Հայ տեսակի ծագումն ու կազմավորումը

Երբ քաղաքական միտումով է նաեւ պատմությունը-1

Հայագիտության մեջ առավել արծարծված խնդիրներից մեկը եղել եւ մնում է հայության ծագման ու կազմավորման հարցը, ինչը մի շարք դեպքերում ցայսօր վիճահարույց է: Որտեղի՞ց է ծագում հայ ազգը, ո՞րն է նրա բնօրրանը, ե՞րբ է ձեւավորվել իբրեւ ինքնուրույն էթնիկ միավոր եւ ո՞ր ժամանակներից է հիշատակվում հատկապես հնագույն գրավոր հուշարձաններում: Այս հարցերի կամ դրանց առանձին կետերի խնդրահարույց լինելը պայմանավորված է ոչ միայն սկզբնաղբյուրների տեղեկությունների բազմազանությամբ, այլեւ երբեմն դրանցով զբաղվողների քաղաքական ու այլաբնույթ շահագրգռություններով, թեպետ առկա փաստերն ու ուսումնասիրության այսօրվա մակարդակը լիովին թույլ են տալիս պատասխանելու հայ տեսակի ծագմանն ու կազմավորմանը վերաբերող բոլոր հիմնահարցերին: Նպատակ չունենալով մանրամասն ներկայացնելու հիմնախնդրի ամբողջ պատմությունն ու վերլուծությունը՝ անդրադառնանք նախ հայերի ծագման մասին հին ու միջին դարերում գրի առնված ավանդազրույցներին, ընդհանուր գծերով ներկայացնենք պատմագիտությունում տարբեր ժամանակներում առավել տարածված տեսությունները (չնշելով մասնավոր կարծիքները), ապա՝ հարցի ուսումնասիրության այսօրվա վիճակը եւ Հայաստանի ու հայերի մասին պահպանված հնագույն տեղեկությունները:


Գրավոր ավանդությունները հայ ժողովրդի ծագման վերաբերյալ

Հայերի ծագման վերաբերյալ հին ու միջին դարերում գրի են առնվել մի շարք ավանդություններ, որոնցից հայագիտության տեսանկյունից (որպես սկզբնաղբյուրային պատմագիտական արժեք ունեցողներ) առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում հայկականը, հունականը, հին եբրայականը, վրացականը եւ արաբականը:

Հայկական ավանդությունը

Ստեղծվել է դեռեւս վաղնջական ժամանակներում եւ առավել համապարփակ մեզ հասել Մովսես Խորենացու գրառմամբ: Ավանդության առանձին դրվագներ հիշատակվում են միջնադարի հայ մատենագիրների երկերում, որոնք 18-րդ դարում ի մի բերվեցին հայ նոր պատմագրության հայր Միքայել Չամչյանցի «Հայոց պատմության» էջերում:

Ավանդության մեջ որոշակիորեն կարելի է առանձնացնել երկու շերտ: Առաջին՝ հնագույն շերտը, ստեղծվել եւ գոյություն է ունեցել նախաքրիստոնեական ժամանակներում: Հնավանդ զրույցի համաձայն, հայերը սերվել են աստվածազուն Հայկ նահապետից, որն առաջին եւ արարչագործ Աստվածների հսկա որդիներից էր: Ահա թե ինչպես է ներկայացվում հայոց նախնու ծագումը Մովսես Խորենացու գլխավոր սկզբնաղբյուրներից մեկի՝ Մար Աբաս Կատինայի մատյանի սկզբում. «Աստվածներից առաջիններն ահեղ էին եւ երեւելի, եւ աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը… Սրանցից մեկն էր եւ Հապետոսթյան Հայկը»… Ակնհայտ է, որ խոսքը Հայ Աստվածների ու Ընտրյալ Մարդկանց «տված» սերնդի մասին է՝ Կիսաստվածների՝ Մարդ-Աստվածների՝ Հայ Տեսակի:

Քրիստոնեական ժամանակաշրջանում հայկական ավանդությունը ենթարկվում է ոչնչացման, իսկ որոշ դեպքերում նաեւ ձեւափոխության՝ հարմարեցվելով Բիբլիա-Աստվածաշնչի պատկերացումներին, որոնց համաձայն՝ համաշխարհային ջրհեղեղից հետո ամբողջ մարդկությունը սկզբնավորվեց Նոյի երեք որդիներից (Հաբեթից, Քամից եւ Սեմից): Ավանդության նորացված, քրիստոնեացված տարբերակի համաձայն՝ Հայկ նահապետը համարվում է Հաբեթի ժառանգներից Թորգոմ նահապետի որդին. այդտեղից էլ՝ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» եւ հայերին տրված «թորգոմյան ազգ» անվանումները (Աստվածաշնչի Թորգոմ նահապետը համարվում է Հայաստանի հնագույն պետական կազմավորումներից մեկի՝ Եփրատի ավազանում գտնված Թեգարամա-Թոգարմայի անվանադիր նախնին. այդ պետական կազմավորման մասին վաղագույն տեղեկությունները վերաբերում են Ք.ա. 20-18-րդ դարերին):

Ավանդությունը պատմում է, որ Հայկն իր տոհմով պատերազմել է միջագետքյան բռնակալ Բելի դեմ, հաղթել նրան, ի նշանավորումն որի այդ օրվանից հայերը սկսել են հաշվել Բուն Հայոց թվականը (ըստ ականավոր հայագետ Ղեւոնդ Ալիշանի 19-րդ դարում կատարած հաշվարկի՝ Բուն Հայոց թվականի սկզբնավորումը տեղի է ունեցել Ք.ա. 2492 թ. օգոստոսի 11-ին):

Հայկական ավանդության համաձայն, Հայկ նահապետի անունով մեր ազգը կոչվեց «Հայ» եւ երկիրը՝ «Հայաստան», իսկ նրա ժառանգներից Արամ նահապետի անունից առաջացան Հայաստանի «Արմենիա» եւ Հայերի «Արմեն» անվանումները: Ըստ նույն ավանդության՝ Հայկի ու հայկազուն նահապետների անուններով կոչվեցին մեր լեռնաշխարհի բազմաթիվ տեղանուններ (Հայկից՝ Հայկաշեն, Արամանյակից՝ Արագած լեռ եւ Արագածոտն գավառ, Արամայիսից՝ Արմավիր, Երաստից՝ Երասխ (Արաքս), Շարայից՝ Շիրակ, Ամասիայից՝ Մասիս, Գեղամից՝ Գեղարքունիք եւ Գեղարքունյաց ծով, Սիսակից՝ Սիսական (Սյունիք), Արա Գեղեցիկից՝ Այրարատ եւ այլն):

Սակայն քրիստոնեական նորացված ավանդույթը չկարողացավ իսպառ ջնջել հայերի աստվածային սերմից սերած ժառանգականությունն ու որպես արարման վայր Արարատյան լեռնաշխարհի բնիկներ լինելու հիշողությունը: Ուստիեւ՝ չի փոխվել հայ տեսակի առաքինությունն ու տիեզերաճանաչ առաքելությունը…

Իսկ «Նոյի ու նրա որդիների» կամ «Նոյան տապանի» փրկության գործում արարման վայրի՝ Արարատի բնիկների՝ հայ-արմենների, հսկաների ցեղի դերի ու նշանակության մասին դեռ կխոսի գալիք պատմագիտությունը: Եվ իզուր չէ որ հնում Հայաստանը համարվել է «Մարդկության փրկության երկիր» «Աստծո եւ մարդու հավիտենական ուխտի երկիր» եւ այլն:

Հունական ավանդությունը

Հայերի ծագման հունական զրույցը կապվում է Հին Հունաստանում սիրված ու տարածված մի վիպաշարի՝ արգոնավորդների մասին ավանդության հետ: Վերջինիս համաձայն, հայերի նախահայրը եւ Հայաստանի անվանադիրը Արմենոս Թեսալացին էր, որը Յասոնի եւ մյուս արգոնավորդների հետ մասնակցել է Ոսկե Գեղմի համար կատարված նավարկությանը, հաստատվել Հայաստանում, որն էլ իր անվամբ կոչվել է «Արմենիա»: Ավանդությունը հաղորդում է, որ նրա նախնական բնակավայրը եղել է Թեսալիայի (մարզ Հունաստանում) Արմենիոն քաղաքը: Ավանդությունն առավել հանգամանորեն պատմվում է Ք.ա. 1-ին դարի հույն մատենագիր Ստրաբոնի կողմից, որը նաեւ հաղորդում է, թե իր տեղեկությունների սկզբնաղբյուրները Ալեքսանդր Մակեդոնացու զորավարների պատմություններն են: Դատելով փաստերից, հայերի ծագման մասին զրույցը ստեղծվել եւ արգոնավորդների ավանդությանն է միացվել Մակեդոնացու արշավանքների ժամանակաշրջանում, արգոնավորդների ավանդության մասին պատմող ավելի վաղ աղբյուրներում հայերի ծագման վերաբերյալ այդ տեղեկությունը չկա: Ամենայն հավանականությամբ, դա ունեցել է նույնպիսի քաղաքական միտում, ինչպիսիք են նաեւ պարսիկների եւ մարերի (մեդացիներ) հունական ծագման մասին զրույցները: Պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ որեւէ նվաճող իր ծրագրերն իրականացնելուն «իրավական» տեսք տալու համար նախապես ստեղծում էր կեղծ հիմնավորումներ (օրինակ՝ ոչ վաղ անցյալում խորհրդային կայսրության քարոզչությունը պատմության մեջ դասակարգային պայքարի առաջնայնության եւ անխուսափելիորեն կոմունիզմին հասնելու վերաբերյալ կամ Ադոլֆ Հիտլերի՝ արիականության մասին խեղաթյուրված տեսությունը եւ այլն): Առաջավոր Ասիայի նշանավոր ազգերին՝ հայերին, պարսիկներին ու մարերին հունական ծագում վերագրող զրույցները, թերեւս, մարդկանց գիտակցության մեջ մակեդոնական նվաճումները կանխավ արդարացնելու նպատակն ունեին՝ «ամբողջից անջատվածներին վերստին ամբողջի միավորելու առաքելության» մոտիվով: Ուստի, այս ավանդության առանցքը կազմող տեղեկությունը հայերի՝ թեսալական (հունական) ծագման վերաբերյալ չի կարող համարվել արժանահավատ:

Հայերի արեւմտյան (այս անգամ՝ փռյուգիական) ծագման մասին կցկտուր տեղեկություններ են պահպանվել հույն հեղինակներ Հերոդոտոսի (Ք.ա. 5-րդ դ.), Եվդոքսոսի (Ք.ա. 4-րդ դ.) եւ այլոց երկերում: Դրանցում բերված փաստարկները վերաբերում են փռյուգիացի եւ հայ զինվորների միատեսակ հագնված լինելուն եւ հայերենում փռյուգերեն շատ բառերի առկայությանը: Դրանցով, հասկանալիորեն, չի կարող բացատրվել մի ազգի՝ մյուսից ծագած լինելը. փռյուգիացիներն ու հայերն ազգակից են (ունեն ընդհանուր՝ արիական-հնդեվրոպական ծագում եւ արիական շատ ազգեր ունեն նման բառեր ու ավանդույթներ), եւ նրանց լեզուներում նույն (կամ նույնարմատ) բառերի առկայությունը, առավել եւս, զինվորների նման հագուստ կրելը պետք է օրինաչափ համարել:

Վրացական ավանդությունը

Վրացական ավանդությունը ստեղծվել է հայկականի ազդեցությամբ եւ գրի է առնվել 9-11-րդ դարերի վրաց հեղինակների կողմից (Անանուն պատմիչ (9-րդ դ.), Լեոնտի Մռովելի (11-րդ դ.) եւ այլք): Ըստ վրացական ավանդության, Թարգամոսի (Թորգոմի) ութ որդիներից առաջացան մի շարք ժողովուրդներ. ավագ որդի Հայոսից՝ հայերը, Քաթլոսից՝ վրացիները, մյուս որդիներից՝ կովկասյան մի շարք ժողովուրդներ: Դատելով հատուկ անունների վերջավորություններից՝ այս ավանդությունն ունեցել է հունական ինչ-որ սկզբնաղբյուր եւս, որը մեզ չի հասել: Այն որոշակիորեն կրում է կնիքն իր ստեղծման ժամանակաշրջանի քաղաքական իրավիճակի, երբ հայոց Բագրատունի արքաների ազդեցությունը տարածված էր այսրկովկասյան երկրների վրա (դրանով էլ պետք է բացատրել ոչ թե Քարթլոսի, այլ Հայոսի՝ ութ եղբայրներից ավագագույնը լինելու հանգամանքը):

Մի փոքրիկ դիտարկում անենք այսօրվա վրացական պատմագիտության դրսեւորումներից: Բագրատունի-Բագրատիոն կապը մեր հարեւանները փորձում են դիտարկել հակառակ տեսանկյունից, ինչպես շատ այլ պատմական հարցեր, այդ թվում հայկական հողերի, քրիստոնեական եկեղեցիների եւ այլ հարցերի վերաբերյալ:

Արաբական ավանդությունը

Արաբական ավանդությունը եւս հայերի ծագումը կապում է ջրհեղեղից հետո ազգերի՝ Նոյի որդիներից առաջացման պատկերացման հետ: Առավել հանգամանորեն այն շարադրված է 12-13-րդ դարերի արաբ մատենագիրներ Յակուտիի եւ Դիմաշկիի երկերում: Ըստ այդ ավանդության, Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին), որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները: Այս ավանդությունը ազգակից է համարում հայերին, հույներին, սլավոններին, ֆրանկներին և իրանական ցեղերին. հետաքրքիր է, որ այն պահպանել է ազգակից հնդեվրոպական ժողովուրդների միասնության շրջանից եկող հիշողությունը, ինչի սկզբնաղբյուրը մեզ մնում է անհայտ:

Հին եբրայական ավանդությունը

Գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (Ք.ա. I – Ք.հ. I դդ.) «Հրեական հնախոսության» էջերում: Հաղորդման համաձայն՝ «Ուրոսը հաստատեց Հայաստանը»: Հայագիտության մեջ այդ տեղեկության սկզբնաղբյուրի եւ մեկնաբանության վերաբերյալ չկա միասնական տեսակետ: Կա կարծիք, որ այստեղ խոսքը Արամ նահապետի որդի Արա Գեղեցիկի մասին է, քանի որ հրեական ավանդության մեջ Ուրոսը (Ուլոսը) համարվում էր Հին Կտակարանի Արամ նահապետի որդին: Ըստ մեկ այլ տեսակետի, Ուրոսը կարող է լինել Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում հիշատակվող արքա «Ռուսա Էրիմենայի որդին», ասորեստանյան սեպագիր աղբյուրներում «Ռուսա» անունը հիշատակվում է նաեւ «Ուրսա» տարբերակով, իսկ «Էրիմենա» անունը կարող է մեկնաբանվել եւ' որպես անձնանուն, եւ' որպես ցեղանուն:

Նշվածներից բացի, հայերի ծագման մասին պահպանվել են այլ ավանդազրույցներ եւս, որոնք, սակայն, այս կամ այն չափով կրկնում են արդեն հիշատակվածներին, չունեն սկզբնաղբյուրային նշանակություն, ուստի եւ դրանց չենք անդրադառնա այստեղ:

Հայ ազգի ծագման հարցը պատմագիտությունում

5-րդ դարից սկսած մինչեւ 19-րդ դարի կեսերը հայերի ծագման հարցում անառարկելիորեն ընդունվում էր հայկական ավանդությունը՝ ձեւակերպված Մովսես Խորենացու «Հայոց պատմության» էջերում, որը դարեր շարունակ եղել է մեր ազգի համար ծագումնաբանության վկայագիր եւ դասագիրք: 19-րդ դարում պատմագիտությունում ի հայտ եկած «ռեւիզիոնիստները», նրանց նորույթները, սակայն, կասկած առաջացրին Պատմահոր տվյալների արժանահավատության նկատմամբ, եւ հարցականի տակ դրվեց հայոց ծագումնաբանության վերաբերյալ ազգային ավանդության հաղորդումների ճշմարտացիությունը: 1837թ.-ից ծնունդ առավ համեմատական լեզվաբանությունը, ըստ որի՝ հայերն ունեն հնդեվրոպական ծագում, մի շարք այլ արդի ժողովուրդների հետ նախապատմական ժամանակներում կազմել են մեկ էթնիկ ընդհանրություն («արիական-հնդեվրոպական մայր ժողովուրդ») եւ զբաղեցրել միեւնույն տարածաշրջանը, որը գիտության մեջ պայմանականորեն կոչվում է «արիական-հնդեվրոպական նախահայրենիք»: Նրանց ծագման հարցը այս տեսության շրջանակներում շաղկապված էր արիական-հնդեվրոպական նախահայրենիքի տեղադրության հետ: Տարբեր ժամանակներում գիտության մեջ գերիշխող են եղել նախահայրենիքի տեղադրության տարբեր վարկածներ (հարավ-արեւելյան Եվրոպա, հարավ-ռուսական տափաստաններ, Առաջավոր Ասիայի հյուսիս եւ այլն):

Հաջորդ հանգրվանը հայերի ծագման ուսումնասիության պատմությունում եղավ սեպագիր եւ հիերոգլիֆ արձանագրությունների վերծանումը 19-րդ դարում: Վերծանության արդյունքները հայտնի դարձրեցին Հայկական լեռնաշխարհում Ք.ա. 2-1-ին հազարամյակներում գոյատեւած մի շարք պետական կազմավորումներ, որոնք չէին համապատասխանում հայկական ազգային ավանդությանը, եւ կասկածներ ծնվեցին վերջինիս հավաստիության նկատմամբ: Դա իր հետ բերեց նոր տեսակետներ, որոնցից արժանահիշատակ է գերմանացի գիտնական Հ. Ենսենի տեսակետը «հայ» անվան ծագման վերաբերյալ: Ըստ այդմ, «հայ» ցեղանունը առաջացել է խեթերի «հաթի» ցեղանունից, եւ հայերը խեթերի ժառանգներն են: Այս տեսակետը հետագայում մասամբ պաշտպանեցին մի շարք գիտնականներ, սակայն ի վերջո քննադատության չդիմացավ, հատկապես այն բանից հետո, երբ ցույց տրվեց, որ Ք.ա. 2-րդ հազարամյակում հայերն ու խեթերը բնակվել են կողք կողքի, ազգակից (հնդեվրոպական ծագում ունեցող) ժողովուրդներ են, սակայն չեն նույնանում: 19-րդ դարում համեմատական լեզվաբանության մեջ լայն տարածում ստացավ արիական-հնդեվրոպական նախահայրենիքի՝ հարավ-արեւելյան Եվրոպայում տեղադրության տեսակետը: Դա մի կողմից, մյուս կողմից հույն հեղինակների հաղորդումները հայերի՝ բալկանյան ծագման վերաբերյալ առաջ բերեցին հայերի եկվոր լինելու մասին տեսությունը, որն ամրապնդվեց Վանի թագավորության (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ, Ք.ա. 9-6-րդ դարեր) սեպագիր արձանագրությունների ոչ հայերեն ընթերցման հետեւանքով: Ձեւավորվեց մի տեսակետ, ըստ որի հայերը, գաղթելով Բալկանյան թերակղզուց, Ք.ա. 8-6-րդ դարերում մուտք են գործել Ուրարտու, նվաճել այն եւ վերջինիս անկումից հետո Ք.ա. 6-րդ դարում ստեղծել իրենց պետությունը (Երվանդունյաց թագավորությունը): Այս տեսակետը, որ չի հիմնվում փաստերի ամբողջության վրա, ուստի եւ չի կարող ճշմարտացի լինել մի շարք պատճառներով, դարձավ եւ մինչ օրս մնում է քաղաքական շահարկումների առարկա (հատկապես պատմության թուրք, իսկ ավելի ստույգ՝ սիոնա-համաթուրանական կեղծարարների կողմից):

Հայագիտությունում որպես հայտնագործություն ընդունվեց Յ. Մարկվարտի ուսումնասիրությունը, որի համաձայն հայերը «արիմներ» անվամբ հիշատակվում են Հոմերոսի «Իլիականում», նրանց բնակության վայրը եղել է Արգեոս լեռան շրջանը Փոքր Ասիայում: Հարմարեցվելով բալկանյան ներգաղթի տեսությանը՝ այս փաստը համարվեց ներգաղթի ճանապարհին հայերի հանգրվանելու մասին հիշատակություն: 1915թ. չեխ սեպագրագետ Բ. Հրոզնին վերծանեց խեթական սեպագրերը, որոնք կարեւոր տեղեկություններ էին պարունակում Հայկական լեռնաշխարհի մասին: Այդ արձանագրություններում պատմվում է Հայասա պետության (Ք.ա. 15-13-րդ դդ.) մասին, որի անվան մեջ մի շարք ուսումնասիրողներ իրավացիորեն տեսնում են հայ ցեղանունը (-սա/ասա վերջավորությունը խեթերենում տեղանվանակերտ մասնիկ է):

Հաջորդը հայերի ծագման վերաբերյալ հաբեթական կամ ասիանիկ տեսությունն էր, համաձայն որի, հայերենը ոչ հնդեվրոպական, խառնածին լեզու է, հետեւաբար հայերը չեն մասնակցել հնդեվրոպական գաղթին եւ, ըստ այդ տեսության, առաջացել են տեղաբնիկ ասիական (այդտեղից էլ «ասիանիկ» անվանումը) ցեղերից: Այս տեսությունը չէր կարող դիմանալ լուրջ գիտական քննության, եւ այժմ էլ մերժվում է գիտության կողմից, քանի որ չեն լինում խառնածին լեզուներ. երկու լեզուների ձուլումից չի առաջանում երրորդը, այլ մեկը դառնում է հիմք, մյուսը՝ ենթաշերտ:

1950-60-ականներից մինչեւ 80-ական թվականները հայագիտության մեջ գերիշխեց մի նոր տեսակետ, որը մերժելով անցյալում թույլ տրված մի շարք սխալներ, իր հերթին զերծ չմնաց դրանցից՝ վերականգնելով հայերի եկվորության տեսակետը: Ի տարբերություն նախորդ համանման տեսության, սրա կողմնակիցները հայերի ներգաղթը թվագրում էին Ք.ա. 12-րդ դարով, երբ, ըստ եգիպտական աղբյուրների, տեղի է ունեցել մեծ ներգաղթ Եվրոպայից դեպի Առաջավոր Ասիա (այսպես կոչված «ծովի ժողովուրդների» ներխուժումը): Ներգաղթող ցեղերի կազմում նախահայերն, ըստ այդ տեսության, եղել են մուշքերը: Մուշքերի լեզվի մասին, սակայն, մեզ գրեթե ոչինչ հայտնի չէ, եւ չկա որեւէ լուրջ փաստարկ, որով հիմնավորվի մուշքերի նախահայկական կամ հայկական ցեղ լինելը (ցեղանվան -ք վերջավորությունը, որը փորձում են կապել հայերենի գրաբարյան -ք հոգնակիակերտ-տեղանվանակերտ մասնիկին, հեռու է բավարար փաստարկ համարվելուց, այլապես հայազգի պետք է համարվեն բոլոր այն ցեղերը, որոնց անվանումներն ավարտվում են -ք-ով): Այդ տեսությունը լիովին մերժելի է, քանի որ «ծովի ժողովուրդների» թվում չի հիշատակվում հայկական կամ հայանուն որեւէ ցեղ, եւ բացի այդ, Ք.ա. 15-13-րդ դարերում հիշատակված հայասական հատուկ անունների զգալի մասը ստուգաբանվում է վաղնջահայերենով, ինչը նշանակում է, որ առնվազն այդ ժամանակաշրջանում հայերն ապրում էին Հայկական լեռնաշխարհում եւ չեն ներգաղթել որեւէ այլ տարածքից:

1980-ական թվականների սկզբներին վերարծարծվեց դեռեւս դարասկզբին հայտնված տեսակետն այն մասին, որ արիական-հնդեվրոպական նախահայրենիքը Ք.ա. 5-4-րդ հազարամյակներում գտնվել է Առաջավոր Ասիայի հյուսիսում, ավելի որոշակի՝ Հայկական լեռնաշխարհում, Փոքր Ասիայի արեւելյան շրջաններում, Հյուսիսային Միջագետքում եւ Իրանական սարահարթի հյուսիս-արեւմուտքում: Այս տեսակետը գնալով ավելի ամրապնդվում է նոր ի հայտ եկող փաստերով եւ այսօր ընդունվում է մասնագետների մեծ մասի կողմից: Հայ տեսակի ծագման հարցը այս տեսության ներքո ստացավ նոր պատկեր: Ինքնըստինքյան դուրս է գալիս հայերի եկվորության հարցը, քանի որ արիական-հնդեվրոպական նախահայրենիքը գտնվել է հենց այն տարածքում, որում կազմավորվեց եւ իր պատմական ուղին անցավ հայ ազգը: Ներկայումս հստակորեն ու փաստացի կարելի է ասել, որ հայերը Ք.ա. 5-4-րդ հազարամյակներում կազմել են արիական-հնդեվրոպական մայր ժողովրդի մի մասը եւ 4-րդ հազարամյակի վերջին ու 3-րդի սկզբներին առանձնացել են արիական-հնդեվրոպական ընդհանրությունից: Այդ ժամանակաշրջանից սկսել է հայ ազգի (որն իր մեջ շարունակում է կրել հայ ցեղի աստվածային սերմից սերած ժառանգականությունը) կազմավորումը, որն ընթացել է երկու փուլով: Առաջինը, որ կարելի է բնութագրել որպես ցեղային միությունների եւ վաղ պետական կազմավորումների ժամանակաշրջան, տեղի է ունեցել Ք.ա. 3-2-րդ հազարամյակների ընթացքում: Երկրորդ փուլում, շնորհիվ միասնական պետականության ստեղծման, Ք.ա. 1-ին հազարամյակի 1-ին կեսում ավարտվել է հայ ազգի կազմավորումը:

Հնագույն տեղեկությունները Հայաստանի եւ հայերի մասին

Առաջին պատմական տեղեկությունները Հայկական լեռնաշխարհի մասին վերաբերում են Ք.ա. 28-27-րդ դարերին. հին միջագետքյան արձանագրություններում հիշատակվում է Արատտա վաղ պետական կազմավորումը: Արատտա անունն, իրավամբ, համադրվում է Արարատի հետ (համարվելով վերջինիս հնարավոր նախաձեւը), ինչն առավել ակնառու է համաշխարհային ջրհեղեղի մասին շումերական եւ բիբլիական-աստվածաշնչյան պատմությունների համեմատությունից, որոնցում, համապատասխանաբար, Արատտան եւ Արարատն են հանդես գալիս իբրեւ փրկության վայր:

Միջագետքյան բնագրերում Արատտա երկիրը երբեմն նշվում է Սուբուր (Սուբարի, Սուբարտու) երկրանվան գաղափարագրով, ինչը նշանակում է այդ երկուսի՝ միեւնույն երկրին տրված անվանումներ լինելը: Սուբուր-Սուբարի-Սուբարտուի մասին հիշատակությունների (որոնցից հնագույնները գտնում ենք Ք.ա. 26-րդ դարի բնագրերում) քննությունը ցույց է տալիս, որ դրանք իրենց հերթին վերաբերում են նույն այն տարածքներին, որոնք Ք.ա. 24-23-րդ դարերից սկսած հիշատակվում են Արման(ի), Արմի, Ուր(ու)մե եւ այլ անուններով՝ Արմենիա երկրանվան նախաձեւերով: Ք.ա. 1-ին հազարամյակում դրանք հանդես են գալիս Արմե եւ Շուբրիա անվանումներով, ինչն էլ հիմք է եղել գիտական գրականության մեջ Արմե-Շուբրիա բաղադրյալ երկրանվան կիրառության համար: Սուբուր-Արման(ի) համընկնումից զատ կա չափազանց կարեւոր մի փաստարկ եւս, որը գալիս է ավելի ընդգծելու Սուբուրի կապը հայաստանյան իրականության հետ. որոշ միջագետքյան երկլեզու բնագրերում նույն երկիրն աքադերեն բաժնում կոչվում է Սուբուր, շումերերենում՝ Հայա, մի անուն, որը նույնանում է մեր ազգի ինքնանվանը: Մի կողմից Արատտայի համապատասխանությունը Սուբուրին, մյուս կողմից Սուբուրինը՝ Հայային եւ Արման(ի)ին, տրամաբանորեն հանգեցնում են Արատտա-Հայա-Արման(ի) նույնության եզրահանգմանը, որը լրացուցիչ հիմնավորվում է Արատտա-Արարատ-Հայաստան եւ Արման(ի/ում)-Արմենիա-Հայաստան կապերով: Արման(ի) երկիրը Արմի անվամբ հիշատակվում է Էբլայի (Հյուսիսային Սիրիա) Ք.ա. 24-23-րդ դարերի արձանագրություններում: Դրանցում հաղորդվում է Արմիում բնակված Հայայի որդիների (հայորդիների) մասին, որոնք ակտիվ փոխհարաբերություններ են ունեցել շրջակա երկրների հետ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Էբլայի բնագրերի Հայայի որդիները, շումերական աղբյուրների Հայա երկիրը եւ միջագետքյան դիցաբանության Հայա աստվածը ծագումնաբանորեն կապված են միմյանց: Միջագետքյան գրականությունում Հայա աստվածը հայտնի է Էնկի՝ «տիրակալ երկրի», Նուդիմմուդ՝ «արարիչ, ստեղծող» եւ այլ պատվանուններով, նրա պաշտամունքը կապվել է Հայկական լեռնաշխարհի հետ եւ նրա որդին է համարվել Արատտայի հովանավոր աստված Դումուզին (անունը շումերերեն նշանակում է «ճշմարիտ, հարազատ որդի»), որը համապատասխանում էր հայոց հնագույն դիցարանի Հայկ-Օրիոնին: Այս տեղեկությունների շնորհիվ կարելի է բացատրել նաեւ մեր անվանադիր նահապետի Հայկ անունը, որը կարող է պարզապես նշանակել Հայ(ա) աստծո կամ ցեղի որդի, ներկայացուցիչ (Հայ(ա)+իկ=Հայկ): Եվ լիովին իրական պետք է համարել հայոց ազգային ավանդության այն տեղեկությունը, թե մեր ժողովուրդն իրեն կոչել է Հայկի անունով, այսինքն՝ Հայ(ա) աստծո կամ ցեղի որդիներ: Բարձրյալների՝ Հայըր(ներ)-ի, Հայր(եր)-ի շագմանը, Հայրք-Հարք-Հայրերի-Հայերի երկրին մենք արդեն «Լուսանցք»-ի նախորդ թողարկումներում:

Ամփոփելով ասվածը՝ տեսնում ենք, որ դեռեւս Ք.ա. 28-23-րդ դարերում Հայկական լեռնաշխարհը հիշատակվում է Արատտա, Հայա, Սուբուր եւ Արման(ի) անվանումներով, որոնցից Սուբուրը դադարում է գործածվելուց Ք.ա. 1-ին հազարամյակի առաջին կեսին, իսկ մյուսները շարունակում են կենսունակ մնալ որպես Արարատ, Հայաստան եւ Արմենիա: Նշված ժամանակաշրջանից սկսած՝ հնագույն բնագրերում վկայվում է նաեւ մեր ազգի ինքնանվանումը, ինչը համահունչ է լեզվաբանության արդի նվաճումներին, որոնց համաձայն՝ հայերեն լեզուն ու նրանով խոսողները արիական-հնդեվրոպական ընդհանրությունից անջատվել եւ ինքնուրույնացել էին Ք.ա. 4-3-րդ հազարամյակների սահմանին: Ուստի եւ հստակորեն կարելի է պնդել ու հիմնավորել, որ մեր ազգը տեղաբնիկ է, Ք.ա. 3-րդ հազարամյակի առաջին կեսից (որից ավելի վաղ գրավոր տեղեկությունները Հայաստանում գազանաբար ոչնչացվել են, գուցե թե այլ տեղերից գտնվեն) հիշատակվում է Հայկական լեռնաշխարհում, ուր հետագա հազարամյակների ընթացքում կերտել է իր պատմությունը, հետամուտ է իր առաքելությանը:

Արամ Ավետյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։