Շարժումները պիտի հստա՛կ նպատակ ունենան – Թանկացումը կծավալվի հանրային բոլոր ոլորտներում ու կտանի նոր կեղեքման… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Ցանկացած թանկացում կտանի շղթայական ծավալման, ինչն ակնհայտ է, ու ի վերջո կկործանի մեզ: Կկործանի, քանզի այսօր մենք պատերազմական դադարում գտնվող երկիր ենք՝ արտաքին թշնամիներով պարուրված, եւ միայն ներքին անդորրը եւ կայունությունը կօգնի մեզ հաղթահարել արտաքին վտանգները… Բայց բավարար քայլեր չենք անում այդ իրավիճակը ստեղծելու համար, իսկ հակառակն անելու համար ներքին թշնամին օգտվում է ընձեռած հնարավորություններից ու արտաքին դրամաշնորհային կոչված օժանդակություններից…

Մեր իշխանությունները պիտի հստակ քայլեն տնտեսության որոշակի հատվածի ազգայնացման ճանապարհով (այլ կարծիք չառաջանալու համար նշեմ, որ, մենք բազմաձեւ տնտեսական համակարգի կողմնակից ենք, ասում եմ՝ Հայ Արիական Միաբանության անունից): Հասկանալի է, որ խոսքը ռազմավարական նշանակության արտադրությունների եւ սպասարկման բնագավառի մասին է նախ եւ առաջ: Օտարը երբեք չի կարող ավելի լավ տնտեսվար լինել, քան՝ մենք (այն տրամաբանությամբ՝ որ ամեն մեկն իր տունն ավելի սրտացավ կկառավարի): Ավելի ճիշտ՝ միտումնավոր չի լինի լավը… Պարզապես պիտի մեզ հավաքենք ու մերոնց պատժել սովորենք: Եվ տնտեսությունը կմտնի ռիթմիկ հուն՝ կգնա կայունության, ապա՝ կայացման… Այլապես հավերժ թանկացումների ուղին կբռնենք՝ օտարի ձեռքին ու մտքին նայելով, ինչն իրականում հավերժ չէ՝ կկործանի շատ արագ:

Մեր այսօրվա երիտասարդությունը նույնպես համարձակ է ու կամային, եւ պիտի փայփայել այդ որակները, համարձակությանը ոգեղենություն հաղորդել, ոչ թե փշրել այն: Մեր երիտասարդությունը ազգի ներկայիս բանակն է ու վաղվա միտքը, ապագայի հոգեւոր տեսլականը, ուստի նրա ազգային ու սոցիալական պայքարի ոգին միայն կհասունացնի մեր ներկան, վաղվա օրն ու ապագան… Սա հաստա՛տ փայփայել է պետք: Հայ արի երիտասարդները եւս կշարունակեն մասնակցել սոցիալական արդարությանն ուղղված բոլոր պայքարներին, առանց քաղաքական ելույթների ու երեւույթների, իսկ երբ խիստ անհրաժեշտ լինի՝ կմասնակցենք նաեւ մենք՝ բոլորս, իմ՝ հայ արիների առաջնորդի գլխավորությամբ:  

Մի՛ տարանջատվեք եւ մի՛ թույլ տվեք փոխել շարժման հստակ ուղղությունը

Հայ Արիական միաբանությունը եւ Հայ ազգայնականների համախմբումը այս օրերին առանց քաղաքական որեւէ նկատառման, բացառապես երիտասարդական կառույցների միջոցով սատարել են «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը, որը կազմակերպեց ու նախաձեռնեց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարը:

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը համաժողովրդական պայքարի վերածվեց, ինչը մի խումբ երիտասարդների հասուն գործելաոճի եւ ազնիվ պայքարի արդյունք եղավ, նաեւ յուրաքանչյուր հայի սրտով էր: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ առաջարկեց հանդիպել եւ բանակցել, սակայն նախաձեռնության կազմակերպիչները նախընտրեցին հեռահար բանակցությունը եւ պայքարի շարունակականությունը: Ի վերջո, նախաձեռնողները հասան այդ դրական արդյունքին, որ երկրի նախագահը իր մոտ հրավիրած համապետական քննարկմանը հավաստեց միջազգային աուդիտի անցկացման անհրաժեշտությունը եւ հանգամանալից ստուգումների ապահովումը, որին կարող են մասնակցել նաեւ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները:

Հայ Արիական միաբանությունը եւ Հայ ազգայնականների համախմբումը շնորհավորում են հայրենասեր երիտասարդների համառությունն ու հաղթական առաջին քայլերը եւ կրկին առանց քաղաքական որեւէ նկատառման, հայտնում իրենց աջակցությունը շարունակվող պայքարին, որը կշարունակվի Ազատության հրապարակում: Ողջունում ենք նաեւ կուտակային դեմ պայքարած «Դեմ եմ»-ի տղաների՝ «Ո՛չ թալանին» շարժմանը աջակցելու գործելաոճը, քանի որ «Դեմ եմ»-ի կազմակերպիչները արդեն ապացուցել են, որ կարողանում են զերծ մնալ քաղաքական խաղերին տրվելուց, պայքարում են հանուն նպատակի հաղթանակի:

Հայ արիներն ու հայ ազգայնականները իրենց զարմանքն են հայտնում այն քաղաքական ու հասարակական ուժերի, անհատների նկատմամբ, որոնք փորձում են պառակտել այս շարժումը եւ փորձում են իրենց քաղաքական նպատակներին հարմարեցնել էլէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարը, ինչպես յուրաքանչյուր նմանատիպ պայքար:

Չի կարելի պառակտման ու բացասման տանել ամեն բան, հանուն եսակենտրոն նպատակների, այսօր պետք է արժանավույնս գնահատել «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամների գործը եւ համառությունը եւ առաջնորդվել մի կարգախոսով՝ «եթե չես կարող օգնել, մի խանգարիր»… Այս առումով ողջունում ենք նաեւ այն պետական ու քաղաքական գործիչներին, պատգամավորներին, մտավորականներին, հոգեւորականներին եւ քաղաքացիներին, ովքեր հանուն մարդկանց բարեկեցության եւ պետության արժանապատվության կանգնեցին պայքարող երիտասարդների կողքին ու այսօր էլ պատրաստ են լինել նրանց հետ:

Հայ Արիական միաբանությունը եւ Հայ ազգայնականների համախմբումը հայությանը կոչ է անում սատարել երիտասարդների նախաձեռնությանը, ովքեր այսօր շարունակում են պայքարը բոլորիս համար ու հանուն երկրի: Միաժամանակ, կոչ ենք անում Բաղրամյան պողոտայում մնացած հայորդիներին ճիշտ գնահատել իրավիճակը երկրի եւ ազգաբնակչության տեսանկյունից եւ չենթարկվել որեւէ քաղաքական սադրանքի: Պայքարը՝ երկրում սոցիալական վիճակը շտկելու (վստահ ենք՝ այն կշարունակվի, եթե կրկին վտանգ լինի), պետք է մեկտեղված լինի եւ հեռու նաեւ օտարի «բարեգործական» միջամտություններից: Մի՛ տարանջատվեք եւ մի՛ թույլ տվեք փոխել շարժման հստակ ուղղությունը, նպատակը, եւ մենք կհաղթենք:

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 24 (370), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։