Հայկական խոհանոց – Սմբուկը՝ գառան մսով… Սերիալները կդառնան գեղֆիլմեր, բայց էլի՛ արժեզուրկ կմնան… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե;ք եւ օգտվեք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Սմբուկը՝ գառան մսով

Բաղադրությունը - Փոքր, մսոտ սմբուկներ – 10 հատ, գառան միս – 0.5 կգ, սոխ – 300 գ, լոլիկ – 400 գ, գազար – 2 հատ, կանաչ տաքդեղ – 1 հատ, համեմ – 1 կապ, հոտավետ պղպեղ, սպիտակ պղպեղ, դմակ – 100 գ, :բուսայուղ – 550 գ, աղ:

Պատրաստման եղանակը – Միսը լվանալ, խաշել, մանր խորանարդիկներով կտրատել: Սոխը մանր կտրատել եւ սոխառած անել դմակով եւ 50 գ բուսայուղով: Դմակի ու սոխի հետ տապակել նաեւ տաքդեղը:

Լոլիկը կեղեւից հեռացնել, մանր կտրատել եւ ավելացնել սոխառածին, մեջը լցնել նաեւ մանր կտրատած գազարը: Հավելել միսն ու համեմը եւ համեմել աղով ու պղպեղներով: Սմբուկները լվանալ, երկարությամբ կեղեւահանել եւ 0.5 լ բուսայուղով տապակել: Տապակելուց հետո սմբուկները նավակի պես բացել, աղով համեմել եւ մեջը լցնել միջուկը: Երեսին կտրտած լոլիկներ շարել եւ դնել ջեռոցը: Եփել տասը րոպեի չափ՝ 2000-ի տակ: Բարի ախորժակ:

Սերիալները կդառնան գեղֆիլմեր, բայց էլի՛ արժեզուրկ կմնան

Հայ կինոարվեստում նոր շարժ է նկատվում: Ժամանակին մեծ լսարան հավաքած եւ աղմուկ հանած մի քանի սերիալներ կդառնան գեղարվեստական ֆիլմեր: Խոսքը, մասնավորապես, «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերության «Կյանքի գինը» սերիալների մասին է: Այժմ դրանց ստեղծագործական անձնակազմերը բուռն աշխատանքային գործընթացում են, քանի որ սերիաները խտացնելու եւ գեղարվեստական ֆիլմ դարձնելու համար փոփոխություններ են արվում: Մտահղացման հեղինակները մտադիր են գեղարվեստական ֆիլմ դարձած «Որոգայթը» եւ «Կյանքի գինը» վաճառել դրսում, դրանք այսօր մեծ պահանջարկ ունեն ԱՄՆ-ում: Որոշ դրվագներում նկարահանվելու համար ԱՄՆ-ից վերջերս Հայաստան է եկել «Կյանքի գինը» սերիալի առանցքային դերասաններից Ալեքսանդր Խաչատրյանը՝ Արտոն: Հիշեցնենք, որ «Կյանքի գինը» եւ «Որոգայթը» այնքան մեծ լսարան ունեին, որոնց ժամանակ գովազդ ցուցադրելը քչերի գրպանին էր հասու: Խոսք կա, թե այդ սերիալներում գովազդ դնելու համար մինչեւ 6 մլն դրամանոց փաթեթներ են վաճառվել։

Զարմանալի է,  բայց մեր հանրությունը միանգամից մտավ սերիալային կյանք՝ կարծելով, թե իր կյանքի բացերն այնտեղ է փարատելու, սակայն անգամ այն դաժան, ցուրտ ու մութ տարիներին՝ 1990-ականներին, այսպիսի մի խոսք կար՝ «Մեր ժողովուրդը իր հոգսերը թողած՝ Իզաուրայի հոգսերով է ապրում»… Սա այդ տարիների բրազիլիական սերիալների «պայթյունի» ժամանակի խոսքն է: Հետո այսպես մեր ժողովրդին բերեցին հայկական սերիալային հիվանդանոց ու հոգսերի անսպառ ու ճնշող աշխարհ…  

Մի կողմից լավ է, որ պիտի փորձեն այդ երկարաշունչ սերիալների վերջը տալ եւ ֆիլմերի վերածել, բայց միշտ հնչում է այս հռետորական հարցը՝ արդյո՞ք այդ ծախսերը չպետք է մեկտղել ու թեկուզ 1-2 հզոր հայկական պատմական ֆիլմ նկարահանել, որ եւ՛ պատմական եւ՛ ազգային արժեք դառնա ու նաեւ միջազգային ասպարեզում որպես մշակութային ու քաղաքական արժեք ծառայի… Ցայսօր նախանձով եմ դիտում հունական, պարսկական, հնդկական, իռլանդական ու շոտլանդական, անգլիական, սկանդինավյան, հռոմեական կամ չինական, ճապոնական, կորեական պատմա-մշակութային արժեհամակարգով ստեղծված ֆիլմերը, որտեղ ազգի ծագումից կամ պետության ստեղծումից սկսած մինչեւ ներկայիս կյանքն են պատկերում… Սա եւս սերիալ է, բայց բոլորովին այլ էություն եւ իմաստ, բոլորովին այլ արժեք ու կրթահամակարգ ունի: Պատճառաբանում են, թե սերիալների ծախսերը մեծ չեն, բայց տասնյակ սերիալներից հաստատ մի նորմալ ֆիլմ դուրս կգար, բայց չէ, այստեղ միայն բիզնեսն է խոսում՝ արագ փողեր աշխատելու առեւտրականի հոգեբանությունը:

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Հայաստանի 4 ակումբներից 3-ը կշարունակեն պայքարը

Երեւանի «Փյունիկը» հաղթահարեց ֆուտբոլի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի արգելքը՝ պայքարից դուրս թողնելով Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորե»-ին: Մրցակցի դաշտում կայացած պատասխան խաղում «Փյունիկ»-ը կրկին, ինչպես Երեւանում, հաղթեց 2:1 հաշվով եւ մտավ որակավորման 2-րդ փուլ, որտեղ կհանդիպի Նորվեգիայի անցած տարվա չեմպիոն «Մյոլդե»-ի հետ: Առաջին հանդիպումը տեղի կունենա մրցակցի հարկի տակ:

Գյումրիի «Շիրակ»-ը Բոսնիայում չնայած պարտվեց Սարաեւոյի «Զրինսկ»-ուն՝ 1:2, սակայն ի հաշիվ մրցակցի դաշտում խփած գոլի մտավ երկրորդ փուլ, որտեղ ուժերը կչափի Շվեդիայի ԱԻԿ-ի հետ:

Երեւանի «Ալաշկերտ»-ը նույն հաշվով Շոտլանդիայում զիջեց տեղի «Սենտ Ջոնստոն»-ին, բայց դարձյալ արտագնա գոլի շնորհիվ նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր, ընդ որում առաջին իսկ փորձից: Այստեղ ալաշկերտցիների մրցակիցը կլինի Ղազախստանի հնագույն ակումբը՝ Ալմա-Աթիի «Կայրաթ»-ը:

Երեւանի «Ուլիս»-ը սեփական դաշտում 1:3 հաշվով խայտառակ եւ ցավալի պարտություն կրեց Մալթան ներկայացնող «Բիրկիրկարա» թիմից եւ դուրս մնաց հետագա պայքարից: Սա այն դեպքում, երբ մրցակցի դաշտում հայկական թիմը ոչ-ոքի էր խաղացել՝ 0:0 եւ հրաշալի հնարավորություն կար, որ պայքարը շարունակեին հայկական բոլոր 4 թիմերը…

Այսպես՝ մեր ակումբային ֆուտբոլը նոր նվաճման հասավ: Հայաստանն առաջին անգամ 3 մասնակից կունենա եվրոգավաթների 2-րդ փուլում:

Երբ մեծամտանում են շողոքորթվելիս կամ՝ Բաքվի սխալ դասերը

«Բաքվում ամեն օր մեր պատվիրակությանը մոտենում էին տարբեր երկրների օլիմպիական կոմիտեների նախագահներ եւ շնորհակալություն հայտնում խաղերին մասնակցելու համար՝ նշելով, որ մեր կատարած քայլը բնորոշ է հզոր երկրներին»,- հայտնել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ով Ադրբեջանում վերջերս կայացած եվրոպական 1-ին խաղերում եղել է մեր պատվիրակության ղեկավարը:

Բոլոր առումներով հոգեբանական ու մրցավարական ճնշումների ենթարկվելուց հետո, անգամ եվրոպացիների շողոքորթող խոսքերը պիտի սթափ պահեին մեր պատվիրակներին, սակայն տեղի է ունեցել լրիվ հակառակը: Թշնամական երկրում ադրբեջանական կաշառատվությամբ ու եվրոպական կաշառակերությամբ անցկացված խաղերին մասնակցությունը համարյա հերոսություն են հասկացել ոմանք… Բա ի՞նչ պիտի անեին եվրոպացիները, պիտի գովեին այն հայերին, որոնց մասնակցությամբ իրենց ատորությունը անցավ առանց հայկական դիմադրության:

Խոսելով մեր մարզիկների ելույթների մասին՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահն ասաց, որ իրենք այդ խաղերում ակնկալում էին 3 մեդալ, սակայն նվաճեցին միայն մեկը. «Մենք մրցավարությունից դժգոհելու իրավունք չունենք: Որոշակի խնդիրներ կային բռնցքամարտում, սակայն դա կապված էր այդ ձեւի կանոններում տեղի ունեցած փոփոխությունների հետ: Հայ մարզիկների նկատմամբ կողմնակալ մրցավարություն մենք չենք նկատել Բաքվում»,- նշել է Հրաչյա Ռոստոմյանը, իր կողմնակալ կարծիքով ստախոս համարելով այն մարզիկներին ու մարզիչներին, ովքեր դժգոհ էին ծախու մրցավարությունից:

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը հերթական անգամ հիշեցրեց, որ մեր պատվիրակության բոլոր ծախսերը հոգացել է կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Չնայած Ադրբեջանը պատրաստ էր նաեւ Հայաստանի հավաքականի ծախսերը հոգալ, միայն թե մեկներին: Եթե 50 երկրի ծախս հոգացել էր Բաքուն, հաստատ Հայաստանի դեպքում չէր խեղճանալու: Բայց լավ է, որ գոնե դա կանխվել է մեր կողմից: Իսկ թե ինչ եղանակով են փոխհատուցել Բաքվում կատարված ծախսերը՝ ՀԱՕԿ-ի  գլխավոր քարտուղարը մեր պատվիրակության մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանի օգնությամբ պատասխանել է, որ «ՀԱՕԿ-ը վճարել է մեր մարզիկների բոլոր ուսումնամարզական հավաքները, ճանապարհածախսը: Բաքվում մնալու, սնվելու, տրանսպորտի համար, բնականաբար, ոչ մի գումար չենք ծախսել, սակայն դրա դիմաց գումար ենք փոխանցել Եվրոպական օլիմպիական կոմիտեին»:

Հարավային Կորեա.- Համաշխարհային ուսանողական մարզական խաղեր

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում մասնակցում է 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին (Ունիվերսիադա): Հուլիսի 3-ին մեկնարկած խաղերին Հայաստանը մասնակցում է 22-հոգիանոց թիմով՝ 12 մարզիկ, 6  մարզիչ, 2 մրցավար եւ 2 այլ ներկայացուցիչ:

Պատվիրակության ղեկավար, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ, սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում հունիսի 26-ին նշեց, որ ֆեդերացիան 1995թ.-ից մասնակցում է ուսանողական խաղերին: «Այս տարվա խաղերին մասնակցում են 170 երկրների պատվիրակություններ: Մենք մրցելու ենք 6 մարզաձեւերում՝ սուսերամարտ, ձյուդո, թաեքվոնդո, սպորտային մարմնամարզություն, լող եւ թենիս»,- նշեց Հովհաննես Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ այս Ունիսվերսիադայի ծրագրում չկա շախմատ, ըմբշամարտ, բոքս, ծանրամարտ: «Մենք մարզիկներ ունենք, որոնք իրենց լավ են դրսեւորել տարբեր միջազգային մրցաշարերում»,- ակնկալիքների մասին խոսելով՝ հավելեց Հովհաննես Գաբրիելյանը: Պատվիրակության ղեկավարի խոսքով՝ ընտրվել են լավագույնները, իսկ Հայաստանը տարբեր տարիներին մեծ թվով մեդալներ է նվաճել Ունիսվերսիադաներում:

Լիլիթ Էվոյանն արդեն 6 տարի սուսերամարտով է զբաղվում: «Մասնակցել եմ տարբեր միջազգային մրցումների, եւ առաջին անգամ եմ մասնակցում Ունիսվերսիադային: Ակնկալիքները մեծ են, հույս ունեմ, որ կվերադառնանք հաղթանակով»,- նշել է նա: Ունիսվերսիադայի մասնակից հայ մարզիկները փաստում են, որ ջանք չեն խնայել, լավ են պատրաստվել եւ հաղթանակի մեծ հույս ունեն:

28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերը (Ունիսվերսիադա) կավարտվեն հուլիսի 14-ին: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան կազմավորվել է 1994թ.: Հայաստանի ուսանող  մարզիկները Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին մասնակցում են 1995թ.ից: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է:

Համահայկական 6-րդ խաղերի ջահը հասավ Կահիրե

Համահայկական ամառային 6-րդ խաղերի սփյուռքյան ջահը շրջելով Միջին արեւելքը՝ հասավ Կահիրե: Այն դիմավորեցին Եգիպտոսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր քարտուղար Բագրատ Բուռնազյանը, գործկոմի անդամներ, հայ համայնքի, տեղի ավանդական կուսակցությունների եւ հասարակական ու բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվել է պատարագ: Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ Անթիլիասի մայր տաճարի անմար կրակը համահայկական խաղերի սփյուռքը խորհրդանշող ջահի միջոցով փոխանցվել է եգիպտահայերին: Եգիպտոսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը համահայկական խաղերը համարեց մեր միասնականությունը եւս մեկ անգամ աշխարհին ցույց տալու լավագույն միջոց. «Համահայկական խաղերն ուղերձ են հատկապես ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ներկայանալու որպես պահանջատեր, ցույց տալու հայի հաղթող տեսակը»,- ասել է նա:

Համահայկական խաղերի ստեղծման առաջին օրերից խաղերի անցկացման եւ կազմակերպման գործում կարեւոր ներդրում ունեցած Պերճ Հալաջյանի խոսքով՝ համահայկական խաղերը հայ երիտասարդներին հայրենիք բերելու, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը ցույց տալու, հայրենիք-սփյուռք կապերն ամրապնդելու լավագույն տարբերակներից են, սպորտն այստեղ պարզապես միջոց է:

Սփյուռքը խորհրդանշող ջահը կտրելով Նեղոսը՝ հասավ հավերժության հետ մրցակցության մեջ մտած եգիպտական բուրգեր՝ հետ Հայաստան բերելով հավերժի գաղափարը:

Վարուժան Հակոբյանը գրավեց 11-րդ տեղը

ԱՄՆ-ն եւ Բրազիլիան ներկայացնող հայազգի շախմատիստներ Վարուժան Հակոբյանն ու Գրիգոր Մխիթարյանը չկարողացան մրցանակային տեղ զբաղեցնել Արլինգտոնում ավարտված շախմատի բաց առաջնությունում: Մեր հայրենակիցները 9 հնարավորից վաստակեցին 6,5-ական միավոր եւ բաժանեցին 9-17-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Վարուժան Հակոբյանը զբաղեցրեց 11-րդ, իսկ Գրիգոր Մխիթարյանը՝ 14-րդ տեղը:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց իսրայելցի գրոսմայստեր Իլյա Սմիրինը, որը եւս 7 շախմատիստների հետ վաստակեց 7 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 1-ին տեղը:

Ստրասբուրգում լավագույնը Անդրանիկ Խաչատրյանն էր

Ֆրանսիական Ստրասբուրգ քաղաքում թեքվանդոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի պատվիրակները անչափ անհաջող հանդես եկան:

Մեր 5 մարզիկները՝ Սլավա Խաչատրյանը (33 կգ քաշային կարգ), Դավիթ Թորոսյանը (37 կգ), Տիգրան Գրիգորյանը (45 կգ), Նարեկ Սահակյանը (49 կգ) եւ Ռոման Հայրապետովը (53 կգ) իրենց առաջին մրցամարտում պարտություն կրեցին եւ ավարտեցին ելույթները:

61 կգ քաշայի կարգում հանդես եկող Անդրանիկ Խաչատրյանը հաղթանակ տարավ առաջին փուլում եւ մտավ քառորդ եզրափակիչ: Ավաղ, բրոնզե մեդալի գին ունեցող մրցամարտում մեր մարզիկը պարտվեց ուկրաինացի Վլադիսլավ Յերկոյին եւ ստիպված բավարարվեց 5-րդ տեղով:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 25 (371), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։