Տանը այսուհետ մի՛շտ է մարդ լինելու – Ոչ միայն Ռուսաստանը, այլեւ Արեւմուտքը հասկացավ, որ Հայաստանն ամենեւին էլ իրենց պատկերացրած որբ գլուխը չէ, որի վրա միշտ կարելի է վարսավիրություն սովորել…

Բաղրամյանի ցույցերը քաղաքակա՞ն էին, թե՞ ոչ: Չեմ ուզում իրադարձությունները այս համատեքստում քննարկել, քանի որ եւ՛ «այո» եւ՛ «ոչ» պատասխանների դեպքում կարող եմ հավասար թվով փաստարկներ բերել:

Ցույցերը եկան ապացուցելու մի բան. ձեւավորվում է մի սերունդ, որ չի զզվացնում «երգիրը երգիր չի» արտահայտությամբ, այլ ասում է՝«ես եմ իմ երկրի տերը»: Սա՛ է ամենակարեւորը: Իսկ մնացյալը հասկանալի, գուցեեւ՝ այսպես ասենք, բնականոն գործընթացներ են. պատրաստի հանրություն է, որին փորձում են տեր կանգնել երեւացող ու չերեւացող քաղաքական գործիչները, «կենդանի պատ» կազմողները, շոուի աշխարհի երեւացող ու չերեւացող դեմքերը, սադրիչները վերջապես: Այ, բոլորովին այլ հարց է, թե ինչպես են որոշում տեր կանգնել, բայց սա արդեն այլ թեմա է:

Հայ Ավետիսյանների ընտանիքին սպանած անասուն Պերմյակովի գործը հայկական կողմին հանձնելու եւ Ռուսաստանում դատված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին մեզ արտահանձնելու ռուսական կողմի «պատրաստակամությունը» հետեւանք էր «ես եմ իմ երկրի տերը» կարգախոսին տեր կանգնողների շարժման: Սա՛ է կարեւորը:

Ավելին՝  խնդիրը, գլոբալ առումով, միայն ռուսական կողմի մեջ չէ. այս օրերին Արեւմուտքն էլ հասկացավ, որ հայի տանը այսուհետ միշտ մարդ է լինելու, եւ գողեր մտնել չեն կարող: Հակառակ պարագայում՝ դո՛ւրս կշպրտվեն: Երբ հարգում ես ինքդ քեզ, քեզ հարգում են նաեւ ուրիշները:  

Ի տարբերություն շատերի, բնական եմ համարում նաեւ այն, որ շարժումը կիսվեց՝ Բաղրամյան պողոտայի եւ Ազատության հրապարակի: Քաղաքացիական գործընթացը, հայացքների տարբերության պարագայում, լրիվ տեղավորվում է այս տրամաբանության մեջ: Կարեւորը՝ երկու հատվածներն էլ տեր են նշյալ կարգախոսին: Եվ այս ամենը շատ ավելի լավ երեւում է, երբ անձամբ ես շփվում ցուցարարների հետ: Անձամբ՝ առանց զլմ-ների եւ սոցցանցերի միջնորդության:

Վերջինիս մասով մի դիտարկում անեմ. եթե այս օրերի դեպքերին հետեւես ասենք «ֆեյբուք»-ով, ապա երկրից հեռանալդ կգա. հատկապես նկատում եմ նույն անգրագետ ձեռագիրը՝ իբր ազգի ճակատագրով մտահոգ, իբր «սուպեր հայրենասեր», այնքան հայրենասեր, որ իրենց զուգարան գնալն էլ են հայրենասիրություն համարում: Այս՝ օտյանական «որ մենք հերոս»-ներից մեկը, ով ամեն օր հայերենի մաքրության անհրաժեշտությունից է բարբաջում ու մեկ բառում երեք ուղղագրական սխալ անում, ցուցարարների երկու հատվածի բաժանվելու օրը սոցցանց էր ներբեռնել Վարուժանի, Սիամանթոյի եւ ՆԺդեհի նկարները ու գրել էր. «եռանի, չէք տէսնում ասգի պարաքթումը»: Դե արի ու մի ասա, այ ավանակ, ինչ պառակտման մասին է խոսքը: Կամ, այ հեյվան, ինչպես կասեր պապս ուղեղին «զոռ տվողներին», մեր այս երեք մեծերն էլ այնպիսի բաներ են տեսել, որ… Ի դեպ, դրսում ապրող եւ բառիս բացասական իմաստով փափկասուն այս կնիկը Վարուժանին ու Սիամանթոյին խառնել էր իրար ու անունները տեղափոխված գրել…

Այս օրինակը մեջբերեցի, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչքան կարող է իրականությունը աղճատվել սոցցանցում:

Սոցցանցային իրականությունից գանք իրական աշխարհ:

Իսկ իրականն այն է, որ ցույցերի սկզբի օրերին Երեւանում ջանասիրաբար «մայդան» փնտրող ռուսական մամուլը այս օրերին նույն ջանասիրությամբ ապացուցում է, որ Երեւանում «մայդան» չկա: Իր հերթին արեւմտյան մամուլը Երեւանից սկսված դեպքերին (դրանք տարածվեցին Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում, Արմավիրում…) վերագրեց «Պուտինի հայկական շոկ», «Պուտինի երեւանյան սառը ցնցուղ» եւ նմանատիպ այլ անվանումներ:

«The Wall Street Journal»-ը ուշագրավ մի դիտարկում է արել. անցյալ հանգստյան օրերին տասը հազար ցուցարարներ դուրս եկան Հայաստանի մայրաքաղաք Երեւանի փողոցներ՝ չնայած կառավարության կողմից ձեռնարկված կոշտ միջոցառումներին: Ռուսական լրատվամիջոցների արձագանքը ցույց է տալիս, որ Կրեմլը նյարդայնանում է:

Իսկ նյարդայնության պատճառ լրատվամիջոցը համարում է այն, որ գիտակցել են «…ազգային զգացմունքների խորությունը»: «Անցյալ հանգստյան օրերին Կրեմլը 200 մլն դոլար տրամադրեց՝ Հայաստանին ռազմական օգնության տեսքով: Մոսկվան նաեւ համաձայնեց հայկական դատարանին հանձնել ռուսական զինծառայողի գործը, որին կասկածում են հունվարին հայ ընտանիքի սպանությունն իրականացնելու մեջ»,- նշում է պարբերականը՝ մեկ այլ պատճառ էլ մեջբերելով: Ըստ որի Գյումրիի 102-րդ ռազմաբազան, որտեղ շուրջ 3 հազար զինծառայող կա, չափազանց կարեւոր ռուսական հենակետ է հարավկովկասյան միջանցքում, առանց որի Մոսկվան չի կարող վերահսկել Կասպից ծովն ու Կենտրոնական Ասիան:

Այս ամենին միջազգային լրատվամիջոցները կարող են նաեւ ավելացնել այն դասերը, որ կքաղի Արեւմուտքը Հայաստանի հետ հարաբերվելիս՝  հասկանալով, որ Հայաստանն ամենեւին էլ իրենց պատկերացրած որբ գլուխը չէ, որի վրա իրենց ուզած ժամանակ կարող են վարսավիրություն սովորել:

«Լուսանցք»

«Լուսանցք» թիվ 24 (370), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։