ՅՈՒՆԵՍԿՕ-ն պնդում է, որ Հայաստանի տունն է – Ու մեր ստեղծածն ամրագրում է իբրեւ զավթիչի մշակութային արժեք… Մեր երկրում եւս մշակույթը պաշտպանելու խնդիր ունենք… Նախաքրիստոնեական եւ քրիստոնեական դարաշրջանների համադրման երկիրը…

Այս օրերին Հայաստանի մայրաքաղաքը դարձավ միջազգային մշակութային կենտրոն, որտեղ քննարկվեցին համաշխարհային մշակութային քաղաքականությանը վերաբերող տարաբնույթ հարցեր: 2015թ. հուլիսի 11-13-ը, Երեւանում կայացավ «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «ԵՏ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային համաժողովը՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին: Ժամանել էին պատվիրակներ 45 երկրից եւ միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ, ԱՊՀ երկրների մշակույթի նախարարներ եւ այլ բարձրաստիճան հյուրեր:

Երեւանում եւս մեկ անգամ ապացուցվեց, որ մշակույթը լավագույն քաղաքականությունն է ազգային ու պետական հարաբերությունների կարգավորման հարցերում: Եվ նրանք, ովքեր Հայաստանում եւս մերժում են այս մտածողությունը, պետք է պարզապես ծանոթանան այս համաժողովի նյութերին: Հատկապես նրանք, ովքեր դեռ պնդում են, թե իրենք մշակութային գործիչներ են եւ քաղաքականությամբ չեն զբաղվում, այդպես էլ չհասկանալով, որ քաղաքականությունն իրենցով վաղուց է զբաղվում: Եվ նրանք թուրքիաներում շահույթի մոլուցքով միջոցառումներ կազմակերպելով շարունակում են մշակույթից հոխորտալ… Նրանք անգամ ադրբեջաններում չեն հրաժարվի իրենց անքաղաքական մշակույթը ներկայացնելուց…

Երեւանյան համաժողովիի շրջանակում կազմակերպվեցին «Մշակույթի դերը կայուն զարգացման գործում 2015թ. օրակարգից հետո. նոր իրականություն եւ հեռանկարներ» խորագրով լիագումար եւ «Մշակույթի ապագան. ապագայի մշակույթը» եզրափակիչ նիստերը, ինչպես նաեւ «Մշակութային ժառանգությունը՝ որպես մարդկային համախմբման ու հոգեւոր հաղորդակցման գործոն», «Մշակութային բազմազանությունը միջմշակութային երկխոսության եւ կայուն զարգացման երաշխիք», «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը փոփոխվող աշխարհում» խորագրերով թեմատիկ սեղանները:

Նշենք, որ արտերկրից մասնակցեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԵՄ-ի եւ տարբեր երկրների մշակույթի նախարարներ, փոխնախարարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա պետությունների մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, մեր երկրից՝ շահագրգիռ գերատեսչությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի կազմակերպման առիթով պատրաստվել է «Հայաստան-ՅՈՒՆԵՍԿՕ. մշակույթ» խորագրով գիրքը:  

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն բոլոր ազգերի տունն է: Այսօր մենք խաղաղության տունն ենք: Մենք այսօր Հայաստանի տունն ենք»,- նշել է ՅՈՒՆՍԵԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի լիագումար նիստերի դահլիճում «Երիտասարդությունը հանուն խաղաղության» համերգաշարի ամփոփիչ համերգի մեկնարկից առաջ՝ ողջույնի խոսքում: Նա ընդգծել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիմնադրվել է 70 տարի առաջ այն գաղափարի շուրջ, որ տեւական խաղաղության հիմքերը պետք է դրվեն մարդկային գիտակցությունում: Խաղաղությունը պետք է խարսխված լինի փոխհամաձայնության, միմյանց ճակատագիրն ու պատմությունն ավելի լավ ճանաչելու, մարդու իրավունքների, միջմշակութային երկխոսության վրա: Սրանք են այն անհրաժեշտ հմտությունները, որ պետք է սերմանել երիտասարդների մեջ:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատասխանատուների, աշխարհն օրեցօր երիտասարդանում է, բնակչության կեսն այսօր 25-ից ցածր տարիքային խմբում է: Յուրաքանչյուր երիտասարդ կին եւ տղամարդ խաղաղության հնարավորություն են, եթե նրանք կարողանան մեծանալ որակյալ կրթությամբ, արժանապատվությամբ, իրենք իրենց նկատմամբ հարգանքով, գիտելիքով, իրենց եւ մյուսների պատմության իմացությամբ: Այսօր աշխարհը լի է ատելության ձայներով եւ բաժանարար գծերով եւ կա այն աղջիկների ու տղաների ձայների կարիքը, ովքեր կկանգնեն հանուն խաղաղության՝ առաջ մղելու այն արժեքները, որոնք միավորում են բոլորին՝ որպես մեկ միասնական ընտանիք: «Սա ինձ հիշեցնում է հանճարեղ Հովհաննես Թումանյանի «Հայոց լեռներում» բանաստեղծության տողերը. «Տանում ենք հնուց մեր գանձերն անգին, մեր գանձերը ծով, ինչ- որ դարերով երկնել է, ծնել մեր խորունկ հոգին»»,- ասել է ՅՈՒՆՍԵԿՕ-ի գլխավոր տնօրենը:

Բայց նույն անձը մոռացել է հավելել, որ աշխարհի որոշ մարդատեսակներ կամ իրենց ազգ հռչակած ազգատեսակներ ոչ միայն խաղաղության կողմնակից չեն, այլեւ սեփականացրել են ուրիշների հայրենիքները, պատմությունը եւ մշակութային արժեքները: Իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաճախ դրանք իր որոշումներով ամրագրում է որպես զավթիչների ու գողերի մշակութային արժեքներ՝ վիրավորելով ու անպատվելով դրանք ստեղծող իրական տերերին…

Եվ եթե միջազգային հարթակում խոսում են մարդկության գանձերից եւ դրանք ստեղծողներին  սատարելուց, ապա պարտավոր են զանազանել մարդուն հակամարդուց, արարողին՝ ավերողից…

ՅՈՒՆՍԵԿՕ-ի գլխավոր տնօրենը կարեւորելով հատկապես երիտասարդությանը մշակույթի շրջանակներում պահելու խնդիրը, շնորհավորեց Հայաստանի կառավարությանն ու Հայաստանի մշտական ներկայացուցչությանը՝ համերգների գեղեցիկ շարքի համար, որ կոչվում էր «Երիտասարդները հանուն խաղաղության»: Այն միավորել էր մեր օրերի ամենահիշարժան հայ երաժիշտներից մի քանիսին, այդ թվում՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին: Երկար ժամանակ է, ինչ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների, առաջնահերթությունների ու նպատակների առաջատարն է այս կառույցի մանդատի շրջանակներում ներառված բոլոր ոլորտներում, ինչը ամրապնդվում է: 1992թ. անդամակցելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Հայաստանը միացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 5 մշակութային կոնվենցիաների՝ իր ներդրումը բերելով աշխարհի ժառանգության, մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության, մարդկության հիշողության գրանցամատյանում: Որտեղ էլ, ցավոք, հայկական որոշ արժեքներ «իրենցով են արել» թուրքերը, ադրբեջանցիները եւ վրացիները, անգամ պարսիկները…

Հիշեցնենք, որ Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ կոնվենցիայի կոմիտեի անդամ դեռ մայիսին՝ Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման ու սեփականության իրավունքի փոխանցման արգելմանը եւ կանխմանն ուղղված միջոցառումների ժամանակ, որին մասնակցում էին 1970թ. կոնվենցիայի անդամ պետությունների ներկայացուցիչները: Քվեարկության արդյունքում Հայաստանը դարձավ կոմիտեի անդամ՝ 4 տարի ժամկետով: Նշենք նաեւ, որ սահմանափակ մտավոր կարողություններ ունեցող անձանց կրթության որակի բարձրացումը խթանելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարած 2013թ. մրցանակաբաշխության հաղթողներ են ճանաչվել Հայաստանի «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը եւ Կանադայի Նոր Բրունսվիքի վաղ մանկության զարգացման եւ կրթության վարչությունը: Հայաստանը նաեւ այլ ոլորտներում է շարունակում հաջողություններ ունենալ: Երեւանում էլ առանձնահատուկ ընդգծվեց, որ Հայաստանի ներդրումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Հանուն բոլորին հասանելի որակյալ կրթության» գործողություններում հաջողված է, եւ մեր երկիրը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 6 տնօրենների հյուրընկալ, որպես արվեստի կրթության ազդեցիկ իրավապաշտպան, որպես մշակութային համերաշխության եւ փոխադարձ ճանաչման պատուհան:

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ թվով 3-րդ այս համաժողովը համընկնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակի հետ, եւ ներկայիս մարտահրավերների եւ ձեռքբերումների ամփոփումն է: «Միայն քաղաքական եւ տնտեսական գործոնները բավարար չեն ժողովուրդների միջեւ խաղաղության հաստատման համար. կարեւորագույն գործոնը մշակույթն է՝ միջմշակութային երկխոսության եւ միջքաղաքակրթական համերաշխության համար»,- ասել է նախարարը եւ հավելել, որ այսօր շատ ազգերի ու պետությունների ազգային մշակութային արժեքներ ուղղակի արմատախիլ են արվել իրենց բնօրրաններից՝ Աֆղանստան, Ջուղա (Նախիջեւան), Սիրիա, Իրաք… Կրոնական եւ ազգային ատելության դրսեւորումները հավասարապես ուղղված են մշակութային կոթողների դեմ: Նշվել է, որ  մշակութային արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը պետք է վճռականորեն  դատապարտվի միջազգային հանրության կողմից, բայց նաեւ գործնական քայլերով: Ըստ մեր նախարարի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Միացիր հանուն ժառանգության» կարգախոսը միտված է կանխարգելելու մշակութային վանդալիզմը. «Մշակույթը սերունդների միջեւ կամրջող օղակ է, եւ դա է պատճառը, որ առաջին հերթին փորձում են ավերել մշակութային կոթողները: 2009թ. մեր երկրում գործում է մշակութային զբոսաշրջության զարգացման ծրագիրը, որը ներառում է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված կոթողները»:

«Հայաստանը շատ կարեւոր դեր է կատարում մշակութային ոլորտում ու հատկապես միջմշակութային երկխոսություններում»,- նշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակութային հարցերով օգնական Ալֆրեդո Պերես դե Արմենիանը։ Ըստ նրա, Հայաստանը, մասնակցություն ունենալով այս միջմշակութային երկխոսության մեջ, ձեռք է բերել իր սեփական ինքնությունը հենց այս մշակութային պատմության մեջ:

Արդյո՞ք ՅՈՒՆԵՍԿՕ-ն գործուն քայլեր ձեռնարկելու է, երբ հարեւան երկրներում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացվում է: Ալֆրեդո Պերես դե Արմենիանը նախ նշել է, որ այս հարցին չի կարող պատասխանել, քանի որ չի ցանկանում անդրադառնալ երկրների միջեւ բազմակողմանի հարաբերություններին, ապա ավելացրել. «ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշ կոնվենցիաների նպատակը հենց մշակութային ժառանգությունները պահպանելն է եւ կառավարությունները նույնպես սրանում մեծ դեր ունեն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործուն լծակները հիմնականում կախված են տարբեր երկրներում առկա կոմիտեներից. երբեմն նրանք հավաքական որոշում չեն կարողանում կայացնել, որովհետեւ կան որոշ երկրներ, որոնք պետք է քննարկվեն»։ Այստեղ է, որ միջազգային հանրության ասվածը մնում է միայն խոսք եւ այդ միջազգային հանրությունը բացարձակապես չի կարեւորում միջազգայինի բնույթը, այն է՝ միջ-ազգային՝ ազգերի միջեւ արդարության եւ իրականության պահպանումը, որը միայն կարող է իրական առաջընթացի հիմք դառնալ…

ՅՈՒՆԵՍԿՕ-ն միակ միջազգային կառույցն է, որը պաշտպանում է մշակույթի շահերը միջազգային ասպարեզում: Այս մասին հայտարարել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ըստ նրա՝ մենք պետք է օգտվենք առիթից՝ ներկայացնելով այն խնդիրները, որ այսօր գոյություն ունեն. «Մեր երկիրը միացել է 7 մշակութային կոնվենցիաներից 5-ին եւ 4-ի մասով վերջին տարիներին պարբերաբար զեկույցներ են պատրաստվել, որոնց նախապատրաստման ընթացքում առնչվել ենք մի շարք խնդիրների: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածաշրջանում պատմամշակութային ժառանգության հետ կապված խնդիրներ են առաջացել, մենք այդ ամենը որոշեցինք մեկտեղել մեկ համաժողովի շրջանակներում: Կարծում եմ՝ այստեղ կքննարկենք եւ՛ կիրառվող դրույթների կոնվենցիաները, եւ կոնֆլիկտները, որոնք ընկած են մշակութային ժառանգության պահպանման հիմքում»:

Հազարամյակի մարտահրավերների շարքում, ըստ մշակույթի նախարարության պատասխանատուների, մշակույթի տարրն ընդհանրապես գոյություն չուներ, եւ 2012թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն սկսեց ահազանգել՝ կարեւորելով մշակույթի դերը: Հայաստանը մշակույթի գործոնը ներառեց երկրի զարգացման գլխավոր ոլորտների ցանկում: 2013թ. այդ ճյուղն ընդգրկված է տնտեսական աճի ցուցանիշներում: Նշվեց, որ բոլոր երկրները կոնվենցիաներով ստացել են պարտավորություններ, բայց ոչ բոլոր երկրներն են, որ հետեւում են կոնվենցիաներին, եւ հարց է, թե ինչ ձեւով են կիրառվում պատժամիջոցները:

Մասնավորապես հարցն այն է, որ երկիրն իր իսկ ներսում ինքն իր ժառանգությունն է քանդում: Կամ՝ մյուս հարեւան երկրում քանդում են մեր ժառանգությունը, եւ այստեղ պատժամիջոցներն ո՞ւմ դեմ են կիրառվում: Այսինքն՝ լուրջ քննարկումների կարիք կա, որ պիտի պատժամիջոցների վերածել եզրափակիչ փուլում:

Ցավոք, նման տեսակետը Հայաստանի մշակույթի նախարարությունը վճռականորեն չի պահպանում միջազգային ասպարեզում, ինչը այդ դեպքում տրամաբանական է, քանզի անգամ մեր երկրում այն չի պահպանվում: Աղմկահարույց գործերից հիշեցնենք Գառնու «Քարե սիմֆոնիա» կոչվող հրաշագեղ բնակերտ հուշարձանի քարերի թալանը եւ որոշ պաշտոնավարողների անպատիժ մնալը: Նաեւ՝ այս տարածքում 11-րդ դարի կամուրջի տեսքի ու ոճի աղավաղումը, Գառնու տաճարի տարածքում սրճարան կառուցելու փորձը, Գառնո եւ Զվարթնոցի տաճարների տարածքներում ոչ մշակութային միջոցառումների, անգամ կերուխումների կազմակերպումը եւն:

Այս մասին ահազանգել են ինչպես մշակութային, հասարակական ու քաղաքական գործիչներ, այնպես էլ տեղի բնակիչներն ու ՀՀ մտահոգ բազմաթիվ քաղաքացիներ: Զուր չէ, որ այսօր Հայաստանում գործում է կարգախոս՝ «Պահպանում ենք մշակույթը մշակույթի նախարարությունից»: Շատ մտավորականներ են պնդում, որ մշակույթի նախարարությունը պիտի հասկանա, որ իր առաքելությունը մշակութային օբյեկտները պահպանելն է, ոչ թե դրանք սեփական շահերին ծառայեցնելը: Սեփական երկրում սեփական արժեքները չպահպանելով հնարավոր չէ ուրիշներից պահանջել մեր արժեքների պահպանումը:

Ի դեպ, Հայաստանի ղեկավարն ընդունել է ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի նիստի եւ հիշյալ համաժողովի պատվիրակությունների ղեկավարներին: Սերժ Սարգսյանը կարեւորել է նրանց մասնակցությամբ Երեւանում անցկացվող մշակութային խնդիրների շուրջ մասնագիտական խորը քննարկումները եւ շեշտել, որ ոչինչ ժողովուրդներին այնքան չի միավորում, որքան մշակույթը. «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մշակութային քաղաքականությանը, այդ թվում՝ մշակութային դիվանագիտությանը: Մեր խնդիրն է՝ պահպանել արժեքները, որ դարերի ընթացքում ստեղծել է մեր ժողովուրդը ողջ աշխարհով մեկ, անշուշտ, նաեւ՝ պահպանել ու զարգացնել, հնարավորություն տալ Հայաստանի տարածքում ստեղծել նոր արժեքներ՝ անկախ ազգային պատկանելիությունից: Շատ ուրախալի է, որ ժամանակի ընթացքում մենք ակտիվացնում ենք մեր համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, իհարկե նաեւ կարեւորում ենք մշակույթի ոլորտում ԱՊՀ շրջանակներում մեր փոխգործակցությունը»: Ըստ նախագահի, աշխարհը բարդ եւ դժվարին ժամանակներ է ապրում՝ մի կողմից ստեղծվում են բարձրարժեք մշակութային գործեր, մյուս կողմից, ցավոք, ծայրահեղականները ոչնչացնում են համաշխարհային մշակութային հարստության մաս կազմող այդ անփոխարինելի արժեքները, ուստի նաեւ այդ խնդիրների շուրջ երեւանյան քննարկումները չափազանց արդիական ու կարեւոր են: Սերժ Սարգսյանի խոսքով, «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար» միջազգային կոնֆերանսի, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի նիստի անցկացումը Երեւանում համալրում են վերջին շրջանում մեր երկրում կայացած կարեւորագույն մի շարք միջազգային համաժողովների եւ գիտաժողովների, այդ թվում՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» առաջին գլոբալ ֆորումի, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի, Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի ու մի քանի օր առաջ մեկնարկած՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովի շարքը: Նախագահի նստավայրում մշակույթի ոլորտի ներկայացուցիչները դիտել են Վենետիկի ժամանակակից արվեստի Բիենալեում լավագույն ազգային տաղավար ճանաչված եւ «Ոսկե առյուծ» մրցանակի արժանացած հայկական տաղավարի մասին պատմող ֆիլմը, որից հետո Հայաստանի նախագահը տաղավարի համադրող Ադելինա Կյուբերյան Ֆոն Ֆյուրշթենբերգին (Շվեյցարիա) պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդաստիճանի մեդալով՝ հայ մշակույթը միջազգային հանրությանն ըստ արժանվույն ներկայացնելու, հայ-շվեյցարական բարեկամական կապերի զարգացման եւ ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի համար:

Վաղուց ժամանակն է մշակույթը պատմա-քաղաքական զենք դարձնելու եւ այն ի նպաստ հայկական նպատակների կիրառելու: Մշակույթը քաղաքականություն է՝ առաջադեմ քաղաքականություն, իսկ սա մերժողները (ինչպես սպորտը ապաքաղաքական համարողները եւ Եվրախաղերին Բաքու մեկնածները) պիտի ի վերջո արժանի պատասխան ստանան:

Այլապես՝ շուտով բուն քաղաքականությունն էլ այլեւս քաղաքականություն չեն համարի ոմանք: Թեեւ արդեն կան անձինք, ովքեր քաղաքականությունը շահույթի լավ միջոց են դիտարկում…

Վահագն Նանյան

Նախաքրիստոնեական եւ քրիստոնեական դարաշրջանների համադրման երկիրը

«Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «ԵՏ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային գիտաժողովի օտարերկրյա մասնակիցները տպավորված են Հայաստանով եւ մեր մշակութային ժառանգությամբ: Նրանք եղել են Գեղարդում եւ Գառնիում:

Բանգլադեշի մշակույթի նախարար Ասադուզաման Նուռն ընդգծել է, որ ինքը շատ ուրախ էր, երբ առաջին անգամ եղավ Երեւանում. «Հայաստանի ու Բանգլադեշի հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն, եւ ես շատ ուրախ էի, երբ արդեն Երեւանում էի: Շատ ուրախացա, երբ իմացա, որ Երեւանում Բանգլադեշ անվանումով թաղամաս կա, իսկ երբ մոտիկից ծանոթացա հայկական հարուստ մշակութային ժառանգությանը, հասկացա, որ հայաստանյան մշակույթը նախաքրիստոնեական եւ քրիստոնեական դարաշրջանների համադրում է: Տպավորված եմ այն ամենով, ինչ այստեղ տեսա: Կարեւորում եմ նաեւ Հայաստանի մշակույթի նախարարության հետ հուլիսի 12-ին ստորագրված՝ մշակութային ոլորտում  համագործակցության հուշագիրը, որը հայ-բանգլադեշական մշակութային հարաբերությունների զարգացման նոր ուղիներ կբացի»:

Կանադայում բնակվող բուլղարուհի Լիդիա Վոլգանովան նշել է, որ Հայաստանում եղել է նաեւ 13 տարի առաջ, եւ հիմա տպավորված է զարգացման այն մակարդակով, որն արձանագրել է Հայաստանը այս ընթացքում. «Ինձ ուրախացնում է այն, որ այստեղ մարդկանց մեծ մասը հավատում են իրենց երկրին եւ աշխատում են այն զարգացման ճանապարհով տանելու ուղղությամբ: Տպավորված եմ այն հարուստ մշակութային ժառանգությամբ, որ տեսնում եմ այս երկրում: Հայաստանը մշակութային երկիր է, եւ շատ երկրներ Հայաստանից շատ բան ունեն սովորելու մշակութային ժառանգությունը, ավանդույթները պահպանելու հարցում: Այս կոնֆերանսը, որը կազմակերպվել է Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ, եւս խոսում է այն մասին, որ Հայաստանը մշակութային երկիր է»:

45 երկրների պատվիրակներն էլ հրաշալի են համարել Հայաստանի մշակութային ժառանգությունը եւ ընդգծել են հնագույն պատմամշակութային արժեքների հարուստ պաշարի առկայությունը:

«Լուսանցք» թիվ 26 (372), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։