քանի որ մենք, որպես պետություն, շահութահարկի մասով հետաքրքրված ենք ընկերության շահույթի մեծությամբ: Այս առումով աշխատանքը կարեւոր է ոչ միայն ռուսական կողմի համար, այլեւ Հայաստանի համար: Բայց սա խնդրի մի կողմն է միայն եւ չի առնչվում սակագնին»:

Ուշադիր լինենք՝  նախագահը խոսում է ՀԷՑ-ի ամբողջ գործունեության ընթացքի աուդիտի մասին: Եվ որ մենք, որպես պետություն, հետաքրքրված ենք ընկերության շահույթի մեծությամբ:  

Չեմ հիշում, 2011 թե 2012թ. (բայց ամիսը լավ եմ հիշում՝ հոկտեմբերն էր) ՊԵԿ-ը ՀԷՑ-ում խուզարկություն սկսեց՝ առգրավելով փաստաթղթեր: ՊԵԿ-ը համոզված էր եղել, որ «ՀԷՑ»-ը  պետական բյուջե չի վճարել հարկերի մի մասը, մասնավորապես շահութահարկի, եկամտահարկի, պարտադիր սոցվճարների, ԱԱՀ-ի մի մասը, մոտավորապես  2 մլրդ դրամի մասին էր խոսքը։ Բայց հետո ՊԵԿ-ը չխոսեց, թե ինչ կար այդ փաստաթղթերում, ավելի ճիշտ՝ ինչ էր հայտնաբերել խուզարկության հետեւանքով: Գուցե հիմա՞ խոսի ՊԵԿ-ը եւ լույս սփռի շատ հարցերի վրա:

Ինչեւէ, վերադառնանք նախագահի խոսքին: Երկրի ղեկավարը խորապես համոզված է, որ սակագնի բարձրացումն արդարացված է: Նաեւ համոզված, որ եթե  սակագինը չբարձրացնենք, ապա էներգետիկ համակարգը դոմինոյի էֆեկտով փլուզման վտանգի առաջ կկանգնի: «Ներկայացվել են բարձրացման օբյեկտիվ 3 հիմքերը: Բերվել են հիմնավորումներ, սակայն ակնհայտ է, որ կա վստահության պակաս: Համարում եմ, որ կասկածը, անվստահությունը մեր առաջին թշնամին են նման հարցերում: Առաջին հերթին հենց դա պետք է վերացնենք»:

Եվ այս անվստահությունը վերացնելու համար էլ աուդիտ կարվի. «Առաջարկում եմ‘ ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող եւ մեծ հեղինակություն վայելող որեւէ միջազգային խորհրդատվական ընկերություն, եթե հարկ կա, այդ ընտրության ժամանակ ներգրավենք նաեւ բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին, եւ այդ ընկերությանը հանձնարարենք աուդիտորական ընկերության ներգրավմամբ պատասխանել հետեւյալ հարցերին՝ ինչքանով էր հիմնավորված սակագնի բարձրացումը, եւ սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին»:

Նախագահի խոսքից նաեւ պարզ է դառնում, որ սակագնի բարձրացումը չեղյալ չի համարվի, որովհետեւ «դա ծայրահեղ վտանգավոր է»: Սա նշանակում է, որ մեխանիզմներ պիտի մշակվեն, այլապես օգոստոսի 1-ից այսպես թե այնպես սակագինը թանկանալու է: Այս պահի դրությամբ մեխանիզմն այն է, որ քաղաքացին վճարելու է նախկին գնով, իսկ թանկացած մասը վճարելու է պետությունը:

Պետական այրերը շտապեցին ասել՝ ոչ պետբյուջեի հաշվին: Այդ դեպքում որտեղի՞ց: Գուցե ռուսական կողմի 200 մլն դոլար վարկի՞ց: Այս դեպքում դարձյալ ստացվում է, որ մենք ենք տալու, քանզի վարկերը սպասարկվում են դարձյալ մեր հաշվին:

Գանք աուդիտին: Ինչպե՞ս է այն անցկացվելու, ի՞նչ ձեւաչափով եւ ո՞վ է ընտրելու այդ ձեւաչափը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ սեփականատերն իրավասու է ընտրել աուդիտի ձեւաչափը եւ կարգը: Այս պարագայում՝ եթե ՀԷՑ-ը պիտի ընտրի, ապա, շնորհակալ ենք այդ աուդիտից, որովհետեւ այսպես թե այնպես ՀԷՑ-ում ամեն տարի իբր աուդիտ է արվել: Մենք ի՞նչ աուդիտ ենք անելու՝ ֆինանսակա՞ն, տեխնիկակա՞ն, թե՞ երկուսը միասին: Եթե միայն ֆինանսական, ապա ՀԷՑ-ը հազիվ թե իր սեւ հաշվապահությունը ի ցույց դնի: Այնպես որ, կպարզվի, որ ամեն ինչ նորմալ է: Իսկ տեխնիկական-մասնագիտական աուդիտը կարող է բացահայտել շատ բան: Բայց նախագահը կարծես միայն ֆինանսական աուդիտի մասին է խոսում՝ ի ցույց դնելով շահութահարկի պարագան:

Թեեւ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը բացատրում է, որ ֆինանսականի ժամանակ էլ կարող ենք չարաշահումները բացահայտել: «2014թ. ներկայացված 2013-ի ներդրումային ծրագրի հաշվետվության մեջ արձանագրվել է, որ բոլոր ծախսերն արվել են շուկայականից 40 տոկոս ավելի բարձր գնով, տեխկորուստները նախետսվածից ավել են եղել: Բայց դա միայն արձանագրվել է եւ որեւէ հետեւանք չի ունեցել, հակառակը. արձանագրելով հանդերձ այդ ամենը՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվել է: Հենց հիմա եթե իրենց իսկ հրապարակած թվերով դնենք հաշվարկ անենք, կպարզվի, որ սակագինը ոչ միայն պետք  է չբարձրացվեր, այլ պիտի իջեցվեր: Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է իշխանությունը հայտարարում, թե ինքը համոզված է, որ սակագինը պետք է բարձրացվեր: Ու այդպիսի համոզմունք ունենալով հանդերձ՝ կառավարությունը հանձնարարական է տալիս գտնել այդ գումարները եւ հատուցել  սակագնի բարձրացումը: Այսինքն՝ մի  գրպանով վերցնում, մյուսն է դնում. չէ՞ որ այդ գումարները մեր վճարած հարկերն են»:

Այնուամենայնիվ, մինչեւ այս բոլոր հարցերը պարզվեն, որտեղի՞ց են վերցվելու էլէներգիայի սակագների բարձրացումը փոխհատուցելու գումարները: Դատելով նախագահ Սարգսյանի խոսքերից՝ անվտանգության համար նախատեսված գումարներից: Վտանգավոր չէ՞ արդյոք այս ոլորտին դիպչելը, առանց այն էլ մենք ավելի շատ սոցիալական, քան անվտանգության ծախսեր ենք անում: «Իհարկե, մեր անվտանգության խնդիրները հեռու են լուծված լինելուց, եւ սա մեղմ ասած, բայց կասկածամտության ու անվստահության այն մթնոլորտը, որ այսօր կա, ես նույնպես անվտանգության խնդիր եմ համարում եւ շատ կարեւոր խնդիր: Դա լուծել է պետք»,-եզրափակում է նախագահը:

Այսինքն՝ բոլոր հարցերի պատասխանները, այսպես թե այնպես, մնում են աուդիտից հետո:

Թեեւ կարծում եմ, տնտեսագետները հստակ կարող են ասել, որ այս պահին եղած փաստերն էլ բավական են, որ աուդիտի չսպասեինք ու գնայինք ՀԷՑ-ի սնանկացման ճանապարհով: Ինչու՞ ենք խուսափում այս ճանապարհից, չէ՞ որ սնանկացւմից հետո սկսվում է առողջացման գործընթացը:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 24 (370), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։