Կապուտաչյա Սեւանի ափին Հայոց Վարդավառն է՝ Աստղիկ Աստվածուհու տոնը… Փոքրիկ Աստղիկի վարդավառյան 3-րդ ամյակն է… Սեր տանք, որ սեր ստանանք – Սիրե՛նք մեր մայրաքաղաքը՝ «Երեւանյան ամառ»՝ 3-րդ տարին անընդմեջ…

Հայոց Վարդավառն է՝ Աստղիկ Աստվածուհու տոնը

Հայ արիները եւ հեթանոս ազգայնականները այս անգամ  Հայոց Վարդավառի տոնը կնշեն հուլիսի 12-ին՝ փոքր Սեւանի ճիշտ կենտրոնում, որտեղից հենց արեւի ծագման պահին շատ լավ երեւում է ջրային մի փոքրիկ առվակ, որ հանկարծակի ծնվում, լողում ու չքանում է լճում:

Ճիշտ այդ պահին Հայ արիական միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասը վարդավառյան ծես կանի՝ ի փառս Հայոց սիրո աստվածուհի Աստղիկի: Ճիշտ այդ պահին, որպեսզի հայտնվող ու չքացող զարմանահրաշ առվակը ջրերին խառնի Աստղկան սերը եւ այդ օրը Սեւանի ջրով ցողվողները պարուրվեն Աստղիկի սիրով: Քրմերը Աստղիկ Աստվածուհուց կխնդրեն, որ երկրային սերն ամրապնդվի երկնային սիրով, որ սիրո ուժը նուրբ լինի եւ ոչ թե բիրտ:

Քրմերն իրենց հետ նախապես վերցրած դաղձով ու ուրցով թրմաջուրը եւ վարդի թերթիկներից պատրաստած օշարակը շաղ կտան լճի ջրերում՝ ի նշան Հայոց աղջիկների նրբաբույր սիրով հարդարանքի ավանդության:

Աստղիկը, առհասարակ սիրո եւ գեղեցկության մարմնավորումն է Տիեզերքում, քանզի, ինչպես նշել ենք նախկինում, միայն Հայ Աստվածային Համակարգում է, որ ի սկզբանե եղել է Սիրող Զույգերի Արարչակնքում՝ Վահագնի եւ Աստղիկի Հավերժական Սիրո: Եվ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի ու Հայոց սիրո ու գեղեցկության Աստվածուհի Աստղիկի սերը ցայսօր եզակի է ներաստվածային պատմության մեջ, եւ ունի յուրօրինակ առաքելություն: Եվ արդար ուժ է Վահագնի զորությունը, զերծ չարությունից ու բիրտ լինելուց, քանզի պարուրված է աստղկական սիրով: Եվ զորավոր ու հաստատուն է Աստղիկի սերը, զերծ տկարությունից, քանզի պաշտպանված է արդար ու բարի զորությամբ:

Ծեսից հետո ափ դուրս կգան քրմերը: Հայ արիներն ու ազգայնականները ավանդական ջրախաղից հետո սեղանի շուրջ կբոլորեն: Ծիսական ուտեստները ճաշակելուց առաջ քրմերը հաղթաձոն կհղեն առ Աստղիկ Աստվածուհի՝ հայերի սրտերը սիրավառ պահելու, սիրող զույգերին էլ սատարելու խնդրանքով: Հայ արի քրմերը կառաբանեն նաեւ Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:

Շնորհավորանք.- Փոքրիկ Աստղիկի վարդավառյան 3-րդ ամյակն է…  

Հայ Արիական միաբանության, Հայ Ազգայնականների համախմբման անդամները եւ «Լուսանցք»-ի աշխատակազմը շնորհավորում են ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի եւ «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանի լուսեղեն հրաշքի՝ Աստղիկի 3-ամյակը, որ լրանում է հուլիսի 12-ին:

Մաղթում են առողջություն, ծիծաղ, վճիտ, անհոգ կյանք եւ սե՛ր-սե՛ր-սե՛ր, որ կողողի Աստղիկին ամեն կողմից՝ Աստղիկ Աստվածուհու հովանու ներքո:

«Երեւանյան ամառ» – Սեր տանք, որ սեր ստանանք

Արդեն երրորդ տարին անընդմեջ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում «Երեւանյան ամառ» եռամսյա բազմոլորտ՝ մշակութային, ժամանցային ու առողջապահական ընդգրկուն ծրագիր է արվում: Գրեթե բոլոր միջոցառումները բացօթյա են: Քաղաքապետարանն այսպես է արել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ միջոցառումներին ավելի շատ մարդիկ կմասնակցեն, մթնոլորտն ավելի տոնական լինի եւ, ինչու ոչ, երիտասարդններն իրենց անկաշկանդությամբ ու ավյունով ուրույն ու հիշվող կդարձնեն օրերը:

«Երեւանյան ամառ»-ը երեւանյան տապից փրկվելու մի ձեւ է, ու՝ ոչ միայն երեւանցիներիս համար: Զբոսաշրջիկներն էլ կարող են վայելել իրենց երեւանյան օրերը: Բացի այդ՝ մեծապես կօգտվեն նաեւ ծնողները, ովքեր կարող են առանց միջոցներ ծախսելու կազմակերպել իրենց երեխաների առօրյան, ինչը մեր օրերում, գաղտնիք չէ, կարեւոր է:

Հունիսի, հուլիսի եւ օգոստոսի միջոցառումները բազմազան են. երկաթուղու եւ մանկական զվարճախաղերի անվճար սպասարկումից, կավճանկարչությունից, բացօթյա համերգներից, մարզական մրցույթներից, ազգային տոներից սկսած մինչեւ բացօթյա մուլտֆիլմերի ցուցադրություն, Կարապի լճի հարակից տարածքում Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի ընտրված ֆիլմերի բացօթյա ցուցադրություն: Ասել է թե՝ երեխաներից զատ կարող են օգտվել երիտասարդները, մեծահասակները (եթե միջոցառումներին ներկա լինեն վայրին ու ժամանակացույցին համապատասխան), բոլոր նրանք, ովքեր սիրում են Երեւանը:

Ի դեպ, «Երեւանյան ամառ» ծրագրի ավանդական միջոցառումներից են դարձել «Գարեջրի» եւ «Ձմերուկի» փառատոնները, որոնք, դատելով երեւանցիների ու հյուրերի ակտիվ մասնակցությունից, շատ սիրված օրեր են դարձել։ Վարդավառը եւս ծրագրում ներառված է ու այս կիրակի կտոնվի Երեւանի տարբեր ջրավազանների մոտ ու բակերում։

«Երեւանյան ամառ 2015» ծրագրի նորույթներից են «Հացը լեռներում» տոնածիսական փառատոնը՝ «Համով-հոտով Երեւան» խորագրով, «Ուրֆա. Վերածնված արժեքներ» ազգային տարազների ցուցադրությունը, «Հայտնիները հայ լուսանկարիչների աչքերով» ցուցահանդեսը, «Երեւանյան շեփորներ» երաժշտական բացօթյա փառատոնը, «Երեւան Տարազ FEST» փառատոնը։

Տեղեկացնենք նաեւ, որ օգոստոսին մեծ նորույթ է սպասվում. հյուրախաղերով Երեւան է ժամանելու Սանկտ Պետերբուրգի «Շապիտո Իմպերիալ» կրկեսը։

Բոլոր նրանց համար, ովքեր ավելի պասիվ հանգիստ են նախընտրում եւ թոհուբոհ չեն սիրում, մինչեւ օգոստոսի 31-ը կարող են օգտվել «Թանգարանային Երեւան»-ից: Ամեն շաբաթ օր մուտքն անվճար է լինելու Երեւանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններ՝ Երեւան քաղաքի պատմության թանգարան, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Ժամանակակից արվեստի թանգարան, Կարեն Դեմիրճյանի թանգարան, «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահ։

Այս տարի եւս «Երեւանյան ամառ»-ը ունի առողջապահական բաղադրիչ։ Օգոստոսը մեկնարկելու է «Ավելի առողջ Երեւան» 15-օրյա ակցիայով, որի ընթացքում կիրականացվեն սիրտ-անոթային հիվանդությունների հետ կապված հետազոտություններ՝ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հիմնարկների ներգրավվածությամբ։ «Երեւանյան ամառ 2015»-ն ամփոփվելու է օգոստոսի 31-ին Կարապի լճի հարակից տարածքում՝ «Ցտեսություն, ամա՛ռ» խորագրով եզրափակիչ համերգով։

«Երեւանյան ամառ»-ը գալիս է ապացուցելու, որ չնայած բազմաթիվ խնդիրների առկայությանը, մեր մայրաքաղաքը աշխույժ, ուրախ եւ ավյունով լի քաղաք է: Իսկ խնդիրները լուծելու համար են, եւ կլուծեն նրանք, ովքեր սիրում են մեր Էրիանին- Էրիախին- Էրեբունին- Երեբունեն- Էբանին- Արծիբին-Եբանին՝ արի ցեղի, Ար աստծո ավանը՝ Երեւանը:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 25 (371), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։