Լողացող պատերազմը ափ է փնտրում… Ովքե՞ր են մղում Ադրբեջանին պատերազմական գործողությունների… Ովքե՞ր են Հայաստանին դրդում կտրուկ քայլերի…

Վերջին ժամանակների հարաբերական խաղաղությունը կրկին խախտվել է հայ-ադրբեջանական սահմաններին: Հավատարիմ իրենց ապակառուցողական դիրքորոշմանը՝ ադրբեջանցիները շարունակում են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի սահմանային գծի ամբողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմի խախտումներ: Միաժամանակ ադրբեջանական կողմը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ: Մասնավորապես, տվյալ երկրի պաշտպանության նախարարը, մեղադրելով հայկական կողմին խաղաղ բնակավայրերի գնդակոծման մեջ, հայտարարել է, թե այն տարածքները, որոնք անհասանելի են հրաձգային զինատեսակների համար, կենթարկվեն խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծման:

ԼՂՀ ՊՆ-ն իրազեկել է, որ հայկական կողմը երբեք հանդես չի գալիս հրադադարի պահպանման ռեժիմի խախտման նախահարձակի դերում եւ դա ապացուցվել է բազմիցս: Դրանում մեկ անգամ եւս համոզվելու համար արցախյան կողմը իր պատրաստակամությունն է հայտնում միջազգային դիտորդների մասնկացությամբ տեղում անցկացնել դիտարկում եւ պարզել իրական ճշմարտությունը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ հայկական բնակավայրերի եւ ռազմական օբյեկտների վրա խոշոր զինատեսակներից կրակ բացելու մասին հայտարարությանը, ապա Արցախի զինված ուժերի հրամանատարությունը հավաստիացնում է, որ նման զարգացումների դեպքում պատասխանը լինելու է անհամարժեք ու անդառնալի կորուստներով հղի:

Միաժամանակ, ԼՂՀ ՊՆ-ն հայտարարել է, որ առաջնագծում ստեղծված լարվածության ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:  

Բաքուն չկարողանալով ԼՂՀ հարցում ցանկալի հաջողության հասնել միջազգային ասպարեզում, անգամ նավթադոլարային կաշառատու քաղաքականության բացահայտ պայմաններում, սկսեց նորից կիրառել ռազմագոչ հռետորաբանությունը: Սա ոչ միայն միջազգային հանրությունից «վրեժ» լուծելու համար է արվում, այլ, ինչպես միշտ՝ սեփական ժողովրդի աչքում նախագահ Ալիեւի «հերոսական» կերպարը պահպանելու նպատակով:

Բաքուն հայտարարել է գրոհի նախապատրաստության մասին: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հատուկ հանձնարարություն է տվել զինուժին՝ ադրբեջանական սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ հայկական կրակոցների դեպքում «անհապաղ կրակ բացել թշնամու ուղղությամբ»: Ընդ որում, զինուժի տրամադրության տակ եղած խոշոր տրամաչափի զենքերից: Այլեւս բացահայտորեն Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարում է հայկական սահմանամերձ բնակավայրերի եւ հայկական դիրքերի ուղղությամբ հրետանային գրոհի նախապատրաստության մասին: Թե ինչ խոշոր տրամաչափի սպառազինության մասին է խոսքը, դեռ պարզ չէ:

Կարծիք կար, որ եթե Բաքվի եվրախաղերի անցկացումից հետո Ադրբեջանը չկարողանա Եվրոպայում ամրապնդել դիրքերը, ապա կարող է դիմել խոշոր ռազմական սադրանքի: Մոսկվայի փորձագետները կանխատեսում են անգամ տանկերի կիրառում սահմանային հատվածներում:

Բաքվի համար այս ամենը գրոհի անցնելու քարոզչական նախապատրաստության մաս է: Ընդ որում, նախապատրաստությունը կարծես եղել է ոչ միայն քարոզչական: Հուլիսի 14-ին տեղեկություն է տարածվել, որ Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպել է Բաքվում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդի հետ եւ խոսք է եղել ռազմական ոլորտում գործակցությունը վերականգնելու մասին: Բայց, Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը անդրադարձել է ԱՄՆ արտաքին գերատեսչության Ադրբեջանի հանդեպ «երկակի ստանդարտներին»՝ նշելով, թե չպետք է թույլ տալ, որ քաղաքական գործիչները խանգարեն ռազմական գործակցությանը: Իսկ ահա Մոսկվայի «երկակի ստանդարտներից» կարծես թե դժգոհ չէ Ադրբեջանը եւ բավարարված է Մոսկվայի կողմից զենքի մեծ քանակի վաճառքից…

Արցախից արձագանքել են այս կոչերին եւ հայտնել են, որ ԼՂՀ ՀՕՊ ուժերը կձեռնարկեն անհրաժեշտ միջոցները հակառակորդի օդային թիրախները վերացնելու համար: Վերջերս կրկին ակտիվացել են թշնամու ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքները, որոնք իրականացվում են առաջնային գծից 10-15 կմ խորության վրա: «ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ժամանակին հավաստանշում են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները եւ աչալրջորեն հետեւում դրանց ուղերթին: ՊԲ հրամանատարությունը զգուշացնում է, որ Արցախի օդային տարածքը խախտելու դեպքում երկրի ՀՕՊ ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդի օդային թիրախները վերացնելու ուղղությամբ: Արցախի երկինքը անվտանգ է եւ անընդհատ գտնվում է հակաօդային պաշտպանության ուժերի վերահսկողության տակ»,- նշված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Հայկական զինուժն առաջնագծում նաեւ նոր, ժամանակակից տեխնոլոգիաներ է կիրառում եւ պատրաստ է հակահարված տալ թշնամուն, նաեւ հակահարձակման անցնել: Հատկապես, որ ադրբեջանական կողմը հետզհետե հեռահար զենքեր է կիրառում: Բացի հրաձգային զինատեսակներից, հուլիսի 14-ին ադրբեջանական կողմը հարավային ուղղությամբ կիրառել է նաեւ 60 մմ ականանետ: Հայ-ադրբեջանական շփման գծում կան որոշակի կուտակումներ ադրբեջանական կողմից, եւ հայկական կողմը նույնպես միջոցներ է ձեռնարկում դիմակայելու հակառակորդի հնարավոր հարձակումներին: Երեւի միջազգային հանրությունը փորձում է արագացնել ԼՂ հակամարտության կարգավորումը, որի համար պարտադիր պայման է համարվում ազատագրված տարածքների՝ Ադրբեջանին հանձնումը, ինչի մասին խոսել է Մինսկի խմբի ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյմս Ուորլիքը եւ վերջին ժամանակներում ավելի հաճախ ասվում է ուղիղ տեքստով: Սա էլ երեւի ոգեւորել է Բաքվին:

Այս հարցը սակայն Երեւանի հետ չի քննարկվել եւ Ադրբեջանը կարծում է, թե սրելով իրավիճակը՝ կստիպի Երեւանին ու Ստեփանակերտին զիջումների գնալ: Գուցե սա համանախագահների ներքին պայմանավորվածությամբ է արվում, թերեւս մեկ անգամ էլ ստուգելու հայկական կողմի վճռականությունը: Չնայած համանախագահողները մշտապես խոսում են խաղաղ կարգավորման մասին:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 26 (372), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։