Կկարողանա՞նք փրկել մեր տնտեսության սիրտը – Նոր միջուկային էներգաբլոկի շահագործման հանձնումը նախատեսված է մինչեւ 2027 թվականը… Հերունու առաջարկած արեւային մեծ կայանը իրականություն չի դառնա այս ծրագրով…

«Հայաստանի էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչեւ 2036թ.) զարգացման ուղիները» ծրագիրը պատրաստ է: Անկեղծ ասած, այս փաստաթղթից մեծ սպասելիքներ ունեի՝ մտածում էի, կնախանշվեն հստակ քայլեր, որոնք կփրկեն տնտեսության սիրտը՝ էներգետիկ համակարգը: Բայց այդ ծրագիրը, ըստ էության, ոչ մի նոր բան չի ասում, այն չի տարբերվում «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020թթ. միջոցառումների ծրագրից: Լավ կամ վատ ծրագիր լինելու խնդիր չէ, պարզապես եթե նորություն չկա, ուրեմն՝ ձեռնարկվելիք քայլերն էլ նոր չեն լինի: Համենայնդեպս, առաջին հայացքից ծրագիրն այդ տպավորությունն է թողնում:

Թեեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լավատես է: Նա տեղեկացրել է, որ արդեն իսկ մշակված է էլեկտրաէներգետիկական համակարգի էլէներգիայի արտադրության, ներկրման, արտահանման եւ բաշխողի էլեկտրական ցանցեր առաքման կանխատեսվող հաշվեկշռի կազմման կարգը, որը դրվել է 2015թ. օգոստոսի 1-ից հաստատված էլեկտրաէներգիայի սակագների հիմքում, ինչը բացառելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում ֆինանսական վնասների ձեւավորումը։ Ե. Զախարյանի խոսքերով՝ կառավարման համակարգում ներդրվել է վերահսկողության այնպիսի մեխանիզմ, որն անմիջապես կարձագանքի չնչին շեղումների ժամանակ։ Մշակվել են նաեւ էլեկտրաէներգետիկ համակարգի բարելավմանը, ներդրումների արդյունավետությանը, սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, էլէներգիայի հաշվառման համակարգի արդիականացմանը եւ կորուստների նվազեցմանն ուղղված առաջարկներ, որոնց իրականացումը առաջիկա 1-2 տարիների ընթացքում, նախնական գնահատմամբ, բաշխիչ ցանցերում փաստացի կորուստների նվազմանը կհանգեցնի՝ 1,5-2%-ով։  

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը մանրամասնել է մինչեւ 2036թ. նվազագույն ծախսերով էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագիրը։ Նրա խոսքերով, այն մշակելիս հաշվի են առնվել մի շարք հիմնարար սկզբունքներ՝ երկրի էներգետիկ անվտանգության եւ անկախության ողջամիտ մակարդակի ապահովումը, էներգակիրների հուսալի մատակարարումը ներքին շուկայի սպառողներին՝ հնարավորինս ցածր գներով, էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգետիկայի տնտեսապես հիմնավորված ներուժի իրացումը, տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը, շուկայում առկա արտադրման եւ սպառման տեխնոլոգիաները, ենթակառուցվածքային եւ տեխնոլոգիական սահմանափակումները։

Անկեղծ լինելու համար ասեմ. մեր էներգահամակարգի զարգացման մի դրույթ անխախտ է մնացել: Դա շատ կարեւոր է մեր երկրի համար՝ ոչ միայն տնտեսական, այլեւ՝ քաղաքական շահերից ելնելով:

Խոսքը միջուկային էներգետիկան զարգացնելու մասին է: Հայաստանի էներգետիկ համակարգի ներկայիս հնարավորությունների ու զարգացման հեռանկարների շուրջ կատարված ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքում մասնագետները մինչեւ 2036թ. զարգացման ծրագրում ուսումնասիրել են զարգացման տարբեր սցենարներ։ Բոլոր դիտարկված տարբերակներում գործող միջուկային բլոկի փոխարինումը 2027թ. նոր էներգաբլոկով տնտեսապես հիմնավորված է եւ անհրաժեշտ է՝ ելնելով երկրի ռազմավարական դրույթներից։ Նոր միջուկային էներգաբլոկի շահագործման հանձնումը նախատեսված է մինչեւ 2027 թվականը։

Առաջարկների մեջ կարեւոր տեղ ունի նաեւ նոր ջերմային ՀՇԳՑ էներգատեղակայանքների կառուցումը, սկսած 2018թ.։ Այս հզորությունների անհրաժեշտությունը պայմանավորված է Իրան-Հայաստան գազէլեկտրաէներգիայի փոխանակման պայմանագրի պարտավորությունների կատարմամբ, ինչպես նաեւ Հրազդան ՋԷԿ-ի գործող բլոկների շահագործման դադարեցմամբ։ Դիտարկվում է նաեւ 2027թ. հետո Իրան-Հայաստան գազ-էլեկտրաէներգիա փոխանակման պայմանագրի երկարացում՝ տնտեսապես հիմնավորված պայմաններով։

Գուցե վերջապես իսկապե՞ս այլընտրանքային գազ ունենանք: Համապատկերում նկատենք, որ «Նաիրիտ»-ի վերագործարկումը Համաշխարհային բանկը աննպատակահարմար էր գտել մեկ ամենագլխավոր պատճառով՝ գազով՝ նշելով, թե ներկրվող այս վառելիքի գինն անկայուն է եւ ՀՀ-ից կախված չէ: Իսկ այլընտրանքային տարբերակը միշտ ավելի կայուն է պահում ապրանքի գինը:

Մնացյալի մասին, որ խոսվում է (էներգախնայող տեխնոլոգիաների ներդրում, փոքր ՀԷԿ-երի կառուցում, միջին հզորության ՀԷԿ-երի (Լոռիբերդ՝ 66 ՄՎտ եւ Շնող՝ 70 ՄՎտ) զարգացում եւ շահագործման հանձնում 2021թ.), նորություն չէ:

Ա. Գաստյանն ասել է, որ մինչեւ 2036թ. նվազագույն ծախսերով էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագրում որպես առաջարկ ներկայացված է նաեւ 30 ՄՎտ հզորությամբ երկրաջերմային էլեկտրական կայանի կառուցումը եւ շահագործումը 2024թ.՝ Համաշխարհային բանկի SREP ծրագրի աջակցությամբ։ Սա էլ նորություն չէ, քանզի մեր երկրում երկրաջերմային էներգետիկայի զարգացման մասին վաղուց է խոսվում: Տարիներ առաջ անգամ հստակ ուսումնասիրություններ եղան, կայանի կառուցման տեղանք որոշվեց: Հետո ասացին, որ տարածքը գնել է գործարար Էռնեկյանը եւ… ծրագրի մասին խոսակցությունները դադարեցին:

Արեւային էներգետիկան զարգացնելու մասին խոսք կա, բայց դա ֆոտովոլտայիկ կայանների մասով է՝ լոկալ բնույթի: Պարիս Հերունու առաջարկած արեւային մեծ կայանը, ցավոք, իրականություն չի դառնա՝ համենայնդեպս այս ծրագրով: Դե, մեծ գործերը մեծ գիտնականների համար են: Առայժմ կմնանք տեղային ու փոքրածավալ գործերի հույսին:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 27 (373), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։