Բաց երկինքը հասարակաց տուն չպիտի դառնա – հազարավոր ուղեւորներ ենք կորցնում՝ հօգուտ Վրաստանի… Ջա՜ն իմ Երեւան – գործող ցայտաղբյուրները շուրջօրյա անխափան պետք է աշխատեն… Առավել ուժեղացված ռեժիմով…

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը առիթով ասել էր, թե մեր երկինքը դարձրել ենք  «պռախոդնոյ դվոռ»:

Երբ ՀՀ-ն հայտարարեց բաց երկնքի քաղաքականության մասին, «Լուսանցք»-ն անդրադարձավ այդ ծրագրին, լավ ու վատ կողմերին, բայց նաեւ մտահոգություն հայտնեց, որ բաց երկինքը չի նշանակում, որ տանդ դռները պիտի բացես, ով ուզի՝ մտնի: Եվ բաց երկնքի քաղաքականությունը չպիտի բերի նրան, որ երկրի համար անվտանգության խնդիրներ առաջանան: Հարցը քննարկել էինք սեփական ավիացիան ունենալու եւ այն զարգացնելու անհրաժեշտության տեսանկյունից՝ բերելով Արցախյան ազատամարտի տարիների օրինակը: Այլ կերպ՝ եթե մեր երկրում պատերազմական վիճակ լինի, ոչ մի օտարերկրյա ընկերություն չի գնա թեժ կետից երեխաներին ու կանանց տարհանելու: Իսկ սեփական ավիացիան դա կանի:

Ցավոք, այս անգամ էլ մեր կանխատեսումներն իրականացան, եւ այսօրվա դրությամբ մենք ունենք ոչ թե բաց երկինք, այլ՝ վերոհիշյալը՝ Շահեն Պետրոսյանի ասվածը:

Բանն այն է, որ, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, բաց երկինք հայտարարվում է այն ժամանակ, երբ մի քանի երկրներ մեկը մյուսի նկատմամբ հայտարարում են այդ պատրաստակամությունը: ՀՀ-ն կարծես միակողմանի է բացել: Ու այսօր տարածաշրջանում ամենաթանկ ավիատոմսերը Հայաստանում են վաճառվում: Դա է պատճառը, որ մենք հազարավոր ուղեւորներ ենք կորցնում ու՝ կորցնում ենք հօգուտ Վրաստանի:

Սրանից զատ՝ մեր ավիաշուկայում կատարվում է այն, ինչ կատարվեց տարիներ առաջ էներգահամակարգի հետ: Այն է՝ Մոսկվան ուզում է տեր կանգնել Հայաստանի երկնքին: Միայն մեկ փաստ. մեր երկրից գնացին «Լուֆթանազիան», «Էթիհադը», «Չեխական ավիաուղիները», փոխարենը եկավ ռուսական «Աէրոֆլոտը»՝ դուստր ձեռնարկություններով: Մեր պաշտոնյաները կասեն, ի՜նչ է, տվել էինք «Էյր Արմենիա»-ին, չկարողացավ աշխատել, եկավ կարողացողը, շուկա է:  

Որպեսզի թյուրիմացություն չլինի եւ խնդրին անտեղյակը հասկանա հարցի էությունը, փակագծերը բացեմ: Այո, «Էյր Արմենիա»-ին տրվել էր ամենաեկամտաբեր ուղղություններով թռիչքներ իրականացնելու թույլտվությունը, բայց ընկերությունը չդիմացավ, որովհետեւ այդ նույն ուղղություններում՝ դեպի Կրասնոդար, Սոչի ու Մոսկվա, նա չէր կարող մրցել ռուսական ավիաընկերությունների հետ:

Սա է իրականությունը: Մինչեւ մենք հասկանանք, որ շուկա ասվածը «հասարակաց տուն» չի ենթադրում, եւ զանազան շուկաներն ու բաց դռներն ու երկինքները չեն ենթադրում, որ պետությունը պիտի ձեռք քաշի իր ռազմավարական նշանակության ոլորտներից, ուշ կլինի:

Աստղինե Քարամյան

Ջա՜ն իմ Երեւան

Հուլիսի 31-ից օգոստոսի 4-ին շատերս վախով սպասեցինք: Եթե պաշտոնապես է հայտարարվում, որ ջերմաստիճանը հատելու է 400-ի շեմը, ապա պատկերացրեք մեզ՝ ուսանողներիս, որ դասերից հոգնած՝ հազիվ ուզում ենք քաղաքը վայելել, նստել այգիներում, զբոսնել: Չէ՞ որ ամեն օր սրճարան ու խորտկարան մտնել չես կարող: Համ էլ,  սիրտներս ջահել է, թափառել ենք ուզում: Երիտասարդներով որոշեցիք այդ «40-ն անց օրերին» Երեւանում ջուր ծախել, համ փող կաշխատենք, համ զով կլինենք, համ էլ կզովացնենք, գուցե տուրիստների էլ գրավենք: Մինչեւ մենք կորոշեինք՝ ինչ անել, ոնց անել, երեկոյան լուրերով լսեցինք, որ մայրաքաղաքում առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակով պայմանավորված՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել ուժեղացված ռեժիմով: Մի խոսքով՝ Երեւանի բոլոր վարչական շրջանների բանուկ հատվածներում, մարդաշատ վայրերում, այգիներում եւ պուրակներում, ինչպես նաեւ բակային տարածքներում գործող ցայտաղբյուրները շուրջօրյա անխափան պետք է աշխատեն: Էնպես որ, շոգից չենք մեռնի, ժողովրդական լեզվով ասած՝ պուլպուլակներն աշխատելու են:

Տղերքով մի լավ ծիծաղեցինք, մեզ մի պահ համարյա արդեն պատկերացրել էինք ջուր ծախող երեւանցի տղայի կարգավիճակում: Փոխարենը կուրսի աղջիկներն էին հանգստացել արդեն. նրանք մեր պես չէին ոգեւորվել ու ուզում էին հեռու պահել ջուր ծախելու մտքից: Ինչպես ասվում է հայտնի ֆիլմում՝ «կոպիտ դար է, կոպիտ բարքեր, ռոմանտիզմ չկա»:

Ոչինչ, փոխարենը էդ շոգ օրերին շոգից չենք մեռնի, մի քանի ժամ շվաքում կնստենք, հետո ցայտաղբյուրներից ջուր կվայելենք, կթափառենք, կվայելենք ու կթափառենք: Ու էլի մեզ լավ կզգանք: Ցայտաղբյուրը մեր քաղաքի դիմագծերից է, որ աշխարհում շատ բան տեսած տուրիստներին Երեւանում զարմացնում է՝ ցույց տալով, թե ինչպես 21-րդ դարում հենց փողոցում կարելի է մաքուր, սառը ջուր խմել՝ սրտիդ ուզածի չափ, այն էլ՝ առանց վճարելու:

Առավել ուժեղացված ռեժիմով

Մայրաքաղաքում առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակով պայմանավորված՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան բոլոր ծառայություններին հանձնարարել է աշխատանքները կազմակերպել առավել ուժեղացված ռեժիմով՝ բացառելով բնակչության սպասարկման ոլորտում որեւէ թերացում:

«Երեւան Ջուր» ընկերությանը, մասնավորապես, հանձնարարվել է խստագույնս հետեւել բնակչության ջրամատակարարմանը՝ բացառելով սահմանված ժամանակացույցից որեւէ շեղում: Հանձնարարվել է նաեւ ապահովել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բանուկ հատվածներում, մարդաշատ վայրերում, այգիներում եւ պուրակներում, ինչպես նաեւ բակային տարածքներում գործող ցայտաղբյուրների շուրջօրյա անխափան աշխատանքը:

«Ջրային կառույցներ» ՓԲԸ-ին հանձնարարվել է մեկ անգամ եւս ստուգել ընկերության ենթակայությամբ գործող ջրային կառույցների, ավազանների մաքրությունն ու ապահովել դրանց անխափան աշխատանքը: Կանաչապատման ձեռնարկություններին եւ համապատասխան մյուս ծառայություններին հանձնարարվել է կանաչ տարածքներում ապահովել խոտհնձի եւ չոր խոտի հեռացման աշխատանքները, ինչպես նաեւ խստագույնս հետեւել ոռոգման համակարգի անխափան աշխատանքին՝ ապահովելով կանաչ եւ ծաղկապատ տարածքների ամենօրյա ոռոգումը: Մայրաքաղաքի այն հատվածները, որտեղ դեռեւս բացակայում է ոռոգման ցանցը, հանձնարարվել է ավելի մեծ պարբերականությամբ կազմակերպել ջրցան մեքենաներով ոռոգման աշխատանքները:

Աղբահանության եւ սանմաքրման կազմակերպություններին հանձնարարվել է ապահովել բազմաբնակարան շենքերի աղբախցերից եւ փողոցներում տեղադրված աղբարկղերից աղբի ժամանակին տեղափոխումը՝ բացառելով կենցաղային աղբի կուտակումը:

Քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկա օրերին հատուկ աշխատանքային ժամանակացույցով կաշխատեն նաեւ ՀՀ ՏԿԱԻ նախարարության Երեւանի փրկարարական ծառայության, շտապբուժօգնության եւ բնակչության սպասարկման մյուս ծառայությունները:

Ազատ Հովակիմյան

«Լուսանցք» թիվ 28 (374), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.