Հայկական խոհանոց – Ոսպը՝ կանաչ սոխով… Ինչպե՞ս զերծ մնալ արևային այրվածքներից… Տարվա վիքիպեդիստը հայ է… Աշխարհի մարզական հեւքից – ցտեսություն ասեցինք ֆուտբոլային Եվրոպային… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Ոսպը՝ կանաչ սոխով

Բաղադրությունը – Ոսպ – 0,5 կգ, կիտրոն (լայմ) – 2 հատ, զեյթունի բուսայուղ – 100 գ, կանաչ սոխ – 1 կապ, համեմ – 1 կապ, թարմ սխտոր – 1 գլուխþ

Պատրաստման եղանակը – Ոսպը նախապես թրջել, խաշել աղաջրում՝ մարմանդ կրակի վրա:

Հետո քամել, ավելացնել կիտրոնահյութը, բուսայողը, մանր կտրտած կանաչեղենը եւ սխտորը: Բարի ախորժակ:

Ի՞նչ է կարելի եւ ի՞նչ է արգելվում անել արեւային այրվածքների դեպքում

Ամառային արձակուրդների եռուն շրջանն է, եւ հանգստի մեկնելիս խիստ կարևոր է իմանալ արեւային այրվածքներից արդյունավետ պաշտպանեվլու եւ այրվածքների դեպքում առաջին բուժօգնության կանոնները:

Ըստ doctors.am-ի՝ աեւային այրվածքը մաշկի վնասումն է՝ պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթների գերդոզավորմամբ:

Արեւային այրվածքի նշաններն են՝ մաշկի կարմրություն, բշտեր:

Ինչպե՞ս զերծ մնալ արևային այրվածքներից

  1. Խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից ժամը 10-16-ն ընկած ժամանակահատվածում: Այս շրջանում արեւի ճառագայթները հատկապես վտանգավոր են:
  2. Շոգին կրել լայնեզր գլխարկ եւ չմոռանալ արեւապաշտպան ակնոցների մասին:
  3. Հետազոտությունները պարզել են, որ շոգ oրերին նախապատվությունը պետք է տալ մուգ կապույտ հագուստին, քանզի հենց այս գույնն է առավելագույն պաշտպանում մաշկը արեւի ճառագայթների վնասակար ազդեցությունից:
  4. Այրվածքների եւ մաշկի քաղցկեղի կանխարգելմանը նպաստում են SPF եւ PPD նշումներով արեւապաշտպան քսուքները` պաշտպանության գործոնի 30 կամ 50 միավորով:

Տարվա վիքիպեդիստը հայ է

«Վիքիմեդիա» Հայաստանի նախագահ Սուսաննա Մկրտչյանը Մեքսիկայում ընթացող «Վիքիմանիա 2015» համաժողովին ինտերնետային հանրահայտ գործարար, «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի համահիմնադիր եւ «Վիկիա» ընկերության հիմնադիր Ջիմմի Ուելսի կողմից հայտարարվել է տարվա վիքիպեդիստ:

Նույն համաժողովում «Արեւմտահայերեն Վիքիպեդիայի» ստեղծման եւ զարգացման «Վիքիմեդիա Հայաստանի» նախագիծը ճանաչվել է «Վիքիմեդիայի» 3-րդ ցնցող նախագիծը։

Վերջին շրջանում «Վիքիպեդիա» բազմալեզու եւ ազատ հանրագիտարանի հայալեզու տարբերակը` «Հայերեն Վիքիպեդիան» աննախադեպ հաջողություններ է արձանագրում: Ինչպես ասել է նախագիծը իրականացնող հիմնադրամի` «Վիքիմեդիա Հայաստանի» համահիմնադիր, խորհրդի անդամ Մհեր Բեքարյանը, օրերս «Հայերեն Վիքիպեդիան» իր ունեցած հոդվածների քանակով համաշխարհային ցանցում բարձրացավ 38-րդ հորիզոնական։ «Հայերեն Վիքիպեդիան», ինչպես տեղեկացրեց Մհեր Բեքարյանը, արդեն հատել է 175000 հոդվածի սահմանը:

Միջազգային մի շարք վիքի նախագծերի շարքում հայերը ներմուծել են նոր նախագիծ` «Վիքի ճամբարը», որը զուտ հայկական նախագիծ է եւ ընդօրինակվում է այլ երկրներում:  

* * *

Աշխարհի մարզական հեւքից –

Նոր էջ՝ հեծանվասպորտի պատմության մեջ

Հայաստանցի հեծանվորդը առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն է: Հայկական սպորտի պատմության մեջ նոր էջ է գրվել՝ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, «Սկրատչ» մրցաձեւում (40 կմ խմբակային մրցավազք) հայաստանցի 18-ամյա Էդգար Ստեփանյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Առաջին անգամ հայ հեծանվորդը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայում, ու, ի պատիվ Էդգար Ստեփանյանի, Աթենքի հեծանվահրապարակում հնչել է Հայաստանի հիմնը եւ ծածանվել Եռագույնը:

Երիտասարդ մարզիկը հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան է, ավարտել է Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը: Մրցաշարում հաջող են հանդես եկել նաեւ մեր մյուս ներկայացուցիչները՝ Պավել Ստեփանյանը եւ Մհեր Մկրտչյանը՝ համապատասխանաբար զբաղեցնելով 10-րդ  եւ 19-րդ տեղերը:

Նախապատրաստական շրջանում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի գլխավորությամբ թիմը փայլուն աշխատանք է կատարել Ծաղկաձորում կազմակերպված ուսումնամարզական հավաքի ընթացքում ու, փաստորեն, կարճ ժամանակում գոհացուցիչ արդյունքի հասել: Հավաքականի հաղթանակի մեջ մեծ ներդրում ունի նաեւ թիմի մեխանիկ Արսեն Բորյանը: Փայլուն հաղթանակի առթիվ մեր մարզիկներին շնորհավորել է Հայաստանի հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ, ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, մաղթել նորանոր հաղթանակներ ու հավաստիացրել, որ չեն բավարարվի միայն այս ձեռքբերումով, տեղում չեն դոփի՝ կբազմապատկեն ջանքերը՝ հաջորդ մրցաշարերին եւս պատշաճ մասնակցելու համար:

Ավարտվեց «Սեւանա լիճ-2015» շախմատի մրցաշարը

Ինչպես նախկինում նշել ենք, այս մրցաշարը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել եւ արժանացել է շախմատային հանրության ուշադրությանը: Մարտունիում հաջողությամբ կայացավ նաեւ 2015թ. «Սեւանա լիճ» շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցեց 10 գրոսմայստեր:

1-ին տեղը զբաղեցրեց լեհ շախմատիստ Յան Քրիշտոֆ Դուդան, որը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր: Նրանից կես միավոր ետ մնաց իսպանացի Անտոն Գուխարո Դավիդը: Մեր շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ վանաձորցի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, ով հնդիկ Վիդիտ Գուրյաթիի հետ հավասար վաստակեց 5 միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով գրավեց 4-րդ տեղը: Մրցաշարի ամենակրտսեր մասնակիցը՝ 15-ամյա ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սեւյանը, ով առաջին անգամ է հանդես գալիս Հայաստանում, 3 միավորով մրցաշարն ավարտեց նախավերջին՝ 9-րդ հորիզոնականում:

Վահե Բաղդասարյանը՝ Նանա Ալեքսանդրիայի գավաթակիր

Հայաստանի շախմատիստ Վահե Բաղդասարյանի հաղթանակով ավարտվեց Փոթիում կայացած Նանա Ալեքսանդրիայի գավաթի խաղարկությունը: Նա վերջին խաղում պարտության մատնեց վրացի Գիգա Քուպարաձեին եւ վաստակեց 7 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեցին նաեւ ուկրաինացի Ալեքսանդր Զուբովը եւ վրացի Լուկա Պայչաձեն, սակայն լրացուցիչ գործակիցներով 1-ին տեղը բաժին հասավ Վահե Բաղդասարյանին:

Մեր մյուս շախմատիստներից Դավիթ Շահինյանը մրցաշարն ավարտեց 5-րդ, Գեւորգ Հարությունյանը՝ 8-րդ, Հովիկ Հայրապետյանը՝ 10-րդ տեղում:

Սերգեյ Մովսիսյանը լավագույնն է արագ շախմատում

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը լավ հանդես եկավ Պարդուբիցեում ավարտված արագ շախմատի Չեխիայի բաց առաջնությունում: Մեր շախմատիստը կայացած 9 պարտիայում տարավ 6 հաղթանակ, երկուսն ավարտեց ոչ-ոքի, մեկում պարտություն կրեց եւ վաստակեց 7 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեցին եւս վեց մասնակիցներ, սակայն լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող հռչավեց Սերգեյ Մովսիսյանը:

Նշենք, որ առաջնությանը մասնակցեցին 24 երկրների 153 շախմատիստներ, որոնցից 22-ը գրոսմայստեր են:

Թբիլիսիի օլիմպիական փառատոնին` 23 մարզիկով

Հուլիսի 26-ին Թբիլիսիում մեկնարկած Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնին Հայաստանից կմասնակցեն 23 մարզիկ-մարզուհի: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Թբիլիսիում Հայաստանը կներկայացնեն հետեւյալ մարզիկները. Ձյուդո` Գոռ Հովսեփյան (50 կգ), Հարություն Խոջոյան (55 կգ), Տիգրան Բադալյան (60 կգ), Բորիս Շատվերյան (66 կգ), Կարեն Ստեփանյան (73 կգ), Ռոբերտ Կիրակոսյան (81 կգ)։ Մարմնամարզություն` Արթուր Ավետիսյան, Մհեր Տուդոյան, Աննա Ղազարյան։ Աթլետիկա` Գայանե Չիլոյան (արագավազք 100 մ եւ 200 մ), Յանա Աբրահամյան (հեռացատկ), Ռաֆայել Շտայան (հեռացատկ), Էլլադա Ալավերդյան (վազք 1500 մ)։ Թենիս` Դավիթ Նազարեթյան, Գեւորգ Բայաթյան, Մարինե Դավթյան, Տաթեւիկ Ջալաթյան։ Լող` Արտաշես Ադամյան, Ռուբեն Ղարիբյան, Վարդան Ղարիբյան (ազատ լողաոճ, 50մ, 100մ և 200մ)։ Հեծանվային սպորտ` Ռոբերտ Խաչատրյան, Լեւոն Լավչյան։

Ընդհանուր առմամբ սպասվում է, որ փառատոնին կմասնակցեն 49 երկրների 14-18 տարեկան մոտ 4000 մարզիկ-մարզուհիներ:

Համահայկական VI-րդ խաղերի ջահը՝ Բուենոս Այրեսում

Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի բակում, Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ տեղի ունեցավ Համահայկական VI-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը: Ջահը վառելու եւ կրելու պատվավոր պարտականությունը կատարեց արգենտինահայ հայտնի մարզիկ Ալբերտո Բարսեղյանը: Արարողությանը մասնակցեցին Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանը, արգենտինահայ համայնքնային կազմակերպությունների ղեկավարները, Համահայկական VI-րդ խաղերի Արգենտինայի կազմակերպչական կոմիտեի անդամները, մարզիկներ եւ հյուրեր: Արարողության սկզբում Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանի հանդիսապետությամբ եկեղեցում տեղի ունեցավ համահայկական խաղերին մասնակցող արգենտինական պատվիրակության շուրջ 200 անդամների, ինչպես նաեւ խաղերի բացումը խորհրդանշող օլիմպիական կրակի օրհնության եւ բարեմաղթանքի արարողություն:

Այնուհետեւ ելույթներով հանդես եկան Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանը, արգենտինահայ համայնքային և սպորտային կառույցների ղեկավարները: Իր խոսքում ՀՀ դեսպանը կարեւորեց համահայկական խաղերի դերն ու նշանակությունը աշխարհասփյուռ հայության համախմբման, հայ երիտասարդներին հայրենիք բերելու, Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու առումով: Նա ընդգծեց նաեւ Համահայկական VI-րդ խաղերի անցկացման կարեւորությունը հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում:

Հրաչյա Ռոստոմյանը գոհ է Բ խմբի 12-րդ տեղից

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ամփոփելով Հունգարիայում ավարտված բասկետբոլի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունը՝ նշել է, որ միայն դրականը կարելի է ասել գրանցված արդյունքների համար:

Հայաստանի երիտասարդական հավաքականն առաջնությունում անցկացրել է 7 հանդիպում, որից հաղթել է 3-ում, իսկ 4-ում պարտություն է կրել: Մեր թիմը, որը համալրված է եղել ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներով, B դիվիզիոնի մրցաշարում գրավել է 12-րդ տեղը: Ուշագրավն այն է, որ վերջին, վճռորոշ խաղում, Հայաստանի ընտրանին 78:88 հաշվով պարտվել է Վրաստանի ընտրանուն, որն առաջին փուլում 4 անընդմեջ պարտություն էր կրել եւ իր խմբում զբաղեցրել վերջին, 5-րդ տեղը:

Հրաչյա Ռոստոմյանը նաեւ նշել է, որ «դեռ պետք է վերլուծեն գրանցված արդյունքները եւ հասկանան, թե ինչ բացթողումներ են եղել եւ ինչ է հարկավոր հետագայում ավելի լավ հանդես գալու համար»:

Գարրի Կասպարովի անունը ջնջել են խորհրդային սպորտի հաղթանակներին նվիրված գրքից

Շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովի անունը` գրաքննությունից ելնելով, ջնջել են «Սպարտակ» մարզական միության 80-ամյակին նվիրված գրքի: znak.com-ի տեղեկացմամբ, այս մասին պնդում է «Շախամատային նորություններ» ամսագիրը:

Որպես հուշանվեր արված հրատարակությունը, որի հերոսներ են դարձել տարբեր մարազաձեւերի ավելի քան 200 հայտնի սպարտակցիներ, լույս է տեսել այս տարի: Գրքի հեղինակներից մեկը՝ Եվգենի Գիկը, chess-news.ru-ին պատմել, որ իրեն խնդրել են այդ գրքի համար գրել շախմատիստների մասին, եւ նա ակնարկներ է ներկայացրել 2 ամենահայտնի սպարտակցիների՝ աշխարհի չեմպիոններ Տիգրան Պետրոսյանի եւ Գարրի Կասպարոցի մասին: Նյութը լուսանկարների հետ ընդունվել է եւ հաստատվել: Բայց երբ վերջերս հեղինակը թերթել է գիրքը, հայտնաբերել է միայն չեմպիոններից մեկի անունը:

«Իսկ ուր է Կասպարովը»,- չթաքցրեցի ես իմ զարմանքը: «Վերջին պահին նրա անունը հանվել է: Իսկ թե ով է դա արել, հայտնի չէ: Ինքս չէի սպասում: Ջանացել է ինչ որ մեկը՝ բարձրագույն ղեկավարությունից»,- պատասխանեց ինձ գրքի հեղինակ-կազմողը: Ահա թե ինչպես սառնասրտորեն «արտաքսել» են «Սպարտակ»-ից նրա ամենահայտնի ներկայացուցիչներից մեկին: Կասպարովի անունը ես չհայտնաբերեցի նաև տիտղոսակիր սպարտակցիների ցուցակում: Որտեղ են նրա բազմաթիվ մրցանակները: Օլիմպիական հաղթանակների եւ աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալներով Կասպարովի հետ քչերը կարող են մրցակցել ոչ միայն սպարտակցիներից, այլեւ ընդհանրապես»:

Գարիի Կասպարովը մեկնաբանություն է թողնել իր Թվիթերում. «Ենթադրում եմ, եթե Վլադիմիր Պուտինի սպասվորները ցանկանում հանել իմ անունը խորհրդային/ռուսական ռեկորդների յուրաքանչյուր գրքից, ապա առնվազն նրանք պետք է շատ երկար աշխատեն այդ ուղղությամբ»: Հայ-հրեական ծագումով շախմատիստ, գրոսմայստեր Գարրի Կասպարով պատմության մեծագույն շախմատիստներից է. միջազգային գրոսմայստեր (1980), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1985), ԽՍՀՄ չեմպիոն (1981, 1988), Ռուսաստանի չեմպիոն (2004), Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 8-ակի հաղթող. 4 անգամ ԽՍՀՄ հավաքականի կազմում (1980, 1982, 1986, 1988) եւ 4 անգամ Ռուսաստանի հավաքականի կազմում (1992, 1994, 1996, 2002)։ 11 Շախմատային Օսկարի դափնեկիր (մրցանակ տարվա լավագույն շախմատիստին)։ 1985-2006թթ. Կասպարովը կարճատեւ ընդհատումներով միանձնյա ղեկավարում էր ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը: Նա աշխարհի չեմպիոն դարձավ 1985թ.՝ հաղթելով Անատոլի Կարպովին։

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան փետրվարի 26-ին

ՖԻՖԱ-ի գործկոմն այսօր կայացած արտահերթ նիստում նշանակել է կազմակերպության ղեկավարի ընտրությունների օրը: Համաժողովը տեղի կունենա 2016թ. փետրվարի 26-ին, շվեյցարական Ցյուրիխում: Ներկա պահին կազմակերպության ղեկավարի պաշտոնակատարը Յոզեֆ Բլատտերն է, ով հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալից հետո: Նա իր պաշտոնում կմնա հաջորդ 7 ամսվա ընթացքում,- հաղորդում է «Sky Sports»-ը: Կազմակերպության գործկոմը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, նշանակել է նոր ընտրությունների օրը, դրանք կկայանան 2016թ. փետրվարի 26-ին: Յոզեֆ Բլատտերը, չնայած լիազորությունները հնարավորինս շուտ վայր դնելու կոչերին, կշարունակի իր գործունեությունը:

ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուներն իրենց որոշման մասին պետք է հայտարարեն մինչեւ հոկտեմբերի 26-ը: Այս մասին թվիթթերյան իր էջում գրել է լրագրող Կիր Ռեդնեջը: Մամուլի հաղորդումների համաձայն՝ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին հավակնում են բրազիլացի մարզիչ Զիկոն, Լիբերիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Մուսա Բիլիտին, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը, ով թեկնածու էր նաեւ նախորդ ընտրություններում, կազմակերպության պատվավոր փոխնախագահ եւ Կորեայի ֆուտբոլային միության նախկին ղեկավար Չոն Մոնջունը, ինչպես նաեւ, հնարավոր է, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: Վերջինիս արդեն աջակցություն է հայտնել 4 կոնֆեդերացիա՝ հորդորելով թեկնածու առաջադրվել: Պլատինին 15 օր է խնդրել՝ մտածելու եւ որոշում կայացնելու համար: ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել նաեւ լեգենդար արգենտինացի Դիեգո Մարադոնան:

Նիկիտա Սիմոնյան. «Ինչ էլ որ ասեն, Բլատտերը հարգված մարդ է»

Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը մտադիր է աշխարհի 2018թ. ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի վիճակահանության ժամանակ ամբողջ Ռուսաստանի անունից հարգանք արտահայտել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերի նկատմամբ: «Համաշխարհային ֆուտբոլում Բլատտերի վաստակը հսկայական է,- Նիկիտա Սիմոնյանի խոսքերը մեջբերել է «Ռ-Սպորտը»:- Ինչ էլ որ ասեն, նա հարգված մարդ է: Ամեն դեպքում՝ մենք խորը հարգանքով ենք վերաբերվում նրան, ինչպես եւ նա՝ մեր երկրին: Կհանդիպեմ նրա հետ ու անձամբ կասեմ այդ մասին: Նրա հանդեպ իմ հարգանքի, մեր երկրի հարգանքի մասին:

Նույնը կարող ենք ասել այն երկրների հասցեին, որտեղ արդեն աշխարհի առաջնություններ են անցկացվել, որոնք նույնպես կաշառք են տվել: Այսպես բոլորին կարելի է մեղադրել: Որտե՞ղ են փաստերը: Որտե՞ղ են ապացույցները, որ Քաթարն ու Ռուսաստանը կաշառք են տվել: Անգլիան ճչում է: Այո, այդ երկիրն այսօր էլ պատրաստ է աշխարհի առաջնություն անցկացնել, սակայն ՖԻՖԱ-ն հետաքրքրված է, որպեսզի աշխարհի առաջնությունները կազմակերպվեն այն երկրներում, որտեղ ողջ ենթակառուցվածքները դեռ պատրաստ չեն: Իսկ 2018թ. ինչպիսի՞ վիճակ կլինի մեզ մոտ: Այդպիսին է ՖԻՖԱ-ի քաղաքականությունը, եւ այն բացարձակ ճիշտ է»:

Հայաստանը շրջանցեց Մալթային, Ուելսին եւ Ֆարերներին

Հայաստանի ֆուտբոլային ակումբները չնայած դուրս մնացին եվրոգավաթների մրցաշարերից, սակայն անցած տարիների համեմատ բարելավեցին Հայաստանի դիրքը ՈՒԵՖԱի վարկանիշային աղյուսակում: Անցած մրցաշրջանի ավարտից հետո մենք այդ աղյուսակում զբաղեցնում էինք 51-րդ տեղը` ետեւում թողնելով Անդորային ու Սան Մարինոյին: Եվրոգավաթների այս խաղաշրջանում մեր ակումբները միասին վաստակել են 1,625 վարկանիշային միավոր: Դրա արդյունքում Հայաստանը ՈՒԵՖԱ-ի աղյուսակում բարձրացավ 48-րդ հորիզոնական` առաջ անցնելով Մալթայից, Ուելսից եւ Ֆարերներից: Մեր տեղն արդեն անփոփոխ է, քանի որ ետեւում գտնվող բոլոր երկրների թիմերը նույնպես դուրս են մնացել եվրոգավաթներից: Համեմատության համար նշենք, որ մեր հարեւան Վրաստանը սույն աղյուսակում զբաղեցնում է 35-րդ, իսկ Ադրբեջանը` 28-րդ տեղը:

Իհարկե, լավ է, որ Երեւանի «Փյունիկ»-ն իր մեջ ուժ գտավ ու պատասխան խաղում կարողացավ հաղթանակ տանել 1:0 հաշվով, բայց նորվեգական «Մյոլդե»-ն սեփական դաշտում ջախջախել էր մեր թիմին 5:0 հաշվով եւ Հայաստանի չեմպիոնը դուրս մնաց հետագա պայքարից: Գյումրիի «Շիրակ»-ը եւս չհաղթահարեցին Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի արգելքը: Հայաստանի այս տարվա 3-րդ մրցանակակիրը սեփական դաշտում ընդունեց Շվեդիայի ԱԻԿ-ին եւ կրկին պարտվեց 0:2 հաշվով, ինչպես հյուընկալվելիս: Մեր թիմերից վերջինը Երեւանի «Ալաշկերտ»-ն էր պայքարում հետագա հաջորդ փուլի համար, հաղթեց Ալմաթիի «Կայրաթ»-ին 2:1 հաշվով, սակայն ղազախական թիմն իր դաշտում հաղթել էր խոշոր՝ 3:0 հաշվով:

Մեր 3 ակումբներն էլ 2-րդ փուլից հետո գնացին միանալու դեռ 1-ին փուլում եվրախաղերին հրաժեշտ տված Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Ուլիս»-ին՝ ասելով՝ ցտեսություն ֆուտբոլային Եվրոպա: Այդպիսով, 2015-16թթ չեմպիոնների եւ Եվրոպայի լիգաներին մասնակցած Հայաստանի բոլոր 4 թիմերը դուրս մնացին հետագա պայքարից: Դա նշանակում է, որ հայ երկրպագուն եվրոպական ակումբային ֆուտբոլի ականատես կարող է լինել միայն 11 ամիս անց, 2016 թ. հուլիսին:

Հավելենք, որ մեր թիմերն այս եվրոմրցաշրջանում ընդհանուր առմամբ անցկացրին 14 հանդիպում, որոնցից վեցում տարան հաղթանակ, մեկն ավարտեցին ոչոքի եւ 7-ում կրեցին պարտություն: Գնդակների հարաբերությունը՝ 13-22:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 27 (373), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.