ԳԱԱ Բուսաբանական այգում օրեր առաջ բռնկված ուժգին հրդեհի հետեւանքով մոտ 15 հեկտարի վրա ոչնչացվել են թփեր, որեւէ արժեքավոր ծառատեսակ չի վնասվել: Այս մասին հայտնել է Բուսաբանական այգու տնօրեն Ժիրայր Վարդանյանը: «Հրդեհ բռնկված տարածքում ծառեր չկան, հիմնականում խոտեր են, թփեր: Այգու 80 հեկտար տարածքից վնասվել է 15 հեկտարը: Դա չի ազդում մեր այգու արժեքի, հեղինակության վրա»,- նշել է նա, ում խոսքով աշնանն այդ հատվածում կարելի է ծառատունկ անել: Ըստ տնօրենի, հիմա որեւէ բան չի լինի անել, պարզապես պետք է շարունակեն ուշի-ուշով հետեւել, որ հանկարծ նոր հրդեհ չբռնկվի այս անակնկալ շոգերի ընթացքում. «Նրանք, ովքեր ուզում են մեզ օգնել, աշնանը հրավիրում ենք մասնակցել ծառատունկին»:
Հրդեհի բռնկման պատճառների մասին Բուսաբանական այգու տնօրենը նշել է, որ դա աղետ է, այժմ երկրի տարածքում հրդեհավտանգ իրավիճակ է եւ այս օրերին ցանկացած տեղ հրդեհ է բռնկվում: Նա չի բացառել նաեւ, որ որեւէ մեկն արած լինի. «Բայց կոնկրետ որեւէ մեկին չենք կասկածում»:
Բուսաբանական այգին լավ վերաբերմունքի կարիք ունի, այգու ղեկավարությունն այս առումով աղմուկ է բարձրացրել, դրա մասին գիտեն Գիտությունների ազգային ակադեմիայում, կառավարությունում, փորձում են ավելի լավ վերաբերմունքի արժանացնել մեր այս այգուն, որ եզակի է: Ստեղծվել է «Միասին վերականգնենք Երեւանի բուսաբանական այգին» ֆեյսբուքյան նախաձեռնություն, որի անդամները ցանկանում են աջակցել բուսաբանական այգու վերականգնմանը: «Մենք պետք է հնարավորինս հետամուտ լինենք, որպեսզի տարածքը վերականգնվի եւ շարունակի ծառայել որպես բուսաբանական այգի»,- ընդգծել է տնօրենը եւ հայտնել, որ օգնության նախաձեռնության պատրաստակամները օգոստոսի 1-ին հանդիպելու են Մաշտոցի պուրակում:
Երեւանի Բուսաբանական այգին գտնվում է կիսաանապատային գոտում եւ ինքնատիպ ազգային արժեք է, նաեւ գիտական, էկոկրթական հաստատություն է, որը ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գիտական գործունեության շրջանակներում իրականացնում է բույսերի կենսաբազմազանության ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծումը, ուսումնասիրությունն ու պահպանությունը:
Երեւանի Բուսաբանական այգին ստեղծվել է 1935թ. 80 հա տարածքով, իր գոյության 80-ամյա պատմության ընթացքում զբաղվում է Երկրագնդի տարբեր բուսա-աշխարհագրական տարածաշրջաններից, առաջին հերթին Հայաստանի ֆլորայի արժեքավոր եւ հազվագյուտ բուսատեսակների ներմուծմամբ, դրանց ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծմամբ: Այգին իր գիտական գործունեությամբ, բուսական հավաքածուների կազմով ու բնույթով, գիտական կապերով ունի միջազգային մեծ ճանաչում եւ համարվում է տարածաշրջանի առաջատար գիտական հաստատություններից մեկը:
Կենդանի բույսերի հավաքածուն ընդգրկում է մինչեւ 1000 տեսակ, որը Հայաստանի ֆլորիստիկ ֆոնդի մոտ 1/3-ն է:
Հողամասի ցուցասրահում ներկայացված են մի շարք հազվագյուտ եւ անհետացող բուսատեսակներ (թվով մոտ 90 տեսակ ընդգրկված «Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում»), բուսաբանա-աշխարհագրական տեսանկյունից հետաքրքիր տեսակներ, ինչպես նաեւ վայրի դեղատու, տնտեսա-արդյունաբերական արժեք ունեցող, դեկորատիվ եւ բազմաթիվ այլ տեսակներ: Հողամասում, որի տարածքը կազմում մոտ 4 հա, ստեղծված է Հայաստանի բուսական համակեցությունների թվով 16 մոդելներ (արհեստական ցենոզներ), որոնց մեջ կան նաեւ այն խմբավորումները, որոնք բնության մեջ գտնվում են անհետացման եզրին (ավազուտներ, աղուտներ, համմադա, շիբլյակ, ջրա-ճահճային ցենոզներ եւ այլն):
Հիշեցնենք, որ Հայաստանի կանաչ տարածքների ոչնչացումը հղի է բնակլիմայական նորանոր վտանգավոր փոփոխություններով, որոնք ի վերջո կհանգեցնեն երկրի անապատացմանը: Այս վտանգին մեր թերթն անդրադարձել է:
«Լուսանցք»-ը նաեւ Civil voice հ/կ-ի խիստ մտահոգված նամակն է ստացել, որում մասնավորապես ասված է, որ «անհանգստացած է տասնամյակների պատմություն ունեցող Երեւանի բուսաբանական այգում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ եւ պատկան մարմիններին կոչ է անում ձեռք առնել համապատասխան միջոցներ այգու նախկին տեսքի վերականգման, հրդեհի առաջացման պատճառների բացահայտման, հանցավոր անգործության դեպքում այգու պահպանման պատասխանատու մարմիններին կամ անձանց պատասխանատվության ենթարկման եւ հնարավոր վտանգների կանխման համար»:
Հասարակական այս կազմակերպությունը, իր խոսքերով, հետեւողական է լինելու, որպեսզի Բուսաբանական այգու այրված տարածքներում «պատահաբար» չիրականացվեն շինարարական աշխատանքներ: Պատրաստակամություն է հայտնում մասնակցել այգու վերականգման աշխատանքներին եւ կոչ է անում Հայաստանի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նույնպես միանալ հայրենանվեր աշխատանքներին:
Անի Մարության
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 28 (374), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



