Աշխարհի մարզական հեւքից.– Երեւանում մեկնարկեցին համահայկական 6-րդ խաղերը… Հայաստանի հավաքականը չի խաղա գերհզոր թիմերի հետ… Մեկնարկեց Ֆուտբոլի Հայաստանի 24-րդ առաջնությունը…

Հայաստանը չի խաղա գերհզոր թիմերի հետ

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում կայացավ ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը հանդես կգա եվրոպական գոտու E խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի, Չեռնոգորիայի եւ Ղազախստանի ընտրանիները: Այդպիսով, մեզ բաժին չհասան գերհզոր մրցակիցներ, ինչպիսիք են Գերմանիան, Իսպանիան, Անգլիան, Իտալիան, Ֆրանսիան:

Աշխարհի առաջնության ընտրական փուլը Եվրոպայում կսկսվի 2016թ. սեպտեմբերին եւ կավարտվի 2017-ի նոյեմբերին: Եզրափակիչ մրցաշարին մասնակցելու անմիջական ուղեգիր կստանան ընտրական 9 խմբերի հաղթողները եւ 2-րդ տեղ գրաված լավագույն թիմը: Մնացած 4 ուղեգրերը անցումային խաղերում կվիճարկեն խմբերում 2-րդ տեղ գրաված մյուս 8 թիմերը:

Ցանկալի եւ անցանկալի մրցակիցները

Ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության որակավորման փուլը դեռ չի ավարտվել, իսկ ահա ՖԻՖԱ-ում արդեն տեղի է ունեցել 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Մեր ուշադրության կենտրոնում, բնականաբար, գտնվում էր եվրոպական գոտու վիճակահանությունը: ՖԻՖԱ-ն հավաքականներին նախապես բաժանել է 6 զամբյուղներ՝ առաջնորդվելով վարկանիշային աղյուսակով:

Հայաստանի հավաքականը ընդգրկվել է 5-րդ զամբյուղում: Դա նշանակում է, որ մեր թիմին մրցակից չեն կարող դառնալ Կիպրոսի, Լատվիայի, Ֆինլանդիայի, Բելառուսի, Մակեդոնիայի, Ադրբեջանի, Լիտվայի եւ Մոլդովայի ընտրանիները, որոնք նույնպես հայտնվել են նույն զամբյուղում: Ընտրական խմբերը կգլխավորեն Գերմանիան, Բելգիան, Հոլանդիան, Պորտուգալիան, Ռումինիան, Անգլիան, Ուելսը, Իսպանիան եւ Խորվաթիան, որոնք դժվարին հակառակորդներ կլինեն: Ելնելով այդ երկրների հնարավորություններից՝ մեր թիմի համար ցանկալի մրցակից կարելի է համարել Ուելսի հավաքականին: 2-րդ զամբյուղում ընդգրկվածներից մեզ համար ընդունելի տարբերակ է Սլովակիան, մյուսները անցանկալի հակառակորդներ են: 3-րդ զամբյուղից լուրջ մրցակիցներ են համարվում Ուկրաինան, Շոտլանդիան, Լեհաստանը, Հունգարիան, Շվեդիան, Սերբիան, Հունաստանը, անցանկալի՝ Ալբանիան, ցանկալի՝ Հյուսիսային Իռլանդիան: 4-րդ զամբյուղում բարդ կլինի մրցակցել Սլովենիայի, Իսրայելի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Բուլղարիայի, Չեռնոգորիայի դեմ, անցանկալի հակառակորդ է Թուրքիան, ցանկալի՝ Ֆարերները եւ Էստոնիան: 6-րդ զամբյուղում ընդգրկվել են Ղազախստանը, Լյուքսեմբուրգը, Լիխտենշտայնը, Վրաստանը, Մալթան, Սան Մարինոն եւ Անդորան: Վերջին երկուսն ամենաթույլ մրցակիցներն են ցանկացած թիմի համար:

Բազմազանության համար ցանկալի կլիներ, եթե Հայաստանի հավաքականի մրցակիցներ դառնան Անգլիան, Խորվաթիան, Ավստրիան, Շվեյցարիան, Շոտլանդիան, Հունգարիան, Շվեդիան, Սլովենիան, Չեռնոգորիան, Ֆարերները, Լիխտենշտայնը, Սան Մարինոն, քանի որ մերոնք դեռեւս չեն հանդիպել այդ երկրների ազգային թիմերի հետ: 2018թ աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում:  

Ընդգրկված է 5-րդ զամբյուղում

Ռուսաստանի ընտրանին, որպես մրցաշարի կազմակերպիչ, կընդգրկվի 5 թիմից բաղկացած խմբում եւ հանդես կգա հաշվարկից դուրս: Դա նշանակում է, որ այս ազգային թիմը Մունդիալին նախապատրաստության ընթացքում 10 ընկերական խաղ անցկացնելու հնարավորություն կունենա: Միեւնույն ժամանակ, ռուսները նույն խմբում չեն կարող ընդգրկվել գերմանացիների, հոլանդացիների, անգլիացիների, իսպանացիների, իտալացիների ու ֆրանսիացիների հետ. ՈՒԵՖԱ-ի առաջարկով այդ հավաքականները կհայտնվեն այն խմբերում, որոնք 6-ական թիմ կունենան: ՈՒԵՖԱ-ի որոշմամբ բացառված է նաեւ, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հավաքականները, ելնելով քաղաքական իրավիճակից ու երկրների փոխհարաբերություններից, նույն խմբում լինեն:

5 թիմից կազմված խմբում չեն ընդգրկվի նաեւ վերջին՝ 6-րդ զամբյուղի ներկայացուցիչները: Խոսքը Ղազախստանի, Լյուքսեմբուրգի, Լիխտենշտեյնի, Վրաստանի, Մալթայի, Սան Մարինոյի ու Անդորրայի հավաքականների մասին է: Հայաստանի հավաքականն ընդգրկված է նախավերջին՝ 5-րդ զամբյուղում: 1-ին զամբյուղ – Գերմանիա, Բելգիա, Հոլանդիա, Պորտուգալիա, Ռումինիա, Անգլիա, Ուելս, Իսպանիա, Խորվաթիա: 2-րդ զամբյուղ – Սլովակիա, Ավստրիա, Իտալիա, Շվեյցարիա, Չեխիա, Ֆրանսիա, Իսլանդիա, Դանիա, Բոսնիա և Հերցեգովինա: 3-րդ զամբյուղ – Ուկրաինա, Շոտլանդիա, Լեհաստան, Հունգարիա, Շվեդիա, Ալբանիա, Հյուս. Իռլանդիա, Սերբիա, Հունաստան: 4-րդ զամբյուղ – Թուրքիա, Սլովենիա, Իսրայել, Իռլանդիա, Նորվեգիա, Բուլղարիա, Ֆարերներ, Չեռնոգորիա, Էստոնիա: 5-րդ զամբյուղ – Կիպրոս, Լատվիա, Հայաստան, Ֆինլանդիա, Բելառուս, Մակեդոնիա, Ադրբեջան, Լիտվա, Մոլդովա: 6-րդ զամբյուղ – Ղազախստան, Լյուքսեմբուրգ, Լիխտենշտեյն, Վրաստան, Մալթա, Սան Մարինո, Անդորրա:

ՖԻՖԱի նախագահի ընտրությունները՝ 2016-ի փետրվարի 26-ին

ՖԻՖԱ-ի գործկոմում արտահերթ նիստում նշանակվեց կազմակերպության ղեկավարի ընտրությունների օրը: Այն տեղի կունենա 2016թ. փետրվարի 26-ին, շվեյցարական Ցյուրիխում: Ներկա պահին կազմակերպության ղեկավարի պաշտոնակատարը Յոզեֆ Բլատտերն է, ով հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալից հետո: Նա իր պաշտոնում կմնա հաջորդ 7 ամսվա ընթացքում: Չնայած լիազորությունները հնարավորինս շուտ վայր դնելու կոչերին, Յոզեֆ Բլատտեր կշարունակի իր գործունեությունը:

ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուներն իրենց որոշման մասին պետք է հայտարարեն մինչեւ հոկտեմբերի 26-ը: Այս մասին թվիթթերյան իր էջում գրել է լրագրող Կիր Ռեդնեջը: Հաղորդումների համաձայն՝ ՖԻՖԱի նախագահի պաշտոնին հավակնում են բրազիլացի մարզիչ Զիկոն, Լիբերիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Մուսա Բիլիտին, Հորդանանի արքայազն Ալի բին ԱլՀուսեյնը, ով թեկնածու էր նաեւ նախորդ ընտրություններում, կազմակերպության պատվավոր փոխնախագահ եւ Կորեայի ֆուտբոլային միության նախկին ղեկավար Չոն Մոնջունը, ինչպես նաեւ, հնարավոր է, ՈՒԵՖԱի նախագահ Միշել Պլատինին: Վերջինիս արդեն աջակցություն է հայտնել 4 կոնֆեդերացիա՝ հորդորելով թեկնածու առաջադրվել: Պլատինին 15 օր էր խնդրել՝ մտածելու եւ որոշում կայացնելու համար: ՖԻՖԱի նախագահի ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել նաեւ լեգենդար արգենտինացի Դիեգո Մարադոնան:

Մեկնարկեց Ֆուտբոլի Հայաստանի 24-րդ առաջնությունը

Ֆուտբոլի Հայաստանի թվով 24-րդ առաջնությունը մեկնարկեց օգօստոսի 1-ին եւ կկայանա 2 խաղերով: Մրցաշարը, ինչպես եւ նախորդը, կանցկացվի 8 ակումբների մասնակցությամբ: Դրանք ներկայացնում են հանրապետության 3 քաղաքներ՝ Երեւան, Գյումրի, Կապան:

Առաջնության մրցակարգում փոփոխություն չի կատարվել: Թիմերը կխաղան 4 մրցաշրջանով: Այս տարի տեղի կունենա 15 տուր: Առաջնությունը կվերսկսի 2016թ մարտի 5-ին, իսկ եզրափակիչ 28-րդ տուրը տեղի կունենա մայիսի 28-ին: Առաջնության անդրանիկ խաղում «Բանանց»-ը սեփական դաշտում կընդունի «Միկա»-ին»: Երկու թիմերն էլ խաղաշրջանին պատրաստվել են Հայաստանում եւ փոխել են գլխավոր մարզիչներին: «Բանանց»-ն այժմ մարզում է Արամ Ոսկանյանը, որն անցած մրցաշրջանում աշխատել է հենց «Միկա»-ում: Նրա տեղը զբաղեցրել է Արմեն Ադամյանը, որը ժամանակին արդեն եղել է «Միկա»-ի գլխավոր մարզիչ:

Հանրապետության գործող չեմպիոն «Փյունիկ»-ը Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կհյուրընկալի «Ալաշկերտ»-ին: Երկու թիմերն էլ այս տարի մասնակցել են եվրոգավաթների մրցաշարերին եւ արդեն 4-ական պաշտոնական խաղ են անցկացրել: «Փյունիկ»-ը դրանցում տարել է 3, իսկ «Ալաշկերտը»՝ 2 հաղթանակ:

Ըստ բուքմեյքերական գրասենյակների երկու խաղերում էլ ֆավորիտ են համարվում դաշտի տերերը: 1-ին տուրի ժամանակացույցը. 01.08. «Բանանց» – «Միկա»՝ «Բանանց» մարզադաշտ (18:00), 01.08. «Փյունիկ» – «Ալաշկերտ»՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ (19:00), 02.08. «Արարատ» – «Ուլիս»՝ «Հրազդան» մարզադաշտ (17:30), 02.08. «Շիրակ» – «Գանձասար-Կապան»՝ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտ (17:30):

Գեղարվեստական մարմնամարզության հաղթողները

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ թիմային պայքարում հաղթող է ճանաչվել Գեղարվեստական մարմնամարզության եւ ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի թիմը, 2-րդ տեղն է զբաղեցրել Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Երեւանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի թիմը:

Անհատական պայքարի ամփոփիչ արդյունքներով հաղթել են. Սպորտի վարպետի ծրագրով՝ 1-ին տեղ՝ Լիլիթ Հարությունյան (Գեղարվեստական մարմնամարզության եւ ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Գայանե Ներսիսյան): 2-րդ տեղ՝ Միլենա Հովհաննիսյան (Երեւանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Աննա Աբրահամյան): 3-րդ տեղ՝ Ռիմա Հովհաննիսյան եւ Սոնա Հարությունյան (Երեւանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Աննա Աբրահամյան):

Սպորտի վարպետի թեկնածուի ծրագրով. 1-ին տեղ՝ Ռոզա Ադամյան եւ Լիլի Հակոբջանյան (Երեւանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց, անձնական մարզիչներ՝ Աննա Այվազյան եւ Աննա Աբրահամյան): 2-րդ տեղ՝ Լիդիա Նազարյան (Երեւանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Աննա Այվազյան): 3-րդ տեղ՝ Էմմա Պետրոսյան (Երեւանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Աննա Այվազյան):

ՀՀ Նախագահի մրցանակի գումարները կվերաբաշխվեն

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թ. դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ, լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի կառավարության որոշման նախագծին:

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցաշարին կավելանան եւս 2 ստուգատեսներ, որտեղ իրենց ուժերը կչափեն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախակրթական հաստատությունների շուրջ 5500 սաներ եւ 220 հաշմանդամություն ունեցող մարզիկներ: Այդ մրցաշարերի կազմակերպումը իրականացվելու է առանց լրացուցիչ պետական ֆինանսավորման` ընդամենը վերաբաշխում կատարելով «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի ծրագրով հատկացված գումարները:

Ըստ Գաբրիել Ղազարյանի ծրագիրը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց՝ սպորտի նկատմամբ վերաբերմունքի ձեւավորմանը, սպորտի միջոցով նրանց առողջության ամրապնդմանը, ակտիվ հանգստի կազմակերպմանը, ինչպես նաեւ նախադպրոցական տարիքի երեխաների առողջության ամրապնդմանն ու առողջ ապրելակերպի արմատավորմանը։

Եվրոպական խաղերը կարող են ընտրական գլխավոր փուլ լինել

Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն լրջորեն հույս ունի, որ կմեծանա Եվրոպական մարզական խաղերի նշանակությունը: Նրա կարծիքով՝ դրանք կարող են ներառել ոչ միայն մայրցամաքային առաջնությունները, այլեւ ընտրական գլխավոր փուլ լինել Օլիմպիական խաղերի համար:

«Ես շատ մեծ հույս ունեմ, որ կկայացվի երկու որոշում: Առաջինը վերաբերում է արդեն այս տարի որոշ մարզաձեւերի եվրոպական առաջնությունները մեր Խաղերի ծրագրում ընդգրկմանը, ինչպես արվեց ձյուդոյի պարագայում,- նշել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահը,- Երկրորդ՝ այդ մրցումները դարձնել ոչ միայն մայցամաքային խաղեր, այլեւ մրցումներ, որոնց միջոցով կարելի է օլիմպիական ուղեգրեր նվաճել: Դա շատ խելամիտ կլինի ու հնարավորություն կտա մեծ գումարներ խնայել»:

Համահայկական 6-րդ խաղերը կմեկնարկեն Երեւանի «Հրազդան» մարզադաշտում՝ օգոստոսի 2-ին, եւ կտեւեն մինչեւ օգոստոսի 12-ը: 1999-ից սկսած` խաղերը կազմակերպվում էին 2 տարի մեկ, 2007-ից սկսած՝ 4 տարի մեկ անգամ:

Համահայկական խաղերից մեր ակնկալիքը մարզական մեծ տոն ունենալն է

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի մասնակից Երեւանի հավաքական թիմի գլխավոր մարզիչներին: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հավաքական թիմին մաղթել է արդար մրցակցություն եւ մարզական հաջողություններ: «Համահայկական խաղերի առանձնահատկությունը նրանում է, որ բոլոր թիմերն էլ հայկական են ու մրցակցությունն էլ, որքան էլ որ մրցակցություն, այնուամենայնիվ նախ բարեկամական է: Ու մեծ հաշվով բոլորիս ակնկալիքն այն է, որ ունենանք մարզական մեծ տոն, ինչը, համոզված եմ, այդպես էլ կլինի: Որպես տանտեր, անշուշտ, պետք է պատշաճ հյուրընկալենք մայրաքաղաք այցելած մեր բոլոր հյուրերին, բայց եւ պետք է անենք հնարավորը, որպեսզի Երեւանի թիմը, ինչպես միշտ, ապահովի փայլուն մասնակցություն, նվաճի հաղթանակներ ու հերթական անգամ բարձր պահի Երեւանի մարզական պատիվը»,- ընդգծել է քաղաքապետը:

Քաղաքապետին ներկայացնելով նախապատրաստական աշխատանքների ընթացքը՝ ոլորտի պատասխանատուները նշել են, որ Երեւանի մարզական պատվիրակությունը կազմված է շուրջ 500 մասնակիցներից եւ միակն է, որ մասնակցության հայտ է ներկայացրել խաղերի բոլոր 17 մարզաձեւերի կանանց ու տղամարդկանց 31 մրցաշարերին: Նաեւ նշվել է, որ մայրաքաղաքը ներկայացնող թիմերի համար քաղաքապետարանն ապահովել է մարզվելու եւ հմտությունները կատարելագործելու բոլոր պայմանները, ինչի համար Երեւանի հավաքական թիմի մարզիչներն իրենց գոհունակությունն են փոխանցել քաղաքապետին: Նրանք նաեւ հատկանշել են, որ հատկապես վերջին տարիներին ոլորտի հանդեպ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքը խիստ ոգեւորիչ է եւ լրացուցիչ ուժ է տալիս՝ ապահովելու նորանոր հաղթանակներ: Տարոն Մարգարյանն էլ իր հերթին մեկ անգամ եւս վստահեցրել է, որ քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը հստակ է, եւ Երեւանի զարգացման ծրագրերով մայրաքաղաքում սպորտային կյանքի էլ ավելի աշխուժացմանն ուղղված ծրագրերը լինելու են շարունակական:

Համահայկական խաղերին մասնակցելու նպատակով բռնազավթված մեր հայրենիքից ժամանելու է 730 պատվիրակ (ավելի ազդեցիկ էր, երբ խաղերի բացման օրը հայտարարվեց՝ 881)

Համահայկական 6-րդ խաղերին Թուրքիայից, բնական ու պատմական Արեւմտյան Հայաստանի շրջաններից մասնակիցների թիվը հասնում է շուրջ 730-ի: Նրանցից 400-ը մարզիկներ են, մյուսները՝ կազմակերպիչներ եւ համակիրներ: Լինելու են պատվիրակություններ Բիթլիսից, Դիարբեքիրից, Դերսիմից, Մուսա լեռան հայաբնակ միակ գյուղից՝ Վաքըֆից, ինչպես նաեւ Ստամբուլից: Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթի փոխանցմամբ, Խաղերի բացման արարողությանը Թուրքիայում ապրող հայազգի երգչուհի Սիբիլը կատարելու է «Գետաշեն» երգը:

Դիարբեքիրն ու Դերսիմը առաջին անգամ կմասնակցեն Համահայկական խաղերին

Թուրքիայի Դիարբեքիր եւ Դերսիմ քաղաքների հայկական թիմերն առաջին անգամ կմասնակցեն օգոստոսի 2-ին մեկնարկող Համահայկական խաղերին: Դիարբեքիրի խմբի կազմակերպիչները քաղաքի Սուրբ Կիրակոս Տիգրանակերտ եկեղեցու վերականգնման կոմիտեն, civilnet.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Կանադայում լույս տեսնող Armenian Weekly պարբերականը: Քանի որ եկեղեցու վերականգնումը գլոբալ նախաձեռնություն էր, որին մասնակցում էին բազմաթիվ նվիրատուներ Հյուսիսային Ամերիկայից, Թուրքիայի այդ շրջանների արմատներ ունեցող մարզիկները ԱՄՆ-ից եւ Կանադայից հրավիրվել են ներկայացնելու թիմերը Համահայկական խաղերին:

Տորոնտոյում բնակվող Տարոն Պետրոսյանը կներկայացնի Դիարբեքիրի թիմը: «Ինձ համար նշանակալից է մասնակցությունը Համահայկական խաղերին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում: Իմ ընտանիքը Տիգրանակերտում, որքան մենք ենք կարողացել ուսումնասիրել, առնվազն 200 տարվա պատմություն ունի»,- ասել է նա:

Դիարբեքիրի եւ Դերսիմի թիմերին քաջալերելու համար նրանց հետ Հայաստան կգան նաեւ այլ խմբեր, որոնք կմասնակցեն Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Արի տուն» ծրագրին, կայցելեն Հայաստանի պատմամշակութային վայրեր: Անցյալ տարի Դիարբեքիրից 50 ծպտյալ հայ մասնակցեց «Արի տուն» ծրագրին, որոնց ղեկավարում էր կանադահայ դաշնակահար եւ ճարտարագետ Րաֆֆի Պետրոսյանը: Այս տարի «Արի տուն» ծրագրին Դիարբեքիրից, Դերսիմից եւ Համշենից կմասնակցեն 86 ծպտյալ հայեր: «Մենք կազմակերպել ենք այնպես, որ ծպտյալ հայերի այցը համընկնի Համահայկական խաղերին, որպեսզի նրանք ավելի շատ հնարավորություն ունենան գտնվելու եւ շփվելու հայկական միջոցառումների շրջանակում»,- ասել է Սուրբ Կարապետի վերականգնման կոմիտեի անդամ Րաֆֆի Պետրոսյանը:

Թուրքիայից ժամանած հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդ

Օգոստոսի 3-ին, Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Թուրքիայից Հայաստան ժամանած պատվավոր հյուրերը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի եւ գործկոմի անդամների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշակոթող եւ Հայոց ցեղասպանության զոհերի թանգարան-ինստիտուտ: Պատվիրակության կազմում են եղել Վանի քաղաքապետ Բեքիր Քայան, Վանի համաքաղաքապետ Հաթիջե Չոբանը, Բիթլիսի քաղաքապետ Հուսեյին Օլանը, Մուտքի քաղաքապետ Օզքան Բիրլիկը, Նորշենի քաղաքապետ Էմին Օզքանը, Դիարբեքիրի Սուրի քաղաքապետ Ֆաթմա Շըք Բարութը և այլ բարձրաստիճան անձինք:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորաբաց ցուցասրահում նրանց են ներկայացրել բացառիկ ցուցանմուշներ, լուսանկարներ ու տարեգրություններ: Այնուհետև պատվիրակները ծաղիկներ են դրել եւ գլուխ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Այցի ավարտին պատվավոր հյուրերը շնորհակալություն են հայտնել կազմակերպիչներին եւ թանգարանի անձնակազմին` միջոցառումը կազմակերպելու գործում ներդրած ջանքերի համար:

Հ.Գ. – Սերժ Սարգսյան. «Բոլորս կապված ենք մեկ ընդհանրությամբ` հայկական ինքնությամբ»:

Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում մասնակցել է Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Խաղերի բացման առիթով նախագահը հանդես է եկել ելույթով: ՀՀ նախագահի պաշտոնական կայքը ներկայացրել է Սերժ Սարգսյանի խոսքը Համահայկական ամառային վեցերորդ խաղերի բացման առթիվ: 
– Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց ողջունում եմ Համահայկական ամառային 6-րդ խաղերի բոլոր մասնակիցներին եւ հյուրերին: Սփյուռքի մեր քույրերին եւ եղբայրներին բոլորիս անունից ասում եմ՝ բարի գալուստ հայրենիք, բարի գալուստ մայր Հայաստան: Օլիմպիական շարժումն իրավամբ մեծ եւ կարեւոր առաքելություն է կատարում արդի աշխարհում: Բոլոր երկրները և ժողովուրդները պատիվ են համարում մասնակցել այդ շարժմանը
Օլիմպիական խաղերն էլ, անշուշտ, հիմնված են առողջ մրցակցության, արդար պայքարի եւ ամենաուժեղի հաղթանակի կանխադրույթի վրա, որտեղ ամենակարևոր սկզբունքը մասնակցությունն է եւ ոչ թե հաղթանակը: Համահայկական խաղերը կազմակերպելիս մեր առաջին նպատակն է եղել ապահովել հնարավորինս մեծ մասնակցություն, որպեսզի սպորտը եւ առողջ ապրելակերպն առավելագույն տարածում ստանան մեզանում:
Ավելին՝ շատ կարեւոր է, որ սպորտը մարդկանց համախմբի եւ մեր աշխարհասփյուռ ժողովրդին միավորող իրողություններից մեկը դառնա:
Սիրելի՛ մարզիկներ,
Վստահ եմ, որ դուք այս կարևոր արժեքները վառ եք պահում ձեր սրտերում: Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու համար այստեղ ժամանած մարզական խմբերը գալիս են աշխարհի տարբեր երկրներից: Եկեք նայենք ու տեսնենք, թե ինչ առաջընթաց ենք արձանագրել անցած 16 տարիների ընթացքում: 1999թ. տեղի ունեցած 1-ին խաղերի համեմատությամբ 1/3-ով աճել է մասնակից երկրների թիվը՝ քսաներեքից հասնելով երեսունվեցի: Երկուսուկես անգամ աճել է մասնակից քաղաքների թիվը՝ 63-ից հասնելով 175-ի, իսկ խաղերի մասնակիցների թիվն աճել է 6 անգամ՝ 1141-ից հասնելով 6352-ի:
Մարզաձևերի քանակը 7-ից դարձել է 17: Այստեղ գտնվող շատերը ներկայացնում են սփյուռքում ծնված արդեն 4-րդ կամ 5-րդ սերունդը: Ձեր մեջ կան մարդիկ, ովքեր առաջին անգամ են տեսնում իրենց հայրենիքը: Կան մարդիկ, ովքեր դժվարությամբ են խոսում հայերեն: Բայց բոլորի հոգում մշտապես Հայաստանն է, իսկ Հայաստանի սիրտն էլ բաց է նրանց համար: Այստեղ ներկա բոլոր մարդիկ կապված են մեկ ընդհանրությամբ` հայկական ինքնությամբ: Որքան էլ նոր ու լրացուցիչ տարբեր ինքնությունների շերտեր ավելանան, հայությունը, հայ լինելը մեր բոլորի մայր ինքնությունն է: Այդ ինքնությունն է, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներով բնորոշվող այս տարում մեզ կրկնել է տալիս 2015-ի կարգախոսը՝ հիշու՛մ ենք եւ պահանջու՛մ
Սիրելի՛ բարեկամներ,
Այսօր այս հանդիսավոր արարողությանը մասնակցում են մայր Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի տարբեր օջախների երիտասարդ սերնդի ներկայացուցիչները: Դուք այս օրերին այս խաղերի ընթացքում պիտի մրցեք հայերին վայել` ազնիվ ու արդար, իսկական օլիմպիական ոգով: Այս օրերին դուք կգտնեք նոր բարեկամներ, եւ ձեր այդ ընկերության կրակը վառ կպահեք ձեր ամբողջ կյանքի ընթացքում: Վստահ եմ, որ Համահայկական խաղերի կրակը ձեզ դեռ շատ երկար կուղղորդի: Շնորհավորում եմ բոլորիս եւ Համահայկական 6-րդ խաղերը հայտարարում եմ բացված: Շնորհակալություն:

 Համահայկական 6-րդ խաղերի բացման արարողությունը

Oգոստոսի 3-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Համահայկական 6-րդ խաղերի բացման արարողությունը: Այն ազդարարեց նոր տոնի սկիզբը. այսօր տոն է մեր հայրենիքում, միասնության տոն, եւ մենք պետք է միանանք նաեւ սպորտով: Պարային ու երաժշտական համարների ուղեկցությամբ բեմականացվեց հայ ժողովրդի ընթացքը դարերի միջով… …Եվ ճամփա ելավ իմաստուն հայը. դարերը միայն նրա մազերի ճերմակը չէին ավելացրել, այլեւ կենսափորձը: Այլապես նրա ընթացքը հազարամյակների ու բազմահազար փորձությունների միջով կարող էր եւ հուսալի հանգրվան չունենալ: Բայց ունի` ի դեմս Հայաստանի հանրապետության, ի դեմս Արցախի ու Սփյուռքի: Եռամիասնություն, որն ընդհանուր գաղափարներ ու նպատակներ ունի:

Հայկյան ազգի ընթացքը (վերահաստատվեց) վերսկսվեց Հայկի եռաթեւ նետից ու Բելին խոցումից: Եվ դրվեց ՀայքՀայաստան երկրի վերականգնման-ամբողջականացման հիմքըՀայկյան բազուկով վերածնվեց-վերականգնվեց մեր երկիրը՝ Հայքը… Հետո՝ Արատտան` Արամե արքայի ջանքերի շնորհիվ: Իսկ ավելի ուշ Արգիշտին հիմնեց բերդաքաղաքն այս` հավերժի ճամփորդ տուն-Էրեբունին: Այնուհետեւ` փառապանծ Արքա Տիգրան Երվանդյանը, ով աշխարհակալ Կյուրոս Մեծի որսընկերն էր, կարողացավ Հայքը հեռու պահել պատերազմական թատերաբեմերից: Իսկ հետո ծնվեց Տիգրան Մեծ արքայից արքան, կհիմնադրվեն քաղաքներ` Տիգրանակերտ անվամբ:

Ձգվում են դարերը ու տանում դեպի լույսը: Հայոց մեծերը նոր կյանք կտան մեր ֆիզիկական, մտավոր ու հոգեւոր երթին: Մաշտոցի հզոր հանճարով ի հայտ կգան (կվերագտնվեն-կվերականգնվեն) հայկական գրերը, որոնք սոսկ գյուտ չէին, այլ ապրելու նոր լիցք: Ուժգին էր մեր լույսը, որ շատերին էր կուրացնում, ու մենք կռիվ տվեցինք: Իշխան ու ռամիկ` Ավարայրում էինք: Չուրացանք, պահեցինք մեր լույսը: Չնայած փորձություններին` շարունակեցինք ապրել ու արարել` նվաճումների հասնելով գիտության, ճարտարապետության, պատմագրության ու այլ ոլորտներում` աշխարհին տալով մեծաքանակ հնչեղ անուններ: Փորձությունները թիվ ու ժամանակ չունեն: Դարեր անցան, եւ հայկական դրոշը կրկին հառնեց Կիլիկիայում` Լեւոն արքայի մեծագործ ձեռքով:  Շատերը կորան պատմության քառուղիներում, բայց մենք տոկացինք, որովհետեւ պայքարեցինք… Համահայկական խաղերի ընթացքում հայկյան երթի բեմականացումը չէր կարող անտես առնել հայ ժողովրդին պատուհասած դաժանագույն փորձությունը` Ցեղասպանությունը, որի 100-ամյա տարելիցն ենք այս տարի նշում մեծ կսկիծով: Միլիոնուկես անսահման ցավ (ըստ այլ տվյալների՝ ավելի քան 3,5 մլն. Արեւմտյան ու Արեւելյան Հայաստան-ներում…), սեր, կարոտ ու ձգտում կա մեր սրտերում: Եվ միլիոնուկես նպատակ` հայկական երազանքը ի կատար ածելու համար: Մենք չենք մեռնում ու չենք պարտվում: Մեզ ձգտում են վերացնել, իսկ մենք Սարդարապատ ու Արցախ ենք գնում` պատմությանը տալով հերոսականության փառավոր ու անկրկնելի էջեր…

Եվ այսօր տոն է Հայաստանում: Մեկնարկում են Համահայկական խաղերը` ազդարարելով ՀայաստանՍփյուռքԱրցախ եռամիասնության տոնը:

Այնուհետեւ մարզադաշտ բերվեց Հայաստանի Հանրապետության դրոշը: Մարզադաշտ մտան Համահայկական 6-րդ խաղերի մասնակից պատվիրակությունները: Եվ ցնծաց մարզադաշտը` տեղեկանալով, որ ամենամեծ պատվիրակությունը եկել է Արեւմտյան Հայաստանից` 881 մարդ: Դեռ ապրում ենք ու պիտի՛ ապրենք, փա՛ռք մեր Աստվածներին, մեր հողերի վրա` չկորցնելով արմատը:

Եվ այս խաղերն արմատի փնտրտուք են` հարազատներին գտնելու, միասին ծրագրեր կազմելու ու առաջ ընթանալու համար: Ծրագրեր, որոնք, ինչ էլ որ լինի, արարիչ մեծ ուժ կունենան: Իր ճանապարհին հանդիպելով միլիոնուկես դարանի` հայը, միեւնույն է, թույն չի կուտակել, եւ նրա մտքի հանճարը, ցատկելով հազարամյակների վրայով, շունչ կտա մեր քայլերին` աշխարհին պարգեւելով համաշխարհային մշակույթի, արվեստի ու այլ հրաշակերտ գործեր, մարզական ցնցող նվաճումներ:

Ավելացնենք, որ մարզական շքերթի բացման պատիվը տրված էր Արցախին:

Մարզիկների անունից երդվեց Շողիկ Ավետիսյանը

Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ Սիրիայի Հալեպ քաղաքի ներկայացուցիչ Շողիկ Ավետիսյանը մարզիկների անունից երդվեց, որ մրցումներին կմասնակցեն` հարգելով մարզական կանոնները:

«Երդվում ենք, որ Համահայկական խաղերին կմասնակցենք` հարգելով ու ենթարկվելով գործող մարզական կանոններին` համաձայն մարզական ոգու, հանուն սպորտի պատվի, մասնակից քաղաքների, հայ ժողովրդի ու մեր հայրենիքի` Մայր Հայաստանի փառքի»,- հայտարարեց Շողիկ Ավետիսյանը:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 28 (374), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.