Կմտցնե՞ն խաղաղապահ ուժերը Արցախ… Նախիջեւանից մեր երկրին եւս վտանգ է սպառնում – Հայկական զինուժը մի՛շտ պատրաստ է… Տեղային պատերազմների համաշխարհային բնույթը…

Կմտցնե՞ն խաղաղապահ ուժերը Արցախ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում ռազմական համագործակցության առաջիկա անելիքները: Հատուկ ուշադրություն է դարձվել կազմակերպության շրջանակներում անցկացվելիք «Փոխգործակցություն» եւ «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունների անցկացման հարցերին:

ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ծանոթացրել է Հայաստանում վերջինիս հյուրընկալման հետ կապված կազմակերպչական աշխատանքների ընթացքին: Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում եւ, մասնավորապես, Հարավային Կովկասում տիրող անվտանգային միջավայրին եւ հնարավոր զարգացումներին:

Ստեփանակերտում էլ խորհրդակցություն են անցկացրել Հայաստանի ու Արցախի ԱԳՆ ներկայացուցիչները: Քննարկել են տեղեկատվական ոլորտում համաձայնեցված քաղաքականություն վարելու ուղիները եւ ձեւերը։ Անդրադարձ է կատարվել տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման եւ սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման խնդիրներին։

Խորհրդակցության մասնակիցներին ընդունել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ով այլ խնդիրների հետ միասին կարեւորել է տեղեկատվական դաշտում համակարգված եւ նախաձեռնողական քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը:

Հայկական երկու հանրապետությունների պաշտպանական եւ արտաքին գերատեսչական կառույցները համատեղում են ջանքերը, որպեսզի մեկ անգամ եւս հավաստեն, որ պաշտոնական Երեւանն ու Ստեփանակերտը չեն համաձայնի Արցախում խաղաղապահ ուժերի տեղադրման հետ, որ կողմից էլ հնչի առաջարկը:

Արցախի պաշտպանական բանակը ցայսօր հաստատուն կերպով իրականացնում է վերահսկողությունը երկրի տարածքների նկատմամբ, կարողանում է պահպանել խաղաղությունը՝ չնայած ադրբեջանական կողմի ամենօրյա սադրանքներին:

Ստեփանակերտի տեսակետը վերջնական է՝ ոչ մի օտար զինուժ չի կարող տեղակայվել Արցախում՝ ինչ պատրվակով էլ դա փորձեն իրականացնել: Կարծում ենք՝ Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայում ասվածը նաեւ մեկ այլ նպատակ է հետապնդում՝ Իրանի սահմաններին մոտ եւս ունենալ ռազմական ներկայություն…

Կարեն Բալյան

Հայկական զինուժը մի՛շտ պատրաստ է – Տեղային պատերազմների համաշխարհային բնույթը

Հայաստանում շատերը չեն գիտակցում, որ տարածաշրջանային տեղային առճակատումներն ու պատերազմները մի շղթայի օղակներ են: Դրանցից մեկն էլ արցախյան առճակատումն է, որ Բաքում փորձում է տեղային պատերազմի վերածել:

Խա վտանգավոր է հատկապես այս պահին, քանի որ մեր այսօրվա հարեւանները եւս գտնվում են տեղային պատերազմների մեջ, ինչը կարող է միացնել շղթայի օղակները եւ վերաժել տարածաշրջանային պատերազմի:  

Այն, որ մեր տարածաշրջանը նաեւ համաշխարհային նշանակության խաչմերուկ է, հուշում է, որ գերտերությունների միջամտությամբ տարածաշրջանային պատերազմը կվերաճի համաշխարհային առճակատման:

Այս ամենը պետք է ոչ միայն գիտակցել, այլեւ պատրաստ լինել դիմակայելու: «Լուսանցք»-ը գրել է, որ պատերազմները եւս լինում են ծահեկան եւ կորստաբեր… Կախված է, թե ինչպես ես մասնակցում դրան եւ ինչ ռազմա-քաղաքական առաջարկներով:

Հայաստանի պաշտպանության բնագավառը պետք է բնույթով նաեւ հարձակողական դառնա… Սեպտեմբերին կայանալիք ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակում հուլիսի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն մի շարք գերատեսչությունների եւ զորավարժությունների միջնորդական խմբերի ներկայացուցիչների հետ: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է ռազմավարական իրավիճակի վերլուծության ու գնահատման մեթոդիկան, մատնանշվել են դրա հիմնական սուբյեկտները, ռազմավարական մակարդակի միջոցառումների ընթացքում գերատեսչությունների, դրանց ենթակա ստորաբաժանումների տեսական և գործնական գիտելիքների կատարելագործմանն ու ներդաշնակմանը միտված մի շարք առաջարկություններ: Ամփոփելով  արդյունքները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցներին հորդորել է անել առավելագույնը զորավարժության նախապատրաստական փուլն ըստ պատշաճի եւ սահմանված ժամանակացույցի շրջանակներում անցկացնելու ուղղությամբ:

Ուշագրավ  մի ձաստ ներկայացնենք, ՊՆ 5-րդ բանակային կորպուսի զորավարժարաններից մեկում հուլիսի 21-ից 24-ն առաջին անգամ անցկացվել է «Լավագույն դիպուկահար» մրցույթը։ Դրան մասնակցում էին նաեւ Պաշտպանության բանակի դիպուկահարները։ Մրցույթին մասնակցող դիպուկահարները, որոնք ընտրվել էին զինված ուժերի տարբեր զորամիավորումներից, նախ պետք է հաղթահարեին 1-ին փուլի կրակային հինգ վարժությունները՝  2-րդ փուլ անցնելու համար։ Նշենք նաեւ, որ թիրախների խոցման համար օգտագործվում էին դիպուկահար 2 տեսակի հրացան՝ 7,62մմ տրամաչափի Դրագունովի դիպուկահար հրացանը (ՍՎԴ) եւ ֆինլանդական արտադրության 8,6մմ տրամաչափի Sako TRG դիպուկահար հրացանը։

Թիրախների խոցման առումով մասնակից դիպուկահարների առջեւ դրված էին խիստ սահմանաչափեր. նախ դրանք պետք է խոցվեին սահմանված կարճ ժամանակում, եւ հետո, յուրաքանչյուր մասնակից պետք է կողմնորոշվեր ու խոցեր հենց իր թիրախը։ Մրցակցի թիրախի խոցման դեպքում, համաձայն կանոնների, մասնակցից հանվում էին տուգանային միավորներ։ Դիպուկահարների խնդիրն առավել բարդացնելու համար պարբերաբար փոխվում էին նշանակետերն ու թիրախների հեռավորությունները։

Առաջին հինգ վարժություններից հետո հաջորդ փուլ անցան լավագույն 11 դիպուկահարները։ Երկրորդ փուլում շեշտը դրված էր նաեւ դիպուկահարների ֆիզիկական պատրաստվածությունը ստուգելու վրա։ Եզրափակիչ վարժության ժամանակ մասնակիցները նախ վազքով անցնում էին 500 մ տարածություն, դուրս գալիս «ականապատ դաշտ», սողեսող հաղթահարում փշալարերով արգելքը, այնուհետեւ կրակային դիրքի փոփոխությամբ խոցում նշանակետերը։

Նշենք, որ մրցույթի արդյունքներով առավել բարձր ցուցանիշները ցույց են տվել Պաշտպանության բանակի դիպուկահարները, ինչ ուրախացնում է, քանզի չենք բացառում, որ ադրբեջանական կողմի դիպուկահարների գործողությունները վերսկսելու դեպքում մենք հանդես կգանք համարժեք պատասխանով:

Ինչ մնում է հայկական զինուժի մարտական եւ հոգեբանական պատրաստվածությանը, ապա դա ընդգծված երեւում է ադրբեջանական սահմանախախտումների եւ դիվերսիաների ժամանակ, երբ մի քանի անգամ ավել զոհեր ու վիրավորներ տալով հեռանում են:

Օրերս ադրբեջանցի զինվորները չդիմանալով հայկականն կողմի պատասխան հարվածին՝ փախան՝ թողնելով իրենց դիակներն ու իրենց վիրավորներին: Դա Արցախի արեւելյան հատվածում (Ակնա-ի հատվածում) էր եւ մեր ստորաբաժանումները իրագործել են պատժիչ գործողություններ. ուղիղ կրակով ոչնչացրել են հակառակորդի 2 կացարան, որտեղից հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտվում էր վերջին մի քանի օրերի ընթացքում: Մեր զինվորները հաղթական դիտարկում էին, թե ինչպես են հակառակորդի ողջ մնացած զինվորները լեղապատառ փախչում դիրքերից՝ ետեւում թողնելով իրենց ընկերների դիակներն ու անօգնական վիրավորներին…

Իսկ Բաքուն հրահանգել է բուժհաստատություններին պատրաստ լինել պատերազմի, ինչը առավելապես ներքին քաղաքական պայքարը հանդարտեցնելու եւ կասեցնելու միտում ունի: Չնայած Ադրբեջանում ենթադրում են, որ իսլամիստ ծայրահեղականները ի վերջո կսկսեն Կովկասի գրավման գործողությունները… Եվ իրեն կպատերազմեն ու կհաղթեն Հայաստանին: Սա այնքան պարզունակ մտածողություն է, որ վերլուծել անգամ չարժե, բայց արի ու տես՝ աշխատում է ադրբեջանական ասպարեզ-ոլորտում…

Բաքուն նաեւ երկրի հիվանդանոցներին հրահանգել է պատրաստ լինել պատերազմի ու սկսել է «ինտենսիվ ռազմական գործողություններ՝ բարձրացնելով Ռուսաստանի դաշնակից Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի  հետ հակամարտության էսկալացիայի ռիսկը»,- գրում է Bloomberg-ը: Բոլոր բուժհաստատությունները «հատուկ հրահանգ» են ստացել Ադրբեջանի ՊՆ-ից «անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ հնարավոր  ռազմական գործողություններին պատրաստ լինելու համար, որոնք կարող են ձեռնարկվել ցանկացած պահի»: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը իր կայքում տեղեկացրել էր, որ երկրի զինուժը մարտունակության բարձրացման նպատակով զորավարժություններ է սկսել տանկերի, պաշտպանական համակարգերի եւ ավիացիայի ներգրավմամբ:

Նախիջեւանից մեր երկրին եւս վտանգ է սպառնում եւ մեր ՊՆ-ում քննարկվել են այս հարցը եւս, իսկ Սեյրան Օհանյանը հայտնել է, որ արեւելյան սահմանին դիրքերի բարելավումը օրվա հրամայականն է, քանի որ Նախիջեւանից մեր երկրին նույնպես սպառնում են:

«Բաքվի ապակառուցողական վարքագիծը վտանգում է բանակցային գործընթացն առաջ մղելու՝ Հայաստանի ջանքերը»,- ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրիոյին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Մեր նախարարը նշել է, որ Եվրոպական խաղերից հետո Բաքվից կրկին հնչում է ռազմատենչ հռետորաբանություն, կազմակերպվում են սադրանքներ: Համանախագահների ուշադրությունը հրավիրել է վերջին օրերին ադրբեջանա-արցախյան շփման գծի ամբողջ երկայնքով ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակներից հրադադարի ռեժիմի խախտումների վրա։

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 28 (374), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։