Անսպասելի ակնարկ ԱԱԾ տնօրենից… Ի՞նչ կտա Հայաստանին Իրանի սահմանափակումների վերացումը… Թեհրանը վնասները հետ կբերի… Հունաստանը կհեռանա՞ մեռելածինի պատճառով… Ի շահ Ռուսաստանի՞, թե՞ ԵՏՄ-ի…

Անսպասելի ակնարկ ԱԱԾ տնօրենից – Ինչու՞ կառավարության նիստի հաղորդագրությունում (տեքստային եւ տեսա տարբերակներում) իսպառ բացակայեց Գորիկ Հակոբյանի խոսքը…

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ կառավարության նիստի մեկնարկին հարց ուղղեց, թե ինչու են «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին դժգոհ կառավարությունից, հատկապես եթե կառավարությունը նրանց տված խոստումը կատարել է:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ի պատասխան տեղեկացրեց, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մինչեւ այս տարվա հուլիսի 15-ը վճարել նաիրիտցիների աշխատավարձերի կուտակված պարտքը, որը կազմում է մոտ 5 մլրդ 310 մլն դրամ: «Մենք այսօր հնարավորություն ունենք պարտքը վճարել: Սակայն հարցն այն է,-ասաց նախարար,- որ նաիրիտցիները միանգամից են ցանկանում ստանալ իրենց աշխատավարձերը: Մի շարք աշխատակիցների կողմից դժգոհություններ են եղել: Իմ, ինչպես նաեւ գործարանի բաժնետիրական տնօրենի անունով բողոք-դիմում են ներկայացրել՝ աշխատավարձի սխալ հաշվարկների հետ կապված: Այժմ ուսումնասիրություններ են կատարվում այդ աշխատավարձի ճշտումների ուղղությամբ: Մեկ-երկու օրերի ընթացքում այդ աշխատանքները կավարտվեն: Որոշակի փաստաթղթային ձեւակերպումներ կան, ձեւն արդեն մշակվել է եւ այսօրվանից գործընթացը սկսվում է»:

Երվանդ Զախարյանը հայտնեց նաեւ, որ աշխատակիցները ցանկանում են աշխատավարձը միանգամից ստանալ, սակայն, նրա խոսքով, այս դեպքում նրանք ստիպված են լինելու մոտ տասնհինգ օր սպասել:

Վարչապետ-նախարար երկխոսությանն արձագանքեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը: Ի դեպ, կառավարության նիստին մոնիտորով հետեւող լրագրողներս այնքան էինք ապշել նրա ելույթից, որ անընդհատ միմյանց հարցնում էինք՝ արդյո՞ք խոսացողը Գորիկ Հակոբյանն է:

Ինչեւէ, ԱԱԾ տնօրենը փորձեց պարզաբանել, թե ինչու են նաիրիտցիները ցանկանում աշխատավարձը միանգամից ստանալ: «Երեկվա հավաքին հինգ հարյուր մարդ կար գործարանի մոտ, միակ առաջարկն այն է, որ ուզում են փողը ստանան միանգամից, բոլորով, ինչի համար, քանի որ մտածում են, որ դուք կվճարեք երկու հարյուր հոգու եւ փողը կվերջանա: Չկա վստահություն մեր իշխանությունների նկատմամբ: Ասում են, կհասնեք քսանին կամ քսանհինգին, կասեք, փող չկա: Ո՞վ կարող է ասել, որ բոլորը կստանան: Պետք է երաշխիք տանք, որ մինչեւ ամսվա վերջ բոլորը կստանան ու համոզված եմ, որ էլ չեն հավաքվի: Նրանք վաղը նորից են գալու»:

Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ եթե կոլեկտիվի անդամները պատրաստակամ են մինչեւ ամսվա վերջ սպասել, ապա կառավարությունը միանգամից կվճարի բոլոր աշխատավարձերը: Իսկ նրանք, ովքեր ցանկանում են հիմա ստանալ, պատրաստ են նաեւ այս ընթացքում կատարել վճարումները. «Մենք համաձայն ենք երկու տարբերակին էլ»:

Հովիկ Աբրահամյանն ասաց, թե կսպասեն նաիրիտցիների առաջարկներին:

Կառավարությունը, երբ նիստից հետո թողարկեց նիստի հաղորդագրությունը, զետեղված էր միայն Աբրահամյան-Զախարյան երկխոսությունը՝ թե՛ տեքստային եւ թե՛ վիդեո տարբերակներում:  

Ի՞նչ կտա Հայաստանին Իրանի սահմանափակումների վերացումը

Իրանն ու վեցնյակի երկրները միջուկային ծրագրի շուրջ հաձայնության եկան վերջապես: ՀՀ ԱԳ  նախարար Էդվարդ Նալբանդյանը ձեռք բերված պայմանավորվածությունը կարեւոր ձեռքբերում որակեց՝ հույս հայտնելով, որ դա հավելյալ խթան կհանդիսանա՝ Հայաստանի և բարեկամ Իրանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար:

Որ Իրանի առեւտրատնտեսական համագործակցությունը կընդլյանվի, կասկած չկա: Ի վերջո, Իրանը մեծ շուկա է եւ թե՛ այս երկիրը կարող է արտերկրի շուկայում ծավալ ապահովել եւ թե այս երկրում արտերկիրը կարող է ընդլայնված մտնել (կրոնական սկզբունքները չանտեսելով իհարկե): Ինչ կարող ենք մենք տալ Իրանին եւ Իրանը՝ մեզ, մտորելու առիթ է: Քանզի մինչ հիշյալ՝ միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը, մենք ու Իրանը այսպես թե այնպես բարեկամ ու լավ հարեւաններ ենք ու համագործակցում ենք միասին: Համատեղ ծրագրեր մինչ այս էլ անում էինք եւ ենք:

Թե ինչը կփոխվի, այս պահի դրությամբ դեռ պարզ չէ:

Օրինակ՝ մենք ունենք Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ծրագիր, որ արդեն երկար ու ձիգ տարիներ հետաձգվում է եւ առանց որեւէ էական պատճառաբանության (պատճառները իբրեւ տեխնիկական են բնութագրվել, բայց 10 տարուց ավելի՞):

Հիմա՝  Իրանի նկատմամբ պատժամիջոցների հանվելուց հետո Մեղրի ՀԷԿ-ը արագ-արագ  կառուցվելու՞ է: Անկեղծ ասած՝ չգիտեմ:

Գուցե ոչ՝ այն պարզ պատճառով, որ Իրանին այլեւս այլ ծրագրեր հետաքրքեն:

Գուցե այո՝ այն պատճառով, որ Իրանն ուզի թե ոչ, իր որոշ ճանապարհներ Հայաստանով են անցնում: Հակված եմ դրական սպասումների՝ կրկին հաշվի առնելով մեր ու մեր հարեւանի հարաբերությունները:

Մեկ այլ հարց էլ այն է, թե ՀՀ-ն ինչ քայլեր կձեռնարկի՝ օգտվելով Իրանի նկատմամբ սահմանափակումների վերացումից: Որովհետեւ միայն այդ սահմանափակումների չլինելուց ՀՀ-ի գլխին, ինքնըստինքյան, մանանա չի թափվելու:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն, օրինակ, կարծում է, որ Իրանի սահմանափակումների վերացումն առաջինը կզգա Հայաստանի զբոսաշրջության ոլորտը: Ի դեպ, նկատեմ, որ իմ կարծիքին համամիտ տեսակետ է հայտնել տնտեսագետը՝ ՀՀ-ԻԻՀ համատեղ ծրագրերի մասով:

«Տարիներ շարունակ այդ համատեղ ծրագրերը կան: Փաստաթղթի վրա ամենաբարձր մակարդակով ստորագրված է հիդրոկայանի կառուցումը: Ցավոք սրտի, այն մինչեւ հիմա իրականություն չի դարձել, առանց որեւէ պատճառաբանությունների: Ամեն անգամ բարձր մակարդակներով հանդիպում են, հայտարարում են, թե եկող տարի կսկեն, մյուս տարի կսկսեն, շինարարությունը սկսել են, բայց որեւէ արդյունք չկա»,-տնտեսագետի խոսքի մեջբերումը panorama.am կայքից բառացի է:

Մասնագետներն այս պահին ձեռնպահ են մնում հստակ տեսակետներ արտահայտելուց՝ սպասելով այն պահին, երբ Իրանը թեկուզ ընդհանուր գծերով հայտարարի, թե տնտեսական ինչ նոր քաղաքականություն է այսուհետ վարելու:

Միայն դա իմանալուց հետո կարելի է ասել, համագործակցության ինչ ուղղություններ կլինեն: Մանավանդ, որ ՀՀ-ԻԻՀ համատեղ ծրագրերում ներդրումներ կատարողը Իրանն է:

Աստղինե Քարամյան

Վնասները հետ կբերի

Իրանական ազգային նավթային ընկերությունը հայտարարել է, որ նախատեսում է 2015-ին ավելացնել նավթի արդյունահանումը բոլոր հանքերից:

Այս մասին, վկայակոչելով իրանական Shargh թերթը, հաղորդում է Reuters-ը:

Ինչպես կարծում են Fitch միջազգային վարկանիշային գործակալության փորձագետները, Իրանում նավթի արդյունահանման վերականգնումը սկսկվի արդեն հաջորդ տարվանից: Բայց առավելագույն մակարդակի հասնելու համար Իրանից եւս մի քանի տարի կպահանջվի:

Ի դեպ, առավելագույն մակարդակ ասելով՝ փորձագետները նկատի ունեն այն մակարդակը, որը եղել է պատժամիջոցներից առաջ:

Հիմա նավթի արտահանման ծավալը կազմում է օրական 1,1 մլն բարել: Համեմատության համար նշենք, որ 2012թ. այդ ցուցանիշը կազմել է 2,5 մլն բարել:

Սրանք էլ ՏԱՍՍ-ի տվյալներն են:

Հիշեցնենք, որ 2006-2010թթ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մի քանի բանաձեւ է ընդունել, որոնցով պատժամիջոցներ են կիրառվել Իրանի նկատմամբ:

Առանձին պատժամիջոցներ են կիրառել ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն: Մասնագետների հաշվարկներով, 2011-2013թթ. նավթային պատժամիջոցներից Իրանը կրել է 80 մլրդ դոլարի վնաս:

Նկատի ունենանք, որ արգելանքը հանելուց հետո Իրանը կարող է անգամ գերազանցել Ռուսաստանին: Ի տարբերություն ՌԴ-ի, ԻԻՀ-ն ավելի քիչ ծախսատարությամբ է արդյունահանում անում:

Մեռելածինի պատճառով

Եվրագոտու երկրների ղեկավարները, 17 ժամ տեւած գագաթնաժողովում, հուլիսի 13-ի առավոտյան «միաձայն որոշման» են հասել Հունաստանի ճգնաժամի կարգավորման հիմնախնդրի շուրջ, որը Հունաստանին թույլ կտա մնալ արժութային միության կազմում: Սակայն, ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր կքաշի:

Ի դեպ,  Աթենքի պարտքի մասնակի դուրսգրման հնարավորությունը բացառվել Է:

Իսկ Հունաստանի ֆինանսների փոխնախարար Նադյա Վալավանին հրաժարական է տվել՝ միջազգային վարկատուների հետ կնքված համաձայնագրի պատճառով: Այս մասին հաղորդում են հունական լրատվամիջոցները:

Ֆինանսների փոխնախարարը երկրի վարչապետին նամակ է հղել, որում մասնավորապես ասում է, թե ինքը պատրաստ է եղել դիմակայել մարտահրավերներին եւ գնալ մինչեւ վերջ, «բայց վարկատուների հետ կնքված նոր համաձայնագիրը միայն արագացրել է եվրոագոտուց Հունաստանի դուրս գալու գործընթացը»:

Նա հույս է հայտնել, որ «պայքարը վարկատուների դեմ» կշարունակվի: Նադյա Վալավանին ասել է, թե պատվիրակությունը Բրյուսելից վերադարձել է պարտավորություններով եւ մեռելածին միջոցառումներով: Եվ որ բարեփոխումները գնահատելիս վարկատուներն ամեն անգամ դնելու են պայմանը՝ կամ դուրս գալ եվրոգոտուց, կամ ավելի խիստ տնտեսման միջոցառումներ իրականացնել: Եվ որ այս պայմաններում ինքն անկարող է մնալ կառավարության կազմում:

Ի շահ ԵՏՄ-ի

Ռուսաստանը նախատեսում է Թաիլանդից 160 միլիոն դոլարի կաուչուկ գնել եւ այդ երկրին ռազմական նշանակության ռուսական ապրանք վաճառել:

Ռուսաստանի արդյունաբերական առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը Թաիլանդին ռուսական զենք վաճառելու մասով ասել է, որ դա պարզունակ փոխանակում՝ բարտեր չի լինելու:

Ի դեպ, Թաիլանդից 2016թ. առնվազն 80 տոննա կաուչուկ գնելու պայմանագիրը կկնքվի մինչեւ սեպտեմբեր:

Նկատենք, որ Թաիլանդը արդեն մի քանի անգամ հստակ ասել է, որ հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առեւտրի գոտու ստեղծմամբ: Եվ, ամենայն հավանականությամբ, այդ հարցը արագ կկարգավորվի:

«Լուսանցք» թիվ 26 (372), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։