Սպասվում են նաեւ հարկային օրենսդրության բարեփոխումներ եւ կա ստուգումների կասեցման հնարավորություն… ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ ճանաչեց Սահմանադրությանը հակասող եւ անվավեր…

Սպասվում են նաեւ հարկային օրենսդրության բարեփոխումներ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցեցին պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները: Արծարծվել են, մասնավորապես, ՀՀ երկարաժամկետ ու կայուն տնտեսական աճի ապահովման, արտահանման խթանման, բիզնես միջավայրի բարելավման, մրցունակության բարձրացման եւ ներդրումների ներգրավման հեռանկարներին ու հնարավորություններին վերաբերող հարցեր: Քննարկվել են ըստ ուղղությունների առաջարկվող փոփոխությունները եւ ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Կառավարության ղեկավարը, ամփոփելով քննարկումը, կարեւորել է հարկային օրենսդրության բարեփոխումները տնտեսության երկարաժամկետ ու կայուն զարգացման տեսանկյունից եւ հանձնարարել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ:

Շուտով պարզ կլինի, թե հարկային բարեփոխումներն ինչ տրամաբանությամբ են ընթանալու եւ արդյո՞ք բարեփոխումներ են լինելու…

Վարչապետը հանձնարարեց քննարկել ստուգումների կասեցման հնարավորությունը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության հուլիսի 23-ի նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց մինչեւ 2015թ. ավարտը տեսչություններ ունեցող պետական մարմինների ղեկավարների հետ քննարկել ստուգումների կասեցման հնարավորությունը: Վարչապետը նշեց նաեւ, որ դրա վերաբերյալ կառավարության հաջորդ նիստին ներկայացնեն առաջարկություններ:

Հովիկ Աբրահամյանի խոսքերով՝ հանձնարարության նպատակն է ստեղծված տնտեսական իրավիճակում անհարկի չմիջամտել տնտեսվարողների գործունեության բնականոն ընթացքին. «Ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք ականջալուր լինել տնտեսվարող սուբյեկտների դժգոհություններին: Այս իրավիճակում մենք ամեն ինչ պետք է անենք՝ բացառելու անհարկի միջամտությունները եւ նվազագույնի հասցնել բոլոր կարգի ստուգումները»:

Անի Մարության

ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ ճանաչեց Սահմանադրությանը հակասող եւ անվավեր  

Սահմանադրական դատարանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա, հուլիսի 7-ին քննության առավ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2014թ. հունիսի 21-ին ընդունված` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի եւ կից` 10 օրենքների, ինչպես նաեւ դրանց հետ համակարգային կապի մեջ գտնվող «Եկամտային հարկի մասին» օրենքի 6-րդ եւ 10-րդ հոդվածների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ՍԴ մամուլի ծառայությունից, ելնելով գործի քննության արդյունքներից եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 եւ 68-րդ հոդվածներով, ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց.

  1. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի` սույն գործով վեճի առարկա 2-րդ հոդվածի 1-ին մասի 28, 36 եւ 37-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասը, 7-րդ մասը, 9-րդ հոդվածի 10-րդ մասը, 13-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ եւ 13-րդ մասերը, 37-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասի` «օրենքի 43-րդ հոդվածով» դրույթը, 39-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ նախադասությունը, 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության` «որոնց կազմը եւ առավելագույն չափը սահմանում է Կենտրոնական բանկը» դրույթը, 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության` «ողջամիտ եկամտաբերություն» եզրույթը, 43-րդ հոդվածի 3-րդ մասի` «ողջամիտ շահութաբերություն» եզրույթը, 44-րդ հոդվածի 2-րդ մասը, 46-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությունը, 62-րդ հոդվածի 5-րդ մասը, 62-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությունը, 63-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությունը, 67-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը, 81-րդ հոդվածի 1-ին մասը, 81-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը, 81-րդ հոդվածի 5-րդ մասը, 81-րդ հոդվածի 7-րդ մասը, 81-րդ հոդվածի 13-րդ մասը համապասխանում են ՀՀ Սահմանադրությանը` հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները:
  2. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող եւ անվավեր:
  3. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաեւ 45-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը` այն մասով, որով տարեկան գնաճով ճշգրտված չափով վերադարձնելու երաշխիքը չի տարածվում նաեւ տվյալ օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված` ՀՀ պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների վրա, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ եւ 48-րդ (կետ.12) հոդվածների պահանջներին հակասող եւ անվավեր:
  4. «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-68-Ն օրենք), «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-69-Ն օրենք), «Եկամտային հարկի մասին» ՀՀ (ՀՕ-246-Ն) օրենքի 6-րդ եւ 10-րդ հոդվածները, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-74-Ն օրենք), «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-76-Ն օրենք), «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-70-Ն օրենք), «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-71-Ն օրենք), «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-72-Ն օրենք), «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-73-Ն օրենք), «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-77-Ն օրենք), «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը համապասխանում են ՀՀ Սահմանադրությանը` հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները:
  5. ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

«Լուսանցք» թիվ 27 (373), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։