Բաքուն սխա՞լ, թե՞ ճիշտ է հասկացել Մոսկվային – Թե Մոսկվայի եւ թե Բրյուսել-Վաշինգտոնի համար պարզ է, որ Ադրբեջանն անզորությունից լարել է իրավիճակը… Մրցավազք, որտեղ մենք չենք պարտվի… Ե՞րբ կհայտնվի Հայաստանում «Իսկանդեր»-ը…

Բաքուն սխա՞լ, թե՞ ճիշտ է հասկացել Մոսկվային

Մոսկվայում հանդիպելով Ադրբեջանի արտգործնախարարին՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «պետք է ինտենսիվացնել Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի բանակցությունը»: Դրանից հետո Ադրբեջանն «ինտենսիվացրել է» հրադադարի խախտումը: Բաքուն սխա՞լ է հասկացել «ինտենսիվացնելու» անհրաժեշտության մասին ռուս նախարարի հայտարարությունը, թե՞ հասկացել է այնպես, ինչպես պետք էր հասկանալ…

Հետո Հայաստան այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նորից բանակցեցին հին ու նոր խնդիրների շուրջ, մեկնեցին Վիեննա՝ ԵԱՀԿ-ին զեկույցը ներկայացնելու, ապա Բաքու այցելեցին՝ հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվել ռուսական կողմի հետ զրույցից հետո:

Ցայսօր Ադրբեջանն «ինտենսիվացրել է» հրադադարի խախտումը: Բաքու է մեկնել նաեւ Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Ադրբեջանի ու Եվրոպայի հարաբերությունը վերջին շրջանում լարված է: Անգամ եվրոպական 1-ին խաղերի ժամանակ հսկայական գումարներ ծախսած Ադրբեջանին չի հաջողվում իր ձեւերով սիրաշահել Եվրոպային: Այդ լարվածությունը սուր դրսեւորվեց դեռ մայիսին՝ Արեւելյան գործընկերության Ռիգայի Վեհաժողովում: Օրեր առաջ էլ Իլհամ Ալիեւը կոշտ քննադատության ենթարկեց եվրոպական կառույցներին՝ հայտարարելով, թե նրանք Ադրբեջանին պետք չեն, Ադրբեջանն է պետք Եվրոպային:

Դոնալդ Տուսկին դիմավորեցին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության «ինտենսիվացմամբ»: Ըստ երեւույթին, Բաքուն շանտաժի է ենթարկել Եվրոպայի խորհրդի նախագահին՝ նրան սահմանային լարվածության իրավիճակում եւ բանակցելու համար ոչ հարմար դիրքում թողնելով: Թե Մոսկվայի եւ թե Բրյուսել-Վաշինգտոնի համար պարզ է, որ Ադրբեջանն անզորությունից լարելու է իրավիճակը հակամարտության գոտում: Առավել եւս, որ թե Արցախի հակամարտության կարգավորման, թե տարածաշրջանային ընդհանուր համատեքստում (որտեղ ձախողել է նաեւ Թուրքիան) իրադարձությունները զարգանում են Բաքվի համար ոչ շահեկան ուղղությամբ:

Արտակ Հայոցյան

Մրցավազք, որտեղ մենք չենք պարտվի

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կառավարության երեկվա նիստից հետո անդրադարձավ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն հայտարարությանը, որով վերջինս Հայաստանին մեղադրում է սպառազինության մրցավազքի մեջ: Պատճառը՝ Ռուսաստանից 200 մլն դոլար վարկ ներգրավելու փաստն է: Իսկ այն, որ Ադրբեջանն օրն ի բուն ծախսեր է անում ռազմական տեխնիկան հզորացնելու համար, այդ թվում՝ հենց նույն Ռուսաստանից, անգամ երկրի սոցիալական ոլորտից կտրելով միջոցները, դա իրենք չեն նկատում: Ինչպես ասում են «իրենց աչքի գերանը թողած՝ ուրիշի աչքի ասեղն են տեսնում»:  

«Իրականում հայկական կողմի նպատակը միշտ եղել է սպառազինության բալանսի պահպանումը, ինչը եւ արվում է»,- հայտնել է փոխարտգործնախարարը եւ միաժամանակ կոչ արել Ադրբեջանին «խելքը գլուխը հավաքել» եւ չտրվել սպառազինությունների մրցավազքին: Շատերը մտահոգություն ունեն, որ հայկական կողմի այս քայլը Ադրբեջանի համար նոր զինամթերք ձեռք բերելու պատրվակ կդառնա, բայց արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալը նկատել է, որ «Ադրբեջանը միշտ էլ կարող է զենք գնել, ու ցանկացած շուկայից: Վերջիվերջո մենք պետք է գիտակցենք մի հանգամանք, որ Բաքվի համար այդ հնարավորությունը գալիս է օդից, իսկ եթե ավելի ճիշտ արտահայտվենք, գետնի տակից դուրս ընկնող նավթադոլարներով: Ադրբեջանն ավելի խելամիտ ձեւ չի գտել, քան մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ, որն անհեռանկարային է: Վերջիվերջո, այսօրվա հարաբերակցությունը շատ ավելի բարենպաստ է հայկական կողմերի համար՝ ի տարբերություն 90-ականների սկզբների, այն ժամանակ, երբ Ադրբեջանն ամեն անգամ փորձում էր հարձակում ձեռնարկել եւ կրում էր նորանոր պարտություններ»:

Ըստ Շավարշ Քոչարյանի փաստացի դիտարկման, Արցախի հակամարտությունն Ադրբեջանի իշխանությունները գործածում են իրենց վարչախումբը պահպանելու համար. «Նրանք այլ բան չեն գտել շեղելու իրենց քաղաքացիների ուշադրությունը ներքին խնդիրներից եւ համախմբելու հասարակությանը: Այդ հակամարտության լարվածության պահպանումն անհրաժեշտ է Իլհամ Ալիեւի ռեժիմին միայն մեկ բանի համար՝ Ադրբեջանի ժողովրդի մոտ ստեղծել պատկեր, ըստ որի՝ կա արտաքին թշնամի, եւ դրանով իսկ իշխանություններին քննադատողներին հայտարարել Հայաստանի գործակալ, նրանց նկատմամբ վարել դատական գործընթացներ»:

Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումը վկայում է մի բան, համոզված են մեր ԱԳՆ-ում, դա այն է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի իր երկրում չլինեն գրասենյակներ, որոնք հետապնդում են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներ: «Freedom House-ն է գնահատել, որ Ադրբեջանն արդեն կայացած ավտորիտարիզմով երկիր է: Բոլորը տեսնում են, թե ինչ քննադատությունների է ենթարկվում Ադրբեջանը տարբեր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, պետությունների կողմից: «Եվ սա այն գործընթացն է,- ասել է փոխարտգործնախարարը, որն անխուսափելի էր»:

Նարե Մշեցյան

Ե՞րբ կհայտնվի Հայաստանում «Իսկանդեր»-ը

Հայաստանին ռուսաստանյան «Իսկանդեր-Մ» տակտիկական հրթիռային համակարգ տրամադրելու մասին լուրերը մեծ ուշադրություն են առաջացրել ինչպես մասնագետների, այնպես էլ՝ մեր հակառակորդների շրջանում: Որոշ վերլուծաբանների կարծիքով, նման քայլով Մոսկվան փորձում է՛լ ավելի ամրացնել իր դիրքերը Հարավային Կովկաս կոչված տարածաշրջանում:

Հայաստանի տարածքում «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգի տեղադրման հնարավորությունն այլեւս իրատեսական է համարվում, ինչն առավելապես անհանգստացրել է Բաքվին ու Անկարային:

Ռազմական փորձագետ, ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանկը «Իսկանդեր-Մ»-ը ավելի շատ վտանգ, քան հնարավորություն է համարում. «Դա վտանգավոր հնարավորություն է, այն իրատեսական է, սակայն՝ վտանգավոր, որովհետեւ դրանք չափազանց վտանգավոր զենքեր են»:

Նրա խոսքով, Ռուսաստանի այդ քայլը վտանգի տակ կդնի ամբողջ Հարավային Կովկասը: Փորձագետը հիշեցնում է, որ «Իսկանդեր-Մ» համակարգի մեջ կարող են մտնել թեւավոր կամ բալիստիկ հրթիռներ, որոնք կրում են սովորական տիպի պայթուցիկ կամ միջուկային զենք:

Հիշեցնենք, որ «Իսկանդեր-Մ» համակարգի հարվածը

Արցախից Բաքու կհասնի 10 վայրկյանից քիչ ավելի ժամանակում… Սա իսկապես կարող է փոխել ռազմա-քաղաքական իրավիճակը, եթե Բաքում վերսկսի պատերազմը:

«Երբ նման կարգի զենք է տեղադրվում նոր տարածքներում, բավականին անսպասելի ռիսկեր ու հնարավորություններ է ստեղծում»,– համոզված ասել է Սթիվեն Բլանկը: Նրան շարունակել է մեկ այլ վերլուծաբան՝ Փոլ Սթրոնսկին, ում կարծիքով՝ Հայաստանում «Իսկանդեր» տեղադրելով, Մոսկվան փորձում է ոչ միայն գլոբալ խնդիրներ լուծել, այլեւ հակակշռել Ադրբեջանին իր իսկ կողմից վաճառված մեծաքանակ զենքը: Միեւնույն ժամանակ վերլուծաբանն ընդգծում է, որ պաշտոնական Երեւանը միշտ ուշադիր հետեւել է, որպեսզի չհայտնվի գերպետությունների հակասությունների միջեւ. «Հայաստանը միշտ շատ զգույշ է եղել եւ փորձել է պահպանել հնարավորին չափ բազմակողմանի եւ բազմավեկտորային հարաբերություններ, Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերություն ծավալելու հետ միասին զարգացնելով նաեւ սերտ տնտեսական եւ անվտանգության ոլորտի համագործակցություն արեւմտյան մի շարք պետությունների հետ»:

Վերլուծաբանի կարծիքով, այս անգամ եւս Հայաստանին հաջողվում է համատեղել Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ սերտ համագործակցությունը. «Հայաստանի կողմից իրականացվող գործողությունն անչափ բարդ հավասարակշռություն պահպանելու գործողություն է»:

Ինչ վերաբերում է հնարավոր գործարքի ուղղակի ազդեցությանը, ապա դա մեծ չափով կախված կլինի նաեւ այն հանգամանքից, թե ով է կառավարելու հրթիռային համակարգը՝ հայկակա՞ն, թե՞ ռուսական կողմը. ասում են վերլուծաբանները:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 28 (374), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։