Տղամարդը եւ կինը հավասար չեն՝ բնությամբ ու բնույթով – Ըստ հայ արիների տեսակետների, բնության օրենքներով տղամարդն ու կինը բոլորովին այլ բնույթ ունեն, այլ կենսական գործառույթներով են օժտված…

Սահմանադրության հնարավոր փոփոխման շեմին նոր հարձակման են անցել արեւմուտքի բազմասեռներն ու բազմասերները: ԼԳԲՏ հակաբնական կազմակերպությունը հարցումներով լցրել է ՀՀ պետական կառույցների առօրյան: Այսպես նրանք փորձում են թղթեր հավաքել, որ հետո այդ թղթերի վրա գործեր մոգոնելով եվրակառույցներին զեկուցեն, թե Հայաստանում իրենց նմանները ճնշումների են ենթարկվում եւ Հայաստանում առկա է այլամերժություն եւ խտրականություն: Սա բազմիցս փորձված թղթախաղ է, բայց իրապես թուղթ հավաքելու իմաստով…

«ՀՀ օրենսդրության մեջ առկա են անհրաժեշտ նախադրյալներ՝ խտրականության որեւէ դրսեւորում բացառելու համար»,- այսպես են պատասխանել ՀՀ նախագահի աշխատակազմի նամակում՝ ի պատասխան «ՓԻՆՔ Արմենիա» ՀԿ-ի կոչին, որով կազմակերպությունը պետական բարձրաստիճան այրերին հորդորում է կատարել իրենց պարտավորությունները՝ պաշտպանելու Հայաստանում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքները: «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ մայիսի 17-ին hոմոֆոբիայի եւ տրանֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով «ՓԻՆՔ Արմենիա»-ն ՀՀ նախագահին, մի քանի նախարարություններին ու պատգամավորներին ուղարկված նամակով հորդորել էր սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության հիմքով խտրականության բացառման դեմ օրենսդրական կարգավորումներ ապահովել եւ մշտադիտարկել նրանց նկատմամբ խտրականության դեպքերը:

Հետաքրքիր է, որ այսօրինակ «իրավապաշտպան» կազմակերպությունները կամ խմբերը հատուկ ակտիվանում են ընտրությունների, հանրաքվեների կամ օրեսդրական փոփոխությունների նախաշեմին՝ փորձելով տեղում՝ մեր դեպքում Հայաստանում, իրականացնել միջազգային պատվիրատուների պահանջները, որոնք «պաշտպանվում են» ոչ միայն այս կամ այն եվրակառույցի արձագանքներով, այլեւ՝ «օրինական կաշառքով»՝ դրամաշնորհներով:

Երկրի նախագահի աշխատակազմից այս դիմումնատուներին հիշեցրել են, որ «եթե առկա է հավելյալ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն, ապա հարկ է նշել, որ ՀՀ նախագահը օրենսդրական նախաձեռնության իրավունքով օժտված չէ»: Նախագահականից այնքան դիվանագիտական ու իրավական պատասխան են տվել, որ ԼԳԲՏ-ները դժվար կարողանան այդ նամակից բողոքի թուղթ սարքել… Սակայն, «ՓԻՆՔ Արմենիա»-ն չի նահանջել, հետեւում ունենալով մի մեծ չափաբաժին եվրաարժեքներ: Կազմակերպությունն իր նամակում Սերժ Սարգսյանին նաեւ հորդորել է պետական նշանակության մեդալով չպարգեւատրել այն անձանց ու կազմակերպություններին, որոնք ԼԳԲՏ անձանց եւ նրանց իրավապաշտպանների դեմ ատելության կոչեր են տարածում:  

Ուրիշ բան չասելու համար, պարզապես նշեմ, որ նման կոչերը, որի թիկունքում օտար երկրներ են կանգնած, պետք է գնահատել որպես մեր պետության ներքին գործերին միջամտելու փորձ… Ավելին՝ թելադրելու փորձ, որն արդեն պիտի համապատասխան օրենքներից օգտվելով՝ հակադարձ քայլերի մղի, անգամ պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկվի: Վաղն էլ աղանդավորականները մի կոչ կանեն մեր իշխանություններին, թե պիտի Հայաստանում մեկուսացվեն այն մարդիկ կամ կազմակերպությունները, որոնք պայքարում են հոգեխեղման ու հոգեորսության դեմ… Ու այսպես շարունակ:

Իսկ վերոնշյալ հորդորին ի պատասխան՝ նախագահի աշխատակազմից պարզաբանել են, որ պետական պարգեւ տալուց հաշվի չի առնվում անձի աշխարհընկալումը. «Եթե, իհարկե, տվյալ անձը չի դրսեւորում այնպիսի հակաիրավական վարքագիծ, որը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դարձել է կամ պետք է դառնա պատկան մարմինների գնահատման առարկա»: Այս պատասխանները պաշտոնական են, մի քիչ նուրբ են ասված, բայց արդարացի են, որը ստորագրված է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Գրիգոր Մուրադյանի անունով գրված նամակում:

Մինչ այս, «ՓԻՆՔ Արմենիա»-ի նամակին պատասխանել էին արդարադատության եւ առողջապահության նախարարություններից:

Արդարադատության նախարարությունից տեղեկացրել էին, որ «Խտրականության դեմ պայքարի մասին» առանձին օրենք ընդունելու նպատակահարմարության քննարկումների շրջանակներում իրավական ուսումնասիրություն է կատարվել, որտեղ վերլուծվել են խտրականության արգելմանը վերաբերող հարցերը: Հիշեցրել են, որ 2010թ. հավանություն է տրվել «Գենդերային քաղաքականության հայեցակարգ»-ին, իսկ 2011թ. հաստատվել է «ՀՀ գենդերային քաղաքականության 2011-2015թթ. ռազմավարական ծրագիր»-ը:

Վտանգավոր է, որ հաստատվել է, բայց լավ է, որ վերջերս հանրային մեծ աղմուկ բարձրացավ ու օրենքի փոփոխության մեջ մերժվեց «գենդեր» բառի բազմանշանակ արծարծումը: Միջազգային «իրավապաշտպանները» մերոնց համոզել էին, թե «գենդերը» կարող է եւ սեռ լինել եւ սեռային եւ սեռական գործողության իմաստ ունենալ մեկ օրենքում… Բայց հայ հանրությանը չկարողացան «համոզել», որոնց նոր հանրային անուն տրվեց համացանցում՝ «գենդեռաստներ»…

Իսկ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ խնդրի կարգավորումը դուրս է նախարարության իրավասությունների շրջանակներից, թեեւ համապատասխան մարմիններից առաջարկներ ստանալու դեպքում պատրաստ են աջակցություն ցուցաբերել:

Հրաշալի է, որ մեր պետական ատյանները կարողանում են արդեն պատասխաններ գտնել հենց այն ոճով, ինչպես հարցնում են եվրախաղացողներն ու եվրակամակատարները:

Իսկ մենք մի բան էլ կավելացնենք: Ըստ հայ արիների տեսակետների, բնության օրենքներով տղամարդն ու կինը բոլորովին այլ բնույթ ունեն, այլ կենսական գործառույթներով են օժտված եւ «տղամարդ-կին հավասարություն ասվածը պարզապես սադրանք է, անգամ վիրավորանք բնությանը հարիր ապրող մարդկանց համար: Որ տղամարդը ֆիզիկական այլ հնարավորություններ ունի, կինը՝ այլ, ինչը բնական է, տղամարդն արարող-սնող տեսակ է, կինը՝ ծնող-սնող, եւ այսպես շարունակ: Հավասարության համար բոլորովին կարիք չկա կնոջը եւս դարձնել հանքափոր կամ քարտաշ, իսկ տղամարդուն՝ մատնահարդար, կամ էլ քարոզել, որ հետույքն ու կրծքերը անպայման մեծացնի՝ ինչպես կինն ունի…

Եթե խոսքը տղամարդու եւ կնոջ իրավական կամ սոցիալական հավասարության մասին է, ապա խնդիր չկա, այդպես էլ պետք է լինի: Ու հիմնականում այդպես է: Հատկապես հայերը նման խնդիր չունեն: Ի սկզբանե, մեր Աստվածներն ու Աստվածուհիները բուն տիեզերքում չունեն խտրականության խնդիր, իսկ մեզ համար պաշտելի են հավասարապես: Այդպես էլ երկրում է հայի համար: Իսկ երբ օրենքների խախտումներ են գրանցվում, ապա դրանք այն օրենքների խախտումներն են, որոնք պարտադրվել են եվրակառույցներից, բայց այդպես էլ «չեն տեղավորվում» հայի ուղեղում եւ սրտում ու… խախտվում են: Այդպես լինելու է միշտ, օտարի կամքը, վարքն ու բարքը չեն հաստատվելու Հայաստանում: Հայ տղամարդն ու կինը երբեք չեն ընդունելու սեռափոխության ու սեռական այլանդակությունների «հավասարության» սկզբունքը:

Տղամարդը պետք է տղամարդ մնա, կինը՝ կին: Սա արարչական ու աստվածային օրենք է եւ անբեկանելի: Ու ինչ-որ եվրաարժեք կամ մեկ այլ «արժեք» չեն կարող վեր լինել բնական օրինաչափություններից…

Հայկ Թորգոմյան

Հ.Գ – Թերեւս իզուր չեն նոր մտահոգությունները, որ ասվում է, թե «Հայաստանում պատրաստվում են օրենք ընդունել, որը կօրինականացնի ընտանիքի նոր մոդելը՝ երկու նույն սեռի կամ երկու տարբեր սեռերի անձանց սեռական հարաբերությունները կոչվում է ընտանիք»,- հայտարարել է «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ նախագահ Արման Բոշյանը:

«Հաշվի առնելով մեր ազգային մենթալիտետը՝ մենք չպիտի ընդունենք այնպիսի օրենքներ, որոնք մեզ պարտադրվում են»,-ասել է՝ Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Նրա դիտարկմամբ՝ որոշում ընդունելիս պետք է հաշվի առնել նաեւ ժողովրդի կարծիքը:

«Լուսանցք» թիվ 27 (373), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։