Ամուլ որոշում, որ բան չի փոխում – Տուգանողն էլ, փակողն էլ մենք ենք… Մեզանում դեռ կան մայդան որոնողներ… Մինչեւ աուդիտի անցկացումն էլ հնարավոր է վաճառվի ՀԷՑ-ը…

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը օրերս համարյա հերոսի կերպարի մեջ է մտել, մամուլն էլ գրւմ է, թե՝ տեսեք, Նազարյանի հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը տուգանել է 60 մլն դրամով:

Կարճ կլինեմ եւ միանգամից կասեմ. սա ամուլ որոշում է, այնպես ինչպես լուսանկարի ձմերուկն է ամուլ, տեսնու՞մ ենք, կտեր չկան: Այլ կերպ՝ որոշումն իրականում բիբինյան ընկերությանը չի տուգանում:

Փակագծը բացեմ: ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին տուգանեց միանգամից 60 մլն դրամով: Եվ տուգանեց հիմա, երբ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բեռը իր վրա է վերցրել կառավարությունը։ Իսկ տրամաբանությունը պարզորոշ հուշում է, որ որքան ծանրանա ՀԷՑ-ի բեռը, այնքան էլ կծանրանա կառավարության ստանձնած բեռը։ Իսկ կառավարությունն էլ դեռ հայտնի չէ, որտեղից է վճարելու գումարները: Վարկերի՞ց, թե՞ բյուջեից: Միեւնույնն է, փակողը մենք ենք:

Այնպես որ, Նազարյանն իր հանձնաժողովով իրականում տուգանել է ոչ թե ՀԷՑ-ին, այլ՝ մեզ:

Թե ինչ կլինի ՀԷՑ-ի հետ կապված ընդհանուր գործընթացի միջակայքում՝ մինչեւ աուդիտը, առայժմ պարզ չէ:

Բայց դեպքերը հետեւյալ ընթացքով են զարգանում: Քաղաքացիական գործընթացը՝ ընդդեմ էլէներգիայի թանկացման, մարում է, եւ դրան զուգահեռ սկսվում է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի դժգոհությունը սակագների կարգավորումից:  

«Չէի ասի, շարժումը վերջացել է, սակայն այն գնում է մարման. դրա վրա իրենց ազդեցությունն ունեն եւ եղանակային պայմանները, եւ արձակուրդները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:

Տեղեկատվական դաշտում շարժման զարգացումներն ու դրսեւորումները փորձագետը բաժանել է արտաքինի եւ ներքինի. «Ներքին դաշտում գիտենք արդեն, թե որ լրատվամիջոցը ինչպես է լուսաբանում: Ներքինից միայն կառանձնացնեմ այն, որ ոչ մի լրատվամիջոց «Ոչ թալանին» նախաձեռնությանը չվատաբանեց, առաջին անգամն էր մեզ մոտ, երբ բոլորը դրական էին տրամադրված: Արտաքին դաշտում ավելի բարդ էր, քանի որ ամենուր կային մայդան որոնողներ: Նրանք հատուկ եկել էին մայդան լուսաբանելու: Սակայն հասկացան, որ եթե այդպես շարունակեն, հենց օդանավակայանից, իրենց հետ կուղարկեն»:

Մեր կողմից հավելենք, որ շարժումը գնաց մարման, երբ քաղաքական անկայուն ու հստակ գաղափարախոսություն ու նպատակ չունեցող եւ օրեցօր արժեզրկվող ինչ-ինչ ուժերի հաջողվեց քաղաքական «կեղտոտ վրանները» հարթակ հանել…

Ինչ վերաբերում է նշյալ ռուսական ընկերությանը. միայն 2014թ. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ վնասը սակագնային կարգավորման թերացումների պատճառով աճել է 8%-ով եւ կազմել 10,7 մլրդ դրամ։ Այս մասին հայտարարել է «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավար խորհրդի անդամ,  ռազմավարության եւ ներդրումների բլոկի ղեկավար Իլնար Միրսիյապովը։ «Գործող սակագնային կարգավորումը չի երաշխավորում ՀԷՑ-ի եկամուտները եւ հանգեցնում է քրոնիկ վնասների»,- ասել է նա՝ պարզաբանելով, որ ՀԷՑ-ի սակագնային շահույթը վերջին հնգամյակում նվազել է ավելի քան 2 անգամ՝ 50%-ից հասնելով 23%-ի։ «Դա նշանակում է, որ սպառողական սակագների բարձրացումից ստացվող լրացուցիչ եկամուտները ստացել են գեներացնող ընկերությունները, այլ ոչ թե ՀԷՑ-ը։ Եվ սակագնի աճի 73%-ը բաժին է հասնում հանրապետության այլ էլեկտրաէներգետիկ ձեռնարկություններին»,- հավելել է խորհրդի անդամը:

Նա նաեւ հայտնել է, որ ՀԷՑ-ն  է ստանձնում գլխավոր ռիսկերը։ «Հենց ՀԷՑ-ի վրա է արտահայտվում էլեկտրաէներգիայի ոլորտի հաշվեկշռի խախտումը, որի պատճառով ընկերությունը 2012թ.-ից ի վեր անընդհատ վնասներ է կրում։ Արդյունքում ՀԷՑ-ը ստիպված է լինում վարկ վերցնել, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը։ 2015թ. բացասական տենդենցը շարունակվում է»,- ասել է Միրսիյապովը:

Այստեղ են ասել՝ տո դե կորի, ես քո դեսը ղարկողի…

Հնարավոր է, որ այս ամենն արվում է ՀԷՑ-ի վաճառքը նախապատրաստելու համար: Թեեւ ՀԷՑ-ից նշում են, որ ներկա պահին բանակցություններ չեն տարվում ընկերության վաճառքի շուրջ: ՀԷՑ-ը երեւի տեղյակ չէ, որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկն օրերս չի բացառել ՀԷՑ-ի վաճառքը:

Ինչեւէ, իսկ աուդիտ անցկացնող ընկերությունը դեռ հայտնի չէ: Այս պահի դրությամբ տեխնիկական առաջադրանքի վրա են աշխատում, իսկ դրանից հետո կհայտարարվի մրցույթ ու կորոշվի աուդիտ անցկացնող ընկերությունը: Աուդիտից հետո պարզ կդառնա՝ գոհացուցի՞չ են արդյունքները, թե՞ ոչ եւ ըստ դրա էլ կորոշվի՝ քաղաքացիական շարժումը թափ կհավաքի՞ կրկին կամ՝ արդեն ինչ ձեւաչափով թափ կհավաքի:

Համենայնդեպս, կախված արդյունքներից՝ հարցը կդադարի հիմնականում սոցիալական լինելուց եւ, ինչու ոչ, գուցե պայմանավորի հայ-ռուսական հարաբերությունների նոր երանգը…

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 25 (371), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։