Արցախում երբեք չի՛ կրկնվի 88-ի իրավիճակը – եթե ԽՍՀՄ հսկա պետությունը իր զորքով չի կարողացել հարցը լուծել, ի՞նչ պետք է անեն խաղաղապահները, որոնք ծառայելու են այս կամ այն գերտերությանը…

Արցախի հարցը միջազգային այլ հիմնախնդիրների առկայության պայմաններում կարծես ետին պլան է մղվել, ինչը հանգիստ չի տալիս պաշտոնական Բաքվին: Եվ վերջին ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից սահմանային հատվածների խախտումները եւ այսպես կոչված հարաբերական անդորրը նոր թափ են ստացել: Բաքուն փորձում է մոռացության չմատնել Արցախի հարցը՝ Մերձավորարեւելյան զարգացումների համապատկերին:

Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիան էլ ժամանակ չունի օժանդակելու կրտսեր եղբորը, քանի որ իսլամական ահաբեկիչները եւ քուրդ գրոհայինները ահաբեկչական գործողություններ են ծավալել Թուրքիայի տարածքում:

Այս իրավիճակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից Ջեյմս Ուորլիքի հայտարարությունները մի պահ սրեցին իրավիճակը նաեւ քաղաքական առումով: Հայկական կողմը ԱՄՆ-ի համանախագահի հայտարարությունները գնահատեց ոչ կշռադատված, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դիմաց անգամ բողոքի ցույց կազմակերպվեց եւ Ջեյմս Ուորլիքին ի պատասխան հնչեց, որ «Արցախում ոչ մի թիզ օկուպացված հող չկա»: ԱՄՆ-ի այս ներկայացուցիչը Բաքվում արեց կողմնակալ հայտարարություններ, որտեղ նշել էր, թե «հայկական կողմը պետք է ազատի Ադրբեջանի օկուպացված տարածքները»: Երեւանում բողոքի ցույցի մասնակիցները քննադատում էին այս հին ու անհիմն մոտեցումները, միաժամանակ նշում, որ «Ադրբեջանն է օկուպացրել հայկական տարածքները՝ Շահումյանի, Գետաշենի, Մարտունաշենի, Արծվաշենի եւ այլ շրջանները»: Բացի այդ՝ Մինսկի խմբի համանախագահները ըստ պատշաճի չեն արձագանքում, երբ Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, ինչի մասին մշտապես բարձրաձայնում է նաեւ պաշտոնական Երեւանը: Վերջերս այդ մասին խոսեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ հանդիպմանը:  

Չնայած հետո, արդեն Երեւանում, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը հերքեց իրեն ներկայացրած մեղադրանքները՝ հայտարարելով, որ ադրբեջանական լրատվամիջոցները իր խոսքից մեջբերումներ անելով աղավաղել են հիմնական ասելիքը: Իսկ նա հայտնել է, որ տարածաշրջանի բոլոր մարդիկ արժանի են խաղաղության եւ բարգավաճման: Նա հայտնել է, որ իր խոսքում նշել է, թե Ադրբեջանի տարածքային անձեռնմխելիության հարցը եւս պետք է քննարկվի ընդհանուր փաթեթում՝ Լեռնային ղարաբաղի հիմնախնդիրների հետ:

Այս ամենը վերահաստատեցին նաեւ ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահները, երբ հանդիպեցին Հայաստանի նախագահին եւ ԱԳ նախարարին: Երեւանում քննարկվել են արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հետ կապված հետագա քայլերը:

Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում մնացել է անփոփոխ. կարեւորագույն առանցքային ուղղությունն այն է, որ վերացվեն հակամարտության պատճառները եւ ոչ թե հետեւանքները: Այդ մասին հաղորդել է Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը: «Եթե փորձ է արվում հետեւանքներին անդրադառնալ, առանց պատճառները հաշվի առնելու, սա լավ բանի չի բերելու: Այն, որ այսօր ունենք այլ սահմաններ, այլ ռազմաքաղաքական իրավիճակ, սա պատերազմական պատճառների հետեւանք է: Եթե այդ պատճառները չեն լուծվում, ո՞նց կարող ենք անդրադառնալ հետեւանքներին»: Նրա խոսքով, այն պարագայում, երբ Արցախի կարգավիճակի վերջնական քաղաքական լուծում չկա, ապա տարածքների վերադարձի կամ այլ հարցերի վերաբերյալ խոսել հնարավոր չէ:

Արցախյան կողմը բազմիցս նշել է, որ դեմ չեն քննարկել ցանկացած հարց, պատրաստ են քննարկել փախստականների խնդիրները եւս, բայց դա պետք է լինի հավասար սկզբունքների հիման վրա: Չի կարող ադրբեջանական փախստականը վերադառնալ, եթե հայ փախստականը չի վերադառնում Բաքու, Սումգայիթ, Դաշտային Արցախի քաղաքներ եւ այլ վայրեր, այնտեղ, որտեղ ինքը ապրել է, արարել: Սահմանների վերադարձի հարց չի կարող լինել հենց միայն այն պատճառով, որ դա Արցախի ժողովրդի անվտանգությունը չի կարող երաշխավորել: Նշվում է նաեւ, որ տարածքների վերադարձ չի կարող լինել, քանի որ Արցախը նախկին սահմաններով ի վիճակի չէ գոյատեւել, որովհետեւ չի կարող պաշտպանվել՝ լինելով անկլավային տարածք: Եվ բացի այդ, զիջումը  գայթակղիչ կդառնա հակառակորդի համար՝ ռազմական ճանապարհով հարցը կարգավորելու եւ նոր ցեղասպանություն իրականացնելու տեսանկյունից: Հայկական կողմը պնդում է, որ սա փաստ է, պատմություն, ոչ թե տեսական բաներ:

«Էլ չենք խոսում այն մասին, որ 1988թ. սկսած շրջափակել են, կոտորածներ են կազմակերպել նախկին ադրբեջանական ԽՍՀՄ ամբողջ տարածքում, սումգայիթյան կոտորած են կազմակերպել, հայաթափել են հյուսիսային Արցախը, հիմա ի՞նչ, այս ամենը մոռանանք ու վերադառնանք 88-ի սահմանների՞ն, որ վերջնականապես կոտորե՞ն մեզ: Ո՞նց եք պատկերացնում, ո՞նց կարող է հակառակորդը նորից վերահսկողություն հաստատել Քարվաճառի վրա, որտեղ սկիզբ են առնում մեր գետերը, որտեղ սկիզբ են առնում Արփա, Որոտան գետերը եւ սնում Սեւանա լիճը, որը Հայաստանի ջրային պաշարների 80%-ն է ապահովում: Հակառակորդը թունավորելու է դա, ամբողջ Հայաստանը թունավորելու է, հաջորդ ցեղասպանությունն են կատարելու: Մենք նախադեպն ունեցել ենք, տեսել ենք՝ 1990թ. նրանք դա արել են թունավորելով Ստեփանակերտի ջրամատակարարումը, բոլոր ընտանի կենդանիները ոչնչացվել էին, մեծ թվով մարդիկ տեղափոխվել էին հիվանդանոց»,- հայտնել է Արցախի նախագահի մամլո խոսնակը:

Դիտարկմանը, թե նույն Ջեյմս Ուորլիքը հարակից տարածքները վերադարձնելուց հետո խոսել էր ԼՂՀ անվտանգությունը ապահովելու համար խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտության մասին, Դավիթ Բաբայանն արձագանքել է այսպես. «Ուրեմն, եթե ԽՍՀՄ հսկա պետությունը իր զորքով չի կարողացել հարցը լուծել, ի՞նչ պետք է անեն խաղաղապահները: Այսքան տարի սահմանը պահում ենք առանց խաղաղապահների եւ շատ նորմալ, որեւէ խնդիր չկա, շատ ավելի կայուն է, քան շատ հակամարտ գոտիներում»:

Իսկ անդրադառնալով հակառակորդի կողմից այս օրերին հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումներին՝ Արցախի բանախոսը նշել է, որ դա տարօրինակ երեւույթ չէ. «Ադրբեջանը միշտ էլ իրեն այդպես է պահել, ուղղակի մի 10 օր օլիմպիական խաղերի հետ կապված, կարծես թե ինքն իրեն զսպեց սեփական շահերից ելնելով: Բայց դա չի նշանակում, որ փոխվել է: Ադրբեջանը եղել է եւ մնում է ահաբեկչական ու ֆաշիստական պետություն եւ ուրիշ պահվածք սպասել, ակնկալել չենք կարող»:

Սակայն համանախագահները կրկին կփորձեն ԼՂ հակամարտության կարգավորման համապարփակ լուծման բանակցային կետերից մեկը դարձնել միջազգային խաղաղապահների տեղակայումը եւ այս հարցերը դեռ պետք է քննարկվեն, թե ինչպիսին պետք է լինեն խաղաղապահ ուժերը եւ հստակ՝ որտեղ պետք է դրանք տեղակայվեն:

Բայց այլեւս հնարավոր չէ համաձայնություն ձեռք բերել մի շարք տարրերի շուրջ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտումը, հարակից տարածքների վերադարձը, փախստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձն իրենց տներ։ Բացի դրանից պետք է լինեն անվտանգության իրական, ամուր երաշխիքներ, ինչը չի կարող տրվել միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմամբ: Նման դեպքերում միշտ ավելի է սրվում իրավիճակը, քանի որ ինքնապաշտպանությունը սկսում է դիրքային սխալներ ունենալ…

Իսկ ԼՂՀ-ում իրավիճակը լարված է, ադրբեջանական կողմը սկսել է գործածել նաեւ ականանետեր, որոնցից հարյուրավոր արկեր են արձակվում հայ դիրքապահների ուղղությամբ: Սրացումներ արդեն արձանագրվում են ոչ միայն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, այլեւ՝ նախիջեւանա-հայաստանյան: Երկու ուղղություններով էլ սկսվել են կիրառվել տարբեր տրամաչափի հրաձգային ու հրետանային զինատեսակներ, այդ թվում՝ 60 մմ-անոց ականանետեր, ՌՊԳ-7 տիպի նռնականետեր եւ խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներ: Հայկական զինուժի առաջապահ զորամասերը մշտապես համարժեք պատասխան գործողություններ են իրականացնում, ինչի հետեւանքով հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվում են՝ վնասներ պատճառելով հակառակորդին: Միաժամանակ հայկական զինուժը եւս մեկ անգամ հավաստեց, որ մարտունակ եւ պատրաստված բանակ ունենք, որ կարող է ինչպես ինքնապաշտպանական մարտեր մղել, այնպես էլ լինել նախահարձակ՝ ըստ անհրաժեշտության:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 28 (374), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։