Կինոփառատոն՝ ծիրանի գույնի ու մոգական թվի աշխարհում… Աստվածների հանգրվանը՝ անփոփոխ – Գետն ունի միլիոն երգ… «Ոսկե Ծիրան»-ի մրցանակակիրները…

Կինոփառատոն՝ ծիրանի գույնի ու մոգական թվի աշխարհում

Ավարտվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոափառատոնը: Մրցանակներ, նվերներ, դիպլոմներ. սա բոլոր կինոփառատոներին է բնորոշ: Բայց փառատոններն ունեն իրենց բնորոշիչը, կենսոլորտը, որով տարբերվում են մյուսներից: Մերն ուներ նաեւ իրեն բնորոշ գույնն ու թիվը՝ ծիրանագույնն ու 7-ը, որով էլ տարբերվում է աշխարհում գոյություն ունեցող 900 նմանատիպ փառատոններից:

Ծիրանի գույնը, որ հուշում է կինոփառատոնի պատկանելությունը եւ յոթը, որ գալիս է պատմելու, թե ճիշտ այդքան օրերի ընթացքում է արեւահամ պտուղը  հասնում:

Յոթ օր Երեւանն ընկղմվեց համաշխարհային փառքի հասած կինոների գիրկը: Այսքան օր էլ մեր երկրի մայրաքաղաք ժամանած հյուրերը վայելեցին հայոց աշխարհի այս՝ Հայաստանի Հանրապետություն անվանմամբ մասնիկը: Ի դեպ, սա էլ է արվեստ, եթե ճիշտ է կազմակերպվում: Մի խոսքով, քաղաքում իրարանցում, ֆիլմերի հերթափոխ, օրերն արագ են հեռանում, նույնիսկ չես նկատում, թե ինչպես է այն ավարտին հասնում:

Հանդիսատեսը ֆիլմերի արանքում քննարկումներ է սկսում է, կամ քննարկումը վերածում քաղաքական վեճի: Հաճախ չես հասկանում, թե, ասենք, այս կամ այն ֆիլմի որ հատվածը նրանց բերեց քաղաքական դաշտ: Ավելի խորը քննարկում են մանագիտական աչքերը, ովքեր գիտեն կինոյի լեզուն:

Հայկական ֆիլմերի թեման շատ էր եւ բազմաժանր: Ուշագրավ էին նաեւ նրանց մասին վեճերը: Օրինակ, քննարկվում էր, որ մենք մեր վերքերը շատ ենք սիրում, փայփայում ենք ու լավ պահում եւ ամեն առիթվ ցույց տալիս բոլորին: Մինչդեռ ոչ ոք չի փորձում վերքերը բուժողների մասին ֆիլմ նկարել: Օրինակ՝ ֆիլմ նկարել Աղբյուր Սերոբի, Գարեգին Նժդեհի (առաջնեկը կա, թող ծնվեն երկրորդը, երրորդը…),  Անդրանիկի մասին: Բանը հասավ նրան, որ նույնիսկ հարցնում էին, թե ինչու չի կիրառվում խորհրդային մոդելը. ասել կուզի՝  Լենինի դերակատարը ուրիշ դեր չպիտի խաղար, որպեսզի հանդիսատեսի մոտ չփլուզվեր կերպարը: Այն է՝ մեր օրերում սերիալում մականունավոր լորդի կերպարը խաղացողը Նժդեհ չպիտի կերտեր: Մյուսները ծիծաղելի էին համարում այս տեսակետը, եւ կրքերը բորբոքվում էին: Խորհրդային մոդելը գուցե արդարացված էր այդ տարիներին, երբ մեր ծնողների սերունդը կարծում էր, թե ուսուցիչները զուգարան չեն գնում: Ներկայումս շատ բան է փոխված ու շատ բան արդեն անհեթեթ է հնչում: Դերասանը տարբեր դերեր կերտելու համար է:  

Ու այսպես 7 օր շարունակ՝ տարբեր հարցերի ու նաեւ՝ կինոյի շուրջ: Իսկ թե ինչ էին խոսում մեր երկիր եկած հյուրերը, պարզ էր դառնում ՀՀ-ի պատմամշակութային վայրեր նրանց այցից հետո: Թեեւ ճիշտ կլինի ասել՝ նրանք չէին խոսում, նրանք ապշած էին, եւ տպավորություններն էլ մինչեւ յոթ բառի շրջանակում էին արտահայտում՝  հիացած  են, շշմած են, աստվածային տեղերում են, դրախտում են եւն:

Աստվածների հանգրվանը՝ անփոփոխ

Կինոփառատոնն ավարտվեց կոլումբիացի ռեժիսոր Սիռո Գեռայի «Օձի գրկում» ֆիլմով: Հանդիպում են իրար գերմանացի ազգագրագետն ու ցեղի վերջին քուրմը: Ազգագրագետը փնտրում է սրբազան խոտաբույսերը եւ Աստվածների հանգրվանը: Նա ու քուրմը հանդիպում են այն պահին, երբ վերջինս ժայռապատկերներ էր նկարում քարերին: Ազգագրագետը սկսում է վերծանել դրանք քուրմի ներկայությամբ: Քուրմը մերկ էր՝ իր ցեղին բնորոշ ներկված եւ մի որսորդական փայտ ուներ ձեռքին, որով կապիկներ են որսում: Երբ ազգագրագետը քրմին հարցնում է նրա ով լինելը, նա միանգամից չի պատասխանում, իսկ հետո  ներկայացնում է իրեն իբրեւ «մարդ ոչինչ»՝ ճուլա ճակի, ինչպես ընդունված էր ասել իրենց ցեղում, որին ոչնչացրել էին արդեն: Զրույցի ընթացքում պարզվում է, որ քրիստոնեություն տարածող կոլումբիացիները իրենցից հետո մահ ու ավեր են սփռել: Քուրմն ու ազգագրագետը նավարկում են՝ գտնելու  Աստվածների հանգրվանը: Ճանապարհին քուրմն ասում է ազգագրագետին. «Ջուրը թափիր ճամպրուկներդ»: Ազգագրագետը բացատրում է,

որ ճամպրումներում իր հիշողությունն է, նոթատետրերը, արձանագրությունները: Այնուամենայնիվ, գցում է դրանք ջուրը: Բայց մի ճամպրուկ վարանում է գցել: Որովհետեւ այնտեղ նվագարկիչ էր, գրամոֆոն: Ազգագրագետը լարում է այն, եւ Վագներ լսում՝ ասելով, թե հանգստանում է այդ երաժշտությունից: Ի պատասխան քուրմը հարցնում է. «Գետը քանի՞ երգ ունի»: Ազգագրագետը պատասխանում է՝ չգիտի: Իսկ քուրմը թե՝ «Գետն ունի մեկ ակունք, երկու ափ եւ մեկ գետաբերան, միլիոն երգ»: Ազգագրագետը վերջին ճամպրուկն էլ նետում ջուրը: Վերջապես հասնում են այնտեղ, որտեղ հանգրվանել են Աստվածները՝ երկու լեռան արանքում: Ազգագագետն ասում է, թե ուզում է ամեն ինչի մասին իմանալ: Քուրմը խորհուրդ է տալիս ոչ թե տեսածը գրել, այլ մտապահել գլխում, զգալ, շոշափել, հասկանալ բնությունը: Երբ այդ ամենին հասնի, կտեսնի Աստվածներին: Գիշերը քնում են: Քուրմը խառնվում է Տիեզերքին, ազգագրագետն արթնանում է… Հետո նրա հուշերի հիմքով էլ ստեղծվում է ֆիլմը:

Ես այս ֆիլմին անդրադարձա ոչ միայն գեղարվեստական արժեքի  պատճառով: Այն ինձ հոգեհարազատ էր շատ: Ես, որպես հայ հեթանոս, մաշկիս վրա ու հոգուս մեջ զգացի քրիստոնյաների պատճառած ցավը, եթե նրանք մանր ցեղերի հետ են այդպես վարվել, ապա ինչ են արել մեզ հետ 301թ.:

Զգացի, թե ինչպես են իրենց «մարդ ոչինչ» զգացել մեր քրմերը, երբ չեն կարողացել փրկել Հայոց աշխարհը կործանող հավատից, ինչ է զգացել Արձան քրմապետը քրիստոնյա աղանդավորների դեմ պայքարելիս: Խորհրդանշական էր նաեւ Աստվածների հանգրվան երկու լեռը: Մի տարբերություն կար. իմաստնություն ստանալու համար մեզ օձի գրկում պառկել պետք չէ: Մեզ պետք է Հայոց իմաստնության Աստված Տիրին կանչել, որ ների մեր անխոհեմությունն ու պոկի ադամեվայական խնձորի պատմությունից: Այդժամ եւ՛ մեր քրմերը հանգիստ կլինեն Տիեզերքում եւ՛  իրենց գործը երկրում հանգիստ կսկսեն:

Աշոտ Բադալյան, լուսանկարները՝ հեղինակի

«Ոսկե Ծիրան»-ի մրցանակակիրները

«Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնը ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարեց մրցանակակիրներին:

Միջազգային խաղարկային մրցույթ

Ոսկե ծիրան (1-ին մրցանակ). «Օձի գրկում» – ռեժ.՝ Սիռո Գեռա (Կոլումբիա)

Ոսկե ծիրան  (1-ին մրցանակ). «Ձմռան վերջը» – ռեժ.՝ Կիմ Դե-հուան, (Հարավային Կորեա)

Ժյուրիի հատուկ մրցանակ. «Իշկանուլ» – ռեժ.՝ Խայրո Բուստամանտե, (Գվատեմալա/Ֆրանսիա)

Այս տարի առաջին անգամ հանձնվեց նաեւ նոր՝ Հանդիսատեսի Համակրանք մրցանակը, որը ստացավ գերմանացի ռեժիսոր Մարկ Բրումունդը իր «Սրբարան» (Գերմանիա) ֆիլմի համար:

Միջազգային վավերագրական մրցույթ

Ոսկե ծիրան (1-ին մրցանակ). «Իմաստի ստեղծումը» – ռեժ.՝ Սիմոնե Ռապիզարդա Կազանովա, (Կանադա /Իտալիա)

Արծաթե ծիրան (2-րդ մրցանակ). «Գերմանական երիտասարդություն» – ռեժ.՝ Ժան-Գաբրիել Պերիո (Ֆրանսիա /Գերմանիա/ Շվեյցարիա)

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ

Ոսկե ծիրան (1-ին մրցանակ), «Ամեն ինչ լավ կլինի» – ռեժ.՝ Պատրիկ Ֆոլռաթ, (Գերմանիա/ Ավստրիա)

Արծաթե ծիրան (2-րդ մրցանակ). «Չելլե», ռեժ.՝ Դավուդ Խայամ (Մեծ Բրիտանիա)

Ժյուրիի հատուկ մրցանակ. «Ամեն ինչ՝ վաճառքի» – ռեժ.՝ Ֆարհադ Ղոլամի (Իրան)

Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ

Ոսկե ծիրան (1-ին մրցանակ), լիամետրաժ խաղարկային. «Մեկ, երկու, երեք» – ռեժ.՝ Արման Երիցյան, (Հայաստան/Գերմանիա/Նորվեգիա)

Արծաթե ծիրան (2-րդ մրցանակ), կարճամետրաժ խաղարկային.

«Բժիշկը» – Աննա Գորոյան, (Ռուսաստան)

Հրանտ Մաթեւոսյանի անվան հատուկ մրցանակ լավագույն սցենարի համար.

«Ճանապարհ» – Գագիկ Մադոյան, (Հայաստան)

Ֆիպրեսի մրցույթ

«Մոսկվիչ, իմ սեր» – Արամ Շահբազյան (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան)

Էկումենիկ մրցույթ

«Մոսկվիչ, իմ սեր» – ռեժ.՝ Արամ Շահբազյան (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան)

Խրախուսական մրցանակ. «Սիվաս» – ռեժ.՝ Քաան Մյուժդեջի, (Թուրքիա/Գերմանիա)

«Լուսանցք» թիվ 27 (373), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։