Խոստացան, բայց չվերացրին ստվերն ու ստվերոտներին – Բնակչության միայն 21%-ն է հավատում, որ կառավարությունը հակակոռուպցիոն լուրջ ջանքեր է գործադրում… «Հայաստանի սեւ ցուցակ»-ը՝ խաղաքա՞րտ…

Խոստացան, բայց չվերացրին ստվերն ու ստվերոտներին…

«Թրանսփարենսի ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հաղորդմամբ՝ Հայաստանի բնակչության միայն 21%-ն է հավատում, որ կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ: Ըստ նրա, ԵՄ Արեւելյան գործընկերության 5 երկրներում՝ Հայաստան, Վրաստան Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա, որոնք ունեն կիսանախագահական ու նախագահական կառավարում, կոռուպցիոն տեսանկյունից խնդիրները ընդհանուր են՝ գործադիր իշխանության նկատմամբ զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների անբավարար, սահմանափակ լինելը, քաղաքականացված եւ անարդյունավետ դատական համակարգ ու սահմանափակումներ քաղաքացիական հասարակության նկատմամբ:

Նշվել է, որ քաղաքացիական հասարակության սահմանափակումների մասով հիմնական շեշտը դրված է Ադրբեջանի վրա եւ որոշ չափով՝ Հայաստանի: Մյուս երկրների դեպքում նշվում էր, որ իրավիճակը ավելի բարվոք է, ինչը գալիս է դրսի ֆինանսավորումից, ներսից ֆինանսավորման աղբյուրներ չկան: Այս ուսումնասիրությունն արվել է մասնագիտական տերմինաբանությամբ՝ օրինավորության ազգային համակարգի վերաբերյալ: Հայաստանի մասով սա արվել է 3 անգամ՝ 2000-ականների սկզբներին, 2008թ.՝ 2-րդ անգամ՝ մշակված նոր մեթոդաբանությամբ եւ 2-դն էլ ներառում է 2014թ. հունիսի 30–ի դրությամբ: Ներկայացնելով 2014թ. կոռուպցիայի մասով Հայաստանի ցուցանիշները՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության

անդամ Մարատ Ատովմյանը տեղեկացրել է, որ կոռուպցիայի ընկալման համաթվով 174 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 94–րդ տեղը: «Որպես հիմնախնդիր նշվում է օլիգարխների ու ստվերային տնտեսության առկայությունը, որը բարձր տոկոս է կազմում մեր երկրում, ինչպես նաեւ հովանավորչությունը, հովանավորչության հետ կապված խնդիրները»,- հայտարարել է իրավաբանը:

Նրա ներկայացմամբ, բնակչության 82%-ը նշել է, որ հանրային հատվածում կոռուպցիան «շատ լուրջ» հիմնախնդիր է Հայաստանի համար եւ ընդամենը 21%-ն է հավատում, որ կառավարությունը հակակոռուպցիոն լուրջ ջանքեր է գործադրում:  

«Սա շատ քիչ տոկոս է, փաստորեն քչերն են հավատում, որ կառավարությունը քաղաքական կամք է դրսեւորում կոռուպցիայի դեմ պայքարելու հարցում»,- ասում են երիտասարդ իրավաբանները, իսկ ըստ նույն արդյունքների, հարցվածների 70%-ը կարծում է, որ դատական իշխանությունը կախված է իշխանություններից եւ անկախ չէ:

Նշվել է, որ որոշ առանձնահատկություններ կան բոլոր երկրների համար: Օրինակ՝ Վրաստանի պարագայում խորհրդարանական վերահսկողության առումով այս երկրի օրենսդիր մարմինը թույլ է, Վրաստանի խորհրդարանի պատգամավորները հարցումներ են ուղարկել երկրի կառավարությանը եւ ոչ մի պատասխան չեն ստացել, այսինքն՝ խորհրդարանական մեխանիզմները այդ աստիճան թույլ են: Նույն՝ 2014թ. ուսումնասիրության համաձայն, Վրաստանը լավ վիճակում է, կոռուպցիայի ընկալման համաթիվը այդ երկրի 52 է, համեմատաբար ավելի լավ վիճակում է Հայաստանը, որի ընկալման համաթիվը՝ 37 է, 36՝ Մոլդովան, 26-27՝ Ուկրաինան ու Ադրբեջանը:

«Ինչքան մեծանում է ընկալման համաթիվը, այնքան երկիրը կոռուպցիայից զուրկ է. 0-ն բացարձակ կոռումպացված, 100՝ բացարձակ մաքուր, բայց այդպիսի երկիր աշխարհում, բնականաբար, չկա»,- հավելել է Վարուժան Հոկտանյանը:

Ռեգիոնալ ուսումնասիրության արդյունքներով ԵՄ ԱԼԳ բոլոր 5 երկրների մասով հանձնարարականներ են տրվել:

Հայաստանի մասով դրանք վերաբերել են իշխանության եւ գործարար հատվածի միջեւ առկա սերտաճման նվազեցմանը, դատական համակարգի անկախության ապահովմանը, բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կոռուպցիոն հանցագործությունների արդյունավետ հետաքննություն, ինչպես նաեւ վերահսկող գործառույթ ունեցող ինստիտուտների ուժեղացմանը:

Իսկ ստվերի ստվերոտ կողմերը մնում են:

Կարեն Բալյան

«Հայաստանի սեւ ցուցակ»-ը՝ խաղաքա՞րտ

Վերջերս տեղեկատվություն տարածվեց, թե սփյուռքում բնակվող մի խումբ մեր հայրենակիցներ պատրաստվում են մոտ օրերս շրջանառության մեջ դնել «Հայաստանի սեւ ցուցակ» անվանումով համացանցային մի կայք, որը կենտրոնացնելու եւ հրապարակելու է տեղեկություններ Հայաստանի ներկայիս եւ նախկին այն պաշտոնյաների մասին, ովքեր քրեական հանցագործություններ են կատարել ՀՀ քաղաքացիների ու պետության դեմ:

Իբր 1-ին փուլում օգտագործվելու են մամուլի հրապարակումները, քաղաքացիների վկայությունները, տեսաձայնագրությունները եւ փաստաթղթեր հանցագործ պաշտոնյաների, պատգամավորների, ինչպես նաեւ ոստիկանության, հատուկ ծառայությունների, մաքսային ու հարկային, կադաստրային եւ այլ համակարգում աշխատող հանցավոր անձանց եւ նրանց ընտանիքների անդամների մասին՝ անուն-ազգանուններով, լուսանկարներով, տեսագրություններով, տան հասցեներով, աշխատանքի եւ ուսման վայրերով, սեփականության մասին տվյալներով: Իսկ, ինչպես նշված է, 2-րդ փուլում իրականացվելու է փաստահավաք ՀՀ քաղաքացիներից եւ սփյուռքի մեր ազգակիցներից՝ դրամաշորթությունից, խարդախությունից, խոշտանգումնեից, կոռուպցիայից եւ այլ հանցանքներից տուժածների եւ ականատեսների, իրավապաշտպան կազմակերպությունների վկայություններով: Եվ 3-րդ փուլում կազմակերպվելու է համագործակցություն միջազգային ատյանների եւ իրավապահ մարմինների հետ, հատկապես այն երկրներում, որտեղ պահվում են նշված անձանց եւ նրանց ընտանիքների անդամների բանկային ավանդներն ու հաշիվները: Միաժամանակ այդ երկրների հայկական համայնքների միջոցով ճնշում է կազմակերպվելու կառավարությունների եւ մասնավոր բանկերի ու ընկերությունների վրա անօրինական եւ հանցավոր եղանակով Հայաստանում դիզած եւ երկրից դուրս հանված գումարների. բանկային ավանդների սառեցման, անշարժ գույքի առգրավման, մուտքի վիզաներ եւ քաղաքացիություն չտրամադրելու կամ դրանցից զրկելու պահանջներով:

Տեղեկատվությունում նշված 4-րդ փուլը գալու է Հայաստանում ազատ ընտրությունների անցկացման եւ ժողովրդավարության հաստատվելուց հետո, երբ հավաքված նյութերը փոխանցվելու են միաժամանակ միջազգային դատական ատյաններին եւ մեր երկրի օրինական իշխանություններին՝ համապատասխան քրեական գործեր հարուցելու, արտերկրում գտնվելու դեպքում նրանց վերադարձնելու եւ արդարությունը վերականգնելու նպատակով: Նշվում է նաեւ, որ նման ցուցակներ վաղուց արդեն կազմվում են եւ դրանց հիման վրա պատժամիջոցներ են կիրառվում մի շարք երկրների եւ առանձին անձանց կամ խմբերի նկատմամբ համաշխարհային ամենաբարձր մակարդակով: Հենց հիմա նման պատժամիջոցներ են գործում Ռուսաստանի տասնյակ պաշտոնյաների եւ տնտեսական կազմակերպությունների դեմ այսպես կոչված «Մագնիցկու ցուցակի», «Դիմա Յակովլեւի ցուցակի» հիման վրա, ՅՈՒԿՈՍ ընկերության դատավճռով եւ այլն: Նախադեպ արդեն կա նաեւ ՀՀ իրավական դաշտում ՝ ԱՄՆ դատարանը բազմամիլիոնանոց հայց է ներկայացրել ՀՀ նախկին բնապահպանության նախարար, ներկայումս ԱԺ բյոջետա-ֆինանսական հանձնաժողովի անդամ Վարդան Այվազյանի դեմ դրամաշորթության մեղադրանքով:

Կարծում ենք, եթե սա հերթական քաղաքական խայծը կամ խաղաքարտը չէ, ապա առաջիկայում կհայտնվեն մարդիկ, որ կստանձնեն որոշակի պատասխանատվություն: Իսկ թե նրանք որտեղից կստատան այդքան անհրաժեշտ տվյալները… Դեռ կպարզվի:

Իսկ «Հայաստանի սեւ ցուցակ» համացանցային կայքի հայտարարված նպատակ է հայտարարվել՝ տեղեկատվական ռեսուրսները հանուն արդարության եւ ժողովրդավարության հաղթանակի ծառայեցնելը…

Սակայն ցայսօր որեւէ հրապարակային քայլ արված չէ «Հայաստանի սեւ ցուցակ»-ի հրապարակման առումով…

«Լուսանցք» թիվ 27 (373), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։