Հայ արիականները եւ հեթանոս ազգայնականները այս անգամ Հայոց Վարդավառի տոնը նշեցին հուլիսի 12-ին՝ փոքր Սեւանի ճիշտ կենտրոնում, որտեղից հենց արեւի ծագման պահին շատ լավ երեւում է ջրային մի փոքրիկ առվակ, որ հանկարծակի ծնվում, լողում ու չքանում է լճում:
Ճիշտ այդ պահին Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասը վարդավառյան ծես կատարեց՝ ի փառս Հայոց սիրո Աստվածուհի Աստղիկի: Ճիշտ այդ պահին, որպեսզի հայտնվող ու չքացող զարմանահրաշ առվակը ջրերին խառնի Աստղկան սերը եւ այդ օրը Սեւանի ջրով ցողվողները պարուրվեն Աստղիկի սիրով: Քրմերը Աստղիկ Աստվածուհուց խնդրեցին, որ երկրային սերն ամրապնդվի երկնային սիրով, որ սիրո ուժը նուրբ լինի եւ ոչ թե բիրտ:
Հայ արի քրմերն իրենց հետ նախապես վերցրած դաղձով ու ուրցով թրմաջուրը եւ վարդի թերթիկներից պատրաստած օշարակը շաղ տվեցին լճի ջրերում՝ ի նշան Հայոց աղջիկների նրբաբույր սիրով հարդարանքի ավանդության:
Աստղիկը, առհասարակ սիրո եւ գեղեցկության մարմնավորումն է Տիեզերքում, քանզի, ինչպես նշել ենք նախկինում, միայն Հայ Աստվածային Համակարգում է, որ ի սկզբանե եղել է Սիրող Զույգերի Արարչակնքում՝ Վահագնի եւ Աստղիկի Հավերժական Սիրո: Եվ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի ու Հայոց սիրո ու գեղեցկության Աստվածուհի Աստղիկի սերը ցայսօր եզակի է ներաստվածային պատմության մեջ, եւ ունի յուրօրինակ առաքելություն: Եվ արդար ուժ է Վահագնի զորությունը, զերծ չարությունից ու բիրտ լինելուց, քանզի պարուրված է աստղկական սիրով: Եվ զորավոր ու հաստատուն է Աստղիկի սերը, զերծ տկարությունից, քանզի պաշտպանված է արդար ու բարի զորությամբ:
Ծեսից հետո ափ դուրս եկան քրմերը եւ հայ արիականներն ու ազգայնականները ավանդական ջրախաղից հետո սեղանի շուրջ բոլորեցին: Ծիսական ուտեստները ճաշակելուց առաջ քրմերը հաղթաձոն հղեցին առ Աստղիկ Աստվածուհի՝ հայերի սրտերը սիրավառ պահելու, սիրող զույգերին էլ սատարելու խնդրանքով:
Հայ արի քրմերը փառաբանեցին նաեւ Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:
Հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները տոնական օրը շարունակեցին քաղաքամայր Երեւանում՝ միանալով համազգային ջրախաղին, որն ամեն տարի ավանդույթի ուժով կյանքի է կոչվում, ինչքան էլ, ավելի քան 1700 տարի, հայաստանյայց առաքելական եկեղեցին փորձում է անհիմն ու սին խորհուրդներով քրիստոնեացնել Աստղիկ Աստվածուհու վարդավառյան ջրատոնը, ինչպեսեւ մյուս ազգային հեթանոսական տոները…
Հայ Արիական Միաբանության, Լրատվական կենտրոն
Սեւանա լիճ - Երեւան, 12.07.2015թ.