Ժամանակն է ոչ թե սահմանադրակա՛ն, այլ համակարգայի՛ն փոփոխությունների… Նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական… Քաղաքական ուժերի իրավունքների հետ մեկտեղ քննարկվում են քաղաքացիների իրավունքները նույնպես…

Հանրային քննարկման է դրվել սահմանադրական բարոփոխումների մեկ անգամ արդեն քննարկված փաթեթը: Այս խնդիրը մոտենում է տրամաբանական ավարտին, ինչն իր վերջաբանը կգտնի հանրաքվեի արդյունքներով: Մինչ այդ քաղաքական ու հանրային ուժերը կփորձեն ինչ-որ չափով ազդել սահմանադրական բարեփոխումների վերջնական տարբերակի ձեւավորման վրա: Թեեւ կան ուժեր, որոնք կարծում են, թե միակ ճիշտ որոշումը հանրաքվեն բոյկոտելն է: Այս հարցին այլ ձեւով է նայում մեկ այլ ընդդիմադիր կուսակցություն՝ «Ժառանգություն»-ը, ըստ որի բոյկոտը կենսունակ չէ, ավելի լավ է գնալ եւ «ոչ» ասել: ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը իրենց տեսակետը այսպես է ձեւակերպել, որ ժամանակավրեպ են համարում սահմանադրական փոփոխությունները, բայց գործընթացից հեռու մնալն այս դեպքում ճիշտ չէ, քանի որ իշխանությունները կփորձեն իրենց տարբերակը առաջ մղել եւ «վստահել իշխանություններին չի կարելի, որովհետեւ ասվում է մի բան, արվում՝ ուրիշ բան»:

Հետաքրքիր լուր կա այն մասին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պետք է լինի սահմանադրական հանրաքվեի շտաբի պետ: ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ «սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման կազմակերպչական հարցերով կզբաղվի վարչապետ Հովիկ Աբրահամյանը»: Իհարկե սա անակնկալ չէ, նա առաջին անգամ չէ, որ նախընտրական կամ այլ կարեւոր հարցերով շտաբի պետ է նշանակվել: Բայց այս դեպքում այլ կարծիք կա, թե այսպես Սերժ Սարգսյանը «պատանդ կվերցնի» Հովիկ Աբրահամյանին, ով շարունակում է կապեր պահպանել նախորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ: Իսկ, ինչպես հայտնի է, ՀՀ 2-րդ նախագահը դեմ է նախագահական համակարգի փոփոխմանը՝ փոխարինմանը խորհրդարանական համակարգով, քանզի դա գրեթե չեզոքացնում է նրա հնարավորությունները երկրի ղեկավարմանը վերադառնալու հարցում: Նախագահական համակարգում դա թերեւս հնարավոր էր, իսկ այս դեպքում Ռոբերտ Քոչարյանը չունի որեւէ քաղաքական հենարան՝ խորհրդարանում մեծամասնություն ունենալու: ԲՀԿ-ն, որ ՀՀ 2-րդ նախագահի նախագիծն էր, մի հսկա փուչիկ էր ոմանց համար «թագավոր» Գագիկ Ծառուկյանի հնարավորությունների հաշվին փչված, որն ընդամենը մի ծակոցից պայթեց՝ ոչնչացնելով «ժողովրդական քաղաքական գործչին» ու իր կուսակցությանը:

Հովիկ Աբրահամյանը, որպես հաղթանակ ապահովող շտաբի պետ, «երկկողմանի պատանդ» է, քանի որ նաեւ պետք է վերահսկի Գագիկ Ծառուկյանի՝ հանրաքվեի ուղղությամբ արվող շարժերը, ում քայլերի պատասխանատուն ու երաշխավորն ինքն է եղել դեռ նախկինում, նաեւ այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն փորձեց «մեծն Գագիկ Ծառուկյանից» նորից «դոդի Գագո» սարքել…  

Վարչապետը գործող տարբերակ է նաեւ ընդդիմության հետ ասել-խոսելով աշխատելու կարողության առումով, կենսուրախ  եւ շփվող է, ինչն առհասարակ համապատասխանում է այսպես կոչված շտաբային ստանդարտներին:

Ինչպես նշեցինք, ընդդիմադիրների մի մասը սահմանադրական փոփոխություններին դեմ լինելով՝ նաեւ հանրաքվեն բոյկոտելու կողմնակից է, ինչպես ՀԱԿ-ը: Իսկ ՕԵԿ-ը, ինչպես «Ժառանգություն»-ը դեմ լինելով՝ նախընտրում է «ոչ» ասելու տարբերակը: Մհեր Շահգելդյանը ներկայացնելով ոչ միայն ՕԵԿ-ի, այլեւ ձեւավորված «Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման տեսակետը, հայտնել է, որ 80-ից ավելի քաղաքական եւ հասարակական կազմակերպություններ սահմանդրական բարեփոխումների ներկայացված տարբերակն ընդունելի չեն համարում, քանզի այն բերում է իշխանության մենաշնորհացման. «Խիստ մեծացնելով վարչապետի իրավասությունները՝ ձեւավորվում է ոչ բալանսավորված կառավարման համակարգ»: Ինչ վերաբերում է խորհրդարանի ձեւավորմանը, ապա ըստ պատգամավորի, նման տարբերակ աշխարհի ոչ մի խորհրդարանում գոյություն չունի, եւ այն պետք չէ նաեւ Հայաստանին. «Այս համակարգն ուղղակի դուրս է մղելու ընդդիմադիր կուսակցություններին իրական քաղաքական գործընթացից եւ չեզոքացնելու է վերջիններիս կողմից ստացած ժողովրդական մանդատը»:

Թե ինչ հնարավորություններ կստանան ընդդիմադիր քաղաքական ուժերը «նախագծային» խորհրդարանում, միանշանակ չի ընկալվում: Ըստ որոշ մեկնաբանների, գործող Սահմանադրության համեմատ՝ նոր Սահմանադրությամբ «ընդդիմությանը տրված իրավունքներն այնքան են մեծացել, որ աննկարագրելի է»: Ըստ սահմանադրագետ Վարդան Պողոսյանի, եթե նայում ենք ժամանակակից պառլամենտարիզմի մակարդակում, այնքան առավելություններ մեկ երկրում մեկ Սահմանադրությունում ամրագրված ընդդիմության համար որեւէ երկիր չունի: Նախ եւ առաջ, պառլամենտական փոքրամասնությունը հնարավորություն է ստանում հասարակությանը հետաքրքրող ցանկացած հարցի վերաբերյալ ստեղծել քննիչ հանձնաժողով, եթե առկա է պատգամավորների թվի անհրաժեշտ առկայություն: Հանձնաժողովը ստանում է լայն լիազորություն՝ հետաքրքրող հարցերի վերաբերյալ փաստերը պարզելու համար»: Նախատեսված է, որ նաեւ «օրգանական օրենքների ինստիտուտը», այսինքն այն հիմնարար օրենքների շարքը, որոնք ուղղակիորեն Սահմանադրությունից են բխում, ԱԺ-ն պետք է ընդունի 3/5 մեծամասնությամբ: Խոսքը մասնավորապես վերաբերում է Դատական, Ընտրական, ԱԺ օրենսգրքերին: Նոր Սահմանադրությունում նախատեսված է նաեւ, որ Վերահսկիչ պալատի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահներն անցնելու են 3/5 մեծամասնությամբ: Կա այն դրույթը, որ ԱԺ տեղեկալներից մեկն առնվազն պետք է լինի խորհրդարանական փոքրամասնություններից: Եվ ոմանց համար՝ այսքանով Սահմանադրությունը բավարար երաշխիքներ է ստեղծել խորհրդարանական փոքրամասնությունների կտրվածքով, նաեւ ընդդիմադիր ուժերի արդյունավետ աշխատանքի համար:

Քաղաքական ուժերի իրավունքների հետ մեկտեղ քննարկվում են քաղաքացիների իրավունքները նույնպես: «Սահմանադրական բարեփոխումներից քաղաքացիների իրավունքները կրճատվում են»,- ասել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նա սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին ներկայացրել է պաշտոնական գրություն, որով պահանջում է, որպեսզի «հանձնաժողովը հանրությանը ներկայացնի իրենց հայեցակարգի քննարկման արձանագրությունը»: ԱԻՄ ղեկավարին ցայսօր թվում է, թե ինքն է «անկախություն», «ազատություն» կամ «սահմանադրություն» երեւույթների հեղինակը (ինչն այլեւս զարմանալի չէ…) եւ կարծում է հանձնաժողովը իրենից պետք է հրապարակավ ներողություն խնդրի «ՀՀ քաղաքացիներից Հայաստանի անկախության եւ սահմանադրականության ճարտարապետ կազմակերպության առաջարկը հանրությունից թաքցնելու համար» եւ եվրոպական համապատասխան կառույցներին՝ Վենետիկի հանձնաժողովին պաշտոնապես պետք է ներկայացնի նաեւ «ԱԻՄ բացարձակ ժողովրդավարության այլընտրանքային տարբերակը»։ Պարույր Հայրիկյանը նշում է, որ նախորդ սահմանադրական բարեփոխումները կատարվել են հանրապետականների գերակայությամբ, հիմա նույն հանրապետականները սահմանադրական բարեփոխում են նախատեսում. «1998թ., երբ ես բարեփոխում էի նախատեսում, խոսում էի Լեւոն Տեր-Պետրոսյանի վարչակազմի խուժան սահմանադրության դեմ, հիմա սրանք բարեփոխում են կատարում իրենց իսկ բարեփոխման դեմ։ Գոնե ասեին՝այն ժամանակ ապուշ էինք եղել, սխալ բաներ ենք գրել, բայց հիմա ասում են՝այն ժամանակ լավ ենք բարեփոխել, հիմա էլ բարեփոխենք, գուցե հիմա էլ են մի ապուշ բան գրում»… Եվ ԱԻՄ-ը սահմանադրական բարեփոխումների նպատակը մեկն է համարում. «Բռնապետություններում բարեփոխումներ են կատարում, որ բռնապետերի դիրքերն ամրանան, բռնապետությունն ամրապնդվի, իսկ ժողովրդավար պետություններում՝ ժողովրդավարությունն ավելացնելու համար»։ Եվ ամփոփման մեջ այն տեսակետն է նշված, որ այս բարեփոխումներից քաղաքացիների իրավունքները կրճատվում են եւ ժողովրդի դերակատարությունը քաղաքական կյանքում կրճատվում է առնվազն 2 անգամ։

ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, հայտնել է, որ «ՀՀԿ-ի համար սահմանադրական բարեփոխումների անցկացումը ամեն գնով գերնպատակ չէ, կան բազում առաջնային հարցեր, եւ այս հարցը օրակարգի ամենաառաջնային հարցը չէ»: Նա տեղեկացրել է, որ Սահմանադրության նախագիծը, մասնավորապես դրա 4-7-րդ գլուխները, որոնք վերաբերում են կառավարման ու դատական համակարգերին, քննարկվել են ՀՀԿ խորհրդի նիստում: Հայաստանի քաղաքացու որոշելիքն է՝ անցկացնե՞լ սահմանադրությունը, թե՞ ոչ: Պարզապես մեր տպավորությամբ կա արդյունավետ կառավարման խնդիր, եւ այս տարբերակը հնարավորություն է տալիս ավելի անցնցում, ավելի ժողովրդավար կառավարման անցնելու համար:

ՀՅԴ-ն սահմանադրության փոփոխությունների շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ համաձայնության գալուց հետո, նոր տեսակետներ առաջ չի քաշում, առավել եւս, որ վաղուց խորհրդարանական կառավարման կողմնակից է եղել: Անգամ չի բացառվում, որ այդ փոփոխություններից հետո ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ նորից քաղաքական կոալիցիա կազմի եւ մի քանի նախարարական (գուցե այլ) պորտֆելներ ստանա:

Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ, ստեղծվել է Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք ներկայացնող փաստաբանների պալատի աշխատանքային խումբ։ Այն կազմավորվել է պալատի նախագահի առաջին տեղակալից (համակարգողից) եւ 12 գիտնական փաստաբաններից։ ՓՊ կարծիքներն ու դիրքորոշումները կմշակվեն եւ կներկայացվեն երկրի նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին:

Քաղաքական ուժերը շարունակում են տեսակետներ հայտնել, գերիշխողն այն է, որ գործող նախագահը փորձում է խորհրդարանական համակարգով մնալ իշխանության վերեւում: Վերջերս կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կրկին հայտարարեց, թե Սերժ Սարգսյանն ասել է, որ նոր Սահմանադրության ժամանակ չի լինի ոչ երկրի նախագահ, ոչ էլ վարչապետ: Այժմ էլ ավելացնում է, որ չի լինի նաեւ ԱԺ նախագահ: Այս մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է հուլիսի 16-ի ՀՀԿ խորհրդի նիստում: Այսպես նա վերջնական հայտարարությամբ հերքում է այն կարծիքը, թե գործող նախագահն իր վերարտադրության հարցն է լուծում: Բայց եթե նա 3 պաշտոններից ոչ մեկը չզբաղեցնի, ապա վերարտադրության ցանկության մասին խոսելն անիմաստ կլինի:

Ինչեւէ, խոսքը գցված է, քննարկումներն՝ ընթացքում, ժամանակը ցույց կտա:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 27 (373), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։