Հակակոռուպցիոն պայքարը սկսվում է, բայց… ու՞մ դեմ – Եվ գուցե նաիվ հնչի, բայց ի՞նչ է կոռուպցիան,- հարցրել է ՀԽ նախագահը… Թափանցիկության համար գումարներ ծախսել պետք չէ՝ առանց այն էլ շա՜տ է թափանցիկ…

Կառավարությունում օրերս Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը եղավ: Գլխավորում էր վարչապետը, ներկա էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ նաեւ եւ դրսից մարդ կար (մեզ համար, ցավոք, արդեն կենսական անհրաժեշտություն դարձած ատրիբուտ): Այսինքն՝ նիստը լիակառույց էր եւ կարելի էր սկսել:

«Սա հարթակ է, որտեղ կարելի է միավորել, կենտրոնացնել ուժերը, փորձը եւ վճռական քայլեր ձեռնարկել»,-երեկ կառավարությունում Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ միաժամանակ ընդգծելով, թե իրենց նպատակը այս ձեւաչափի շուրջ այն ուժերին համախմբելն է, որոնք հստակ պատկերացնում են, թե ինչ ուղղությամբ են քայլեր արվելու։ «Հավատացնում եմ, մենք հստակ գիտենք, թե ինչ ենք անելու,-շեշտեց գործադիր իշխանության ղեկավարը,- կառավարությունը գիտակցում է հետագա քայլերի կարեւորությունն ու դրանց անհրաժեշտությունը եւ հետեւողական կլինի հակակոռուպցիան բարեփոխումների շարունակման գործում։ Մենք ունենք կամք եւ վճռականություն ու պատրաստ ենք առաջ շարժվել՝ աշխատելով այդ ուղղությամբ ամեն օր։ Մեր աշխատանքը թափանցիկ կլինի, եւ  մենք կանենք ամեն բան, որպեսզի արդյունքը հասանելի լինի հանրությանը» (առիթով գրել էինք, որ վարչաետին նոր տեքստագիր է պետք, ուստի այլեւս չենք անդրադառնա տեքստերի բովանդակությանը)։

Վարչապետը նկատեց, որ գործընկերների մի մասը հրաժարվել է մասնակցել նիստին՝ թեեւ հրավեր եղել է: Այնուհանդերձ հույս հայտնեց, որ ընդդիմադիր խորհրդարանական խմբակցություններն ու հասարակական կազմակերպությունները, որոնք հրաժարվել են ներկա լինել նիստին որպես խորհրդի անդամ, այդուհանդերձ կհամագործակցեն, ինչը կնպաստի կոռուպցիայի դեմ պայքարին։

Միով բանիվ, մոտ 2.5 ժամ տեւած նիստում տարբեր բանախոսների շուրթերից լսեցինք այդ պայքարի մասին:  

Ուշագրավն այն էր, որ այդ պայքարի մասին առանձնակի պաթետիկ ոճով էին խոսում բոլորը: Էլ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը խոսեց, էլ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, էլ միջազգային մարդը, վարչապետն էլ ասաց «թենք յու», հասարակական կազմակերպությունները կուրծք ծեծեցին, թե լավ չէ, որ իրենց գրանտակեր են ասում, որովհետեւ իրենք գրանտակեր չեն եւ այլն եւ այլն:

Միակ թարմությունը, որ նիստում մտցրեց, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքն էր, ով ասաց. «Գուցե նաիվ հնչի, բայց ի՞նչ է կոռուպցիան»:

Որպեսզի մեր կառավարությունը չկարծեր, որ Վազգեն Մանուկյանը  շուլուխ է անում, նա արագ ավելացրեց, թե ուսումնասիրել է եւ պարզել, որ կոռուպցիան տարբեր սահմանումներ ունի, Հայաստանը ո՞ր սահմանումն է ընտրում, ի՞նչն է համարում կոռուպցիա: Ի պատասխան՝ կառավարության  աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, թե ընդհանրապես կոռուպցիան լայն հասկացություն է, բայց ՀՀ-ն սահմանել է այն եւ դրա ձեւակերպումը կա:

Հետո 2015-2018թթ. միջոցառումները ներառող եւ 4 գլուխներից բաղկացած հակակոռուպցիոն ռազմավարության հետ կապված արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ փաստաթուղթը քննարկվել է մարզերում եւ հստակ նախանշվում են ուղղությունները. ասենք՝  առաջարկվում է հանրային ծառայողների բարեխիղճ աշխատանքի ձեւավորման օպտիմալ համակարգ ստեղծել, թափանցիկ եւ հաշվետու կառավարման համակարգ ստեղծել, մասնակցային կառավարման համակարգ ձեւավորել: Այս փաստաթուղթը կընդգրկվի կառավարության նիստում:

Հ/Կ-ներից մեկի ներկայացուցիչը հետաքրքրվեց, թե՝ որ մարզերում է քննարկվել փաստաթուղթը: Արսեն Մկրտչյանն ամեն ինչ ասաց, բացի մարզերը թվարկելուց:

Փաստորեն, կոռուպցիայի դեմ պայքարը նաեւ ոչ հստակ ու ոչ հայերեն (թեեւ հայատառ) խոսք է ենթադրում: Ես մի բան չեմ հասկանում, երբ մեր երկիրը կառավարման բարեփոխումների համար վարկեր ու դրամաշնորհներ էր բերում, այդ ժամանակ էլ էին խոսում օպտիմալ համակարգ ձեւավորելու, հաշվետու կառավարման համակարգ ստեղծելու եւ այլնի մասին: Կամ՝ ինչպես մեր վարչապետն է ասում՝ թափանցիկ  աշխատանքի մասին… Է՜հ, չստեղծեցի՞ք: Ուրիշ ձեւակերպում չե՞ք կարողանում տալ:

Հարգելիներս, թափանցիկության համար գումարներ մի ծախսեք, ամեն ինչ առանց այդ էլ շա՜տ է թափանցիկ: Բոլորին դրել եք մեկ պատուհանների հետեւը: Բոլորը բոլորին պարզ, թափանցիկ տեսնում են, կոռուպցիայով ո՜նց զբաղվեն: Մենք արդար երկրում ենք ապրում, արհեստականորեն կոռուպցիա եք ստեղծում, որ դեմը պայքարե՞ք:

Լսել էր պետք, թե արդարադատության փոխնախարարը ինչ հավեսով էր ներկայացնում իրավաբանական անձանց քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ նկատելով, որ այն մեր երկրի օրենսդրական բացերից է:

Փորձը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ պատիժ է սահմանված, իրավաբանական անձինք ավելի զգոն եւ արդյունավետ են գործում (ըստ փոխնախարարի):

Շատ երկրներ՝ օրինակ Վրաստանը, Լիտվան, նախատեսել են քրեական, իսկ ասենք Ռուսաստանը՝ վարչական պատժամիջոցը: Տարբեր երկրներում իրավաբանական անձանց մասով տարբեր հարկադիր միջոցներ են գործում՝ սկսած ապօրինի ձեռքբերված գույքի բռնագրավումից մինչեւ ընկերության բռնի լուծարում: Քրեական պատժատեսակը նախընտրող երկրները դա պատճառաբանում են վարչականի նկատմամբ արդյունավետությամբ: Չնայած վարչական պատասխանատվությունը եւս կարող է կոռուպցիոն կանխարգելիչ արդյունավետ գործիք դառնալ, եթե սանկցաիներն արդյունավետ գործեն: Բայց…մեր փոխնախարարը քրեականի կողմնակից է կարծես: Հանկարծ սխալվեցին, թող գնան՝ բերդում փտեն: Սրբերի երկրում մարդ շեղվելու իրավունք չունի:

Նիստի ամբողջ ընթացքում ապշելու աստիճան ոգեւորված էր Դավիթ Հարությունյանը:

Նա ուշադրություն հրավիրեց խորհրդին կից գործող փորձագիտական հանձնախմբի անդամների ընտրության կարգին, որ մրցույթով է լինելու: Ըստ էության, Դ. Հարությունյանի խոսքերով, այդ անդամներն են ասելու այն, թե ինչքանով է արդյունավետ աշխատել հակակոռոպցիոն խորհուրդը: Վարչապետն Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին կարեւորեց այն ամբողջ ոլորտի համար: «Սրանից է կախված, թե ինչպիսին կլինի մեր հակակոռուպցիոն պայքարը»,-

ասաց նա: Նույն սովետական մեխանիզմը չի՞ ստացվում, աշխատողին հսկում են, հսկողին վերահսկում են: Վերջում բոլորը գոհ են ու երջանիկ:

Նիստի ժամանակ տեղեկացվեց, որ Հայաստանի կառավարությունը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը համաձայնագիր կստորագրեն կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեության շրջանակներում: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը հայտնեց, թե ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը պատրաստակամությունն է հայտնել օգնել Հայաստանին՝ կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության ձեւավորման գործընթացում: Գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է խորհրդում ներգրավված կադրերից: Այս պահին քննարկվել են 4 ռազմավարական ոլորտներ՝ կրթություն, առողջապահություն, ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններ եւ պետական եկամուտներ-ծախսեր: Հենց այս ոլորտներում կիրականացվեն հակակոռուպցիոն աշխատանքներ: Կարեւոր է նաեւ  փորձ ունեցող մասնագետների ներգրավումը, որոնք կկարողանան այստեղ փորձագետների դպրոց հիմնել: Նրանք իրենց աշխատանքին զուգահեռ կաշխատեն տեղի փորձագետների հետ: ԱՄՆ ՄԶԳ-ն համաձայնել է փորձագետների համար ֆինանսավորում ապահովել: Համաձայնագրի ստորագրումը նախատեսում է մասնակցություն ծրագրին եւ ֆինանսավորում 750 հազար դոլարի չափով: Հայկական կողմն այս ծրագիրը կֆինանսավորի 25 տոկոսով:

Հարգելիներս, խնդրում եմ, այդ 750 հազար դոլարից շատ չէ, մի 500 դոլար էլ ես եմ ուզում ուտել, հո հակակառուպցիոն դրսեւորում չի՜ դիտարկվի: Վազգեն Մանուկյանը հազար ասաց, էլի, տվեք կոռուպցիայի դրսւեւորումը:

Երբ հերթը հասավ Հ/Կ-ների ելույթներին, քաշվեցինք բոլորս, նրանք այնքան շատախոսեցին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, թե անչափ հետաքրքրիր է, բայց ինքը 13.30-ին շատ կարեւոր հանդիպում ունի: Հատկապես լրագրողներս շատ ուրախացանք, վարչապետը մեզ փրկեց Հ/Կ-ների հեքիաթներից:

Եվ նիստի օրվա ամենապատմական, ամենադարակազմիկ, ամենացնցող նորությունը: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստի ավարտին ազդարարվեց ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ անդամակցելու Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI): Ուռա՜, ընկերներ… Հա, ի դեպ, դաշնակ ընկերներից մարդ չկար նիստին: Կամ նրանք կոռուպցիայի դեմ պայքարին չեն հավատում, կամ՝ ինձ նման քշված են ու կարծում են՝ արդար երկրում են ապրում:  

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 28 (374), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։